ԳՏՆԵԼ ՍԽԱԼՆԵՐԻ ԱՐՄԱՏԸ...

Նորության նկար Արտեմ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ ծնվել է 1936թ.՝ Բաքվում։ Ծնողները, 1920թ. մարտին փրկվելով Շուշիի ջարդերից, տեղափոխվել են Բաքու։ Միջնակարգ կրթությունը նա ստացել է Թեհրանում։ 1964թ. Ա. Օհանջանյանը ավարտել է Վիեննայի արվեստի համալսարանը՝ կինոռեժիսորի մասնագիտությամբ, ապա սովորել Վիեննայի համալսարանում, ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ Նա նկարահանել է շուրջ 60 վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմեր, միջազգային երեք փառատոներում արժանացել գլխավոր մրցանակի։ Սկսած 1982թ. Ա. Օհանջանյանը ավստրիական արխիվներում ուսումնասիրել է Հայաստանի պատմության հետ առնչվող նյութերը եւ Վիեննայում գերմաներեն լույս ընծայել փաստաթղթերի ու վավերագրերի 12 հատորանոց ժողովածուն։ Այս աշխատություններում առանձնահատուկ տեղ ունեն 1915թ. Հայոց մեծ եղեռնի մասին պատմող ավստրիական փաստաթղթերը։ Թուրքիայում հայերի զանգվածային ոչնչացման վերաբերյալ այդ գրքերը մեծ ազդեցություն գործեցին եվրոպացի գիտնականների վրա։ Օհանջանյանի աշխատություններին հաջորդեցին եվրոպացի գիտնականների՝ հայկական եղեռնի մասին տասնյակ գրքեր, որոնք հաստատում են Ավստրո-Հունգարիայի եւ Գերմանիայի մեղքը։ Նշենք, որ Վիեննայի համալսարանի նոր պատմության ինստիտուտի ռեկտոր Վոլֆդիթեր Բիհլը Ա. Օհանջանյանին անվանել է «հայ-ավստրիական պատմաբան»։ Այս օրերին Ստեփանակերտում տեղի ունեցած կրթության, մշակույթի եւ սպորտի աշխատողների առաջին համագումարին մասնակցելու նպատակով Արցախում էր գտնվում պատմաբան-կինոռեժիսորը։ Մեր հարցազրույցը։ - Պարոն Օհանջանյան, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները համագումարից։ Հաճա՞խ եք լինում մեր լեռնաշխարհում։ - Տարին մեկ-երկու անգամ գալիս եմ Հայաստան եւ Արցախ։ Այս անգամ հրավիրված էի համագումարին, որն, ի դեպ, շատ հետաքրքիր եւ լուրջ միջոցառում էր։ Կրթության եւ մշակույթի աշխատողները իրենց համար ճանապարհ են ընտրել եւ ուզում են քայլել այդ ճանապարհով։ Պատկերացրեք, որ այդ քայլը վաղուց պետք է արվեր, բայց ինչպես ասում են՝ ուշ լինի, նուշ լինի։ Հուսով եմ, որ այս համագումարից հետո նրանք իրենց հայացքներն ամբողջովին կուղղեն նշված խնդիրներին, կուրվագծեն առաջիկա անելիքներն ու կհասնեն իրենց նպատակին։ Ինչպես իմացաք՝ արմատներով արցախցի եմ, այստեղ ունեմ բարեկամներ, ազգականներ, ընկերներ։ Շուրջ 47 տարի է՝ Ավստրիայում եմ ապրում, բայց ամեն անգամ գալով Արցախ՝ ես ինձ իմ տանն եմ համարում։ - Ո՞վ է Արտեմ Օհանջանյանը՝ կինոռեժիսո՞ր, թե՞ պատմաբան։ Ավելի շատ ո՞րն է գերակշռում նրա մոտ։ - Կինոռեժիսորությունն իմ առաջին մասնագիտությունն էր, այսպես ասած՝ իմ ապրուստի միջոցը։ Հետո ընտրեցի պատմաբանի մասնագիտությունը, որի հանդեպ մեծ սեր ունեի։ Ավստրիայի եւ Երեւանի համալսարաններում պաշտպանեցի դոկտորականս, ստացա այդ կոչումը, իսկ անցյալ տարի էլ Ավստրիայում ինձ շնորհվեց պրոֆեսորի կոչում։ Այժմ դոկտոր, պրոֆեսոր եմ։ Վերջին ֆիլմս նկարահանեցի 2002-ին։ Անցյալ տարի պարսկաստանցի ընկերներիս կողմից, իսկ վերջերս էլ՝ Ավստրիայի հեռուստատեսությունից ֆիլմ նկարահանելու առաջարկություն ստացա, բայց հրաժարվեցի։ Հիմա արդեն ամբողջ ուժերս նպատակաուղղում եմ ազգագիտությանը։ Գրքերի վրա եմ աշխատում, վերջին գիրքս հայկական ճարտարապետությանն է վերաբերում եւ լույս է տեսել գերմաներեն լեզվով։ Այն արդեն թարգմանվել է եւ շուտով լույս կտեսնի նաեւ հայերեն։ Իսկ 1989թ. Հայոց մեծ եղեռնի մասին տպագրված գիրքս հետագայում նորից լույս ընծայվեց հայերեն լեզվով՝ որոշ խմբագրումներով։ Այսօր նշածս գրքից չկա, եւ այն վերահրատարակելու առաջարկություն եմ ստացել։ - Դժվար չէ՞ օտար ափերում հայ մնալը։ - Երբ մարդ հոգեպես իրեն միշտ հայ է զգում՝ դժվար չէ։ Այնտեղ՝ Ավստրիայում, ես ավելի շատ եմ հայացել։ Որովհետեւ օտարության մեջ ավելի ցայտուն է երեւում, թե քո արմատները որտեղ են եւ ով ես դու։ «Օտարության մեջ դու միշտ օտար ես». Ֆրանց Վերֆելի խոսքերն են։ Ի դեպ, Ավստրիայում «Ֆրանց Վերֆել» կոմիտե կա, որի նախագահը ավստրիացի մի հայտնի գրող է, իսկ ես էլ փոխնախագահն եմ։ Անցյալ տարի ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ ես հրավիրված էի Մուսա լեռ՝ ոգեկոչումների։ Այնտեղ արխիվներն ուսումնասիրելիս հանդիպեցի Ֆրանց Վերֆելի անվանը... Նրան մուսալեռցու պատվավոր կոչում եւ ոսկե մեդալ են շնորհել։ Այս տարի նոյեմբերին Ավստրիայի մեր կոմիտեում կկազմակերպվի «Մուսա լեռան գիշեր», որտեղ այդ կոչումները հանդիսավոր կերպով կհանձնվեն Ֆրանց Վերֆելի ազգականներին։ Այսինքն՝ թող անհամեստություն չթվա. բազմաթիվ տեղերում եմ աշխատում եւ ամեն տեղ նպատակս մեկն է՝ ծառայել ի շահ մեր ժողովրդի պատմության ու մշակույթի, ազգագիտությանը։ Ինձ թվում է՝ ամենակարեւորը սա է. ամեն մի հայ, որտեղ էլ որ լինի, եթե հոգով հայ է՝ իր ազգին պիտի ծառայի։ - Մի քանի օր առաջ նշեցինք Հայոց մեծ եղեռնի 91-րդ տարելիցը։ Դուք՝ որպես ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչը Ավստրիայում՝ ցեղասպանության ճանաչման գծով, բավարա՞ր եք համարում ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքը։ - Աշխատանք տանողներից մեկն էլ ես եմ եւ կարող եմ ասել, որ բավականին գործ է կատարվել այդ ուղղությամբ։ Ավստրիական արխիվներից հանված բազմաթիվ փաստաթղթեր ունենք, որոնք փաստում են, որ նրանք եւս մեղսակից են ցեղասպանությանը։ Ցեղասպանության ճանաչման խնդիրը չափազանց բարդ է։ Թուրքիան միլիոններ է ծախսում հակառակն ապացուցելու համար... - Ցեղասպանության մասին ձեր գրքում նման միտք եք ասում. «Պատմությունը ցույց է տալիս , որ անցյալը լի է սխալներով եւ չարժե դրանք ոչ հերքել, ոչ էլ ուրիշին վերագրել»։ Ի՞նչ եք ուզում դրանով ասել։ - Եթե մենք չնկատենք մեր սխալները եւ չսովորենք հենց այդ սխալներից՝ ոչ մի ժամանակ առաջընթաց չենք ունենա։ Անցյալը ցույց է տալիս, որ սխալներ շատ են կատարվել։ 1918-20թթ. Եվրոպան եւ Ամերիկան չպաշտպանեցին հայերին։ Այն, ինչ խոստացան հայերին Սեւրում, միայն թղթի վրա մնաց, ու հայերը ոչինչ չստացան... Ուստի, ավելի կարեւոր է գտնել սխալների արմատներն ու պատճառները։ - Պարոն Օհանջանյան, գրքում այսպիսի մի միտք էլ եք ասում. ապագան կերտելու համար հարկավոր է հաղթահարել անցյալը։ Որքանո՞վ է մեզ՝ հայերիս, հաջողվել անել դա։ - Եթե մենք անընդհատ միայն ողբանք, մեզ համար մեծ վնաս կլինի։ Եվ գրեթե այդ վնասն արդեն կրում ենք։ Պետք է կարողանալ հաղթահարել ցավը, գնալ մեկ այլ ճանապարհով, դեպի առաջ՝ ցավին հաղթելու համար։ Այո, եղել է նման բան, որը միշտ կմնա մեր հուշերում, սակայն պետք է այն հաղթահարվի։
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
http://www.armtown.com/news/am/aza/20060506/2987/

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 27-04-2012 20:07:11
Դիտումների քանակը: 1354
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՏԻԳՐԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ Նկարիչ, մուլտիպլիկատոր: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott