ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԳԵՈՐԳ ԲՐՈՒՏՅԱՆ (Ծննդյան 80-ամյակի առթիվ)

Նորության նկար Անուրանալի և ծանրակշիռ է Գեորգ Բրուտյանի ավանդը հայ ու համաշխարհային փիլիսոփայական մտքի գանձարանում: Նրա անունը վաղուց իր արժանի տեղն է զբաղեցնում համաշխարհային փիլիսոփայական մտքի ժամանակակից դասականների և բարձրագույն կրթության երախտավորների շարքում: Գ. Բրուտյանի կենսագրությունը գիտության ու կրթության գործին անխոնջ և արգասավոր նվիրումի գեղեցիկ օրինակ է:

ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգ Աբելի Բրուտյանը ծնվել է Հայաստանի Սևքար գյուղում 1926 թ.: 1947 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Զուգահեռաբար հումանիտար կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանի միջազգային
հարաբերությունների և բանասիրության ֆակուլտետներում: 1951 թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի տրամաբանության ամբիոնի ասպիրանտուրան և աշխարհահռչակ գիտնական պրոֆ. Վ. Ֆ. Ասմուսի ղեկավարությամբ պաշտպանել թեկնածուական ատենախոսություն:

35 տարեկանում Գ. Բրուտյանը Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է հերթական ատենախոսությունը, ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ դառնալով իր մասնագիտության գծով փիլիսոփայության ամենաերիտասարդ դոկտորը Խորհրդային Միությունում: 1963 թ. ստացել է պրոֆեսորի կոչում:

Անուրանալի է Գ. Բրուտյանի ավանդը գիտության և կրթության գործի կազմակերպման բնագավառում: Նա հիմնադրել և ղեկավարել է մի շարք առաջատար ամբիոններ և գիտական կազմակերպություններ. եղել է Երևանի Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի հիմնադիր վարիչը (1962–1970), Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի հիմնադիր վարիչը (1970–1986): Մեծ դեր է խաղացել ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ստեղծման ու կայացման գործում: 1971 թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1982-ին՝ ակադեմիկոս:

1977 թ. Գ. Բրուտյանն ընտրվել է ԳԱ փիլիսոփայության և բանասիրության բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար: 1994-2002 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ հումանիտար
գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը և փոխպրեզիդենտ:
Մինչ օրս էլ ակադեմիկոս Բրուտյանը շարունակում է իր հարուստ փորձն ու կարողությունները ներդնել հայրենական գիտության զարգացման գործում՝ վարելով ՀՀ
ԳԱԱ նախագահության խորհրդականի պաշտոնը և դասավանդելով Մայր բուհում:
Ընդգրկուն է Գ. Բրուտյանի գիտական հետազոտությունների թեմատիկան: Նա հեղինակ է աշխարհի 20 լեզուներով հրատարակված ու թարգմանված ավելի քան
60 մենագրությունների, գրքերի ու դասագրքերի, շուրջ 200 գիտական հոդվածների: Գ. Բրուտյանը հիմնադիր և հեղինակ է գիտական մի շարք ուղղությունների ու
հիմնարար մեթոդաբանական սկզբունքների, որոնցից են.
ա) Բազմատրամաբանության հայեցակարգը, որի հիմնական գաղափարները շարադրված են Օքսֆորդում հրատարակվող «Մայնդ» ամսագրում հրատարակված
նրա հոդվածում:
բ) Փոխակերպական (տրանսֆորմացիոն) տրամաբանությունը, որը ուսումնասիրելով մտքի բացահայտ (Էքսպլիցիտ) և ոչ բացահայտ (իմպլիցիտ) ձևերի առնչությունները, նոր հորիզոններ է բացում մտածողության և մտավոր հաղորդակցման հիմնախնդիրներով զբաղվող հետազոտողների համար:
գ) Թարգմանության տրամաբանությունը, որը նոր խոսք է հերմենևտիկայի և թարգմանության հիմնարար սկզբունքների ոլորտում:
դ) Լեզվաբանական լրացչության սկզբունքը, որը շրջադարձային նշանակություն ունեցավ ինչպես իմացաբանության, մտածողության և լեզվի առնչությունների հետազոտման, այնպես էլ լեզվի փիլիսոփայության ոլորտում եղած մի շարք խնդիրների նորովի մեկնաբանման ու լուծման առումով:
ե) Արժեքավոր է նաև Գ. Բրուտյանի ներդրումը ինչպես հայ փիլիսոփայական մտքի ուշագրավ դրվագների (մասնավորապես Դավիթ Անհաղթի ուսմունքի) հետազոտման և դրանք համաշխարհային գիտական հանրության սեփականությունը դարձնելու գործում, այնպես էլ հայագիտության մեթոդաբանական սկզբունքների մշակման առումով:
զ) Լայն ճանաչում ունի փաստարկման տեսության բրուտյանական հայեցակարգը: Նրա հիմնադրած Փաստարկման երևանյան դպրոցի (որի կարգախոսն է դարձել
«Ոչ թե ուժի փաստարկով, այլ փաստարկի ուժով, ոչ թե իշխանության փաստարկով, այլ փաստարկի իշխանությամբ» բրուտյանական բանաձևումը) արդյունավետ
գործունեությունը բարձր է գնահատվում փաստարկման հիմնահարցերի ուսումնասիրությամբ զբաղվող միջազգային կենտրոնների կողմից, իր հետազոտական ծրագրերում ներգրավելով տարբեր երկրների բազմաթիվ գիտնականների:

Տարիներ շարունակ ղեկավարելով փիլիսոփայական առարկաների գծով ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհուրդը և ղեկավար պաշտոններ վարելով գիտության և կրթության տարբեր օղակներում` ակադեմիկոս Գ. Բրուտյանը ծանրակշիռ ներդրում է ունեցել փիլիսոփայության, տրամաբանության, սոցիոլոգիայի և քաղաքագիտության բնագավառներում գիտական նոր և արժանի հերթափոխի պատրաստման գործում: Ուսանելի և օրինակելի է բազմավաստակ դասախոսի և ուսուցչի հոգատար վերաբերմունքը երիտասարդ գիտնականների նկատմամբ: Նրա անմիջական ղեկավարությամբ բազմաթիվ շնորհալիներ առաջին քայլերն են կատարել գիտության բնագավառում, դարձել ճանաչված մասնագետներ, ոմանք էլ՝ հռչակավոր գիտնականներ:

Իր կրակոտ խառնվածքով, նախաձեռնող գործելակերպով, անընկճելի լավատեսությամբ Գ. Բրուտյանը շարունակում է ոգևորել և առաջնորդել իր սաներին ու գործընկերներին: Ետխորհրդային տարիներին, ի հեճուկս սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանների, նա կազմակերպեց և ներկայումս էլ շարունակում է նախաձեռնել միջազգային գիտաժողովներ, արժեքավոր հրապարակումներ, որոնք խիստ բարձր են գնահատվում ու կարևորվում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ճանաչում բերելով հայրենական գիտությանն ու կրթական հաստատություններին:

Որպես իսկական մտավորական և հայրենասեր անհատականություն, ակադեմիկոսը գործուն մասնակցություն է բերել մեր հասարակության առջև ծառացած
կարևորագույն խնդիրների լուծմանը: Ղարաբաղյան շարժման առաջին փուլից ի վեր Գ. Բրուտյանն իր հեղինակությունն ու արտասահմանյան գործընկերների հետ
ունեցած կապերը ի սպաս դրեց Արցախի հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացման և արդարացի լուծման ուղիների որոնման գործին: Նրա նախաձեռնությամբ աշխարհի փիլիսոփայական հասարակությունը, հանձինս առավել հեղինակավոր ու վառ անհատականությունների, իր ձայնը բարձրացրեց Խորհրդային Ադրբեջանում հայերի նորօրյա ցեղասպանության դատապարտման և արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման պահանջով: Հրապարակվեցին հոդվածներ ու բաց նամակներ «Նյու Յորք թայմզ» օրաթերթում, տեղական և արտասահմանյան պարբերականներում, հղվեցին ուղերձներ գերտերությունների կառավարություններին, արտաքին քաղաքականության գերատեսչություններին, վերլուծական կենտրոններին: Այդպիսի նամակների ու դիմումների տակ ստորագրեցին համաշխարհային մտքի այնպիսի հզոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են Հանս - Գեորգ Գադամերը (Հայդելբերգի համալսարան, Գերմանիա), Լորդ Իսայ Բեռլինը (Օքսֆորդ, Անգլիա), Տերեզե Գոուին - Դեկարիեն (Մոնրեալի համալսարան, Կանադա), Ժակ Դերիդան (Փարիզ, Ֆրաnսիա), Ռոջեր Ս. Կլարկը (Մարդու իրավունքների միջազգային լիգա), Յուրգեն Հաբերմասը (Ֆրանկֆուրտի համալսարան, Գերմանիա), Ուիլյամ Վանդեն Հեուվելը (Նյու Յորք, ԱՄՆ նախկին դեսպանը ՄԱԿ-ում), Ժան-Պիեռ Մահեն (Փարիզ, Ֆրանսիա), Ջերոմ Ջ. Շեստակը (Մարդու իրավունքների միջազգային լիգայի նախագահ), Հելեն Ֆեյնը (Ցեղասպանության ուսումնասիրության ինստիտուտի գործադիր տնօրեն, Հարվարդ, Քեմբրիջ) և շատ ուրիշ հեղինակավոր գիտնականներ ու ճանաչված գործիչներ:

Միջազգային մի շարք գիտաժողովներում, որոնք կազմակերպել կամ որոնց իր մասնակցությունն է բերել Գեորգ Բրուտյանը, նախաձեռնությամբ ընդունված բանաձևերում և հրապարակած բաց նամակներում իրենց վճռական բողոքն են հայտնում Հարավային Կովկասում հայերի նկատմամբ իրականացվող անարդարութ յունների կապակցությամբ, իրենց ձայնը բարձրացնում արցախյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծման, հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման
ու դատապարտման նպատակով:

Վերջին տարիներին արտասահմանյան միջազգային գիտակրթական կենտրոններում (Սոֆիայի, Աթենքի, Սանկտ Պետերբուրգի, Գենտի, Բրյուսելի, Տուրկուի, Երուսաղեմի հրեական, Բուենոս Այրեսի Դե Պալերմո և Ամստերդամի համալսարաններում, Լա Կորունիայի թագավորական ակադեմիայում, ճապոնական Ուտագավա կազմակերպությունում, հայագիտական կենտրոններում) կարդացած իր դասախոսություններով ու հրապարակային ելույթներով, ի թիվս գիտական հիմնախնդիրների մեկնաբանման և լուծման գործում բերած իր ավանդի, Գ. Բրուտյանը հետևողականորեն իր լուման է ներդրել նաև արցախյան հիմնահարցի օբյեկտիվ ներկայացման ու լուսաբանման, XX դարասկզբին Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրում:

Այսօր էլ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանն անհատնում եռանդով իր հարուստ գիտելիքներն ու իմաստուն փորձն է բերում հայրենական գիտության ու կրթության
զարգացման գործում: Նա հիմնադրել ու ղեկավարում է Փաստարկման միջազգային ինստիտուտը, Հայոց փիլիսոփայական ակադեմիան, Փիլիսոփայության միջազգային ակադեմիան՝ նոր ուղիներ հարթելով և գիտական հորիզոններ բացելով երիտասարդ գիտնականների և ուսանողների համար:

Չնայած փիլիսոփայության բնագավառում ունեցած իր մեծագույն ներդրումներին՝ Գ. Բրուտյանը չափազանց համեստ մարդ է: Ութսուն տարվա ընթացքում նա ոչ մի անգամ չի համաձայնվել նշել իր հոբելյանները: Ութսունամյակը նշվեց նրան հանկարծակիի բերելով: Դա առիթ էր, որպեսզի իր բազմաթիվ սաները, գործընկերներն ու ուսանողները իրենց սրտաբուխ խոսքն ասեին հոբելյարին: Նրան ոսկե մեդալներով պարգևատրեցին ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, պատվավոր դոկտորի աստիճան շնորհեց Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը, պատվավոր պրոֆեսորի կոչում` Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը:

Հոբելյանի առթիվ իրենց ուղերձներն էին հղել տասնյակ երկրներից աշխարհահռչակ գիտնականներ, պետական-հասարակական գործիչներ, որոնք ամփոփում էին Գ. Բրուտյանի կատարած գործի գնահատականը: ՀՀ Ազգային ժողովի ուղերձն սկսվում է հետևյալ խոսքերով. «Ձեր ապրած կյանքը փայլուն վկայությունն է` ինչպես մեկ անձի մեջ կարող են համատեղվել գիտնականը, մանկավարժը, քաղաքացին: Եվ բոլոր երեք դրսևորումներում` հասնել համաշխարհային ճանաչման»:

Նրա ներդրումների համաշխարհային նշանակությունն ընդգծված են բազմաթիվ ուղերձներում. «Դուք վաղուց Ձեր արժանի տեղն եք զբաղեցնում համաշխարհային փիլիսոփայական մտքի ժամանակակից երախտավորների շարքում»,– ասված է ԵՊՀ ռեկտորի ուղերձում: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան իր ուղերձում նշում է. «Մենք առանձնահատուկ հպարտությամբ ենք նշում, որ աշխարհի գիտական հասարակայնության լայն շրջանակները Ձեզ ճանաչում են որպես մեծավաս տակ գիտնականի, հանրահայտ տեսաբանի, գիտական մի շարք ուղղությունների
հիմնադրի, Հայաստանում գիտական դպրոցի հիմնադրի ու ղեկավարի, գիտության հիանալի կազմակերպչի»: «Սիրելի նահապետ, հայ և համաշխարհային փիլիսոփայության ասպարեզում Դուք անցել եք փառապանծ ուղի` կատարելով անգնահատելի հսկայական աշխատանք մեր հայրենիքի գիտական և կրթական համակարգի բարգավաճման գործում… Ձեր` հազվագյուտ գիտնական-փիլիսոփայի ջանքերով
մեծապես հարստացել են համաշխարհային հասարակության արժեքները»,– ասված է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուղերձում: «Իբրև գործող փիլիսոփա-ակադեմիկոս, բազմաթիվ արժեքավոր աշխատություններով հարստացրել եք ոչ միայն հայ, այլև համաշխարհային փիլիսոփայական գրականությունը» (Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ուղերձից): «Ձեր վրացի գործընկերներն ու բազմաթիվ երկրպագուները շնորհավորում են Ձեզ` աշխարհահռչակ փիլիսոփային և գիտության ազդեցիկ կազմակերպչին, համաշխարհային միասնական փիլիսոփայական դաշտի ստեղծման գործում աննկուն մարտիկին, փիլիսոփայության և տրամաբանության բազմաթիվ հանրաճանաչ և անփոխարինելի աշխատությունների հեղինակին, մի շարք փիլիսոփայական ուղղությունների հիմնադրին, «Նյուզ ընդ վյուզ» միջազգային ամսագրի հիմնադիր-խմբագրին, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի պրեզիդենտին» (Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ, ակադեմիկոս Գուրամ Թևզաձեի ուղերձից):

Եվս մի քանի գնահատականներ. «Դուք կանգնած եք բազմաթիվ գիտական դպրոցների և փիլիսոփայական ուղղությունների ակունքներում: Դուք ստեղծել եք ոչ միայն Փաստարկման երևանյան դպրոցը, որի արդյունավետ գործունեությունը ճանաչվել է փաստարկման ուսումնասիրության համաշխարհային առաջատար կենտրոնների կողմից, այլև Ձեր ստեղծագործական գաղափարների և ակտիվ գործունեության շնորհիվ ստեղծվել է Մինսկի փաստարկման դպրոցը: Հայ փիլիսոփայական և տրամաբանական մտքի պատմության, Դավիթ Անհաղթի տրամաբանական ստեղծագործության Ձեր լուրջ, հիմնարար հետազոտությունները հստակ մեթոդաբանական ուղի են հարթել արիստոտելագիտության զարգացման որոշ հակասությունների հաղթահարման համար` յուրահատուկ էջ ստեղծելով տրամաբանության համաշխարհային պատմագրության մեջ: Հայագիտության և մետահայագիտության ոլորտում Ձեր նորույթները մեծ ներդրում են Հայաստանի ազգային հոգևոր կյանքի էական իրադարձությունների փիլիսոփայական իմաստավորման գործում և վկայում են Ձեր խորը ազգային դիրքորոշման մասին, որպես գիտնականի և բազմաչարչար, իմաստուն հայ ժողովրդի փառապանծ որդու:

