ՀԵՏՄԱՀՈՒ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՍԻՆ (քաղվածքներ)
«Վերջացա՞ծ է հիմա ամէն բան: Ո՛չ: Ուժը որ Անդրանիկը ծնաւ, մենք կը հաւատանք թէ վերադարձած է ազգին ծողը ու հոն ծածուկ կ’ապրի հիմա՝ Անդրանիկի հոգիովն ալ աւելցած: Անդրանիկի հոգին մէկ մասն է, այսօր, հայութեան հոգւոյն, անոր ամէնէն ազնիւ, ամէնէն յարգի մասին
Մեր խորին համոզումն է՝ թէ որքան տարիները թաւալին իր գերեզմանին հողին վրայ, այնքան պիտի մեծանայ Անդրանիկի դէմքը եւ մեծանալով՝ հայութեան երկինքին վրայ անիկա յուսափայլ ու մէկ հատիկ պիտի դառնայ:
Մեր ժամանակակից կեանքը կրնայ իրար գրող-անցնող ցաւի եւ զարհուրանքի շա՜տ էջեր հայթահայթել հազ գրողին, բայց ոչ մէկ կեանք սրտատրոփ հիացմամբ ու վերացնող խանդավառութեամբ գայն աւելի պիտի ներշնչէ՝ քան կեանքը Անդրանիկին, պայմանաւ որ գրողը գիտնայ իր նախնական հոգւովը եւ իր բոլոր զինուորները, ընդունած են զայն ու իրենց սովորական էութենէն վեր եւ անդին կ’անցնին ամէն անգամ որ ան կու գայ կանգնիլ իրենց հոգիի աչքերուն առջեւ:
Երէկ էր որ այդպէս, մէկը հազարաւոևբեևէն, երիտասարդը մը որ հինգ ամբողջ տարի Պետին հետեւած էր արեան եւ կրակներու մէջէն, անոր յաղթանակներուն ուրախութեան եւ հուսախաբութիւներուն դանռութեան մասնակից էր եղած, մեզի կը խօսէր անոր մասին այնքան տաք ու վստահալից, այնքան ամուր եւ հանդարտ կերպով մը՝ որ անոր ներկայութիւնը դեռ կը զգար եւ պատկառանքը կը կրէր կարծես, ինչպէս հաւատացեալը Աստծոյ վրայ խօսած պահուն: Անոր համար՝ ապահով ենք որ Անդրանիկ մեռած չէր այդ վայրկեանին եւ կը հաւատանք որ երբեք, որչափ ինքը կ’ապրի, ան պիտի չմեռնի իր մէջ, ոչ թէ իրբեւ յիշատակ միայն՝ այլ իբրեւ կեանքի ներշնչող ու ոգեւորող ներկայութիւն...»:
ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆ (Անդրանիկի Հոգին – «Արեւ» օրաթերթ, Գահիրէ, սպեպտեմբեր 3, 1927թ.)
* * * *
-Ոչ ոք անսխալական է: Ամէնքն ալ — Սերոբ, Հրայր, Մուրատ, Անդրանիկ — մեր խնկելի դիւցազուններն են, իրենց մարդկային թերութիւններով իսկ...:
Անդրանիկի անցեալին բարոյական դրամագլուխը այնքան խոշոր է, որ կրնար դեռ երկար ժամանակ դիմադրել քննադատութեան հարուածներուն: Եւ երր հերոսի մահուան գոյժը տարածուեցաւ գաղթաչխարհի մէջ, տպաւորութիւնը գրեթէ նոյնն էր, ինչ որ ըրաւ Գարիբալդիի մահագոյժը Իտալիոյ մէջ, ասկէ 50 տարի առաջ: Ամէնքը սգացին: Դաշնակցութիւնը հոծ զանգուածով քալեց հայդուկի դիակառքի ետեւէն։ Նախկին զինակիցները, ատեն մը խռոված, գուրգուրանքով շրջապատեցին հրամանատարի աճիւնը: Սեպուհն անգամ, որ անխնայ քննադատեր էր հանգուցեալը՝ զղջումի ժեստ մը ըրաւ եւ աղեկտուր ճիչ մ'արձակեց իր մեծ Զինակցի դագաղին առջեւ...
Ադրանիկը կը մնայ Հայոց պատմութեան մեծագոյն ռազմիկներէն մին, շրջապատուած լեգենդային եւ անմահութեան դափնեպսակով:
ՄԻՔԱՅԷԼ ՎԱՐԱՆԴԵԱՆ (Մուրատ, Պոսթոն, 1931, էջ 101)
* * * *
«Բախտաւոր ու զարմանալի մարդ էր Անդրանիկ: Իր կենդանութեան իսկ՝ իր կեանքը մի հմայիչ առասպել էր, ինչպէս Գարիբալդիի կեանքը և որին նա այնքան նման էր:
Մտաւորական թէ ռազմիկ, յեղափոխական թէ սովորական ոեւէ անձ նրա մասին խօսելիս փնտռում էին միշտ արտայայտութեան տարբեր, աւելի անուշ, աւելի մտերիմ ձեւեր, ինչպէս մայրը կ'անէր իր գաւկի հանդէպ:
Մեր ժողովրդի բոլոր խաւերի համար Անդրանիկ դարձած էր անքննադատելի եւ լուսաւոր մի դէմք, որ արեւի պէս ճառագայթում էր արդարութեան եւ ազատութեան ծարաւի հոգիներուն: Անդրանիկ սոսկական յեղափոխական մարտիկ չէր, նա Հայոց աշխարհի ըմբոստացումն էր, հայ տրորուած, անարգուած հողի վիթխարի աղաղակը, թէ «Է՛լ չեմ կարող, չե՛մ կարող տոկալ»:
Իր ձեոքի շարժումը լայն էր, տիրական, հայեացքը՝ անխարդախ ու կախարդիչ, խոսքը՝ անկաշկանդ ու միշտ հրամայական, ձայնը` իշխանական ու անփութօրէն hզօր, hակառակ իր թովիչ քաղցրութեան: Գեղջուկ էր իր ապրուստի եղանակով, իր նիստ ու կացով, իր ուտել-խմելով, իր հոգեկան պարզութեամբ, բայց ի սպառ զերծ գեղջկական գձուձ նիւթապաշտութիւնից եւ մանաւանդ ժողովրդի քծնող ստրկամտութիւնից, նրա համբերատար ոգուց:
Սքանչելի մանկական ծիծաղի հետ՝ անհնարին ցասումն ունէր, որպէս ամպրոպային Արամազդ: Յախուռն եւ յանդուգն իր վճիռների մէջ, նաեւ խիզախ էր գործերի եւ շարժումների մէջ»:
ԱՒԵՏԻՍ ԱՀԱՐՈՆԵԱՆ («Հայրենիք» օրաթերթ, Օգոստոս 30, 1973թ, էջ.3)
* * * *
«Սասունի արծիւը չկայ այլեւս...:
Հայ ազգային ազատագրութեան գաղափարի ծիրանին է դողդողում ու նրա խորհավոր ծալքերի մէջ արցունք է թափում ազգը:
Մանուկները ծնողի մահը չեն ըմբռնում, ազգերը՝ հերոսի:
-Անդրանիկ հայ ժողովրդի համար անհատ չէ, այլ մարմնացումն է մի հզօր ու անսասան գաղափարի: Եւ իբրեւ այդպիսին նա ժողովրդի երեւակայութեան մէջ անանձնացած, դիւցազնացած է: Կուռք է Անդրանիկը, որ մեր ժողովուրդն է կռել, կոփել ու քանդակել համապատասխան իր դարաւոր իղձերի, ձգտումների, ամբող»ջ իր իտէալին, արդարութեան եւ իրաւունքի ծարաւ իր հոգու պահանջներին:
-Անդրանիկ գերազանցօրէն յեղափոխական էր: Ըմբոստացած հողի ցասումն ու ընդվզումը:
Եվ հենց դրա համար է, որ հողի ու քրտինքի մարդիկ այնպէս պինդ սիրեցին նրան:
Առաջնորդ, շէֆ էր ծնուած Անդրանիկ: Ամէն տեղ ու ամէն պարագաներում Անդրանիկ մնում էր տիրական, իշխող ու հրամայող:
-Կուսակցութեան չէր կարող տոկալ Անդրանիկ, թէեւ ոտքից գլուխը դաշնակցական էր: Աւելին կ'ասեմ, նա կուսակցութիւն բնաւ չէր էլ հասկանում, աւելի եւս պետականութիւն, որի մասին շատ թիւր ըմբռնում ունէր:
-Յախուռն՝ իր մասնաւոր կեանքում ու յարաբերութիւնների մյէջ, նա որքա՜նն զգուշաւոր ու իմաստուն էր ճակատամարտում: Զինուորներր պաշտում էին նրան: Ռազմական շէֆ էր ծնուած Անդրանիկ:
-Նրան լսելիս մարդ զգում էր, որ համայն հայ ժողովուրդը այս անզուգական մարդու կրծքի տակ է ամփոփված, ինչպէս ճուտերը թուխսի թեւերի տակ:
-Եւ հայրենական ցաւի պոռթկումից դուրս նա ուրիշ զայրոյթ չունէր: Իր մասնաւոր նիստուկացի մէջ ամենաանուշ մարդն էր, ամենահաւատարիմ ընկերակիցը:
Սիրում էր հայ խոնարհ, աշխատաւոր ժողովուրդը եւ ատելով ատում էր մեր այն կծծի ունեւորներին, որոնց հոգին թղթապանակում միշտ փակուախ մնաց մեր աշխարհն ալեկոծող ողբերգական անցքերի օրերին»:
Ա. ԱՀԱՐՈՆԵԱՆ («Հայրենիք» Ամսագիր, 1927 թիւ 2):
* * * *
«-Մէկ ամսից յետոյ Անդրանիկ արդէն հաստատուէլ էր Էջմիածին եւ ընտրել էր այդ տեղը՝ որպէս ամենասուրբ հայրենիքի: Եւ որովհետեւ ամբողջ տաճկահայ գաղթականութիւնը հաւաքուել էր իւր հովիւի՝ Վեհափառի փեշերի մօտ, պարզ էր որ Անդրանիկ չէր ուզում ուրախ տեղ հանգստանալ, այլ ապրել ու շնչել իւր ժողովրդի թշուառ խլեակների հետ միասին: Եկել էր Անգլ. Արեվելքի ընդհ. Հրամանատար Միլն, դաժան ու խիստ ժեներալը՝ որից սարսափում էին բրիտանական բանակի բոլոր սպաները: Նա կամեցաւ այցելելութիւն տալ Անդրանիկին: Ես ուղեկցում էի ժեներալին: Չեմ կարող մոռանալ այդ օրը երբեք: Ներսիսեան Լճի ափին, Ղազարապատի շէնքի սովորական պարզ սենեակում, հերոսն ընդունեց Զօր. Միլնը:
Սովորական քաղաքավարական խօսակցութիւնից յետոյ՝ Անդրանիկ թարգմանի միջոցաւ ասաց. «Կ’ուզեմ հիւրասիրել ժեներալը, կ’ուզեմ շնորհաւորել նրան՝ պատերազմի վախճանով. կ’ուզեմ բաժակը առաջարկել եւ շնորհաւորել յաղթութիւնը: Ջուր ունիմ միայն... թող ըմպի՛ ժեներալը... եւ եթէ դառնություն զգայ ջրից, այդ սրանց արցունքներն են...» ասելով բացեց պատուհանը: Եւ ցոյց տուեց լճի ափին, ծառերի տակ, յուլիսեան արեւի շոգի մէջ ընկած անտուն անտէր հազարաւոր հայուհիների և երեխաներ՝ ցնցոտիներ հագւած եւ յետին թշոիառոիթեան գրկում տառապագին, քաղցէն կմախացած դէմքեր, դիակնացած մարդիկ, հիվանդներ ու դիակներ իսկ...:
«Ասոնք, ժեներալ, աւելացուց հերոսը, - Ձեր դաշնակիցնե՜րն են...»:
Պարզ էր զօր. Միլնի դէմքը: Տեսակցութիւնը վերջացաւ»:
ԱՇՕ ՇԱՀԽԱԹՈՒՆԻ (Երեւանի պարետ) Թէոդիկի Տարեցոյցը, 1928թ
(Տես Գ. Լազեան, Յեղ. Դէմքեր, էջ 342)
* * * *
«Անդրանիկը մեռաւ իր փափաքին չհասած, որ ազգինն էր միանգամայն, բայց նա երկար ու անձնուիրութեամբ ծառայեց համազգային նպատակին, ուստի իր անունն ու յիշատակը դարձան համազգային: Կամաւոր նահատակների մի ընտիր խումբ, որ պայքարի մտաւ քառորդ դար առաջ եւ որոնց շարքից էր նաեւ Անդրանիկը, նոյնքան անձնազոհ էր, որքան սա: Նոր մարտական հայութեան առաջին ծիլերն էին, ամէն մէկը ընտրուած հազարի միջից, ամէն մեկը մի զօրաւոր անհատ, բայց ընտիրների եւ զօրաւորների մէջ արքի ընկաւ Անդրանիկը:
...Նա ունեցաւ շատ զինակիցներ եւ շատ աւելի հետեւորդներ, որ մեծացան նրա ծանր ձեռքի տակ, բայց մնացին միշտ կապուած նրան:
Հզօր անհատներ – ինչպես Մուրատ, Կայծակ Առաքել – նրա կողքին պայքարեցին թշնամու եւ օրհասի դէմ եւ նա կարողացաւ պահել նրանց միացած եը ընկեր: Դրա համար պէտք էր մարտիկի հմայք, ընկերական ոգի եւ արդարամիտ վերաբերում...
Իր գործը ծանօթ է ամէնքին եւ անցած է պատմութեան, իսկ իր կեանքը եթէ գրուի ստուգապէս, ընտրանիքով եւ վերապրումներով՝ լաւագոյն դպրոցը կը դառնայ հետագայ սերունդների համար, որ այնտեղ կ’առնեն գաղափարական նուիրման եւ անշահախնդիր ռազմասիրության դասեր: Իսկ մենք, որ տեսած ենք նրան, վկան ենք իր գործերին ու երբեմն եղած ենք գործակից՝ խտացնենք այստեղ մի քանի տպաւորությիւններ...:
Իր խառնուածքը երկու հզօր եւ հիմնական կիրք ունէր, որ իբրեւ երկու լար միշտ հնչուն էին նրա կեանքի եւ գործի մքջ. Անվերապահ ատելութիւն դէպի թրքական իշխանութիւնը եւ խորին ու գործօն սէր դէպի հայ ժողովուրդի խոնարհ խաւերը, յատկապէս դէպի գիւղացին...:
...Իր ըմբռնումը ռազմական կացութեան մասին կռուի սահմանափակ դաշտի վրայ հաւասար էր մարգարէութեան, հրացանի պայթումից նա գուշակում էր մօտալուտ գալիքը:
...Մարդիկ թէ կամաւոր մեծ հակում ունէին նրա անունից, այլ մանաւանդ նրա ղեկավարութեան տակ իրանց տեսնելով ապահով: Անդրանիկ, որ յաճախ յախուռն էր իբրեւ սոսկական անհատ՝ չափազանց զգուշաւոր էր իբրեւ ճակատող: Պէտք եղած ժամանակ չափազանց յանդուգն՝ նա ընդհանրապէս խնայում էր իր զինուորներին եւ կարողանում էր գործեր կատարել չնչին զոհերով կամ անել համարուած կացութիւններից անսպասելի ելք գտնել առանց կորստի:
...Անշահախնդիր էր իբեւ մարդ, իր միտքը միշտ լուրջ էր եւ հանրային գործով պարապած: Անհատական կեանքն ու հոգը աննշմար տեղ էին գրաւում նրա հոգու մէջ...:
Պատմելու մեծ շնորհ ունէր եւ անվրէպ յիշողութիւն: Իր երեւակայութիւնը պայծառ էր, մանրամասները՝ ողորկ: Եթէ գրել իմանար՝ առաջնակարգ հեղինակ կը լինէր: Նրա հետ հաճոյք էր զրույց անելը:
Անդրանիկը զօրաւոր կրքեր եւ մեծ կարողութիւններ ունէր. Մարտիկի դ-ուարին կեանքը եւ Դաշնակցութեան միջավայրը մշակեցին նրա մէջ գաղափարի զինուորին եւ հայութեանը տուին համազգային մի հերոս»:
ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼԵԱՆ (Խօսուած Գահիրէ՝ Անդրանիկի մահուան առիթով)
* * * *
«Մայր բնութիւնից եւ բախտից պարգեւատրուած բացառիկ անհատներից էր Անդրանիկը եւ բացառիկ վիճակի արժանացաւ նա հայոց պատմութեան մէջ: Եթէ ժողովրդական կամ ազգային հերոս բառը որոշ իմաստ ունի, Անդրանիկը եղաւ բառիս ամենալայն մտքով ազգային հերոս, որի ճակատը դափնէ պսակով զարդարեցին «Հայոց Կուսանք» եւ հայ աշուղները փառքի երգեր ձօնեցին նրան:
Անդրանիկի անունը առանձնապէս լայն հռչակ ստացավ 1904-ին, երբ նա իր զինակիցների կողմից ընտրուեց Սասունի ազատամարտի ղեկավար: Անդրանիկ արժանացաւ ընդհանուր խմբապետության մեծ պատիւին, իր մարտական եւ կազմակերպական շնորհաների պատճառով: Նա զինուորական էր ծնած եւ հայդուկային խմբական կռիւները նրա բնական տարերքն էին կազմում: անվախ, յանդուգն, նախաձեռնող, ուժեղ կամքի եւ երկաթէ բազուկի տէր, պաղարիւն եի տեսնող ու պայմաններին արագ յարմարուղ եւ անհնարին կացութեան մէջ իսկ շուտով ելք գտնող՝ Անդրանիկը ստեղծուած էր պատերազմի եւ հրամանատարութեան համար: Իր վագրանման արտաինն էլ նպաստում էր այդ դերին: Դաժան ու երկաթէ կարգապահութիւն պահանջող կռիւներում եւ ընկերական՝ խաղաղութեան օրերին:
Նրա արեւով երդւում էին. Նրան անունն էին տալիս նոր ծնուած մանչերին»:
Ս. ՎՐԱՑԵԱՆ («Հայրենիք» օրաթերթ, օգոստոս 30, 1977թ., էջ 1)
* * * *
«Անդրանիկ ֆետային եղաւ, ամէն բանէ առաջ, ասպետական հայդուկը, որ մռայլ փոթորիկներուն մէջէն վեր կը բարձրանայ, տառապատնքի եւ արցունքի հովիտներէն, վեր, սարերու կատարներուն վրայ հնչեցնելու, որոտացնելու համար քաշկռտուող ստրուկներուն բողքը: Մրրկահաւուն պէս թելադրական, անիկա համակերպութեան տմոյն ուխտաւորներուն կը ներշնչէր ըմբոստ խիզախումներու կամէութիւնը, ու ցեղին դարերով ինկած բարոյականը կը բարձրացնէր՝ ազատ լեռներն ի վեր քաշելով, ոռինքնելով, զոհերու շլացած աչքերուն առեւ դառնալով շանթ ու պատուհաս՝ բռնութան ու կեղեքումի ուժերուն գլխուն...:
- Սուրիդ մատա՜ղ, Անդրանի՛կ...:
Ու նորէն վերացումն եղար դուն վերարձարձուած հայ յոյսերուն...: Ձայնը որ հնչեց ռազմահրաւէր, ու միաւորեց –մինչեւ անդրանդլատնեան հեռուներէն – Թորգոմի արիական վայրավատին ճետը՝ առաջնորդելու համար Դիլմանի ու Պիթլիսի սքանչելի նուաճումներուն, որոնց մոսքովեան նենգութիւնը կուրօրէն դաւաճանել շտապեց...:
- Անդրանի՜կ, պահապան հրեշտակ փախստական հայութեան...»:
ՍՈՒՐԷՆ ՊԱՐԹԵՒԵԱՆ («Յուսաբեր» 1918թ, Յուլիս 14, Տես Գ. Լազեան, Յեղափոխական Դէմքեր, Գահիրէ, 1945թ., էջ 342)
* * * *
«Հայ Ազատագրական Շարժման պատմութեան մէջ Անդրանիկը ամենավիպական, ամենափայլուն ռազմական դէմքն է, որ փոթորկեց հայ ժողովրդի հերոսատենչ հոգին: Բռնակալ տիրապետողների դաժան բտնուցքի տակ դարերով կքած հայ ժողովուրդը Անդրանիկի մէջ տեսաւ իր վրիժառու բազուկը եւ անզուսպ բերկարանքով փարեց այդ բազկի բռնած սրին, որ վաղուց է ինչ դուրս չէր քաշուել իր պատեանից:
Նոյնիսկ թշնամին՝ արիւնռուշտ ու վայրագ՝ պատկառանքով եւ զսպուած հիացումով կրկնեց անունը հայ հերոսի, որի հպարտ գլուխը երբեք չխոնարհուեց թշնամու առջեւ եւ որին երբեք չհասաւ թշնամու հարուածը:
Ինչպէս հրաբուխը ժայթքում է լերան անդդնախոր արգանդից, այդպէս էլ Անդրանիկը ժայթքեց հայ ժողովրդի սրտից, որպէս վրիժառու ըմբոստությեան հոյակապ մարմնացում: Թշնամուն պատուհասող նրա սուրը հայրենի հողի վրայ երբեք պատեան չմտաւ:
Հայ ժողովուրդը սիրեց իր ըմբոստ զաւակին, երգեր հիւսեց նրա արիությանը եւ դիւցազնական առասպելներով զարդարեց նրա փոթորկալից, մրրկածուփ կեանքի պատմութիւնը: Եւ միթէ՞ առասպել չէր նրա հերոսական կեանքը՝ որքան առասպել, նոյնքան իրականութիւն միաժամանակ:
Անդրանիկ ռազմիկ էր ոտից գլուխ»:
ՎԱՐԴԳԷՍ ԱՀԱՐՈՆԵԱՆ (Անդրանիկ, Մարդը եւ Ռազմիկը, Բոսթըն, 1957, էջ 5)
* * * *
«Շապին Հարահիսարի սէգ բարձրունքներուն վրայ, դեռ նորահաս պատանի, ան իր հոգիէն թօթափեց եաթաղանի բռնակալութեան ու սարսաթին շղթան: Եւ իբրեւ ձերբազատ արծիւ, սաւառնեացաւ դէպի գերութեան ու տառապանքի մղձաւանջին տակ հեծեծող հայրենի լեռները, դաշտերն ու կիրճերը: Եւ խրոխտ խոյանքով, իր պողպատէ կտուցը, իր հրեղէն մագիլները զարկաւ թշնամի յելուզակներուն, աւելի հրձիգներուն ու արիւնի վամբիռներուն: Երբեմն վիրաւոր, կամ ծուրած անմատչելի ծերպերուն մէջ, երբեմն ցասում մռնչելով եւ ահ սփռելով գիշատիչ ոսոխին դէմ, ան եղաւ, ամբողջ երեսուն տարի, հայ ժողովուրդի ազատութեան կռիւին ու կեանքի գոյամարտին անպարտելի հերոսըմ, գերբնական խորհրդանիշը:
Անդրանի՜կ, - դարերու առասպելէն ժայթքած ու բիւրեղացած մարմնաւոր հրաշք: Իր սրբազան զայրոթին ու անողոք վրէժին, իր զինակիցներուն հանդէպ տածած խանդակաթ սէրին ու հայրական նուիրումին մէջ, աւելի տարերային ու վսեմ քան Աքիլլէսը, առանց անոր ոխակալ քէնին, առանց անոր խոցելի կռունկին: Եւ բռնութեան դ՝մ իր մշտավառ ըմբսոստութեան, եւ հայոց ազատութեան երազին իր անձնուրաց պաշտամունքին մէջ, Սասունցի Դաւիթի հարազատ անձնաւորումը, ահեղ թշնամիին հանդէպ կանգնած նոյն դիւցազնական հերոսութեոամբ, - առանց անոր թռչող նժոյգին ու կայծակէ թուրին»:
Եւ պատանի Դաւիթի բարեգութ, նոյնիսկ միամիտ պարզութեան դէմ, Անդրանիկ եղա՛վ, դարաւոր ոսոխին վայրագութիւնն ու վատութիւնը ճանչցող, մեր ազգային ճակատագրին պայմանները ըմբռնող ու լծակները գնահատող առաջնորդը: - Մարտի դաշտին վրայ, անգերազանց ռազմագէտ ու սխրալի զօրական: Հանրային կեանքին մէջ, անշահախնդիր մատուցող ու ճշմարտախոյզ ղեկավար, - կարծր ու հատու, ինչպէս չտաշուող ադամանդը, որ արդարութեան ոգին ու ճշմարտութեան լոյսը կը ճառագայթէր: Եւ քաղաքական ասպարէզի վրայ, հեռահաս, թափանցող իմաստութեամբ օժտուած Որիսեւսը, - որ ո՛չ մէկ մոլորից հովէ քշուեցաւ, եւ ո՛չ մէկ փառքի ու վայելքի հրապոյրէ կարթուեցաւ:
Անդրանի՜կ, - մա՜րդ ու հերո՛ս... եւ արդէն կենդանի առասպել, եւ արդեն յաւերական խորհրդանիշ...»
ԱՆԴՐԱՆԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ (Անդրանիկ, Հայ ժողովուրդի Ազատութեան Մարտիկը, «Նոր Օր» Եռօրեայ, Օոստոս 31, 1982թ., էջ 6)
* * * *
«Ա՜հ, ե՞րբ, ո՞վ օր մը պիտի յաջողի այս աներկրորդ, այս հայ Աքիլլէսին կեանքը տալ, յոյն հերոսէն այլապէս իամստուն, այլապէս ռազմավար: Նրոահայտ Սողոմոն, ռազմիկին, ռազմավարին, տառախազին, ռատաւորին, իշխանին բոլոր ստորոգելիները: Եւ այս բոլոր շքեղութեան վրայ՝ ոչ մէկ բիծ: Ոչ մէկ դոյզն ընկրկում կարելի է արձանագրել: Ան կը մնայ հայ ժողովուրդի խատմութեան մեծակառոյց կոթողը, իբր խորհրդանիշ անոր յաւերժական հպատակութեան»:
ՀՐԱՉ ԶԱՐԴԱՐԵԱՆ (Անդրանիկը Պոլիս, «Լրաբեր» շաբաթաթերթ, Յունուար 3, 1981թ., էջ3)
* * * *
«Եթե Անդրանիկ հին հելլենական շրջանին ապրած ըլլար՝ վստահաբար Հոմերոս անոր նուիրած դիւցազնավէպ մը պիտի գրէր, ինչպէս՝ երգեց սխրագործութիւնը Աքիլլէսին: Անիկա կը սպասէ տակաւին այն երկարաշոինչ վիպասանին, ինչպիսին էր Ֆրանց Վերֆէլ, որպէսզի կտաւի վրայ բանուի Հայաստանի Արծիւին հերոսական դէմքը, անվախ խոյանքն ու արդարակորով հոգին»:
ԱՆԴՐԱՆԻԿ ՓՈԼԱՏԵԱՆ (Անձնական նամակէ մը)
* * * *
«Եթե հայերս իրավունք ունենք մեր անցյալը հերոսական անվանելու, եւ եթե հարատևել ենք որպես ժողովուրդ առ այսօր, ապա այդ բանում մենք մեծագույն չափով պարտական ենք նաև մեր դարավոր հերոսապատոմի հավերժ անմոռանալի դյուցազներից մեկին՝ Անդրանիկին»:
Մարտիրոս Սարյան («Նոր Աշխարհ» օգոստոս 28, 1974թ., էջ 3):
* * * *
«Այս գերեզմանին առջեւ մեր հոգիի եւ մտքի աչքերով կը տեսնենք վերջին հարւիր տարիներու ընթացքին մեր ժողովուրդի մղած անհավասար պայքարը իր արժանապատւութեան, իր գոյութեան եւ ազատութեան համար: Այդ կը կոչուի, ինչպէս գիտէք, հայ ազատագրական շարժում, որուն արիւնոտ ճանապարհին վրայ կը բարձրանայ հերոսական կերպարը զօրավար Անդրանիկի:
Քիչ առաջ երգուածը ապացույցն է, թէ ինչ պաշտամունք ունի մեր ժողովուրդը Անդրանիկի նկատմամբ: Ան խորհրդանիշն է դարձած հայ ազատագրական սրբազան պայքարի:
Սփիւռքի տարածքին վրայ, ինչպէս նաեւ Հայաստանի մէջ, ամենասիրելի եւ ամենաժողովրդականացած երգերէն մէկն է «Իբրեւ արծիւ սաւառնում ես» երգը: Այսօր Հայաստանի մէջ, ընտանեկան յարկերէ ներս, խնճոյքներու թէ տարբեր առիթներով, ամէն անգամ խանդավառութեամբ կ’երգուին Անդրանիկին նուիրուած երգերը, երենո հայ ժողովուրդի զգացողութեան մէջ նուիրական ոգեկոչումներ կը հանդիսանան: Այդ երգի երաժշտութեան եւ մոգական ուժ ունեցող բառերու իմաստին ընդմէջէն, հայ ժողովուրդը ոչ միայն կը յիշէ իր հերոսական անցեալը, այլեւ տեսիլքը կ’ապրի իր ապագայի ընելիքին: Կարեւորը այն չէ, թե ինչպէ՞ս մենք ազգովին, ներկայ պայմաններու մէջ, պիտի կարենանք շարունակել Անդրանիկի կէս թողած գործը, այլ կարեւրը այն է, որ սրբութեամբ պահենք գիտակցութիւնը, անսասան հաւատքը, թէ կուգայ օրը արդարութեան:
Այս գիտակցութեամբ կ’ապրինք մենք այսօր եւ պիտի ապրինք, թէ՛ Հայաստանի եւ թէ Սփիւռքի տարածքին վրայ: Եւ այս գիտակցութիւնն ու հաւատքը պէտք է ներշնէք դուք ձեր զավակներուն: Այնպէս է, որ լաւագոյն ձեւով մեր հարգանքը մատուցած պիտի ըլնանք մեր հերոսներուն, նաեւ զօրավար Անրանիկի յիշատակին:
Թող Աստուած խաղաղութեան եւ յաւէտ լոյսի մէջ պահ՝ Անդրանիկի եւ բոլոր Անդրանիկներու հոգիները, որոնք զոհւեցան ազատութեան արիւնոտ ճանապարհին վրայ: Թող Աստուած մշտանորո ուժ եւ եռանդ պարգեւէ հայ ժողովուրդին, որպէսզի ան տակաւ զօրանայ, աճի եւ միշտ հաւատարիմ մնայ մեր հերոսներու ուխտին եւ միշտ պատրաստ շարունակելու անոնց գործը:
Այս հաւատքով է, որ կու գամ Հայաստանէն եւ այս հոգիով է, որ աղօթք կը կարդամ այսօր այստեղ:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի». ամէն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ՎԱԶԳԷՆ Ա («Նայիրի», Հոկտեմբեր 31, 1979թ.)
Փեր լա Շեզ գերեզմանատուն, Անդրանիկի թաղման արարողության 52-րդ տարթվին նվիրված Ամենայն Հայոց Վեհապառ Հայրապետ Վազգեն Ա-ի ճառից:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3320
Կիսվել : |