artsvi.bakhchinyan
Logo

ՆՈՒՆԵՆ

Article image Անցյալը, ներկան և ապագան համեմատելու, տեսնելու կարողության մեջ են միայն ճանաչվում իրական մարդկային արժեքները:
Նինա Աղաջանովա-Շուտկո

Ռուսական քաղաքական շարժումների (չասելու համար` հեղափոխական) պատմությունն ավանդել է մի շարք հայորդիների անուններ, որոնց գործունեությունը, նման գործիչների մեծ մասի պես, պատմության վերաիմաստավորման հետ մեկտեղ արժեզրկվել և մոռացվել է: Սակայն նրանց մեջ եղել է մեկը, որն իր հետագա մշակութային գործունեությամբ անմահացել է արվեստի պատմության մեջ:

Խոսքը բոլշևիկյան շարժման գործիչ և կինոսցենարիստ Նինա Աղաջանովա-Շուտկոյի մասին է, որին վիճակվել է լինել բոլոր ժամանակների տաս լավագույն կինոնկարներից մեկը համարվող Սերգեյ Էյզենշտեյնի «Պոտյոմկին» զրահանավը» նշանավոր ստեղծագործության սցենարի հեղինակը:

1889-ի հոկտեմբերի 27-ին Եկատերինոդարում ընտանիքում ծնված Նունե Փինարդոսի Աղաջանյանը հետագայում պիտի հայտնի լիներ որպես Նինա Ֆերդինանդովնա Աղաջանովա` հետագայում ազգանվանն ավելացնելով նաև ամուսնու ազգանունը` Շուտկո: Հայրը` առևտրական Փինարդոս Մարտիրոսի Աղաջանյանը, տրապիզոնցի էր, որը երիտասարդության տարիներին մասնակցել էր հակաօսմանյան ընդհատակյա շարժմանը, 1877–1978 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո փախել Ռուսաստան: Հաստատվելով Եկատերինոդարում` սկսել է զբաղվել առևտրով, հասել բարեկեցիկ դիրքի: Ամուսնացել էր թեմրյուկցի գեղեցկատես հայուհի Մարիամ Հովհաննեսի Աջանյանի (Աջանովա) հետ, ունեցել Նունե դստերը և Գրիգոր որդուն: Կնոջ մահից հետո Փինարդոս-Ֆերդինանդը ամուսնացել է քենու հետ, որից ունեցել է Լելյա դստերը:

Zoom Image

Նունեն ծննդավայրում հաճախել է մանկավարժական դասընթացների, իսկ Մոսկվայում ուսանել մանկավարժական դասընթացների պատմա-բանասիրական բաժանմունքում: Տակավին գիմնազիայի ուսանողուհի` 1907-ին դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ, զբաղվել ընդհատակյա գործունեությամբ Վորոնեժում, Օրյոլում, Մոսկվայում, Իվանովո-Վոզնեսենսկում, Պետերբուրգում: Ապրել է այլ ազգանվամբ, հինգ անգամ ձերբակալվել և երկու անգամ աքսորվել: Նունե-Նինան եղել է արագաշարժ, եռանդուն, ճարպիկ անձնավորություն. պատահական չէ, որ պետերբուրգյան ոստիկանական խուզարկուները նրա մականունը դրել էին «Խորամանկ», իսկ մոսկովյանները`«Թիթեռնիկ»:

Նինա Աղաջանովան 1914-ին եղել է «Ռաբոտնիցա» ամսագրի պատասխանատու քարտուղարը, 1917-ին ընտրվել բոլշևիկյան կուսակցության Պետրոգրադի և Վիբորգի կոմիտեների անդամ և Վիբորգի շրջանի պետրոգրադյան խորհրդի պատգամավոր: Պետրոգրադում փետրվարին կազմակերպել է կանանց ցույցեր, մասնակցել «Կրեստի» բանտի գրավմանը, Ֆինլանդական կայարանում հանդիպել է Լենինին և Վիբորգյան շրջկոմի պատվիրակների հետ հանձնել նրա կուսակցական տոմսը: Ամռանը մասնակցել է Պետրոգրադի բոլշևիկների երկրորդ համաժողովին, իսկ աշնանը եղել այն անձանց շարքում, ովքեր պատրաստել են Վիբորգյան շրջանը գալիք խռովությանը: Բոլշևիկների` իշխանության գլուխ անցնելուց հետո Աղաջանովան նշանակվել է Աշխատանքի ժողովրդական կոմիսարիատի գործերի կառավարիչ: Ռուսական քաղաքացիական պատերազմի տարիներին նա աշխատել է ընդհատակում` Նովոռոսիյսկում և Ռոստովում (1919-ին` բոլշևիկյան կուսակցության Դոնի մարզային կոմիտեի անդամ), Բելոռուսիայի ռազմահեղափոխական կոմիտեում (պատասխանատու քարտուղար), արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատում, Կոմինտերնում: 1921-1922 թթ. դիվանագիտական աշխատանք է կատարել Պրահայի խորհրդային դեսպանատանը:

Հեղափոխական տեմպերամենտով, գաղափարային կրքոտ համոզվածությամբ տոգորված Նինա Աղաջանովան կինոաշխարհ է եկել 1924-ին` խորհրդային կինեմատոգրաֆի կայացման վաղ փուլում: Աղաջանովան աշխատանքի է անցել «Մեժռաբպոմֆիլմ» կինոստուդիայում, իսկ ամուսինը` Կիրիլ Շուտկոն, 1920-ականներին եղել է Համառուսական կենտրոնական կատարողական կոմիտեի կինոյի գործով վարիչը: Նինա Աղաջանովայի սցենարով էկրան բարձրացած առաջին կինոնկարը 1925-ին ստեղծված Բ. Չայկովսկու և Օ. Ռախմանովայի «Սպիտակների թիկունքում» ֆիլմն էր:

Zoom Image

Նույն 1925-ին ռուսական առաջին հեղափոխության 20-ամյակի առնչությամբ Համառուսական կենտրոնական կատարողական կոմիտեի հոբելյանական հանձնախումբը հաստատել է Աղաջանովայի «1905 թվականը» կինոսցենարը: Ծխախոտի թղթի մի քանի թերթի վրա նա արտացոլել էր 1905 թվականի կարևոր իրադարձությունները` Պրեսնյայի կռիվները, համառուսական երկաթուղային գործադուլը, «Պոտյոմկին» զրահանավի ապստամբությունը: Հենց Աղաջանովայի առաջարկով է ֆիլմի բեմադրիչ հրավիրել 27-ամյա Սերգեյ Էյզենշտեյնը, որն արդեն հասցրել էր նկարահանել իր առաջին «Գործադուլը» շարժապատկերը, որ համարվել է «առաջին պրոլետարական ճշմարտացի ֆիլմը»: Կիրիլ Շուտկոն Էյզենշտեյնին հրավիրել է որոշ ժամանակ ապրել և աշխատել իրենց ամառանոցային տանը մերձմոսկովյան Նեմչինովկա բնակավայրում: Այստեղ էլ Էյզենշտեյնն առաջին անգամ թերթել է «1905 թվականը» սցենարը: Ստեղծագործական միջավայր էր (այդ տանը Շուտկո ամուսիններից բացի այդտեղ տարբեր հարկաբաժիներ էին զբաղեցնում հայտնի գրող Իսակ Բաբելը, նկարիչ Կազիմիր Մալևիչը): Աշխատանքի ընթացքում «1905 թվականի» «Պոտյոմկինի» դրվագը վերածվել է ինքնուրույն սցենարի, որի հիման վրա էլ ստեղծվել է մինչ օրս իր անսովոր պաթոսով և նկարահանման աննախադեպ վարպետությամբ զարմացնող էյզենշտեյնյան կինոգլուխգործոցը: Տեղին է նշել, որ վաղ երիտասարդության տարիներին` 1902 և 1905 թվականներին, Նինա Աղաջանովան երկու անգամ անձամբ տեսել է «Իշխան Պոտյոմկին Տավրիչեսկի» զրահանավը:

Zoom Image

«Պոտյոմկին» զրահանավից» հետո Նինա Աղաջանովա-Շուտկոն հեղինակել է նաև ռեժիսորներ Ա. Ռոմմի, Լ. Շեֆֆերի, Ա. Պերեգուդայի և Լ. Մուրի «Կրասնայա Պրեսնյա» (1926), Յա. Ուրինով «Նավաստի Իվան Գալաչ» (1929), Վ. Պուդովկինի «Դասալիքը» (1933, Ա. Լաբեզնիկովի և Մ. Կրասնոստավսկիի համագործակցությամբ) շարժանկարների բեմագրերը: Աղաջանովան հանդես է եկել նաև որպես բեմադրիչ` Լև Կուլեշովի հետ 1930-ին նկարահանել է «Երկու Բուլդի երկու» ֆիլմը` ռուսական քաղաքացիական պատերազմի տարիներին կրկեսի արտիստների ճակատագրի մասին (սցենարի համահեղինակ` Օսիպ Բրիկ): Գրել է նաև պատմվածքներ (ՙ«րամվայի կանգառը», «1941 թվական») և հոդվածներ («Ինչ գրեցինք և ինչ տեսանք էկրանին», «Ով կարող է լինել սցենարի հեղինակ» և այլն):
1930-ականների երկրորդ կեսին Աղաջանովա-Շուտկոյի սցենարական գործունեությունը որոշ ժամանակ դադարել է` դիվանագիտական գործունեության անցնելու պատճառով: Նա 1934–1938թթ. աշխատել է Ռիգայի խորհրդային դեսպանատանը: 1939-ին վերադարձել է կինո, եղել «Սոյուզդետֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնի վարիչի տեղակալ, գլխավոր խմբագիր և խորհրդատու:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Նինա Աղաջանովան ապրել է էվակուացիայում` Տաջիկստանում: 1945–1952 թթ. սցենարական վարպետություն է դասավանդել Կինեմատոգրաֆի համամիութենական պետական ինստիտուտում (1949-ից` «Կինոյի դրամատուրգիա» ամբիոնի դոցենտ): Եղել է անհատական թոշակառու, պարգևատրվել պետական շքանշաններով և պատվոգրերով: Վախճանվել է 1974-ի դեկտեմբերի 14-ին, Մոսկվայում: Աղաջանովա-Շուտկոյի մասին է Ի. Լեյբերովի և Զ. Պորեգուդովայի «Նունեի սխրանքը» գիրքը (Լենինգրադ, 1985):

Նինա Աղաջանովան անտարբեր չի եղել իր ժողովրդի հանդեպ. դրա վկայությունն են նրա անձնական արխիվում պահվող հայ ժողովրդի պատմության, ռուսական քաղաքական շարժմանը հայ կանանց մասնակցության վերաբերյալ տարբեր նյութերը:

Zoom Image

Հետագայում իր հուշերում Էյզենշտեյնը Աղաջանովային է նվիրել մի գլուխ` «Նունեն» վերտառությամբ, որտեղ գրել է մասնավորապես հետևյալը. «Որպեսզի չվախեցնեմ ընթերցողին, միանգամից ասենք, որ Նունեն Նինա անվան հայկական ձևն է: ….Նինա Ֆերդինանդովնա Աղաջանովան փոքրահասակ էր, կապուտաչյա, ամոթխած և անսահման համեստ: Նա այն մարդն էր, որն ինձ օգնության ձեռք մեկնեց իմ ստեղծագործական կեցության` ինձ համար շատ ճգնաժամային մի պահի: Նրան հանձնարարվել էր հոբելյանական սցենար գրել 1905 թվականի մասին: Նա ինձ ընդգրկեց այդ գործում և ամուր ձեռքով կանգնեցրեց ինձ կոնկերտ աշխատանքի ամուր հողին` ի հեճուկս վիճաբանելու բոլոր գայթակղություններին և Պրոլետկուլտի կողմից ինձ սպառնացող անախորժությունների մթնոլորտում կռվելու չարաճճի տրամադրությանը: Նունեն իր փոքրիկ սամովարի կողքին ինչ-որ զարմանալի կերպով կարողացավ հավաքել և բանականության ու ստեղծագործական անդորրի ուղու վրա դնել ինքնասիրությունը վիրավորված և ճակատագրից նեղացած բազմաթիվ մարդկանց: Որքան այդպիսի «խփված» և «վնասված» խռովարարների, ամենից հաճախ` արվեստի «ձախ օպորտունիստների» և «էքստրեմիստների» եմ հանդիպել ես այստեղ, նրա հարմարավետ թեյասեղանի շուրջը:

….Սակայն Նունեն ավելին արեց: Նա ինձ ոչ միայն ներգրավեց բավական պատվավոր աշխատանքի մեջ: Նա ինձ ներգրավեց պատմահեղափոխական անցյալի իսկական զգացողության մեջ: Չնայած իր երիտասարդությանը` նա ինքն էլ կենդանի (և շատ պատասխանատու) մասնակիցն էր եղել նախահոկտեմբերյան հեղափոխական ժամանակաշրջանի ընդհատակյա աշխատանքի: Այդ իսկ պատճառով նրա հետ զրույցներում անցյալի պայքարի ամեն մի բնութագրական դրվագ դառնում էր կենդանի բաբախող «իրականություն»` դադարելով լինել պաշտոնական պատմության չոր տող կամ մի համեղ պատառ «դետեկտիվ» ժանրի համար:
Բավական հայտնի է «Պոտյոմկինի» ծննդյան «անհասկանալի» պատմությունը: Պատմություն այն մասին, թե ինչպես այդ ֆիլմը ծնվեց «1905 թվականը» սցենարի կես էջից, որը սկիզբ առավ Նինա Ֆերդինանդովնայի հետ համատեղ աշխատանքից 1925 թվականի ամռանը:

….Երանի հիմա շատ լինեին հենց նման սցենարիստները, որոնք իրենց արհեստի բոլոր ենթադրյալ հնարքներից վեր կարողանային իրենց ռեժիսորներին տանել ամբողջ դարաշրջանի պատմա-զգացմունքային զգացողության մեջ այնպես խորաթափանց կերպով, ինչպես որ անում էր Նունե Աղաջանովան:
….Նունե Աղաջանովան շատ ավելին արեց: Պատմահեղափոխական անցյալի միջով նա ինձ բերեց դեպի պատմահեղափոխական ներկան: Նունեն առաջին բոլշևիկ մարդն էր, որին ես հանդիպեցի ոչ որպես «զինկոմի» (ռազմական շինարարության մթնոլորտում, որտեղ ծառայել եմ 1918 թվականից), ոչ որպես «ղեկավարի» (Առաջին բանվորական թատրոնի, որտեղ ես 1920 թվականից աշխատել եմ որպես նկարիչ և բեմադրիչ), այլ հենց որպես մարդու: Մտավորականի համար, որը հեղափոխությանն առնչվել էր 1917 թվականից հետո, անխուսափելի է եղել «ես»-ի և «նրանք»-ի փուլը, մինչև որ տեղի կունենար խորհրդային հեղափոխական «մենք»-ի հասկացողության միաձուլումը: Եվ այդ անցումի մեջ ինձ ամուր կերպով օգնեց փոքրիկ, կապուտաչյա, ամոթխած, անսահման համեստ և սիրելի Նունե Աղաջանովան:
Եվ դրա համար նրան իմ ամենաջերմ շնորհակալությունը…»:

Նինա Աղաջանովա-Շուտկոյի մասին ջերմ հուշեր է գրել նաև նրա ուսանող, փիլիսոփա, հրապարակախոս, քննադատ Վլադիմիր Ռազումնին: Հայազգի սցենարիստուհին ԿՀՊԻ-ում եղել է նրա դիպլոմային աշխատանքի խորհրդատուն: Ռազումնին նրան հիշել է որպես «փորձառու, նուրբ մանկավարժի, որ վճռել է շատ տաղանդավոր գրողների ճակատագիրը»: «Մինչև հիմա հիանում եմ այն մանկավարժական տակտով, որով Նինա Ֆերդինանդովնան զրուցում էր անսահման տարբեր մասշտաբի տեր ուսանողների հետ: Նրա ցանկացած, երբեմն բավական խիստ դիտողությունները չէին սպանում, այլ բարձրացնում էին բոլորին, ում հետ նա շփվում էր որպես մանկավարժ և խորհրդատու:

…Քիչ ժամանակ չանցավ, և Նինա Ֆերդինանդովնան վերջապես 1949 թվականին ստացավ դոցենտի կոչում, չնայած էլ ով, եթե ոչ նա պետք է լիներ սցենարական վարպետության ամբիոնի պրոֆեսոր: Կրկին չդիմացա և խնդրեցի ներկա լինել նրաª պաքսիմատներով ավանդական թեյախմությանը: Միակ բանը, որ այդ դաժան տարիներին կարող էի նրան նվիրել, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի ասպիրանտուրա ընդունվելու մասին քաղվածքն էր, որով նախասահմանվեց իմ ողջ հետագա ստեղծագործական կյանքը որպես դասախոս, հրապարակախոս, գիտնական: Նվիրել և համբուրել նրա կանացի փոքր ձեռքը, որի պայծառ աչքերի լույսը լուսավորել էր նրա աշակերտներից շատերի ապագան, որոնք իրենց պատվավոր տեղը գտան մեր ոչ բոլորովին հեշտ կյանքում…»:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2579
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott