Ալեքսանդր Աճեմյան
Ազգային սիմֆոնիկ, գործիքային ու վոկալ երաժշտության զարգացմանը զգալիորեն նպաստած կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի մուտքը ստեղծագործության աշխարհ շռնղալից ու սրընթաց չեղավ: Ապագա երաժշտի գեղարվեստական ձևավորման գործում մեծ էր նրա ծնողների՝ նշանավոր դերասանուհի Արուս Ասրյանի և ականավոր ռեժիսոր՝ Վ.ԱՃեմյանի դերը: Աճեմյանների տան գեղարվեստական հագեցած մթնոլորտը, թատերական միջավայրը, ազգային մշակույթի գործիչների հետ սերտ կապերը կանխորոշեցին արվեստին, երաժշտությանը նվիրվելու Ալեքսանդրի որոշումը: Լենինականի երաժշտական դպրոցի ջութակի, այնուհետև դաշնամուրի դասարաններում, իսկ Երևան տեղափոխվելուց հետո՝ Սպենդիարյանի անվան դպրոցում ուսումնառությունն ամրապնդեց այդ որոշումը:
Պատանեկության տարիների վաղ տպավորություններից Էին պարապմունքները. տաղանդավոր երաժիշտ՝ դաշնակահար ու կոմպոզիտոր, Ալեքսանդր Դոլուխանյանի մոտ: Սպենդիարյանի անվան դպրոցում կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մարտին Մագմանյանի ղեկավարությամբ սովորեց ստեղծագործական դասարանում, ինչն, ի վերջո, կարևորագույն նշանակություն ստացավ: Ուսման նորմալ ընթացքն ընդհատվեց Հայրենական մեծ պատերազմով: Երեք տարի (1943-1946) Ալ.Աճեմյանը ծառայեց սահմանապահ զորքերի կազմում: Այդ տարիներին ստեղծագործությունը գործնական անհրաժեշտություն դարձավ: Երիտասարդ երաժշտի երգերն ու գործիքային մանրանվագները հնչեցին սահմանապահների անսամբլի կատարմամբ՝ խորացնելով հեղինակի՝ ստեղծագործությամբ լրջորեն զբաղվելու որոշումը:
Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում Վ.Տալյանի, իսկ 1947 թվականից՝ Գ.Եղիազարյանի ստեղծագործական դասարանում Ալ.Աճեմյանը շարունակեց ընդհատված ուսումը: Ուսումնարանին հետևեց կոնսերվատորիան: Ուսումնարանում ու կոնսերվատորիայում նրա ուշադրության կենտրոնում իր գործիքային ու սիմֆոնիկ գործերն Էին, այդ թվում՝ Պարային սյուիտը, Լարային կվարտետը, եռամաս Կոնցերտինոն ջութակի ու դաշնամուրի համար, մեկմասանի Կոնցերտը Շեփորի ու դաշնամուրի համար, երգերը, որոնցից հատկապես սիրվեցին «Լորիկը», «Երևանը»:
Ալ.Աճեմյանի երգերի՝ Գոհար Գասպարյանի անզուգական կատարումները գրավեցին երաժշտասեր հասարակայնության ուշադրությունը՝ պարտավորեցնելով երիտասարդ կոմպոզիտորին: Երգը մեծ տեղ գրավեց նրա ստեղծագործական աշխատանքում, սակայն ամենևին չնվազեցրեց հետաքրքրությունը սիմֆոնիկ խոշոր կտավների նկատմամբ:
Ուսման տարիների գեղարվեստական աճի լուրջ ապացույցը քառամաս Սիմֆոնիան Էր, որը նա ներկայացրեց որպես դիպլոմային աշխատանք:
Սիմֆոնիային հաջորդած Պոեմ-ռապսոդիան գեղարվեստական տեսակետից անհամեմատ ավելի հասուն Էր: 1957 թվին Ալեքսանդր Աճեմյանին նվիրված հոդվածում («Սովետսկայա մուզիկա») Էդ.Հովհաննիսյանը Պոեմ-ռոպսոդիան կոմպոզիտորի ստեղծագործական ձևավորման համար սկզբունքային գործ Է համարել: Այդ ստեղծագործությունն առավել, քան նույնիսկ Առաջին սիմֆոնիան ազդարարեց հայ երաժշտության մի նոր, հնչեղ, ինքնատիպ ձայնի ծնունդը:
50-ական թվականների կեսերին հայկական սիմֆոնիկ երաժշտությունն ինչպես քանակային, այնպես էլ ժանրային, թեմատիկ-կերպարային տեսակետից դեռևս աղքատիկ Էր, և երիտասարդ երաժշտի խիզախումը, անկասկած, ուշագրավ Էր ու գնահատելի: Ալ.Աճեմյանի առաջին իսկ սիմֆոնիկ գործերը հաջորդ տասնամյակի լուրջ ձեռքբերումների առհավատչյան Էին՝ հատկապես խոշոր կտավի բնագավառում:
Թեմատիկ շրջանակի ընդլայնումը, վառ ու կենսունակ կերպարների՝ միմյանց հետ սերտ կապը, դրանց զարգացման փոխպայմանավորվածությունը սիմֆոնիկ մտածողության այն կարևոր դրսևորումներն Էին, որոնք բնութագրական Էին կոմպոզիտորի խոշոր կտավի գործերին:
Երաժշտի որոնող միտքը ձգտում Էր ինքնատիպ լուծում տալ իր ամեն մի մտահղացմանը: Հայ երաժիշտներից առաջինն իր Երկրորդ սիմֆոնիայում, նվագախմբի այլ գործիքների կողքին, տեղ տվեց մարդկային ձայնին (սոպրանո), որը նոր ու ջերմ երանգ հաղորդեց ստեղծագործությանը: Երկրորդ, ինչպես և Երրորդ սիմֆոնիաները չունեն հայտարարված ծրագիր, բայց և այդ գործերում, կոմպոզիտորը իր ստեղծած կերպարներով սերտորեն կապված Է մնում իր հայրենի բնաշխարհին, իր ժողովրդի անցյալին ու ներկային: Կոմպոզիտորի Երրորդ սիմֆոնիայում առաջին անգամ արտացոլվեց Հայաստանի պատմական անցյալը: Մի թեմա, որն այնուհետև բազմապիսի դրսևորումներ Է ստանում այլ երկերում:
Հավատարմությունն ազգայինին բնորոշ Է Աճեմյանի ստեղծագործություններին՝ անկախ ժանրային պատկանելությունից: վոկալ գործերի գերիշխող մասը գրված Է հայ բանաստեղծների խոսքերով, այդ թվում՝ վոկալ շարքը Հովհաննես Թլկուրանցու բանաստեղծությունների հիման վրա: Երգաշարի համարները՝ «Տաղ գարնան», «Բանք սիրո», «Տաղ վասն հոգւոյ», «Աղոթք», ներքին հարուստ բովանդակության պայմաններում, սեղմ են ու ամփոփ: Երգաշարի համարների տրամաբանական կապը գոյացել է հակադիր կերպարների հաջորդականությունից:
Վահագն Դավթյանի խոսքերով է գրված «Ռեքվիեմը»՝ ասմունքողի, մենակատարի ու կամերային անսամբլի համար:
Իր հայրենիքը՝ Հայաստանը, կոմպոզիտորին «օգնեց» տեսնել Մարտիրոս Սարյանը, որի կտավները հիմք ծառայեցին կամերային նվագախմբի համար գրված Սիմֆոնիետի համար: «Հովվերգական սիմֆոնիետը» մտահղացման և իրականացման ներդաշնակությամբ, պատկերավոր արտահայտչականությամբ, գունեղությամբ, կոմպոզիտորի լավագույն գործերից է:
Պրոֆեսիոնալ տեսադաշտի ընդլայնումը Ալ.Աճեմյանի ստեղծագործական աշխատանքին անկախություն հաղորդեց: Նորագույն ուղղությունների հանդեպ համեմատաբար անտարբեր կոմպոզիտորը մեծ ազատություն է ձեռք բերում դասական սոնատային ձևին դիմելիս:
Ալ.Աճեմյանը «Սասունցի Դավիթ» դյուցազներգության «ընթերցման» մի նոր փորձ կատարեց իր ծրագրային Հինգերորդ սիմֆոնիայով: Ստեղծագործության թեման թելադրեց դյուցազներգական-քնարական բնույթը: Դյուցազներգականի վեհությանն է ծառայում նվագախմբի հնչողությանը երգչախմբի միանալը:
Կոմպոզիտորի Վեցերորդ սիմֆոնիայի գաղափարական առանցքը Գևորգ Էմինի «Յոթ երգ Հայաստանի մասին» գիրքն է:
Մտահղացմամբ է պայմանավորված սիմֆոնիայի ոչ ավանդական կառույցը: Յուրաքանչյուր մասի («Երգ դարի», «Երգ քարի», «Երգ ջրի», «Երգ հոդի», «Երգ հրի», «Երգ գրի», «Երգ երգոց») ընդգծված ինքնուրույնությամբ հանդերձ ամբողջ երկի միասնությանն է ծառայում մոնոթեմատիզմը:
Հարուստ ու բազմապիսի ռիթմական ու գունային հնարների կիրառման հետաքրքիր նմուշներից է պղնձյա փողայինների ու հա՛րվածային գործիքների համար գրված Կոնցերտը:
Ալ.Աճեմյանի ստեղծած երաժշտական լեզվի, արտահայտչամիջոցների սկզբնաղբյուրը հայկական ժողովրդական, ժողովրդա-պրոֆեսիոնալ ու պրոֆեսիոնալ-մոնոդիկ երաժշտությունն է: Իր ողջ էությամբ կապված լինելով ազգային ավանդույթների ամենատարբեր դրսևորումներին՝ Ալ.Աճեմյանը հազվադեպ է դիմել ժողովրդական կամ միջնադարյան արվեստի կոնկրետ նմուշներին: Պոեմ-ռապսոդիայում երկրորդ թեման հանրահայտ «Քոչարին» է, Վեցերորդ սիմֆոնիայում՝ «Գորանի» միջնադարյան մեղեդին, Պոեմ-ռապսոդիայում՝ «Տաղ Անիական» ու «Գորանի» ժողովրդական կլոր պարը: Բերված օրինակներով գրեթե սահմանափակվում են անմիջական մեջբերումները:
Ալ.Աճեմյանի գեղարվեստական անհատականությանը, որն առավել վառ դրսևորվեց նրա սիմֆոնիկ կտավներում, հոգեհարազատ է նաև երգի տարերքը: Երգերի բնույթն առավելագույնս ընդգծում է հայրենասիրական թեմայի հուզական ոլորտի անկեղծությունն ու ջերմությունը:
Գեղարվեստական հարուստ ներհայեցողությունը, էության ազգային նկարագիրը, հայ երաժշտության ավանդույթների հանդեպ սկզբունքային դիրքորոշումը ապահովեցին նրա մտածողության վառ ազգային ուղղվածությունը: Ալ.Աճեմյանի ստեղծագործական ուղին բնութագրվում է հասուն գեղարվեստական սկզբունքներով, ժանրային հարստությամբ, թեմատիկ բազմազանությամբ:
Աղբյուրը՝ http://www.findarmenia.com/arm/culture/music/aleksandr-achemyan
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1719
Կիսվել : |