ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ. «ԵՍ ԵՎ ԴՈՒՔ»

Նորության նկար Վերջերս «Երվանդ Քոչար» թանգարանում մեծն Մաեստրոյի հոդվածների ժողովածուի շնորհանդեսն էրՙ ճաշակով ձեւավորված փոքր գիրք (ձեւավորումը Վ. Դալլաքյանի), սակայն բովանդակությամբ հարուստ եւ միաժամանակ արդիական հնչեղությամբ (գիրքը կազմել եւ խմբագրել են Անատոլի Հովհաննիսյանը եւ Լալա-Մարտիրոսյան Քոչարը): Այն ընթերցողին կօգնի առավել տարողունակ ըմբռնելու XX դարի խոշորագույն արվեստագետներից մեկի բարդ ու արդիաշունչ արվեստը:

Ինչպես վերջերս հրատարակվող շատ գրքեր, այս մեկը նույնպես լույս է տեսել Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ, եւ եթե նկատել է նոսրացող ընթերցողը, այդ գրքերը մեծավ մասամբ համազգային հետաքրքրության են արժանացել, իսկ Երվանդ Քոչարի դեպքում նրա բանավոր եւ գրավոր խոսքը միշտ էլ փայլել է գիտականությամբ, արվեստի եւ իրականության խորը վերլուծումներով, արդիականությամբ, անհատականության ընդգծված շեշտերով:

Նրանք ովքեր տարիների ընթացքում սերտ հարաբերությունների մեջ են եղել Մաեստրոյի հետ, տպագրված գրքի գրավոր եւ բանավոր որոշ նյութերին ծանոթ են. սակայն այստեղ կան մի շարք անակնկալներ, որտեղ ուրվագծվում է մեծ արվեստագետի հետաքրքրությունների լայն շրջանակը, նրա արվեստաբանական հզոր ներուժը, նորին ու անհայտին միտված նրա խորիմաստ մտքերն ու գալիքի կռահումները: Տասնութամյա պատանու եւ հետագայում նրա արտահայտած մտքերի տարողությունն ու համարձակությունը այսօր էլ ապշեցնում են նորի ու անհայտի նախազգացումներով, իմացության հարուստ պաշարով, հստակ ձեւակերպումներով:

Գիրքը կազմողները խելամտորեն նյութերը խմբավորել են ըստ ժանրի ու տեսակիՙ «Դասախոսությունների համառոտագրություններ», «Ելույթներ», «Հոդվածներ», «Հուշեր», «Գրական գեղարվեստական ժառանգություն», «Փշրանքներ», «Մաղթանքներ»: Մաեստրոն գիտի խոսքի արժեքը, նրա բառը «նետի» պես է սլանում, ոչ մի պաճուճանք եւ ավելորդաբանություն, սեղմ, հակիրճ ոճը մանրաքանդակի ձեւ ունի, ավարտուն է, ամբողջական եւ կառուցիկ: Յուրաքանչյուր նյութի մեջ մշակութաբանի խորքը ակնհայտ էՙ մեծ դասականության կտրվածքով, սակայն նրան հուզողը նախ եւ առաջ արդիականության պարամետրեր են, ժամանակի շունչը:

Ընթերցողի մեջ երբեմն զարմանքն ու ապշանքը ուղեկցում են միմյանց. դեռ քսանը չբոլորած պատանին ինչպե՞ս կարող էր գեղարվեստի ֆենոմենի, այն էլ նոր գեղարվեստի մասին նման խորը եւ իմաստալից դատողություններ անել, ի՞նչն է հինը, ի՞նչն է նորը, հավերժը, արդիականը, ժամանակի հրամայականը, գեղեցիկի տարափոխությունները. «Իսկական արվեստը հուզիչ է, ցնցող, շատ անգամ անողոք ու տանջող, այդպիսի արվեստի խնդիրն է իր հոյակապ ձգտումներին լուծում տալ իր ողբերգության բարձունքից: Արվեստը պաթոս է մարդկային հոգուՙ էմոցիայի ծայրահեղ լարում, ահա մշտնջենավոր բովանդակությունն արվեստի:

Պատերազմը, ռումբերն ու թնդանոթներն անցողիկ են, իսկ գեղարվեստը մշտնջենական է »: Այս խոսքերն ասվում է մի ժամանակ, երբ աշխարհը պատերազմների տենդի մեջ էր, իսկ իր հայրենիքը մղձավանջների հորձանուտում լինելիության կռիվ էր տալիս:

Նա ով մոտիկից գիտեր Մաեստրոյին եւ նրա արվեստային պաշտամունքներին, նույնիսկ առօրյա զրույցների ժամանակ Լեոնարդոյի անունը լսելիս աչքերը փայլատակում էին, ոգեշնչումի բարձրակետին էր հասնում նրա տրամադրությունը, թեւեր էր առնումՙ անկեղծորեն վարակելով դիմացինին նույնպես: Իտալացի մեծ նկարիչը նրա համար կրոն էր ու հավատամք, միաժամանակ կատարողական արվեստի գագաթ, իմացության խորհրդանիշ: Անկարեւոր չէ նշել նաեւ, որ «Լեոնարդո դի Վինչի» դասախոսությունը պատանի Քոչարը կարդացել է Թիֆլիսի «Հովնանյան օրիորդաց դպրոցում» 1920-ին եւ այն տպագրվում է առաջին անգամ: « Նա աստվածացնում էր բնությունը եւ նրա ուսումնասիրությունը դարձնում իր կրոնը,- ասում է Քոչարը: Լեոնարդոն Ռենեսանսի հայելին է, եւ Ռենեսանսըՙ Լեոնարդոյի էությունը:

Ռենեսանսը ճշմարտության եւ գեղեցկության անհագուրդ ծարավի շրջան էրՙ տարված հունական կուլտուրայով, մեծ եւ հոյակապ պրոեկտներով »:

Մաեստրոյի հետաքրքրությունների շրջանակը լայն է ու մասշտաբայինՙ նախնադարից մինչեւ իր ժամանակները իմաստավորել ամեն մի երեւույթ - նրա արյան մեջ է եւ գիտակցության ներքին շերտերում: Բուրգերից մինչեւ Վան Գոգը, Սեզանը, Պիկասոն, Սարյանը եւ ուրիշներ նրա հետաքրքրությունների շրջանակում են եւ չկա մեծ ու փոքր մի հոդված կամ ելույթ, որտեղ ակնհայտորեն չերեւա խորը անհատականության կնիքը: Լինի ռեալիզմի, վերացապաշտության, մոնումենտալ քանդակի եւ բնանկարի, գույնի եւ ձեւի հարաբերությունների մասին, Մաեստրոյի տեսակետները հստակ են, համոզիչ, արդիականության ոլորտներում: Իսկ երիտասարդ տարիներին չի խնայել անգամ այնպիսի հանրահայտ անունների, ինչպիսիք են Սարգիս Խաչատուրյանը, Թադեւոսյանը, Թերլեմեզյանը: Նրանց արվեստը դիտարկելով կոնկրետ ժամանակի մեջՙ ժամանակ, երբ իրագործվում էին մտքի եւ ձեւի վերափոխիչ տեղաշարժեր:

Այստեղ մենք անհրաժեշտ ենք համարում ընթերցողի ուշադրությունը սեւեռել մի շատ կարեւոր երեւույթի վրա, երբ հոդվածների թիֆլիսյան եւ փարիզյան շրջանների նյութերը «շնչում» են ազատությամբ, մտքերի եւ ձեւակերպումների անկաշկանդությամբ, ինչը շատ դեպքերում «նվազում» է երեւանյան նյութերի պարագայում: Հայտնի է եւ բնական, որ տոտալիտար համակարգում Մաեստրոյի ազատությունները արհեստականորեն սահմանափակվել էին եւ դա ոչ միայն իր համար: Դա համատարած դաժան մթնոլորտ էրՙ թշնամի ամեն մի ազատ մտքի: Երբեմն նրա ասելիքը «շրջվում» էր այն աստիճան, որ անհասկանալի էր դառնում նույնիսկ մտերիմների նեղ շրջանակի անգամ: Ճակատագիրը նրան այնպիսի տհաճ եւ ողբերգական անակնկալներ մատուցեց, որ ամենավատ երազում անգամ չէր կարող երեւակայել: Սակայն ՄԵԾԵՐԸ հենց նրա համար են այդպիսին, որ կարողանում են «ելքեր» գտնել անգամ ծանր իրավիճակներում, եւ ոչ միայն գտնում են, այլեւ շեդեւրներ են իրագործում (վկաՙ «Սասունցի Դավիթը»...):

Կերպարվեստի բոլոր ոլորտներում Մաեստրոն միշտ էլ դրսեւորվել է իմացության փայլուն պաշարով եւ չկա այնտեղ մի մեծ ու փոքր ասպարեզ, խնդիր, որի մասին չունենար իր ուրույն ու եզակի կարծիքը: Նա նաեւ փայլուն տեսաբան-քննադատ էրՙ բոլորը գիտեին այդ մասին: Ով գեթ մեկ անգամ լսել է քննարկումների ժամանակ նրա բանավոր խոսքըՙ համեմված սրամիտ եւ պատկերավոր արտահայտություններով, ամբողջ կյանքում չպիտի մոռանար այդ օրը, նրա իմաստալից մտքերը: Անտաղանդությունը, անգրագիտությունը, անսկզբունքայնությունը, անբարոյականության սահմանների հասնող կոմպրոմիսները ձաղկում էր անխնա, համոզիչ փաստարկներով, բարձր պրոֆեսիոնալ լեզվապաշարով: Այդ քննարկումները բոլորիս համար մի յուրօրինակ ակադեմիա էին, որոնց տվյալ շրջանում չէինք կարող հասու լինել որեւէ դասագրքով կամ հոդվածով: Իր կյանքի երեւանյան շրջանի արվեստի քննադատությունից դժգոհ Մաեստրոն մի անգամ չէ որ արտահայտվել է այդ մասինՙ գրավոր եւ բանավոր. ահա այդ նմուշներից, որը գրվել է չեխ հանրահայտ նկարիչ Մաքս Շվաբինսկու անհատական ցուցահանդեսի առիթով (1950-60-ական թվեր) եւ տպագրվում է առաջին անգամ, քանզի իր ժամանակին մերժված պետք է լիներ «գրագետ» խմբագիրների կողմից: « Իսկական քննադատը պետք է ի հայտ բերի, լույս աշխարհ հանի, ինչ թաքնված ու ծածկված է: Եթե նա չունի բանալիներ, ԻՆՉՊԵՍ ՈՐ Է ՄԵՐ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԵԹԵ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ (ընդգծումը իմն էՙ Պ.Հ.), ոչ թե բաց է անում փակվածը, այլ բավարարվում է գործի սյուժետային վերլուծությամբ, գույների եւ ձեւերի նկարագրությամբ, ծննդյան եւ մահվան թվականներովՙ կենսագրական տվյալներով: Նա երբեք չի թափանցում գործի ներքին էության մեջ, մերժում եւ անտեսում է իսպառՙ առանց հասկանալու գործի արժեքը »:

Իսկ Շվաբինսկու արվեստը մանրակրկիտ վերլուծելովՙ Մաեստրոն հանգում է իր գեղարվեստական չափանիշներին հարիր եւ պատճառաբանված եզրակացության. « Շվաբինսկու նկարների մեջ ամեն ինչ ասված է. նրա նկարները չունեն գաղտնիք: Այդ նկարները ոչ մի տեղ չեն թողնում երազելու: Դրա համար այդ գործերի առաջ մնում ենք տարակուսած, չենք կարողանում կողմնորոշվել, եւ մեր վրա իջնում է մի տեսակ սառն անտարբերություն »:

Տասնյակ տարիներ են անցել սույն հոդվածները լույս աշխարհ գալուց հետո, սակայն այսօր էլ դրանց այժմեականությունը շոշափելիորեն պահպանվել են: Գրքի նկարազարդում լինի, թե բեմանկարչական ձեւավորում, նկարչի մասին արված մենագրություն կամ ձեւական խնդիրներ, միեւնույն է, Մասետրոյի քննական բարձրագույն ճաշակը եւ գնահատականները ստույգ են, գիտական, գեղարվեստա-գաղափարական հստակ դիրքորոշումների արտահայտություն: Արա Բեքարյանի «Պարոնյանի երկերի նկարազարդումները» (1995, «Սովետական արվեստ», թիվ 2), Ռաֆայել Շիշմանյանի «Էդգար Շահին» մենագրությունը (1952, «Սովետական արվեստ», թիվ 4), Միքայել Արուտչյանի «Եզովպոս» ներկայացման մասին Մաեստրոյի քննական հոդվածները գեղարվեստական երկի վերլուծության բարձրագույն օրինակներ ենՙ գեղագիտական, կառուցվածքային, ձեւական, բովանդակային ողջ կոմպլեքսի համադրությամբ, սուր եւ ճշգրիտ բնորոշումներով: Միքելանջելո եւ Էնգր, Պիկասսո եւ Սարյան. այս հանճարեղ անունների մասին գրվել են բազում գրքեր եւ հոդվածներ, մանրակրկիտ ուսումնասիրվել են նրանց արվեստի գաղտնիքները, սակայն Մաեստրոյի գնահատականներն այնքան են ինքնատիպ, առանձնահատուկ, ընթերցողի մեջ առաջացնում են թաքնված լարվածություն եւ ինչ-որ տեղ քեզ համար անտեսանելին, անզգայելին դառնում է տեսանելի եւ հոգեհարազատ: Անհնար է հուզմունքով եւ հիացմունքով չկարդալ իր մանկության ու պատանեկության ընկերներիՙ Ալ. Բաժբեուկ Մելիքյանի եւ Հովսեփ Կարալյանի մասին գրված հոդվածները. դրանք եզակի են, ոչ այնքան որ Մաեստրոն է գրել, այլ այն ներքին տեսլականը, որով ուղղորդվել է նա, հոգու աչքերով տեսել այդ նկարիչների «ներքին տրոփյունը», նրանց ստեղծած նկարչական եզակի տարածությունը: Եվ ինչպիսի ցնծությամբ է խոսում մեր դասականներից Վահրամ Գայֆեջյանի «Եղրեւանի» նկարի եւ նրա հեղինակի մասին, որը տեսել էր 1917-ին Թիֆլիսում բացված հայ արվեստագետների ցուցահանդեսում: Արդեն հետագայում, տարիներ անց, նկարչի անհատական ցուցահանդեսի կատալոգի համար գրված առաջաբանում (1972, որը մնացել է անտիպ) պիտի բարձրախոսեր. « Վահրամ Գայֆեջյանը իր լիրիկական ջութակով, բարձր որակով եւ վարպետությամբ նվագեց իր պարտիտուրան հայ արվեստի մեծ սիմֆոնիայում... »: Ձեր աչքերի առջեւ վերակենդանանում են անզուգական գեղանկարիչ, մանկավարժ Եղիշե Թադեւոսյանի, Սպիրիդոն Մելիքյանի, բազմաշնորհ Կարո Հալաբյանի եւ այլոց հյութեղ վրձնահարվածներով արված դիմանկարները:

Թիֆլիսի նիստ ու կացը լավ գիտեր Մաեստրոն, ծանոթ էր իր ժամանակի մեծերինՙ ինչպես հայ, այնպես էլ վրաց եւ այլազգի մտավորականներին: Վրաց հանրահայտ գեղանկարիչ Լադո Գուդիաշվիլին բարեկամն էր: Խորքից գիտեր նրա արվեստը: Փարիզում ապրած տարիներին հետեւում էր նրա արվեստի զարգացմանը: Հետագայում, արդեն Երեւանում 1962-ին գրված սցենարանման գրությունը կարող էր դառնալ փայլուն վավերագրական ֆիլմ նկարչի ժամանակի, կենսագրության, արվեստի մասին, եթե, իհարկե, այն իրագործվեր փարաջանովյան մակարդակի արվեստագետի կողմից: Կարճ, կտրուկ, սլացիկ պատկերներ, տիպական միջավայր, ամենուր կինտոներ ու քեֆչիներ, կիսաեվրոպական սրճարաններ ու ռեստորաններ: Սակայն Մաեստրոն իր գրական երկերում այնքան լուրջ է ու խորիմաստ, որ «միջանցքներում» տվյալ նկարչի արվեստին ստույգ բնորոշումներ է տալիսՙ « Լադոն իր կինտոներին տարել էր Փարիզ, եւ այնտեղ նրանք շուտով ձանձրացան... Լադոն ճգնեց նրանց» փոխարինել Մոնմարտրի, Մոնպառնասի մարդկանցով... իր ի՞նչը պետք է կատարելագործեր Լադոն Փարիզում... Միթե՞ խնձորը կատարելագործվելով տանձ կդառնա... »:

Մի խոսքով, Մաեստրոն ճշմարտության աստիճանի անողոք էր գնահատականների ժամանակ, նրա ընդգրկումները տարածաժամանակային էին, մեծ կտրվածքով, դա էր իր չափն ու կշիռը:

Մաեստրոյի հանդեպ իմ սերնդի երկյուղածությունը հիմնված է կոնկրետ նվաճումների վրա եւ երբեմն մեզ թվում էրՙ ինչին էլ նա դիմեր, արդյունքը լինելու էր դրական: Արվեստագետի եւ գիտնականի սահմաններն իր անձի դեպքում միահյուսվում էին իրար, եւ եթե իր ստեղծած մոմաներկերը քաղաքացիություն ստացան, կարելի էր ենթադրել, թե էլ ինչի էր ընդունակ այս առեղծվածային մարդը: Ո՞վ է տեսել կամ կարդացել մեկ վայրկյանի տեւողությամբ, ընդամենը տասներկու տողերում խտացված «Կայեն եւ Աբել» խոհափիլիսոփայական երկխոսություն դրամանՙ գրված դեռ 1920-ին, կամ նույն տեւողությամբ «Կալիոստրը» (1922-24 թթ.) մեկ գործողությամբ պիեսը, որը ժամանակին արժանացել է նաեւ Ավետիք Իսահակյանի դրվատանքին: Գրքի «Փշրանքներ» համեստ ենթավերնագիրը կրող էջերում Վարպետի խորիմաստ մտքերն ենՙ արվեստի, արարչագործ մարդու, մտքի եւ հոգու ազատության, տիեզերքի անեզրության գաղտնիքների մասին. « Արվեստը մի անավարտ կամուրջ է, որի մեկ ոտքը հենված է կյանքի վրա, իսկ մյուսը մեկնված է դեպի անեզրությունը... ամեն մի հանճար երկարացնում է այդ ոտքը, որպեսզի գտնի երկրորդ հենարանը... եւ այդպես անվերջ... Դրա համար արվեստը մարդկության լավագույն իղձերի անվախճան պատմությունն է...», «Ամեն արժեք գեղեցկություն է դառնում, բայց գեղեցկությունն ամեն արժեքից բարձր է...», «Արվեստն անիրական կյանք է, ու նրա ճշմարտությունն այլ է, քան կյանքի ճշմարտությունը... »:

Եվ վերջապես սույն գրքի կարեւորագույն ենթավերնագրերից մեկը «Ես եւ Դուք» առանցքային երկխոսությունն էՙ Մաեստրոյի «Գեղանկարչությունն ու քանդակագործությունը տարածության մեջ» գեղարվեստական մեթոդի հայտնագործության շուրջ, ինչը ժամանակին փաստագրել են մի շարք փարիզյան հանրահայտ արվեստաբաններ: Մաեստրոն վերին աստիճանի մատչելի ձեւով ընթերցողին պարզաբանում է իր սկզբունքի հեղափոխական բնույթը, գեղանկարչության եւ քանդակագործության տարածա-ժամանակային վերամարմնավորման առավելությունների եւ զարգացումների մեթոդաբանությունը. « Մինչ այսօր նկարչությունը առարկան ներկայացնում էր միայն մի կողմից, դա կարծես ճակատագիր էր, մինչդեռ ես կարող եմ առարկան, մարդուն, պեյզաժը ներկայացնել տարբեր կողմերից միաժամանակՙ առանց քանդակելու», կամ «Տարածական նկարչությունը նոր զգայություն էՙ մեր դարի զգայությունը, ես ձեզ տալիս եմ կենդանի հացը, կերեք... դուք նայում եւ չեք տեսնում... »:

Երվանդ Քոչարի վիթխարի ժառանգությունը XX դարի հայ եւ համաշխարհային գեղարվեստական մտքի նվաճումներից է, ցավոքՙ մասամբ ճանաչման արժանացած: Նրա դժվարին կյանքի ժամանակը եւ դրամաներով լեցուն ճակատագիրը խաթարեց մեծ տեսիլքներ ունեցող արվեստագետի երազանքների իրագործումը: Կարծում ենքՙ կգա օրը, ոչ միայն Երեւանում, այլ նաեւ այլ արվեստի համաշխարհային մեծագույն կենտրոններում կցուցադրվի Վարպետի ԻՐԱԿԱՆ նվաճումներըՙ անտարակույս, պատիվ բերելով իր պաշտելի ժողովրդին ու հայրենիքին:

Աղբյորը՝
ՊՈՂՈՍ ՀԱՅԹԱՅԱՆ
ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 17-11-2007
http://azg.am/AM/culture/2007111702

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 11-06-2012 18:18:01
Դիտումների քանակը: 2952
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳՈՒՐԳԵՆ ԹՈՒԹԽԱԼՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ Սամբիստ: ԽՍՀՄ սպորտի (1986), միջազգային կարգի (1988), ԽՍՀՄ սպորտի վաստ. (1991) վարպետ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott