ԿԻՐԱԿՈՍ ԵՐԶՆԿԱՑԻ
Փիլիսոփա, մատենագիր, մեկնիչ, բանաստեղծ, մանկավարժ, եկեղեց. գործիչ:
Ծնվ. 1270-ական թթ, Եկեղյաց գավառի Ագրակ ավան:
Մահ. 1356թ.:
Ուսանել է Երզնկայում:
1315-ից՝ րաբունապետ:
Երզնկայի XIII-XIV դդ. գրակ-փիլ. դպրոցի նշանավոր ներկայացուցիչ:
Գրել է ճառեր, քարոզներ, կանոնախրւստ. գործեր, մեկնություններ, շարականներ, զարգացրել նախորդների, մասնավորապես Հովհաննես Երզնկացի Պլուզի փիլ. հայացքները:
Քննել է անցավորի ու հավիտենականի, մարմնի և հոգու, նյութի և ստեղծագործության, եզակիի և ընդհանուրի փոխհարաբերության, իմացության միջոցների և աստիճանների, գիտությունների դասակարգման և այլ փիլ. խնդիրներ:
Մարմնի և հոգու փոխհարաբերությունը վերլուծել է որպես նյութի և մտքի, նյութի և արվեստի, ձևի և բովանդակության փոխհարաբերություն, նյութի հիմնական հատկանիշը համարել է շարժումը փոփոխելիությունը, հավերժությունը, հոգին նույնացրել է մտքի հետ, հաստատել մարդու մշտապես կատարելիության ձգտելու էությունը:
Ճանաչողության առաջին աստիճան ընդունել է զգայականը, վերջնականն ու ամենակարևորը՝ մտավորը, ընդհանրացման ունակությունը:
ԿԻՐԱԿՈՍ ԵՐԶՆԿԱՑԻն խնդիր է դրել կրթությունը կազմակերպել նախ դրական օրինակով, ապա՝ խոսքով, նախապես վերացնել արատ ծնող պատճառները, ուժեղացնել գիտակցական գործոնը, սխալն ուղղելու կամքը:
Հատուկ ուշադրություն է դարձրել առարկաների ընտրությանը, կազմել բարձրագույն կրթության ձեռնարկներ:
Օրենսդրական գործերում անհրաժեշտ է համարել անհատական և հոգեբանական մոտեցումը, հետևողականորեն պայքարել է հայ ժողովրդի միասնությունը պառակտող քարոզիչների դեմ, պաշտպանել ազգերի համերաշխ և իրավահավասար գոյակցության սկզբունքը:
ԿԻՐԱԿՈՍ ԵՐԶՆԿԱՑու աշխատությունները ունեն ժամանակի հաս-քաղաքական կյանքն արտացոլող պատմական մեծ արժեք: Թեև նրա չափածո գործերից քչերն են պահպանվել, սակայն իրենց բարձր արվեստով հեղինակին հռչակել են որպես մեծ շարականագիր:
ԿԻՐԱԿՈՍ ԵՐԶՆԿԱՑու գործերը հիմնականում անտիպ են:
Գրակ.
Սրապյան Ա., Բանասիրական ճշգրտումներ, ՊԲՀ, 1972, №4:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |