ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԺԻՇԿԸ - ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ
(հատված)
Այո՛, բժշկի գործը Հայաստանում դժվար է այս գամփռառատ, փոսակյաց, ցեխասեր և մթնապատ երևանցի հիվանդների մեջ: Բակերում անդնդախոր կոյանոցներ, ճյուղերի, ձողերի, երկաթների նիզակներ աչքիդ դեմ, արկղների, սայլերի, գերանների բարիկադիր ծնկներիդ առջև, փտած ճաղեր և անճաղ պատշգամբներ ոտիդ մոտ և բակը մութ, ինչպես ստեղծման առաջին գիշերը: Արի ու հիվանդ գտիր: Իհարկե, հիվանդն իր ինչ-որ հազար ու մի քունջ ու պուճախում կորած կլինի, իսկ բժիշկը հորում: Այդպիսի հիվանդների հախից գալու համար այս փխրուն բժիշկների տեղ ուրիշ բժիշկներ են պետք Երևանում և Հայաստանում առհասարակ:
Հայաստանի բժիշկը ես երևակայում եմ մի զարհուրելի հսկա մարդ, մի առյուծաբաշն, թիկնեղ, քթեղ, բոմբաձայն, ահագնաթաթ, ահեղագորգոռ ատլետ, որ երբ հիվանդի մոտ են կանչում`հաստաբեստ գավազանը խլում է անկյունից, վեր է թռչում ու մռնչում է.
-Որտե՞ղ է հիվանդը:
-Կոնդումն է, հոգու՛դ մատաղ, մի՛ չարանա:
-Չեմ չարանում, ո՞ր փողոցն է: -Ցեխ փողոց, համար 9: Մի՛ բարկանա, բժիշկ ջան, ամա՜ն… -Չեմ բարկանում,-մռնչում է զարհուրելի,-գնանք:
Ու հսկայաբար լոք-լոք տալով վազում է Կոնդ, Ցեխ փողոց, համար 9: Արդեն ոտների փոթորկալի դփդփոցը հասնում է հիվանդի տունը:
-Ամ-մաա՜ն, եկավ, իլլա՛ջ արեք,-գոռում է հիվանդը, բայց ավելի բարձր գոռում են տնեցիք, հարևանները, միլիցիան, գործկոմը, գավառը… Դողում են բոլորը: Բժեշկը դղրդացնելով կոտրում է բակի դուռը, ներս է ընկնում բակը: Տասը գամփռ վրան հարձակվեցին-հափռե՛ց, պատռե՛ց, ճմռթե՛ց, նետե՛ց: Խանդակնե՛ր, փոսե՛ր, պատե՛ր-թռավ, գերաննե՛ր-փշրտեց: Հիվանդը սարսափահար փախչում է անկողնից ու շիփ-շիտակ պատուհանից դուրս: Բժիշկը հետեվից:
Հիվանդն այգուց այգի:
Բժիշկը հետեվից: Հասավ, բռնեց, սխմեց.
-Որտե՞ղդ է ցավում:
-Բը բը բը բը…ժիշկ, ցավ չունեմ…անցավ…
-Տես, լա՞վ անցավ:
-Անցավ, անցավ,-ասում են շրջապողները:
-Տեսեք ի՞նչն անցավ, ի՞նքը, թե հիվանդությունը:
-Իիինքը, բըբըժիշկ…
-Տվեք տերտերին, դեն է գցում բժիշկը-մյուսը բերեք:
Ո՞վ է հիվանդ:
-Ուրիշ հիվանդ չկա:
-Բոլորն առո՞ղջ են:
-Բո բո բո լո՞րը…
-Պատրա՞ստ եք միշտ առողջ մնալու:
-Պա պա պա պատրաստ ենք, բժիշկ…
-Ուրեմն առողջ մնացեք:
-Լսում ենք բժիշկ…
-Այդպեեեես…մռնչում է ու մատը թափ տալիս: Ու Հայաստանի հսկա, սարսափելի բժիշկը հեռանում է մռնչալով իբրեվ մի ամպագոռգոռ հանկարծահաս փոթորիկ`արդեն ջարդուփշուր արած լինելով բոլոր գերաններն ու անդունդները եվ մեջտեղից սրբած վերցրած լինելով հիվանդն է՛լ ու հիվանդությունն է՛լ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1562
Կիսվել : |