ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Ստորև ներկայացնում ենք Լեոնիդ Ազգալդյանի մահվան մասին առաջին հրապարակված նյութը, որը դուրս է եկել 21.06.199թ-ին։ Այս նյութը ընդգրկուն ներկայացնում է Լ․ Ազգալդյանի կողմից անցաց մարտական ուղին։
«Հայոց ազգային ազատագրական շարժումը ծանր կորուստ կրեց։ Արցախի՝ իր սկզբնավորման օրից բազում զոհեր տված ազատամարտը զրկվեց իր մեծագույն զինվորից։ Կիրակի, հունիսի 21-ի երեկոյան, Տոնաշեն գյուղի մերձակայքում, դավադիր թշնամու գնդակներից հնձված, ընկավ Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը…
Լ. Ռ. Ազգալդյանը «Ազատագրական բանակի» հիմնադիրներից էր ու գլխավոր հրամանատարը և իր մարտական ընկերների, հատկապես «Արցախ ճակատի» հրամանատար, իր զինակից Վ. Բալայանի հետ միասին բազմաթիվ գյուղերի՝ Բուզլուխի, էրքեջի, Մանաշիդի, Մարաղայի, Կիչանի, Ծամձորի, Տողի եւ մյուսների ազատարար–պաշտպանը, հարյուրավոր ազատամարտիկների ռազմագիտության ոսուցիչն ու ազգային-քաղաքական դաստիարակը, մեծ ռազմավարը, հայրենյաց քաջազուն զինվորը, որի հղացմամբ ու գործադրմամբ ազերի կանոնավոր բանակի զինյալ ելուզակներից մաքրագործվել են Իմերեթ-Քերեվենթը, Զայղուվուշանը, Աղդաբանը, Մանիքլուն, Բաշ- Քյունեփայան, Օրթա-Քյունեփայան, Սրխավենդը…
Լեոնիդ Ազգալդյանը մեր նոր ազատամարտի մեծագույն նվիրյալներից էր։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի և Արցախի արտակարգ գրագետ և ամենաօպերատիվ զինվորն էր, այլև՝ գիտնական հրամանատարը։ Եվ ոչ նաև սույն պատճառով, որ սկզբում մեն֊մենակ, այնուհետև մի քանի նվիրյալների հետ մեր ազատամարտի համար դաստիարակել ու կոփել է այնքան մարտիկ, որքան ռազմական մի ուսումնարան՝ տարիների ընթացքում. բազմահարյուր, ըստ որում Հայաստանի՝ համարյա առանց բացառության բոլոր շրջաններից, որպես մարդ, հայ ու զինվոր կատարելատիպ զինվորներ:
Նա Հայաստանում առաջիններից մեկն էր, որ ինքնաշեն զենքի արտադրությունը կատարելագործելու, տեսականից գործնական հիմքի վրա փոխադրելու, ինչպես նաև ծանր հրետանու ստեղծման մասին էր մտածում և ինքն էլ անում անդրանիկ փորձերը։ Եվ արդյո՞ք կար մեկը, որ իր նման սեփական ափի պես քաջ իմանար Հայոց արևելյան շրջանների ամեն մի քարն ու թուփը։ Եվ կա՞ր, արդյոք, Վարդենիսից արևելք հայկական տարածքների մի բնակիչ, որ չճանաչեր իրեն, մի արցախցի,, որ չօրհներ և երկար կյանք չմաղթեր իրեն։
Այդ բոլորն այդպես էր, անշուշտ։ Եւ սակայն Լեոնիդ Ազգալդյանը մեծագույն զոհը, ավելի շուտ՝ մեծագույն կորուստն է մանավանդ այն պատճառով, որ նրա համար Արցախի ազատամարտի հաղթական ավարտը պարզապես այն նախադուռն էր, որտեղից մենք մուտք էինք գործելու դեպի ազգային լինելություն՝ Միացյալ Հայաստան տանող մայրուղին։ Ըստ որում, ինչպես որ Արցախում ինքն անձամբ ծրագրավորում և ղեկավարում էր մարտերը, այնպես էլ արդեն իսկ ծրագրավորում էր եւ անկասկած, հոգու խորքում փայփայում էր Մեծ Մարտը՝ հանուն Ամբողջական Հայաստանի։ Այդ Մարտի Կանխատեսությամբ, ազերի հրոսակների դեմ «մանր» մարտերի միջև ընկած կարճատև դադարներին, նա թափառում էր մերձակա տարածաշրջաններում, կապեր հյուսում համշենահայերի, քրդերի, լեզգիների, թալիշների, եզդիների հետ, գիտնականի բծախնդրությամբ հավաքում, ճըշգրտում ու համադրում էր աշխարհագրական, ռազմաստրատեգիական, նաև ու մանավանդ ազգագրական այն բոլոր տվյալները, որոնք թույլ էին տալու մի օր ազատագրել և տարածքայնորեն զոդել-միավորել արևելյան, ապա և հարավարևմտյան ու հյուսիսային, վերջապես արևմտյան մեր բոլոր գերեվար հողերը։ Նրա նպատակն էր համակարգել-համադրել հարևան ու բախտակից բոլոր ժողովուրդների և փոքրամասնական ազգային թե կրոնադավանական համայնքների ազատագրական շարժումները, կործանելու համար «հանրապետություն» անվամբ ծպտված թուրքական բարբարոսական գաղութային կայսրությանը։
«Մի հավատացեք եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես։ Ես Իսթամբուլի պարիսպների տակ եմ ընկնելու», -սիրում էր կրկնել Լեոնիդն ամեն անգամ, երբ թշնամական ուժերն իր վախճանի վերաբերյալ լուրեր էին տարածում։ Եւ այնպես էր հավատում հին ու նոր սուլթանների մայրաքաղաքի անկմանը, որ իր հավատքի հրով բռնկեցնում էր իր մարտիկների մաքրամաքուր հոգիները և կռում-կոփում նրանց պայքարի, անդուլ պայքարի կամքը։
Իր մարտիկնե՜րը…
Ընտրանի էին նրանք։ Ռազմագիտական տեսական և գործնական խոր պատրաստվածություն անցած մի տասնյակից հազիվ մեկին էր բախտ վիճակվում ընտրվել, եթե զինվորի իր արժանիքներին զուգորդում էր նաև մարդ, իսկական մարդ լինելու հատկանիշը։ Ըստ որում, զարմանահրաշ մագնիսի նման Լեոնիդն իրեն էր ձգում մաքրամաքուր, ուժեղ կամքի տեր ե առաքինությամբ փայլող երիտասարդներին, որոնք պիտի անպայման լինեին նաև բացառիկ կարգապահ։
Ո՛չ, գլխավոր հրամանատարը չէր որոնում, իր պաշտած «աստվածներն էին իր մոտ ուղարկում նախասահմանվածներին, նրանց, ովքեր հողը, հայրենի հողը իր նման դավանում էին ամեն ինչից վեր ու պաշտում այն, ովքեր հավատում էին չուզողությունների զորության և գիտակցում, որ ուժով է սալարկվելու մեր Ժողովրդի գալիքի ուղին։ Նախասահմանվածներից մեկն էր հետագայում «Ազատագրական բանակի» «Արցախ ճակատի» հրամանատար դարձած Վլադիմիր Բալայանը, որ հունիսի 9-ին զոհվեց Չայլուի պաշտպանության մարտերում։ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի այդ քաջորդին, որի նմանները, ինչպես հաճախ էր շեշտում Լեոնիդը,, «հազիվ թե դարը մեկ ծնվեն», իր փոքր խմբով եկավ գտնելու գլխավոր հրամանատարին ե նրա ծրագրերի ու գործողությունների ամրագույն զսպանակը դարձավ։
Լ. Ազգալդյանը որևէ կուսակցության երբևէ չի պատկանել, և թող նրա զոհվելուց հետո ոչ ոք չփորձի «սեփականել» Ի՛Ր ազատագրական բանակն ստեղծած հրամանատարին, որի կառույցը զատ ռազմական էր ե քաղաքականության հետ որևէ կապ չուներ և չունի։ Արտասահմանցի թղթակցի «Ի՞նչ գույնի էք Դուք» հարցին նրա տված պատասխանը՝ «Ի՞նչ գույն որ անի Հայոց Հողը, այդ գույնի եմ ես:», վերաշարադրվածի խոսուն ապացույցն է։
«Մի հավատացեք իմ զոհվելուն…»
Եւ այսօր մենք չենք հավատում անըմբռնելի, չարագույժ բոթին։
Ո՛չ, Լեոնիդ Ազգալդյանը չի զոհվել, այլ ապրում է, կա՛։ Քանի կա և կռվում է իր ստեղծած «Ազատագրական բանակ»ը, ռազմական կուռ մի կառույց, կարգապահ, մարտունակ, պատրաստ դիմագրավելու ամենածանր փորձությունները։ Հենց սա է նրա թողած կենդանի հուշարձանը։ Նաև Մարտակերտը, որ եթե Շահումյանի «բախտին» չարժանացավ, ապա դրանում իրենց անուրանալի ավանդն ունեն Լեոնիդ Ազգալդյանն ու Վլադիմիր Բալայանը, նրանց բոլոր զինակիցները։
Լեոնիդը կա՛, քանի Արցախի ազատամարտը շարունակվում է, քանի դեռ ազատ ու անկախ Հայաստանը չի կամրջվել Արցախին, քանի դեռ…
…Քանի դեռ կա՜ն ու մարտնչում են այն զինակիցները, որոնց հետ ժամադրություն ունի Իսթանբուլի պարիսպների տակ։
Այնուամենայնիվ, ինչպես հին Հունաստանի Լեոնիդասը Թերմոբիլեի կիրճում, այնպես՝ էլ նոր Հայաստանի Լեոնիդը Մարտակերտի մատույցներում…
Մարտակերտ, Արցախ, Հայություն՝ զգոն եղե՛ք:»
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2473
Կիսվել : |