ԵՂԵՌՆ ԵՎ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ - Վիկտոր Համբարձումյան
1915 թվականին, Մեծ Եղեռնի ընթացքում Թուրքիայի կառավարությունը ոչնչացրեց Արևմտյան Հայաստանում մոտ մեկ միլիոն խաղաղ բնակիչ: Իսկ 1915թ-ից մինչև 1921 թվականը ընկած ամբողջ ժամանակամիջոցում հայ ժողովուրդը ունեցավ 1.200.000-ից ավելի անմեղ զոհեր: Անասելի դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ տասնյակ հազարավոր ընտանիքներ ամբողջապես բնաջնջվեցին երկրի երեսից, չթողնելով այս կյանքում ոչ ոքի: Հենց այդ է գենոցիդը:
Բայց ժրաջան հայ ժողովուրդը աշխատեց, տոկաց և այսօր Սովետական Հայաստանի հողի վրա կառուցել է իր տունը, հոյակապ ու շքեղ, զարմանք ու հարգանք առաջացնող:
Ով իրոք հարգում է մեր անթիվ զոհերի սուրբ հիշատակը, նա պետք է ցույց տա իր աշխատանքով, որ հայ ժողովուրդը լի է վճռականությամբ էլ ավելի շեն դարձնելու իր երկիրը և դրանով անմահացնելու մեր եղբայրների ու քույրերի, հայրերի ու մայրերի զոհաբերության իմաստը: Յուրաքանչյուրը մեզանից հասկանում է, որ գերադասելով մեռնել, քան դրժել իրենց ժողովրդին, 1915 թվականի նահատակները իրենց հերոսությամբ անմահացրին մեր ժողովուրդը:
Կառուցելով և ծաղկեցնելով Սովետական Հայաստանի տնտեսությունը, գիտությունը և մշակույթը, ամրապնդելով Սովետական ժողովուրդների բարեկամությունը մենք իրականացնում ենք Եղեռնի զոհերի նվիրական իղձերը ու ցանկությունները:
Ահա ինչու, այս օրերին մենք պետք է ավելի մեծ պատասխանատվությամբ քան երբևիցե կատարենք մեր գործը, ավելի բարձրացնենք գիտությունը Հայաստանում:
Հավերժ հիշատակ զոհված մեր հարազատներին: Թող աշխարհիս վրա երբեք չկրկնվի գենոցիդը: Թող միշտ առաջադիմի և բարգավաճի մոխրից վերածնված Սովետական Հայաստանը:
Վ. Համբարձումյան
1965թ.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3202
Կիսվել : |