ՀԱՅՏՆԻ ՈՒ ԱՆՀԱՅՏ ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԸ
Կյանքում քիչ է պատահում, երբ մարդիկ հնարավորություն են ունենում բացահայտելու սեփական ինքնությունը: Տիգրանը իր մեջ կրում է հայ մարդու հոգին բացահայտելու յուրօրինակ մի կարողություն: Նա ինքը, կարծես մի բանալի է, մի կախարդական բանաձև, մի անհայտ լեզու, որը պատմում է հեռու-հեռվում գոյություն ունեցող մի հին ու ժամանակակից աշխարհին անհասկանալի երկրի ավելի հին ու անհասկանալի ավանդապատումների մասին:
Նրա երգը՝ մեր անցյալի երգը, պատմում է մի հարազատ ու շատ ծանոթ մարդու մասին, որի տեսակը մենք կորցրել ենք, իսկ Տիգրանը տրվել է նրան գտնելու և տուն վերադաձնելու անչափ ազնիվ ու արդար մտադրությանը: Այդ կորած մարդուն գտնելու համար նա չափչփել է հայրենի բնության ստորոտները, թերթել հարյուրավոր գրքեր, եղել բազմաթիվ երկրներում, այցելել տարատեսակ գինետներ ու մեծապատիվ համալսարաններ, շրջել թանգարաններով ու անցել աշխարհիս մեծերի հետքերով, սակայն, ի վերջո, իր որոնումները որոշել է շարունակել երաժշտության կախարդական հորիզոններում:
Նրա ճանապարհի ուղեկիցը իր սրտի երգն է: Սկզբունքորեն նրբին ու հանդարտ, այն իր մեջ պարունակում է անհանգիստ ու վիթխարի էներգիա, որն առաջին իսկ առիթով պիտի ժայթքի, իսկ կախարդված ունկընդիրը սպասում է այդ գոյապայքարի հանգուցալուծմանը:
Գոյապայքարի երկու ճակատներում մարտընչում են Տիգրան Համասյանն ու "ստեղնաշարայինների զորագունդը": Այս գոյապայքարը, սակայն նման չէ մեզ հայտնի պայքարի որևէ այլ տեսակի: Սա, առավելապես, երկխոսություն է, որ շշուկով պատմվող օրորից վերածվում է հանկարծահաս ըմբոստության ու ինքնաբուխ բանավեճի, սակայն երբեք չի անցնում փոխադարձ հարգանքի ու արժանապատվության շեմը:
Այդ երկխոսությունը, որքան գեղեցիկ և հուզիչ, նույն չափ էլ խրոխտ ու տեղ-տեղ անհասկանալի է: Բայց, այդ անհասկացությունը ոչ թե նրանց երկխոսության նյութի բարդությունից է, այլ ունկընդիրներիս տարրական տհասությունից: Խոսքը կրթության կամ կրթվածության մասին չէ, կամ էլ կարդացած գրքերի քանակի ու անգիր արած բանաստեղծությունների... Խոսքը դարերի խորքից մեզ ժառանգաբար փոխանցվող՝ մեր նախնայց հոգու կանչի մասին է: Նախնիներ, որոնցից մենք հեռացել ենք:
Տիգրանը բերում է մեր նախնայց հոգու լույսը: Նրա ընտրած ճանապարհը հեշտ չէ: Անհրաժեշտ է բավականաչափ համարձակություն և ազնիվ սիրտ ունենալ այդ ճանապարհն անցնելու համար: Նրա ինքնավստահությունը կասկած չի թողնում, որ նա կհասնի իր երազանքին: Իսկ իր երազանքի ճանապարհին նա քայլում է հստակ քայլերով, բայց միևնույն ժամանակ շատ զգույշ՝ որպեսզի հանկարծ չընդհատվի այն հեքիաթը, որ կոչվում է Տիգրան Համասյան:
www.anunner.com
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 6265
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


