ՀԱՅՐԵՆԻՔ - ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Ողբում եմ դառն վիճակդ տխուր, ո՛վ հայ ժողովուրդ, տանջանքիս աղբյուր:
Եվ ո՞վ կուտա ինձ արցունք ծովերով` լալու երկիրդ արյո՛ւն ու թափո՛ւր…
Հի՜ն-հի՜ն դարերից, խավար դարերից, դաժան ու դժար ճանապարհներով` քո հոգու, մտքի ինքնուրույնության և ազատության վեհ գործի համար դու մաքառեցիր` միշտ մագլցելով դեպի անհունը, դեպի լույսն անմահ…
Ավա՜ղ, խավարը և չարը դժնյա և այս աշխարհիս գոռ հզորների սուրն ու բռունցքը խորտակեցին քեզ, և նվիրական խոր վերքը սրտիդ և մարտիրոսի պսակը ճակտիդ ընկար դու անհաղթ, բազմատանջ վկա, կատարելության մեծ շավղի վրա…
Եվ ազգեր եկան ոստերով դալար` ճախրելով դեպի արևը պայծառ և քո վրայով ընթացան հառաջ. և ազգեր եկան, ազգեր գնացին, վերքերդ տեսան և չբուժեցին, և քեզ իրենց հետ չվերցրին, տարան…
Եվ ո՞վ կուտա ինձ արցունք ծովերով լալու վիճակդ դառն, անօրինակ, իմ հեգ հայրենիք` ավեր ու ավար, ընկած ոտնատակ, աչերդ` պղտոր, երկինքդ` խավար, բռնավորների զարկի նշավակ…
Իմ վե՛հ հայրենիք, հովի՛տ թախծության, արյուն-արցունքի օվկիանոս անծիր, որ ծանրացել ես հազար տարիներ մարդկության մեռած, քար խղճի վրա և փոթորկաշունչ բուռն հորձանքով ճգնում ես փշրել զայրույթդ պատող ափերըդ հսկա…
Ողբում եմ դառն վիճակդ տխուր, ո՛վ իմ վիրալից, խոցված հայրենի՛ք. շինականներդ, որ հողդ են հերկում արյուն քրտինքով և քաղցած նստում, և հարուստներդ, մեծատուններդ` վախկոտ, փերեզակ, տխմար ու տմարդ, և արծաթասեր, իսկ գիտուններդ` ոգու այդ նանիր հեղգ գաճաճները, որոնք կույր ու գուլ օրհասիդ հանդեպ, որոնք մոռացած քո արյան ծովը թե կաճառներում փուչ ամբիոններից ճչում են անվերջ ունայն, սնամեջ զառանցանքներից, բարբաջանքներից` դսրովող և՛ մայրենի խոսք, մայրենի երկիր. վա՜յ գիտուններիդ, որոնք շան նման` այն ազատարար ձեռքն են կծոտում, որն իրենց վզի շղթան է կոտրում, որոնք` ապերախտ ստո՛ղ, դավաճան…
Առաջնորդներդ, որոնց թիկունքն է թշնամին տեսել և խղճահարվել, որոնք, սիրելիս, քո դյուցազնոգի վեհ որդիներիդ, նահատակներիդ, այն, որ նվիրված, քո վերքով վառված, արյունովդ օծված` հրեղեն սրեր – թռել են անվախ վես բարձունքները կյանքի ու մահի` քո սիրո համար – նրանց ծաղրում են և նախատում են, և անգերեզման, և անհիշատակ սև մոռացության անդունդն են նետում. առաջնորդներդ, որոնք թափում են ջրի արտասուք սուրբ վերքիդ վրա:
Ողբում եմ դառն վիճակդ դժնյա` չարի, բռունցքի զոհ հազարամյա, ընկած ազգերի մեծ ճամփու վրա…
Ողբում եմ նորից քո արտասվելի վիճակդ անգութ, դու խավարի մեջ միշտ լույս որոնող, իմ հա՛յ ժողովուրդ – արդ առավոտից մինչև առավոտ ոտներիդ ներքև ես քեզ եմ հսկում անխոնջ ու անքուն` քո շունը որպես…
Գիշերը մինչև լույս վանում եմ հեռու վերադ արշավող ոհմակը գայլի, ցերեկը, սակայն, թշնամիներիդ սրունքն եմ կծում, երբ քեզ են կոխում…
Վե՛ր կաց, ոտքի՛ ել, փոթորիկներից աննվաճ կաղնի դո՛ւ գերմարդկային, դո՛ւ գերբնական տառապանքների երկաթե ոգի,- դու պե՛տք է ապրիս, դու կուզե՛ս ապրել:
Եվ վերքդ պոկիր, տո՛ւր ինձ, սիրելիս, և գոտեպնդվիր և խրոխտ ու վես կոչնակդ հնչե՛, թող եղբայրության, և իրավունքի, և ազատության զանգը որոտա քո երկաթեղեն լեռներիդ վրա…
Ձայն տուր քո ընտիր, քաջ որդիներին, որ մռնչում են շղթաների տակ, կուռ զնդաններում, անապատներում, սառցե դաշտերում, ձայն տուր, և նրանք` խորտակած կապանք` դեպի քեզ կուգան:
Ձա՛յն տուր քո վսեմ, վեհ որդիներին, որոնք ընկած են կռվի դաշտերում, կախաղանների, կացինների տակ, և՛ գնդակահար, և՛ սրախողխող, ձա՛յն տուր, և նրանք կկենդանանան և կրակի պես կսլանան, կուգան…
Եվ քո դարավոր ցասման, զայրույթի ամպրոպի շանթը արձակե հիմա, ջախի՛ր, ջախջախի՛ր բռունցք ու շղթա, նոր արև վառի՛ր մեր խավարամած, հոգնած բբերին, և՛ ազատության, և՛ արդարության վառ գարունը բեր մեր ավեր երկրին, ստեղծագործության և ոգեվառման երազ-թևերով մեր ոգին թռցրո՛ւ ափերը հեռո՜ւ…
Դու պե՛տք է ապրես, դու կուզե՛ս ապրել. ո՛վ դու ախոյան լույսի, գեղեցկի. կռվել, ոգորել դու վաղո՛ւց գիտես,- փշրի՛ր, փոշիացրո՛ւ օրենք ու կուռքեր, բարվո և չարի տախտակները հին, և բազմաչարչար քո հոգու խորքից ստեղծագործի՛ր ոգու սավառման մի նորոգ աշխարհ` բոլոր տառապած, բոլոր խոշտանգած, ծարավի, ցավի մեր ոգիների փրկության համար…
1906թ.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2325
Կիսվել : |