Ձեր բազմակողմանի ստեղծագործական գործունեությունը նպաստում է ազգային փիլիսոփաների նոր սերնդի աճին, ինտելեկտուալ լայն շրջանակներում փիլիսոփայական և տրամաբանական գիտելիքների արմատավորմանը, Հայաստանի հոգևոր վերածննդին» (ակադեմիկոսներ` Դ. Ի. Շիրոկանով, Յա. Յասկեվիչ, պրոֆեսորներ` Վ. Ֆ. Բերկով, Վ. Ի. Չուեշև, Բելոռուս):

«Քո անունը առնչվում է համամարդկային արժեքների և համամարդկային կապերի հետ: Վաղ է խոսել հուշարձանների մասին, բայց Փիլիսոփայության միջազգային ակադեմիան կարևորագույնում՝ իր ծնունդով և իր գործունեությամբ, պարտական է քեզ: Հայաստանը գիտեն և սիրում են աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում և մեզ մոտ՝ Ուկրաինայում, և քո գործունեությունը բազմապատկել է Հայաստանի փառքը» (Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Միրոսլավ Պոպովիչ):

«Ձեր հեռահար նախաձեռնությունները, որպես Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի հիմնադիր և պրեզիդենտ, վկայում են փիլիսոփայության համաշխարհային դերի նկատմամբ ունեցած Ձեր հավատի և այդ գործին Ձեր նվիրվածության մասին: Philosophia perennis-ին ծառայելու Ձեր ազնիվ ջանքերը արժանի են փիլիսոփաների համաշխարհային հասարակայնության աջակցությանը» (Ավստրիայի Իննսբրուքի համալսարանի փիլիսոփայության ինստիտուտի նախագահ Հանս Կոհլեր):

«Իր ինտելեկտուալ գործունեության մեջ և որպես Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի պրեզիդենտ Գեորգ Բրուտյանն ամբողջ աշխարհում հայտնի է և որպես առաջատար և ճանաչված միջազգային փիլիսոփա: Ձեր ներդրումները Հայաստանում և ամբողջ աշխարհում լայն ճանաչում են գտել...» (Երուսաղեմի հրեական համալսարանի պրոֆեսոր, հայկական ուսումնասիրությունների ծրագրերի ղեկավար Մայքլ Ստոուն):

«Ոչ միայն Հայաստանում, այլև Լիտվայում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ մեծապես հպարտ են Ձեզանով, փիլիսոփայության և հասարակագիտության մեջ Ձեր կատարած աշխատանքով: Մենք նրանց շարքերում ենք: Ավելին, մենք համարձակվում ենք մեզ Ձեր ընկերները համարել: Թող կյանքը Ձեր նկատմամբ լինի նույնքան մեծահոգի, որքան Դուք եք եղել և կաք շատ-շատ մարդկանց համար» (Լիտվայի Պառլամենտի անդամ, Կրթության, հետազոտությունների և մշակույթի կոմիտեի նախագահ, Եվրոպայի Պառլամենտի անդամ, Լիտվայի ակադեմիայի փոխպրեզիդենտ, ակադեմիկոս Ռոլանդաս Պավիլիոնիս):

«Մենք բարձր ենք գնահատում Ձեզ որպես համաշխարհային հռչակ ունեցող գիտնականի, որ իր մեծ ներդրումն է ունեցել հասարակության ժամանակակից անկյունաքարային հիմնախնդիրների ուսումնասիրության գործում: Գիտնականի և գիտության կազմակերպչի Ձեր տաղանդը օգնում է լուծել հետսոցիալիստական փոխակերպվող հասարակության բարդ խնդիրները» (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, «Հասարակություն և տնտեսություն» միջազգային ամսագրի գլխավոր խմբագիր Կոնստանտին Միկուլսկի):

Ցանկանում ենք ակադեմիկոս Գեորգ Բրուտյանին՝ անվանի Գիտնականին ու Մանկավարժին, սիրված Ուսուցչին քաջառողջություն, ստեղծագործական բեղուն և երկար տարիներ՝ ի բարօրություն իր ժողովրդի և ի փառս հայրենի գիտության ու դրա միջազգային հեղինակության:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
http://hpj.asj-oa.am/1839/2/2006-3(303).pdf

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 11-08-2012 15:26:26
Դիտումների քանակը: 2831
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՆԵՐՍԵՍ ԽԱՐԱԽԱՆՅԱՆ Եպիսկոպոս (1908), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott