Հայտնի և անհայտ ԴՐ. ԱՐՄԵՆ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆը
Արմեն Հախնազարյան, ով Հայրենիքի ճանաչողությամբ հորդացած անհուն սիրո մղումով և ազգի պարտքերն ըստ կարելվույն մարելու պատասխանատվությամբ նախակարապետն ու հիմնասյունը դարձավ մի առաքելության, որով հազարամյակներ կանգուն է պահվել ազգային ինքնության տաճարը:
Ծնվել է ցեղասպանությամբ Հայրենիքից դուրս մղված և բազմանդամ գերդաստանից մեն-միայնակ մնացած ագուլիսցի Հովհաննես Հախնազարյանի ընտանիքում` 1941 թ. մայիսի 5-ին: 1959 թ. ավարտել է Թեհրանի Քուշեշ-Դավթյան դպրոցը: Հայրը, որը Թեհրանի հայոց դպրոցների տեսուչն էր և տարիներ թղթին էր հանձնում «Գողթան գավառ» հուշագրական աշխատությունը, միանգամայն առողջ, մի օր գրիչը վայր է դնում և ասում.
–Ավարտեցի,– ու հաջորդ օրն իսկ ավանդում է հոգին:
Հովհաննես Հախնազարյանի` Ագուլիսի ծերպերում թաքնված վիրավոր եղբոր օգնության վերջին կանչերն ամբողջ կյանքում ականջում պահած և առհասարակ լռակյաց մարդու նկարագիրը խտացնող որդու կողմից մեզ փոխանցված հատուկենտ տեղեկություններից թերևս հիշատակման արժանի է հետևյալ դրվագը:
Մի օր իրենց հարկի տակ ճաշի հրավիրված Հովհաննեսի ուսուցիչ-գործընկերներից յուրաքանչյուրը գովում էր իր երեխային, ասելով` թե տղաս գերազանց է սովորում, մյուսը` աղջիկս հոյակապ դաշնամուր է նվագում, երրորդն էլ գովեստի այլ խոսքեր շռայլում:
Արմենը, որ սեղանից հեռու, բայց ականջի պոչով հետևում էր խոսակցությանը, սրտատրոփ իր մասին էլ գովեստի խոսքերի էր սպասում և մտածում, թե հայրն առնվազն կշեշտի իր` այնքան ճարպկորեն ծառ բարձրանալը, մինչդեռ հորից լսում է.
– Իմ Արմիկս լավ ընկերներ ունի:
Այդ պահին այնքան սրտնեղած Արմենը տարիների հեռավորությունից է գնահատում հոր խոսքերի խորությունը, որը, ըստ էության, ավելին էր, քան մյուսների պարզ գովեստները:
Արդեն Գերմանիայի Աախեն քաղաքի համալսարանում քաղաքաշինություն ուսանելու տարիներին հայ ճարտարապետության նկատմամբ Արմեն Հախնազարյանի դրսևորած հետաքրքրությունները 1969 թ. ամբողջանում են Արտազի Թադեոս Առաքյալ վանքի մանրազնին ուսումնասիրությամբ և դոկտորական թեզի պաշտպանությամբ:
Ի դեպ, սահմանային խիստ հսկողության գոտում գտնվող վանքում աշխատելու թույլտվություն ձեռք բերելու պատմությունն ինքնին հատկանշական և բնորոշիչ մի դրվագ է, որով մեզ է ներկայանում մեծ ճանապարհի շեմը ոտք դրած ուսումնասիրողի նվիրումը:
Արտերկրում համալսարանական կրթություն ստացած և Թեհրան վերադարձած շրջանավարտների հետ Իրանի թագավորի հետ հանդիպման ժամանակ ապագա մասնագետներին հնարավորություն է տրվում մեկական խնդրանքով դիմել թագավորին: Որպես կանոն` լսվում են աշխատանքի տեղավորման զանազան խնդրանքներ, մինչդեռ երբ հերթը հասնում է Արմենին, թագավորից միայն մեկ բան է խնդրում` տևական ուսումն ասիրական աշխատանքի թույլտվություն Մակուի զինվորական շրջանում գտնվող Թադեոս Առաքյալի վանքում: Թագավորը սիրով բավարարում է մյուսների միանման խնդրանքներից միանգամայն տարբեր և անսովոր խնդիրքը:
Ձեռք բերելով արտոնություն` 1968 թ. Հախնազարյանը մեկնում է Թադեոս Առաքյալի վանք և շուրջ կես տարվա ընթացքում մանրազնին չափագրում է վանքը: Հետագայում այս նյութը հիմք է դառնում դոկտորական թեզի համար:
Ականջալուր հայկական ճարտարապետական անտերունչ կոթողների միտումնավոր ոչնչացման բազմաթիվ լուրերին` Հախնազարյանն առաջին անգամ` 1970 թ., ճամփորդում է դեպի նախնյաց հիշատակներով այնքան հարուստ Արևմտյան Հայաստան և ընդամենը հազիվ մի քանի հայտնի հնավայրեր այցելելուց հետո տուն է վերադառնում բառիս ամենալայն իմաստով շվարած վիճակում:
Մի կողմից ուսումնասիրության կարոտ հուշարձանների ահռելի ծավալը և մյուս կողմից այդ աշխատանքներին ձեռնամուխ լինելու համար նյութական միջոցների բացակայությունն անելանելի կացության մեջ են դնում Հախնազարյանին: Ելքը գտնում է ամուսնու մտատանջություններին հաղորդակից, գերմանուհի ճարտարապետ կինը` Մարգրիթ Հախնազարյանը, որը հաջորդ ճամփորդության դրամն ապահովելու համար առաջարկում է վաճառել ամուսնական մատանին: Այդպես էլ արվում է, բայց երկրորդ ճամփորդությունից Հախնազարյանը վերադառնում է էլ առավել մտատանջ և վերջնականապես վարակված Արևմտյան Հայաստանի հուշարձ աններն ուսումնասիրելու այլևս անբուժելի հիվանդությամբ:
Շուտով երջանիկ օրինաչափությամբ Հախնազարյանը ծանոթանում է ծնունդով մոկսեցի նյույորքաբնակ ֆիզիկոս Վազգեն Բարսեղյանի հետ, որի նյութական աջակցության շնորհիվ էլ 1970-ական թթ. իրագործվում են դեպի Արևմտյան Հայաստան թվով վեց, յուրաքանչյուրը շուրջ երկամսյա տևողությամբ ճամփորդություններ:
Բազում խոչընդոտներով ուղեկցվող յուրաքանչյուր ճամփորդություն լայն հաշվով շոշափում և հստակեցնում է աշխատանքների վիթխարի ծավալը, որով վերջին` վեցերորդ ճամփորդության ավարտին, երբ արդեն լուսանկարվել և չափագրվել էին հարյուրավոր պատմական հուշարձաններ, ուրվագծվում է դեռևս բազում գիտարշավների իրականացման անհրաժեշտությունը:
Գիտարշավները, որոնք Հախնազարյանի բնորոշմամբ, ըստ էության, «խաչքարի որս» էին, ընթանում էին վտանգավոր և դժվարին պայմաններում: Մշտապես գտնվելով թուրքական անվտանգության աշխատակիցների խուզարկու հայացքի ներքո` սովորական ձերբակալություններից և հարցաքննություններից զատ ճամփորդությունները երբեմն խափանվում էին և ավարտվում բանտարկությամբ: Ի վերջո, Հախնազարյանին տրվում է թուրքական պետության համար «անցանկալի անձի» կարգավիճակ, որի հետևանքով զրկվում է աշխատանքները կազմակերպելուց բացի գիտարշավներին անձամբ մասնակցելու հնարավորությունից: Սակայն նույնիսկ այդ կերպ թուրքական իշխանություններն ի զորու չէին խափանել կամ կասեցնել Հախնազարյանի հայրենաբաղձ ծրագրերը:
Ամեն ինչում աջակից ունենալով հայ ճարտարապետությանը նույնքան հարազատոր են կապված կողակցին` Հախնազարյանը շուրջ երկու տասնամյակ շարունակում է կազմակերպել մեկը մյուսին հաջորդող տևական գիտարշավներ դեպի Արևմտյան Հայաստան, Փոքր Հայք և Կիլիկիա` նվիրական գործի կայացմանն անխնա ի սպաս դնելով ընտանեկան սահմանափակ նյութական բոլոր միջոցները:
Աշխատանքներն ավելի կազմակերպված հունի մեջ դնելու և հնարավոր հովանավորչություն ձեռք բերելու մտադրությամբ 1978 թ. Արմեն Հախնազարյանը Գերմանիայում «Հայկական Ճարտարապետությունն Ուսումնասիրող» անվանումով պաշտոնականացնում է հասարակական մի կազմակերպություն, որը, ըստ էության, արդեն գրեթե մեկ տասնամյակի անպաշտոն կենսագրություն ուներ:
1983 թ. Հախնազարյանն առաջին անգամ այցելում է Խորհրդային Հայաստան: Վաղօրոք ժամադրությամբ նույն օրերին Հայաստանում էր գտնվում հայկական ճարտարապետությանն առնչվող հարուստ նյութերը մանրաժապավեններով հրատարակելու ծախսաշատ գործը ստանձնած ֆիզիկոս Վազգեն Բարսեղյանը: Ժողովները տեղի են ունենում ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր Հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության պետ Գրիգոր Հասրաթյանի գլխավորությամբ: Որոշվում է իր տեսակի մեջ եզակի և ժամանակի գիտության տպագրական առավել արդիական եղանակով սկսել մանրաժապավենների հրատարակությունը` հատորներում ներառելով ոչ միայն «ՀՃՈՒ» ¥RAA¤ կազմակերպության, այլև Հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության լուսանկարչական և չափագրական հավաքածուները:
Վազգեն Բարսեղյանի հոգածությամբ տարեկան մեկ հատոր պարբերականությամբ սույն մատենաշարի վերջին` 7-րդ հատորը լույս է տեսնում 1990 թ. և ընդհատվում ոչ միայն նյութական միջոցների սպառման, այլև օրավուր առաջ ընթացող գիտության նոր հեղաշրջման, այն է` պատկերները թվայնացմամբ պահպանելու և բազմապատկելու հայտնագործության հետևանքով:
Ինչևէ, 1983-1989 թթ. ընթացքում լույս ընծայված “Armenian Architecture” մանրաժապավենների 7 հատորյակներից յուրաքանչյուրը պարունակում է 4000-5000 պատկեր, չափագրություն և տեքստ, որում նյութերի մի պատկառելի բաժնի պատասխանատուն դր. Արմեն Հախնազարյանն էր:
Աշխարհում միևնույն հետաքրքրություններն ու նպատակն ունեցող անձինք մի օր գտնում են իրար: Սկսած 1989 թ.-ից` դր. Հախնազարյանի հետ մեր ծանոթությությամբ էլ որոշվեց այնուհ ետ աշխատանքներն առաջ տանել համագործակցաբար:
Կազմակերպության աշխատանքներին Արմեն Հախնազարյանի միջոցով իրազեկ և համակիր մի խումբ իրանահայերի ջանքերով ՀՃՈՒ հ/կ-ն պ. Շահեն Հարությունյանի նախագահությամբ 1996 թ. գրանցվում է նաև ԱՄՆ-ում:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում կազմակերպության գրանցմանը, արդեն վաղուց հասունացած խնդիրը լուծվում է 1998 թ.: Դրանով կազմակերպությունն իր պաշտոնական գործունեության 30-րդ տարում գրանցում է ստանում նաև Հայր ենիքում: Երկու տարի անց երկրի օրենսդրությամբ տեղի է ունենում կազմակերպության վերագրանցումը:
Շուրջ երկու տարի տևած աշխատավայրի փնտրտուքը ևս, շնորհիվ ՀՀԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն երջանկահիշատակ Լևոն Հախվերդյանի բարի կամքի,
նույնպես ստանում է իր դրական լուծումը: 2000 թ. փետրվարի 22-ին Արվեստի ինստիտուտի հարկաբաժնում` Բաղրամյան 24գ հասցեում, տեղի է ունենում ՀՃՈՒ հ/կ գրասենյակի բացումը[1]:
Հայաստանի Հանրապետությունում կազմակերպության պաշտոնականացումն ու գրասենյակի հիմնումը բացում է գործունեության նոր, աննախադեպ հորիզոններ: Սկսվում են տասնամյակների ընթացքում կուտակված տասնյակ հազարավոր նեգատիվների, պոզիտիվների, լուսանկարների, չափագրությունների, քարտեզների և հարակից այլազան նյութերի թվայնացման աշխատանքները: Կարգի են բերվում տասնամյակների ընթացքում կուտակված դիվանական տարաբնույթ նյութերը` դասակարգվելով ըստ բնակավայրերի և վարչատարածքային միավորների:
Օրավուր ծավալվող աշխատանքները պատշաճ մակարդակով առաջ մղելու նպատակով կազմակերպությունը պարտավոր էր աշխատանքի մեջ ներգրավել մասնագետ նոր ուժերի: Միմյանց հետևող բոլոր այս քայլերն ի վերջո թելադրվում են նյութական միջոցների առկայությամբ, որը մեծագույն մասով շարունակում էր իր ուսերի վրա կրել Արմեն Հախնազարյանը:
«Կինս աշխատում, ընտանիքս է պահում, իսկ ես` գրասենյակը»,– հաճախ այսպես էր պատասխանում Արմեն Հախնազարյանը, երբ հարց էր ուղղվում նյութական միջոցների հայթայթման աղբյուրի մասին: Նույն ժամանակ ոչ մեկին չէր ասում, որ բաժանվել է Այվազովսկու երեք կտավներից կամ Թեհրանում գտնվող թափուր մնացած հայրական տունը վաճառել և միջոցներն ուղղորդել ի նպաստ գրասենյակի գործունեության:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում կազմակերպության գրանցմանը, արդեն վաղուց հասունացած խնդիրը լուծվում է 1998 թ.: Դրանով կազմակերպությունն իր պաշտոնական գործունեության 30-րդ տարում գրանցում է ստանում նաև Հայր ենիքում: Երկու տարի անց երկրի օրենսդրությամբ տեղի է ունենում կազմակերպության վերագրանցումը:
Շուրջ երկու տարի տևած աշխատավայրի փնտրտուքը ևս, շնորհիվ ՀՀԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն երջանկահիշատակ Լևոն Հախվերդյանի բարի կամքի, նույնպես ստանում է իր դրական լուծումը: 2000 թ. փետրվարի 22-ին Արվեստի ինստիտուտի հարկաբաժնում` Բաղրամյան 24գ հասցեում, տեղի է ունենում ՀՃՈՒ հ/կ գրասենյակի բացումը[1]:
Հայաստանի Հանրապետությունում կազմակերպության պաշտոնականացումն ու գրասենյակի հիմնումը բացում է գործունեության նոր, աննախադեպ հորիզոններ:
Սկսվում են տասնամյակների ընթացքում կուտակված տասնյակ հազարավոր նեգատիվների, պոզիտիվների, լուսանկարների, չափագրությունների, քարտեզների և հարակից այլազան նյութերի թվայնացման աշխատանքները: Կարգի են բերվում տասնամյակների ընթացքում կուտակված դիվանական տարաբնույթ նյութերը` դասակարգվելով ըստ բնակավայրերի և վարչատարածքային միավորների:
Օրավուր ծավալվող աշխատանքները պատշաճ մակարդակով առաջ մղելու նպատակով կազմակերպությունը պարտավոր էր աշխատանքի մեջ ներգրավել մասնագետ նոր ուժերի: Միմյանց հետևող բոլոր այս քայլերն ի վերջո թելադրվում են նյութական միջոցների առկայությամբ, որը մեծագույն մասով շարունակում էր իր ուսերի վրա կրել Արմեն Հախնազարյանը:
«Կինս աշխատում, ընտանիքս է պահում, իսկ ես` գրասենյակը»,– հաճախ այսպես էր պատասխանում Արմեն Հախնազարյանը, երբ հարց էր ուղղվում նյութական միջոցների հայթայթման աղբյուրի մասին: Նույն ժամանակ ոչ մեկին չէր ասում, որ բաժանվել է Այվազովսկու երեք կտավներից կամ Թեհրանում գտնվող թափուր մնացած հայրական տունը վաճառել և միջոցներն ուղղորդել ի նպաստ գրասենյակի գործունեության:
Գրասենյակը Հախնազարյանի երկրորդ ընտանիքն էր, աշխատակիցները` երեխեքը: Սիրում էր պատմել, իսկ մենք` լսել, քանի որ այն, ինչ որ լսում էինք Հախնազարյանի շուրթերից, համակ սովորելիք էր, բազմափորձ կյանքի բովով անցած խոր մտավորականի` ցածր ձայնով մեզ փոխանցվող հավասարակշիռ դատողություններ: Հախնազարյանից ամեն ակնթարթ սովորում էինք, նկատելով կամ աննկատ անվերջ հարստանում: Ափսոսում էր, որ չէր կարող մասնակցել հատկապես դեպի Արևմտյան Հայաստանձեռնարկվող գիտարշավներին, բայց ժամանակ էր գտնում մասնակցելու գոնե կարճատև արշավներին:
Միջազգային բազմաթիվ գիտաժողովներից զատ` 2007-2008 թթ. բացառիկ հետաքրքրական դասախոսություններով մասնակցում էր նաև կազմակերպության նախաձեռն ած հայրենաճանաչության խորացմանը միտված շաբաթական զրույցներին:
Դր. Արմեն Հախնազարյանի գործուն մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում և այլուր վերականգնվել են մի շարք պատմական հուշարձաններ. Իրանում` Վանաքի Սբ. Սարգիս և Թեհրանի Սբ. Գևորգ եկեղեցիները, Դարաշամբի Ստեփանոս Նախավկա և Թադեոս Առաքյալի և Ծործորի վանքերը, Արցախում` Քարինտակ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին և Դադի վանական համալիրի տարբեր շինությունները, Սյունիքում` Տաթև, Դավիթբեկ գյուղերի եկեղեցիները, Սաղմոսավանքը, Ուշիի Սբ. Սարգիս վանքի միանավ եկեղեցին և այլն:
1996-1997 թթ. «Երկիր-մշակույթ» կազմակերպության հետ համագործակցաբար մասնակցել է Սիրիայի Քեսաբի շրջանում երկու եկեղեցու և բնակելի շենքերի վերականգնման աշխատանքներին:
Դր. Արմեն Հախնազարյանի մասնակցությամբ վերականգնված Մաղարդավանքը Սբ. Ստեփանոս Նախավկա¤, լուս. 2009 թ.:
Քեսաբում 1988 թ. դր. Արմեն Հախնազարյանի մասնակցությամբ վերականգնված Աշգարյանների տունը և շինարարական արձանագրությունը (լուս.` Րաֆֆի Քորթոշյանի, 2007 թ.):
Դր. Արմեն Հախնազարյանը գործընկերների հետ ջրամբարի կառուցման պատճառով տեղափոխված և ավելի բարձր ու ապահով վայրում վերականգնվող Ծործորի Սμ. Աստվածածին վանքում
Դր. Արմեն Հախնազարյանի մասնակցությամբ 2001 թ. վերականգնված Սաղմոսավանքը
Դր. Արմեն Հախնազարյանի` 1968 թ.-ից մանրազնին ուսումնասիրած, իսկ հետագայում իր մասնակցությամμ վերականգնված Թադեոս Առաքյալի վանքը
Դադի վանքը հարավից 1993 թ. (լուս.` Ս. Կարապետյանի) և 2008 թ. (լուս.` ճարտ. Ս. Այվազյանի): Վերականգնման աշխատանքները սկսվել
են 1997 թ.-ից դր. Արմեն Հախնազարյանի գլխավորությամբ:
2008 թ. հունիսի 10-ին Ազգային Ժողովի նախագահ պ. Տիգրան Թորոսյանի նախաձեռնությամբ Պատմական Հայաստանի տարածքում կատարած ծավալուն ուսումնասիրությունների և հայ ինքնության պահպանության գործում ունեցած բացառիկ ծառայության, ինչպես նաև Գերմանիայում հիմնադրման 30-ամյակի և Հայաստանի Հանրապետությունում գրանցման 10-ամյակի կապակցությամբ կազմակերպությունը պարգևատրվում է ՀՀ Ազգային Ժողովի պատվոգրով, իսկ դր. Հախնազարյանը` ՀՀ Ազգային Ժողովի պատվո շքանշանով:
2009 թ. հունվարի 29-ին Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի նախաձեռնությամբ դր. Արմեն Հախնազարյանը պարգևատրվում է Հակոբ Մեղապարտի անվան շքանշանով: Արարողության ընթացքում ընթերցվում է արդեն առողջական ծանր վիճակում գտնվող նրա շնորհակալական խոսքը.
«Հայաստանի ազգային գրադարանի տնօրինությանն իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ինձ Հակոբ Մեղապարտի շքանշանին արժանացնելու առթիվ:
Ինչպես ձեռագրեր էին պահվում միջնադարյան վանքերի գրատներում, այնպես էլ Դուք հավաքում և պահպանում եք տպագիր գիրքը, առանց որի հայ մշակույթը, իսկ ավելի լայն, հայ ժողովրդի ինքնությունը պահել հնարավոր չպիտի լիներ:
Գերեվարված հայրենիքում մեր նախնիներից ավանդված մշակութային արժեքները 1915 թ. Հայոց ցեղասպանությունից ի վեր դատապարտված են միտումնավոր ոչնչացման: Իմ կյանքի նպատակն է, և ՀՃՈՒԿ-ի անդամների հոգու պարտքը` գոնե թղթի վրա փրկել մեր որբացած հայրենիքում դեռևս պահպանված նախնյաց հիշատակները, թեկուզ փշրանքների տեսքով:
Շնորհակալություն և Ձեր վարձքը կատար:
Արմեն Հախնազարյան»:
2009-ի փետրվարի 15-ին` կիրակի օրը, մեզ վիճակված էր վերջին անգամ լսել դր. Արմեն Հախնազարյանի ձայնը: Խոսքը հրաժեշտի էր, հրաժեշտ և պատգամ.
– Մեր բոլոր գործերում միշտ հիշե°ք մեզ առաջինը սատարած Վազգեն Բարսեղյանի անունը, ձեզ եմ թողնում մեր բոլոր կիսատ գործերը...
Արմեն Հախնազարյանը վախճանվում է 2009 թ. փետրվարի 19-ին Գերմանիայի Աախեն քաղաքում:
2009 թ. մարտի 1-ին Կամերային երաժշտության տանը տեղի է ունենում հուշ-երեկո` նվիրված դր. Արմեն Հախնազարյանի հիշատակին: Հիշատակի խոսքով ելույթ են ունենում պպ. Տիգրան Թորոսյանը, Վարդան Օսկանյանը, Ռուբեն Ղալեջյանը, Հասմիկ Ազիզյանը, իսկ Էդիկ Բալասանյանն ընթերցում է Անահիտ Սարգսյանի զգայացունց բանաստեղծությունը.
2009 թ. մարտի 8-ին Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը Էջմիածնի Մայր տաճարում հոգեհանգստյան պատարագ է մատուցում` ի հիշատակ Արմեն Հախնազարյանի:
Հոգեհանգստյան և հիշատակի արարողություններ են կատարվում նաև Լոս Անջելեսում, Թեհրանում և Քյոլնում:
Հանգուցյալի կամքով նրա աճյունափոշին բաժանվում է երկու մասի: Մի մասնամփոփվում է Աախենում, իսկ մյուս մասը, հակառակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ի` Սաղմոսավանքի բակում աճյունն ամփոփելու նախապես տված թույլտվությանը, 2009 թ. ապրիլի 17-ին կնոջ և դուստրերի մասնակցությամբ հանձնվում է Արտաշավան գյուղի գերեզմանոցում, քանի որ պատճառը մահվանից օրեր առաջ կնոջը փոխանցած մտահոգությունն էր. «Իմ գերեզմանով չեմ ցանկանում, որ Սաղմոսավանքի բակում նոր գերեզմաններ գոյանան»:
2009 թ. ապրիլի 18-ին Սաղմոսավանքում կատարվում է հոգեհանգըստյան արարողություն` նվիրված ԱրմենՀախնազարյանի հիշատակին:
Մեծագույն բավականություն էր Արմենին լսելը: Յուրաքանչյուր պատմության ավարտին, սակայն, հարցնում էինք. «Արդյոք գրի առել ես»:
Մեծ մասամբ պատասխանը նույնն էր. «Գուցե մի օր կանեմ»:
Այդպես թանկագին շատ հուշեր Հախնազարյանը սոսկ մեր մտքերին պահ տվեց: Այնուամենայնիվ, դրանցից երկուսը, որից մեկը մտերիմներին էր փոխանցել և տակավին անտիպ է, իսկ մյուսը 1997 թ. տպագրվել էր «Գարուն» ամսագրի 3-րդ համարում, ներկայացնում ենք ստորև, քանի որ հուշագրական բնույթի այդ երկերում ընթերցողն իր համար կարող է հայտնաբերել Հայրենիքով և ազգային հիշատակներով ապրած Արմեն Հախնազարյան հայի կերպարը խտացնող և բացահայտող ապրումներով լի զգայուն սիրտը:
Փութկու վանքում
Չորս հոգի ենք: Քայլում ենք իրար յետևից: Ճամբու հետ իջնում ենք, հասնում ջրառատ գետին, ապա սարափեշի թէքութեան մէջ բարակ արահետով նորից դէպի վեր բարձրանում: Ժամի զգացողութիւնը կորցրել եմ, փոխարէնը զգում եմ ձախ ոտքիս նորից արթնացող այրոցը:
Միտքս երբեմն ներկայից փախչում է, և յաճոյքով պատկերացնում եմ Մուշի սելջուկական համամն ու վայելք ապրում: 18 թէ 19 օր է, որ Մոկսի ու Շատախի ձորերով քայլում ենք, իսկ գիշերները վրայ հասնելուց ապաւինում քուրդ գիւղացուն, գիւղի ռեսի հիւրընկալութեան: Աննախընթաց և չը կրկնւող այս օրերը
ինձ համար ապրումի անսպառ ծով են: Սակայն այժմ մտածում եմ, որ երբ կը լինի հասնեմ փրկարար տաք ջրին, բաղնիսի խոնաւ օդին ու մաքրւեմ փոշու, քրտինքի հաստ շերտից, և յատկապէս ազատւեմ այն փոքր արարածներից, որոնց լու և թախթաբիթի են անւանում...
Ես այն երկրումն եմ, ուր հազարամյակներ առաջ պատմութիւնը մեր պապերով է սկսւել, որի չափազանց խիստ ու լեռնոտ բնութիւնը կերտել է մեր պապերի կեանքը, որոնք ծառ են տնկել, տուն կառուցել, գիւղեր շենացրել, ապա եկեղեցի ու ձորերում թաքնւած վանք ու վանքեր կառուցել և Աստծու հետ կապւել:
Այսօր էլ նոյն ձիւնածածկ գագաթներն են, նոյն կիրճերն ու յաւիտենականութիւն փոխանցող ջրի խշշոցը, նոյն պուրակների դարաւոր ընկուզենիները, բայց առանց նոյն մարդուն: Մոկս ու Շատախի հայկական գիւղերի այսօրւայ բնակիչները քրդեր են, իսկ եկեղեցիներն ու վանքերը կամ աւերւած են և կամ էլ գոմերի վերածւած:
Ձորն ի վեր, ջրառատ և աղմկոտ հոսանքի հակառակ ենք քայլում: Տեղ տեղ ջրի խշշոցին է շաղախւում կաքաւի կրկրոցը` քարին հոգի տւող երգը: Ես քայլողներից վերջինն եմ, վզիցս, ուսերիցս կախ նկարչական գործիքներն են, որոնցով աշխատում եմ ինձ անծանօթ, բայց և նոյն ժամանակ մինչև ուղն ու ծուծս
հարազատ միջոցից մի բուռ խլել ու որպէս պատկեր իւրացնել, ներսումս յաւերժացնել:
Տարւած եմ բնությամբ, երբ նկատում եմ, որ միւսները կանգնել նայում են ինչ որ մի խոռոչի ուղղութեամբ: Հասնում եմ և ես էլ զարմանքից ու հիացմունքից տեղումս քարանում: Մի հսկայական քարայրի խորքում գտնւող մութ խոռոչից, անձայն ու խորհրդաւոր դուրս է հոսում ջրառատ մի գետ, որը ժայռա-
պռունկին հասնելով ըմբոստացած գահաւիժում է և փռփռալով սկիզբը դնում նշանաւոր Տիգրիսին... Հիմա գիտեմ, Տիգրիսի ակունքին եմ կանգնած:
Գետից հեռացել ենք սարն ի վեր, միայն բարակ առւակներն են սարահարթի թաւիշ կանաչը կտրատում:
Հեռւից շների հաչոց է լսւում, և շուտով երևում են ծառերով շրջապատւած ինչ որ շէնքեր: Սարերի մէջ թաքնւած մի վանքի հարազատ պատկերը: Մոկսի Սբ. Գէորգի վանքում եմ, որին այսօր քրդերը «Հանէպուտիկ», իսկ թուրքերը «Խոռոզ քիլիսա» են կոչում: Այս անւանումը գալիս է վանքի պատին գտնւող աքլորի որմնաքանդակից:
1895 և 96-ի Համիդեան կոտորածների ժամանակ, երբ Վասպուրականում հարիւր-հազարաւորներ իրենց կեանքը կորցրին, Մոկսի քուրդ Մուրթուլլահ բէգը, հակառակ թուրք պետութեան հրահանգին, նաև թալանով հետաքրքրւած վայրագ ցեղակիցների ճնշումներին իր հովանիի տակ առաւ և փրկեց ամբողջ շրջանի հայ գիւղացիութեան: Այսօր էլ ցեղապետը Մուրթուլլահի ծոռ Հալիզ Օրհան բէգն է` մեր հիւրընկալը: Հրացանը միշտ ուսին, փոքրահասակ, բայց ակնածանք պարտադրող երիտասարդ:
Գետնին փռւած գունաւոր սփռոցին դրւած է պղնձէ մեծ սկուտեղը ձաւարի ճաշով: Մենք` գերմանացի ընկերս ու ես, երկու օտար հիւրեր, տան տղամարդկանց հետ նստել ենք ծալապատիկ: Ձեռքերը գնում են ճաշին, բայց աչքերը ինձ են ուղղւած: Ես մածուն եմ ուտում ծխահաց գարու հացով, և զգում եմ հարցական կասկածոտ նայւածքները: Ով եմ, ինչ եմ փնտրում այս կողմերում...
Լւացւելու պատրւակով թողել եմ միւսներին, դուրս եկել ու նստել վանքից քիչ հեռու` առւակի ափին և վայելում եմ իրիկնամուտի անդորրը, երբ զգույշ քայլեր եմ լսում: Քուրդ տատիկը մօտենում է, երկար ու լուռ ինձ նայում, յետոյ սկսում է խօսել, ինչ որ բան պատմել: Ափսոս, իր ասածը չեմ հասկանում, բայց նա շարունակում է պատմել ու պատմել: Երբեմն շրջւում է վանքի ուղղությամբ, ինչ որ բան ցոյց տալիս: Գուցէ մուտքի վրայ եղած 1887 թւականի հայերէն արձանագրութիւնը: Ապա ձեռքը ուղղում է դէպի ձորը, ինձ մի բան հարցնում ու պատասխան չստանալով նորից շարունակում է պատմել: Ձայնի մէջ յուզում կայ, ձեռք երը դողում են: Յաճախ լսում եմ դէյր բառը, որը վանք է նշանակում, մի երկու անգամ էլ Էրմէն...: Նա հայերի պաշտպան բէգի աղջիկն է` Իսլամ Եաշարի տատիկը, որը քսան օր իր ընկերոջ հետ ուղեկցում է մեզ Շատախի և Մոկսի ձորերով: Լեռնականի բռի մթնոլորտում նա տարբերւում էր միւսներից, կարելի է ասել իր ազնւական պահւածքով:
Հոգնած եմ և հակառակ մտքերի փոթորիկին քունը յաղթում է: Արևածագից առաջ ոտքի ենք և պատրաստւում ենք թէյից յետոյ վանքը չափագրել ու լուսանկարել և նոյն օրն էլ վերադառնալ Վան: Վերջինը ժամատունն ենք չափագրում, որը վերածւել է թոնրատան: Կանայք, աղջիկները իրենց պլպլան աչքերով զարմացած մեզ են յետևում և մեզ տաք լաւաշ երկարում:
Մեկնելուց առաջ երբ ուսապարկս եմ դասաւորում, և ուրիշները զբաղւած են ջորիներին թարմ պանիրի բեռը կապելով, մօտենում է ինձ հանըմը և մեկնում մաքուր լւացւած պղնձէ ափսէն: Նախաճաշին թարմ սեր էր լցւած ափսէի մէջ, որի եզրի հայերէն տառերը աշխատում էի հացով աննկատ սրբել ու կարդալ ...:
Նա նկատել էր:
Հրաժեշտի պահին տղամարդիկ նայում էին հարցական ու կասկածոտ, իսկ ծերունի տատիկը ժպտում էր:
Դուռը
1975, Թեհրան: Տարեվերջը մոտենում է, մոտենում են տոնական օրերը, և իրար վրա դարսվում հասած շնորհավորականները` զարդարված թանկարժեք տպագրությամբ, և ընդամենը ձեռագիր մի տող, մի ստոր ագրություն: Արդի աշխարհում հարաբերությունների մի ձև, տարին մի անգամ կրկնվող սովորություն` ասել ցանկանալով. «Քեզ դեռ չենք մոռացել...»:
Կան նաև բացառություններ, օրինակ այս մեկը` Աթաթուրքի նամակադրոշմը ճակատին` Պոլսից: Բացում եմ ծրարը: Բարակ թղթի վրա մեքենագրված երկու էջ և երկու փոքր սև-ճերմակ պատկերներ ծալված թղթի մեջ:
Նամակ ստորագրողը տիկին Ռիխտերն է: Նա պատմում է իրենց հարևանությամբ ապրող հանգստյան կոչված բարձրաստիճան զինվորականի մասին, որն իր զավակի հետ հաճախ որսի է գնում Սասնո անտառապատ լեռները: Այդ զինվորականը` գեներալ Իլի Սաիդը, տեղին ծանոթ է իր ծառայության տարիներից և գյուղերում ունի իր կապերը: Այդ տարի Թենքիթ ¥Տնգետ¤ գյուղի ռեսը լուր էր ուղարկել. «Մի հսկա արջ է Մալաթո դաղից ¥Մարութա սար¤ մեր կողմերում երևացել, որը շարունակ վնասներ է հասցնում մեր գյուղին: Բեյ, սպասում ենք քեզ, ազատիր մեզ այս չարիքից»:
Հայր ու որդի մեկնում են, բայց ուշացած: Մշո շրջանում բռնվում են ձմեռնամուտ բուք ու բորանի, խառնվում ձյան մեջ, ճամփան կորցնում ու մի կերպ իրենց հասցնում առաջին գյուղին` Հիրգիթին ¥Հերկ երտ¤:
Օրեր ռեսի տանը մնալուց հետո, երբ փոթորիկը դադարում է, իրենց մեքենան մարդ ու ջորու օգնությամբ հրելով, քաշելով միջից հանում հասցնում են մայրուղի և վերադառնում Պոլիս:
Նրանք ռեսի տանը չորս օր վայելում են թոնրի հացն ու քնաբեր տաք քուրսին, ակնատից հետևում անընդհատ իջնող փաթիլներին, իսկ գիշերները մինչև լույս քորվում ոջիլի դեմ անհույս պայքարում... Երրորդ օրը ռեսը մի քանի կցկտուր ակնարկներից հետո բացում է իր համարձակության կծիկն ու քաղաքից եկածն երին վստահելով, ուղեկցում նրանց ախոռին կից մառանը, ուր դարմանի տակ «էսկի մալըն» ¥հին առարկա¤ էր թաքցրել` դուռը: «Բե°յ, ինչ անենք, կափին ¥դուռը¤ մեծ է ու ծանր, և Ստամբուլ տանելն ու ծախելը` վտանգավոր: Ժանդարմները ճամփին հաճախ քննում են և հնություն տեսնելիս` նեղացնում: Եղբայրս Սվազի շուկայում է, մյուս տղաս էլ` Ստամբուլում: Մտածում ենք, որ այս նախշերի համաձայն սղոցենք, մաս-մաս անենք և դրսից եկած տուրիստներին ծախենք: Ինչ եք խորհուրդ տալիս, վիճակներս վատ է, փողի շատ կարիք ունենք»:
Հայր ու որդի իրար են նայում:
Երկփեղկանի, սևին տվող դուռն իր բարձրաքանդակներով մարագի կիսամութին խորհրդավորություն էր հաղորդում:
«Գիտեք, աղա ,– վերջապես ցածր ձայնով խոսում է զինվորականի զավակը,– Ստամբուլում մեր հարևանը ալեման ¥գերմանացի¤ է և իր տանը հին-մին ապրանք ունի հավաքած: Նախքան մասերի բաժանելը նկարենք, իրենց ցույց տանք, գուցե նա հավանի, գնի»: «Սպասեք, դեռ ձեռք մի տվեք, արժեքը կպակասի»,- ավելացնում է հայրը:
«Արժեքը կպակասի, լավ, կսպասենք ձեր լուրին, բե°յ»,- դուռը նորից ծածկում է դարմանով:
«Ուրեմն, պարոն Հախնազարյան, ուղարկում ենք մեր հարևանի նկարած պատկերները: Քրդերի դռան համար ցանկացած գումարը մոտավորապես հինգ հազար մարկ է: Ինչ է ձեր կարծիքը, մեզ թվում է, որ արժեքը բարձր է»:
Երկփեղկանի դուռն անկասկած մի հայ եկեղեցու է պատկանել, և ինչքան փոքր ու անորակ են պատկ երները, այնուամենայնիվ, մեկի վրա տեսանելի են փորագրված տառեր, որոնք ընթեռնելի չեն: Կարդում եմ նամակը մեկընդմեջ խոշորացույցով նկարներին հակվելով: Անսպասելի տենդով բռնված` նույն օրն
իսկ պատասխանում եմ երկտող գրությամբ. «Դուռը հայկական է: Մի կերպ Մշո շրջանից փոխադրեք Պոլիս: Սպասում եմ ձեր լուրին»:
Հարցերը շատ են: Արդյոք որ եկեղեցու և որ թվականի դուռ է: Պարզ է, որ գյուղի սովորական եկեղեցու դուռ չէ:
Ապրիլին ստանում եմ պարոն Ռիխտերի ուղարկած ծրարը` Սինանի շենքերին նվիրված հատորը:
Թերթում եմ ծագումով հայ ճարտարապետի գիրքը և առաջին էջերի արանքում գտնում շատ բան չասող զատկական տոները շնորհավորող մի բացիկ, բայց տողերի մեջ թաքնված շատ բան ասող մի բառ` Չենգիլի...
Կարդում եմ նորից ու նորից, ինձ համար անհավատալի է, որ իսկապես դուռը Չենգիլիինն է, այնտեղից քանդված, բերված: Ուղղակի չեմ կարողանում հավատալ: Չենգիլի անունն իմ մեջ արթնացնում է անկըրկն ելի ապրումների, հուշերի ծով, որոնք կապված են տարիներ շարունակ Արևմտահայաստան կատարած ճամփորդություններիս հետ: Ճամփորդություններ մեր ճարտարապետության հետքերով` անվերականգնելի կորուստներից փշուրներ փրկելու` թեկուզ մի պատկեր, թեկուզ մի մատուռի չափագրություն: Եւ նորից մտքով քայլում եմ անցյալի ճանապարհով, կանգնում ձորապռնկին` շունչ առնելու, և իմ մեջ ապրում հուսահատության անդունդը: 1976-ի մայիսին ստանում եմ Պոլսից Ռիխտերի ստորագրությամբ ևս մի բացիկ. «Ձեր Եվրոպայի հաջորդ ճամփորդությունը Ստամբուլում ընդհատեք և մի քանի օր մեր հյուրը եղեք: Բոսֆորի գարունը աննման է»: Շեշտը աննմանի վրա է:
Քաղաքից մոտ կես ժամ հեռու Եշիլքո օդակայանում ինձ դիմավորեց պարոն Ռիխտերը: Հայոց պատմության մեջ տեղ գտած Սան Ստեֆանո հունական գյուղն այսօր անվանափոխ եղած Եշիլ գյուղն է: Մի անուն, որ անմիջականորեն կապված է Խրիմյան Հայրիկի շերեփին և հայկական հարցը որպես աճուրդի
դրված ճշմարտություն` հոդված 16-ին, որը Բեռլինում վերածվեց 61-ի: Երկուսս էլ գիտենք խնդրո առարկան և թե գալուս պատճառն ինչ է, սակայն օդակայանի ճամփին, մեքենայում ոչ մի ակնարկ չի արվում, սպասում եմ, որ ինքը խոսք բացի: Հասնում ենք Բոսֆորի ափին գտնվող իրենց եռահարկ տունը: Մուտքի
բաժնում, հյուրասենյակում քողարկված անհամբերությամբ աչքի եմ անցկացնում եղածը, ուր հնաբույր իրեր շատ կան, բայց ոչինչ անսովոր: Ինձ ուղեկցում են հյուրասենյակ, ուր տեղավորում եմ ճամպրուկս ու իջնում թեյի:
Նստած ենք պատշգամբում, բաժակները դատարկվել են, նաև` քաղաքավարական հարց ու պատասխ անները: Պարոն Ռիխտերը տեղից դանդաղ բարձրանում է և խորհրդավոր ցածր ձայնով ասում` գնանք: Դուռը բացում է, ներս հրավիրում: Փոքր ննջասենյակ, բարձր ճերմակ պատեր, փայտե հատակ, անկողինը ճերմակով ծածկած, մի աթոռ, մի խաչ պատին և պատին հենված ճերմակ սավանով ծածկված մի թեքություն: Դուռը փակում է, դանդաղ ու անձայն հավաքում, ծալում է սավանը: Սևին տվող փայտե երկփեղկանի դուռը շոշափելի մոտիկությամբ իմ առջևում է: Ինձ համար մի հրաշք: Կոտորածից ազատված մի բուռ մշակույթ:
Դռան փեղկերը չորս կողմից շրջանցում է երկրաչափական զարդագոտին, որին հաջորդում է ավելի լայն բուսականը: Նույն զարդագոտիներով դռների մակերեսը չորս մասերի են բաժանվում, ներքևինները և վերի երկուսը քառակուսի են, իսկ երկրորդը` մյուսներից ավելի նեղ ու քառանկյունի: Հիշված ութ բաժանումները շրջանցվում են ոլորապտույտ երիզով: Երկու դռների երեքական քառակուսիներում քանդակված են բարդ ու գեղեցիկ նախշեր: Աջինն ունի երկրաչափական զարդաձև, իսկ ձախինը` բուսական:
Փեղկերի կենտրոնում գտնվող քառակուսիները շեշտված են կլոր ծաղկազարդ հյուսվածքով` անկյուններին երկու հրեշտակ, թռչուններ ու կենդանիներ: Այս բոլորը հիշեցնում է խաչքարերի ներքևում` հավերժության նշանը: Դռան զարդը, սակայն երկու քառանկյուններում քանդակված առաքյալներն ու ավետարանիչներն են` կանգնած դիրքով: Ձախում` յոթ սրբեր, որոնցից հինգը իրար նման են, իսկ երկուսը` ավելի փոքր, սրանցից մեկը Հիսուսի մկրտությունն է ներկայացնում` Սուրբ Հոգու նշանը վրան: Աջում չորս առաքյալներն են` փոքրիկ սյուներով իրարից բաժանված: Պետրոսը` բանալին ձեռքին, Պողոսը` սրով:
Պատմություն բուրող գեղեցիկ քանդակներին ավելանում է հայերեն արձանագրությունը, որ գտնվում է փեղկերի ճակատին և ներքևում, մեծ մասամբ` լավ ընթեռնելի: Դռան կողպեքի մասը լրիվ ջարդված է, և գնդակներով ծածկված: Դռների վերի մասում և ներքևում մեխերի առաջացրած կոպիտ վնասվածքներ կան:
Արձանագրություններն են.
Աջ կողմի դռան ճակատին` ՇԻՆԵՑԱՒ ԴՈՒՌՍ ՍԲ ԿԱՐՊ...ԻՍ ՁԵՌԱՄԲ ՊԱՐՈՆՍ ՄԱՐԿՈՍԻ
Աջ կողմի դռան ներքևում` ԻԹՎ. Հ.: ՉԿԱ ¥1312¤..... ՇԱՄԱԿԻՒՐԵԻ... ԾՆՈՂԱՑ ԻՒՐՈՑ
Ձախ կողմի դռան ճակատին` ԵՒ ՈՐԴՈՒ ՆՈՐԱ ՊԱՐ¥Ն¤ՈՆ ՄԻՐԱՊԵՏ ԱՒ ԱՄՋԱՏԻՑ...
Ձախ կողմի դռան ներքևում` ԵՍ ՍԱՐԵՊԻՈՆ ՈՐ ԿԱԶՄԵՑԻ...
Արձանագրում եմ արագ. ոտքի կանգնում, թուղթը գրպանս դնում: Դուռը նորից ծածկում է ճերմակ սավանով: Իջնում ենք: Ընթրիքը պատրաստ է: Սպասուհին գալիս գնում է, ուտում ենք, կարծեմ համեղ բաներ, բայց միտքս ուրիշ տեղ է, խոսակցության միակ նյութը դուռն է: «Ուրեմն, ձեզ պատմեմ»: Անձեռոցիկը թեթև բերնին տանելուց հետո սկսում է պարոն Ռիխտերը. «Չեք կարող պատկերացնել` ինչ դժվարություններով դուռը տնային ապրանքների տակ ծածկված, գյուղից հասավ քաղաք, և գիշերով, ոչ թե մուտքից, այլ պարտեզի կողմից, ուր պատը նորոգվում էր, մի կերպ ներս բերեցին: Գիտեք` մեր մյուս հարևանը «Հուրիեթ» թերթի խմբագիրն է, պիտի շատ զգույշ լինենք, հասկանալի է, չէ»:
«Լավ, մինչ այստեղ հաջողեցինք, սակայն մեր տանը պահելն էլ հարց է: Կարող է մեզ համար էլ վտանգավոր դառնալ: Սա հնություն է և որպես այդպիսին` համարվում է ազգային հարստություն, և երկրից դուրս տանելն էլ արգելված է»: Երբ վճարված գումարը փոխանցելու մասին ակնարկեցի, մի փոքր լռությունից հետո տիկին Ռիխտերն ասաց. «Գիտեք, մենք վճարել ենք սիրով, թողնենք` այսպես մնա, քանի որ առայժմ մեզ մոտ է, և մենք ենք իր գեղեցկությունը վայելում, իսկ եթե ձեր օգնությամբ հնարավոր եղավ երկրից դուրս տանել, այն ժամանակ առաջնահերթությունը ձերն է. մի բան կմտածենք»:
Ուշ էր, երբ սենյակս բարձրացա, պառկեցի, բայց քունս չէր տանում: Դուրս եկա պատշգամբ, նստեցի: Լուսնի լույսով մի քանի ձկնորսական նավակների ստվերներն էին երևում հեռվում, միջոցը խաղաղ էր, հազիվ լսելի էր թեթև ալիքների հանդարտություն փոխանցող ձայնը: Իմ մեջ փոթորիկ էր: Օրվա դեպքերն ու անցյալի ապրումներն իրար հրելով, հրմշտելով` նոր հարցեր էին առաջանում, ինձ տակնուվրա անում: Այսօր Թուրքիայում Չենգիլի ¥քրդերեն զանգակավոր¤ կոչվող վայրը նշանավոր սուրբ Կարապետի վանքն է...
Սուրբ Կարապետի վանքը գտնվում է Մուշ քաղաքի հյուսիս-արևելքում` մոտ 35 կմ հեռու: Հիշում եմ, արևածագից առաջ Մուշից դուրս եկանք հյուսիս` Գառնեն ¥Քարնեի¤ գյուղից հետո կտրեցինք Մեղրագետը ¥Քարասու¤, անցանք մյուս կողմում Խոպեր ¥Հոփեր¤ գյուղը, որտեղից թեքվեցինք արևմուտք և անցանք Գոմս ¥Քյումուս¤, Փալաս, Տոմ ¥Դոմ¤, Զիարեթ ¥Ցիարեթ¤ դարեր հայաբնակ, այսօր քրդաբնակ գյուղերից: Հողե ճամփան երկու օր առաջ տեղատարափ անձրևների պատճառով հաճախ անանցանելի էր: Սխալմ ամբ հասանք Դերսիմ և այնտեղից` ուշացած, վերջապես Սորդար: Մեքենան ապրանքներով թողեցինք մեյդանի թեյատան մոտ, թեյ խմեցինք ու երբ ուզում էինք սուրբ Կարապետի վանքը` Քարե լեռը բարձրանալ, մեր քուրդ վալադը փորձում էր մեզ համոզել, որ չգնանք, թե` «Չենգիլիում ապրող քրդերը վայրենի քրդեր են, մեզ պես հո չեն...»: Սարափեշի բարակ ճամփով բարձրանում ենք, մի կողմում լերկ ժայռեր, մյուսում` ձորեր, ձորակներ` շագանակի և ընկուզենու ծառերով: Ժամեր բարձրանում ենք մոմերի հետքերով, նվիրականացած քարեր ամեն կողմում: Վերին սարահարթի բարձունքում Մուշեղ Մամիկոնյանի ավերակված բերդն է, մյուս կողմում նրա դիմացի ժայռը` «Աղձկանց քարն» է: Ինչքան բարձրանում ենք, այնքան ավելի հաճախ ենք անցնում սոսիների պուրակներից: Սոսին հեթանոս Հայաստանի խորհրդանիշն էր: Հայերը ռազմի դաշտ էին իջնում սոսին պատկերող դրոշակներով: 2600 տարեկան է Գողթնի սոսին, որի շվաքի տակ, ըստ ավանդության, Մեսրոպ Մաշտոցը հայերեն տառերի գյուտն արարեց: Ընդհանրապես հայկական վանքերը թաքնված են սարերի հետևում, ձորերի մեջ: Սուրբ Կարապետը լեռան գագաթին է` չորս կողմից տեսանելի և բարձր, այնքան բարձր, որ մոտենում է Աստծուն...
Գլակավանք: Իննակնյան վանք: Մշո սուլթան սուրբ Կարապետ: Այս անուններով է ճանաչված հայ հավատքի հնագույն սրբատեղիներից մեկը` իր նշանակությամբ երկրորդը Էջմիածնից հետո: Ինչպես քրիստոնյա հնագույն եկեղեցիներից շատերը, սա ևս հեթանոսական կործանված տաճարի վրա է կառուցվել: Գիսանե և Դիմիտր կուռքերի մեհյանն է եղել այստեղ, որը կործանել է Գրիգոր Լուսավորիչը` հիմնելով այս վանքը, այստեղ զետեղելով սուրբ Կարապետ և Աթանագինե եպիսկոպոսների մասունքները: Առաջին վանահայրը Զենոբ Գլակն է եղել, Գրիգոր Լուսավորչի աջակիցը, որի անունով էլ կոչվել է Գլակավանք: Վանքն ունի բազմաթիվ մշտահոս աղբյուներ, որոնցից նշանավորը ոչ շատ հեռու, դեպի հյուսիս` Ավագ ակն էր, ապա Լուսավորչի աղբյուրը, Բարեհամը և Ականակիտը` ինը կողք կողքի բխող աղբյուրներ, որոնց պատճառով էլ վանքը կոչվել է նաև Իննակնյան վանք: Պատմության ընթացքում վանքը բազում անգամներ ավերվել է և նորից վերակառուցվել: 7-րդ դարում վանքը երկրաշարժից հիմնովին ավերվել է, որից հետո կառուցվել է նրա գլխավոր եկեղեցին` սուրբ Ստեփանոսը: 11-րդ դարում Գրիգոր Մագիստրոս Պահլավունին վանքում կառուցել է տվել ապարանք, որը, սակայն, այրվել է 1058 թվին սուրբ Գրիգոր փայտակերտ եկեղեցու հետ: 1750 թվին թուրք-պարսկական պատերազմների ժամանակ վանքը թալանվել, և եկեղեցին այրվել է: 18-րդ դարի կեսերին ազգային-ազատագրական պայքարի ընթացքում վանքը Հովնան վանահոր հովանավորությամբ եղել է կարևոր քաղաքական կենտրոն: 1784-ի երկրաշարժը նորից ավերում է եկեղեցին: Վանքի տարբեր մասերը հիմնովին վերակառուցվում են 1788 թվին` ընդար ձակելով գավիթը, նորոգելով զանգակատունը, վանականների խուցերը, գրչատունը, պարիսպները և այլն: Վանքի համալիրը բաղկացած էր մենաստանից և եկեղեցուց, որոնք շրջապատված էին բարձր պարիսպն երով: Միաբանների երկհարկ բնակարանները պատով անջատված էին ուխտավորերի սենյակներից:
Վանքի մաս էին կազմում գրապահոցը, սեղանատունը տնտեսական բաժինը և այլն: Եկեղեցին քառակուսի հատակագծով մի ամբողջություն էր: Ուներ 16 սյունանի դաս. արևմուտքից` 1782-ին կառուցած նախամուտք զանգակատուն, իսկ արևելյան հատվածը բաղկացած էր իրար հաջորդող չորս եկեղեցի-վկայարաններից` կենտրոնում երկու գմբեթածածկ եկեղեցիներ, իսկ երկուսը` միանավ բազիլիկներ: Եկեղեցու արևմուտքում մարմարե ութ սյուների վրա բարձրացող զանգակատունն էր, որը դարեր շարունակ իր օրհնության ղողանջն էր սփռել Արածանի սրբազան գետով ակոսվող Մշո լայնարձակ դաշտի վրա: Սուլթան սուրբ Կարապետը հայության ամենասիրված ուխտատեղիներց է եղել, Վարդավառի և Աստավածածնի տոներին երկրի ամենահեռավոր ծայրերից իսկ ուխտավորների քարավաններ են եկել դեպի այս սրբավայրը, և ժողովրդական մեծ տոնախմբություններ են տեղի ունեցել վանքի բակում և վանքի շուրջը. ձիավարժություն, խաղեր, երգեր ու տաղ, գուսանների մրցություն: Բուժիչ զորության համբավով` ծանր հիվանդներ են եկել վանք և առողջացած վերադարձել: Հապա «Ճաշը»: Վանքի ճերմակ եզներից մեկը մատաղ էին անում, մեծ կաթսաներում ճաշ պատրաստում, և ռամիկից իշխան մի պնակ ուտում և այդ օրը Աստծո տանը մեկ էին լինում: Հավասարություն խորհրդանշող հրաշալի մի սովորույթ: Այս տողերը գրելիս` հիշում եմ սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացության ներկայիս այն գռեհիկ տեսարանը, երբ մատաղի հասկացությունը սահմանափակվում էր մորթելու մեջ:
Սուրբ Կարապետի վանքը եղել է դարեր շարունակ գիտության և գրչության կենտրոն, եղել է հայության հոգևոր ուժի ակունքներից և այդպիսին լինելով ` հաճախ թշնամիների համար թիրախ հանդիսացել: 1822 թվին դարձյալ վանքը ենթարկվեց հարձակման, կողոպտվեց, և ոչնչացվեցին մեծարժեք շատ ձեռագրեր: 1863 թվականին հոգևոր հովիվ նշանակվեց Խրիմյան Հայրիկը: Նա Վարագա վանքից Սուրբ Կարապետի վանք տեղափոխեց տպարանը և այստեղ իր աշակերտ Գարեգին արք. Սրվանձտյանի հետ սկսեց հրատարակել «Արծվիկ Տարոնոյ» ամսագիրը: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ այս վանքը Արևմտյան Հայաստանի հոգևոր և ազգային խոշոր օջախներից էր: Այստեղ գործում էր «Ժառանգավորաց» գիշերօթիկ դպրոցը, որը 80 աշակերտ ուներ: Արևմտահայաստանի շատ բնակավայրերի դպրոցների հիմնադիրներ այս դպրոցի շրջանավարտներն են եղել:
1915 թվականի մեծ եղեռնի օրերին հալածված հայերի մի մեծ բազմություն էր ապաստանում վանքում և նրա շրջակա անտառներում: Թուրքական կանոնավոր զորքն ու քուրդ հրոսակախմբերը հարձակվում, շրջապատում են վանքը, սակայն դիմադրության են հանդիպում, որը տևում է շուրջ երկու ամիս: Այդ ժամանակամիջոցում վերջին վանահայր Վարդան վարդապետը իր երկու գործակիցների հետ հասցնում է վանքի ձեռագրերն ու արժեքավոր իրերը երեք թաքստոցներում թաքցնել: Թուրքական զորքը թնդանոթներէ բերում, վանքը ռմբակոծում, մի քանի տեղից պարիսպն ավերում ու թալանի տենչով ներս մտնում: Ահավոր էր կոտորածը, և պաշարվածների շատ փոքր մասն է կարողանում փախչել, որոնցից միայն մի քանիսն են հասնում Արևելյան Հայաստան: Նրանց մեջ էր վանքի ուսուցիչ Հակոբ Դանիելյանը, միակ կենդանի վկան, որը գիտեր թաքցրած ձեռագրերի տեղը: Մի մարդ, որ իր կնոջ ու երկու զավակների փրկության գնով իսկ ձեռագրերի տեղը չմատնեց: 1916 թվականին, երբ ռուսական բանակի առաջապահ հայ կամավորականները գրավում են Մուշը, կաթողիկոսի նշանակած հատուկ հանձնախմբով Հակոբ Դանիելյանը գալիս է Մուշ` սուրբ Կարապետ վանք թաքցրած հարստությունները տեղափոխելու նպատակով: Թուրքերը քանդել էին իրենց ենթադրած տեղերը, պայթեցրել էին վանքի երեք գմբեթները և գտել ու թալանել երկու գաղտնարանները: Բարեբախտաբար, ձեռագրերի և իրերի առավել արժեքավոր մասը երրորդ գաղտնարանում էր, որը չէին գտել: 1750 արժեքավոր ձեռագրեր` ինչպես Հեթում թագավորի Ավետարանը, Քրիստոսի ոսկեձույլ Աջը, նաև վանքի գանձարանը, տեղափոխում են Էջմիածին, փրկում:
Մոտ երեք ժամ քայլում ենք, թվում է, որ շուտով պիտի տեղ հասնենք: Տարբեր կողմերից գլգլացող առվակներ են վազում: Չգիտեմ` որը որն է: Ենթադրում եմ` ահա այս մեկը, որ սարալանջի արևմտյան կողմով է հոսում, Լուսավորչի աղբյուրից է, որի ջուրը երկու կամարների տակից գալիս լցվում էր Տրդատ թագավորի քարե ավազանի մեջ, ուր Գրիգոր Լուսավորիչը շատերին էր կնքել: Ճամփի աջ կողմում մի ուրիշ աղբյուր կա: Չոքած ենք խմում: Երևի սա էլ Բարեհամի ակն է, իսկապես համեղ ջուր, որից կշտացողը հիվանդ է...
Անցնում ենք անթիվ փորված, քար ու քանդ եղած գերեզմանների մոտից, ով գիտե, միգուցե Սմբատ Սպարապետի և իր զավակ Գայլ Վահան Մամիկոնյանի ջարդված տապանաքարերն են: Հասնում ենք լեռան գագաթին բազմած սուրբ Կարապետի վանքին` այսօր հսկայական մի ավերակակույտ: Քարը քար է,
բայց երբ տաշում են, հղկում, քանդակում, սկսում է խոսել, պատմել, նույնիսկ երգել կամ բողոքել, բայց երբ քանդում են, լաց է լինում: Ապշած կանգնել ենք ավերված հուշարձանի շեմին` մղկտացող ցավը մեր մեջ, անելիքներս չգիտենք, որը նկարենք. ինչը չափենք, երբ պարսատիկներից թռած մի քանի քարեր սուրալով անցնում են` մեզ սթափեցնելով և հիշեցնելով, թե որտեղ ենք: Մեզ շարունակ հետևում են ավերակներից դուրս նայող կասկածամիտ խոժոռ աչքեր` ինչ ենք նկարում, ուր ենք գնում, ինչ ենք փնտրում:
Ամենուրեք կոտրած քանդակազարդ քարեր, դես ու դեն արձանագրություններ, հաստաբուն որմնասյուների մնացորդներ: Դիմացի ավերակակույտում` ինչ-որ անցք: Դժվարությամբ ներս եմ մտնում մութ խոռոչը, հավանաբար մի մատուռ` լույսի գերանը միջում: Գանձախուզության հետքերը` ամեն տեղ, բացված փոսեր և ով զարմանք` հեթանոսական ակունքով պատեր` մեհյանատեղի եղած լինելու անժխտելի փաստը: Մի ուրիշ տեղ` կավե ոլորապտույտ խողովակներ: Տաք ջրի կամ գոլորշի փոխանցող ներքին ջեռուցման բացառիկ մի նմուշ է արդյոք: Վանքը, ծովի մակերեսից շուրջ 2200 մետր բարձր լինելով, ձմռան ցրտաշունչ ամիսներին պաշտպանվելու միջոցների կարիքն ունի:
Թոնրի, թարմ հացի հոտն եմ զգում: Քուրդ մամիկը տրտունջը դեմքին ժպտում է, տաք լավաշ մեկնում: Վերցնում եմ շնորհակալությամբ և զգում եմ, որ շատ քաղցած եմ: Դրամ եմ մեկնում: Ինչ-որ բան է ասում, չի վերցնում: Ծաղկահամ լավաշը ուտում եմ և նկարելը շարունակում: Աստիճանաբար քարերի շվաքը երկարում է, իրիկունը` մոտենում, իսկ հեռվում, ներքևում, մշուշածածկ Մշո դաշտում ոլորապտույտ Արածանին է արծաթին տալիս: Պատրաստվում ենք իջնել: Նորից խմում ենք Բարեհամ աղբյուրի ջուրը: Մթնոլորտը խաղաղ է, ձայն չկա, կա մեռյալ ամայություն, կա գերեզմանված հսկա մի վանք, որի դամբանականը լռությունն է: Միայն լռությամբ է կարելի այս անհամար փոսերը լցնել:
Նույն ճամփով իջնում ենք. դեռ լույս է, բայց դժգույն լուսինն էլ արդեն երկնքում է: Լուռ ենք: Մտածում եմ, որ երջանիկ չի կարող լինել այն հողը, որն իր մեջ այսքան զոհերի, անարդարությունների գերեզմանվ ած պատմություն է թաքցնում, և մտածում եմ, որ գուցե դեռ երկար ժամանակ այս հարցը մերն է, իսկ հողը` չծնվածներինը:
Արշալույսի առաջին գունատ լույսը սթափեցնում է ինձ: Բարձրանում եմ տեղիցս: Պիտի ճամպրուկս հավաքեմ, հասնեմ օդակայան: Խաղաղվել եմ և հույսի բարակ մի շող եմ հեռվում տեսնում: Երկու շաբաթ հետո Թեհրանում դռան մասին տեսածս ու լսածս պատմում եմ հորս և խնդրում իրեն, որ միջնորդի, դոկտոր Ցինզերին նամակ գրի, թե ես մի հարցում իր խորհրդի կարիքն ունեմ: Դոկտ. Ցինզերը գերմանական դեսպանատան մշակութային կցորդն էր, որը տարիներ շարունակ հինգշաբթի երեկոները հորս մոտ գրաբարի դասի էր գալիս, հետո էլ հաճախ մնում էր ընթրիքի: Նա մի քանի տարի էր, որ պաշտոնի բարձրացումով փոխադրվել էր Թուրքիա` Անկարա: Զգում էի, որ հայրս տատանվում է, դժվարանում է գրել: Վերջ ապես գրեց, և պատասխանն էլ շատ արագ եկավ: Դոկտ. Ցինզերն ինձ հրավիրում էր Անկարա և խոստ անում օգտակար լինել: Անշուշտ, դեռ խնդրանքս չգիտեր: Նույն տարի սեպտեմբերին հայկական բերդերի հետքերով գիտարշավ էի ծրագրել դեպի Կիլիկիա, որը պատեհ առիթ էր նաև Անկարայից անցնելու:
Նշանակված օրը դոկտ. Ցինզերը օդակայանում էր, և քիչ հետո միասին էինք մեծ պարտեզով շրջապատված իր փառահեղ տանը: Մանրամասն կերպով իրեն պատմեցի սուրբ Կարապետի վանքի և եկեղեցին երից մեկի դռան պատմությունը: Լսեց առանց ընդմիջելու, և երբ խոսքիս վերջում զգուշորեն մոտենում էի բուն առաջարկիս, կռահելով ընդհատեց ինձ և կտրականապես մերժեց, ասելով` անհնարին է, դա մաքսանենգություն է: Հույսի փոքր ակնատն էլ փակվեց: Տխուր էի շատ, բայց ոչինչ անել չէի կարող: Հաջորդ օրը, ըստ նախապես ծրագրվածի, հանդիպեցի Գերմանիայից եկած երկու ճարտարապետների, և միասին մեկնեցինք Ադանա:
Ամիսներ հետո, այս անգամ Վիեննայից ուղարկված երկար նամակով պրն. Ռիխտերը ուրախությամբ տեղեկացնում էր, որ դոկտ. Ցինզերը Պոլիս կատարած մի ճամփորդության ժամանակ հեռախոսել է իրեն և ցանկություն հայտնել դուռը տեսնելու: Նա գրում էր, թե ինչպես դոկտ. Ցինզերը երկար նայել է դռանը և առանց մի հարց տալու ասել. «Լավ, մի ելք կգտնենք»:
Ուրախացած անմիջապես պատասխանում եմ այս նամակին` մտածելով, որ հույսի մի նշույլ կա, և գուցե նույնիսկ առևանգված դուռը տունդարձի ճամփին է: Նամակս մնում է անպատասխան: Մի քանի ամիս հետո ուղարկում եմ ևս մի նամակ: Սա էլ է անպատասխան մնում: Այս լռությունն անսովոր է: Կանխ ազգում եմ ինչ-որ վատ բան: Ավելի քան մի տարի հետո, բոլորովին անսպասելի ստանում եմ լակոնիկ ոճով մի գրություն: Տիկին Ռիխտերը հայտնում է, որ իր ամուսինը վախճանվել է, և ինքը փոխադրվել է Գերմանիա` Մյունխեն քաղաքի մոտ գտնվող արվարձանը, և վերջում մի կարճ նախադասությամբ հայտնում է, որ դուռը գտնվում է Գերմանիայում: Մեկնում եմ Մյունխեն և ըստ ժամադրության` հանդիպում եմ տիկին Ռիխտերին իր փոքրիկ բնակարանում: Նրան շատ փոխված, ընկճված եմ տեսնում: Պատմում է ընդհատումներով, աչքերը սրբելով:
«Պարոն Ցինզերը մեզ իսկապես շատ օգնեց: Ամուսինս դուռը դժվարությամբ հասցրեց Անկարա, որտեղից նա որպես դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյա, իր անձնական ապրանքների հաշվին փոխադրել տվեց Գերմանիա, և այժմ Ֆրանկֆուրտ քաղաքի մի արհեստանոցում է»: Տիկին Ռիխտերը շարունակում է պատմել: «Հիշում եք, չէ, Պոլսում` մեր տանն աշխատող սպասուհուն:
Վաղուց նկատել էինք, որ մեր տնից ինչ-որ բաներ սկսել են պակասել: Երկար տևեց, բայց կարողացանք ստույգ հաստատել, որ նրա ձեռքը մաքուր չէր, և իրեն վտարեցինք: Անցնում է մի քանի օր, երբ բոլորովին անսպասելի չորս ոստիկաններ են մեր տուն գալիս և առանց շատ բան ասելու մեզ ձերբակալում, տանում են բանտ, իսկ մեր ունեցածն էլ գրավված հայտարարում, զրպարտելով, որ մենք հին և արգելված իրերի առևտրով ենք զբաղվել: Պարզվում է, որ թրքուհու խոսքն ավելի կշիռ ունի, քան քառասուն տարվա մեր անցյալը այս երկրում, ուր ամուսինս ճանաչված էր որպես օրինակելի անձնավորություն: Անշուշտ, սիրում էինք և հավաքում որոշ հնություններ` հատկապես բյուզանդական սրբապատկերներ, որոնցից մեր հյուրասենյակի պատերին շատ կար, բայց ոչ առևտրի նպատակով:
Բարեբախտաբար, դուռն այդ դեպքից օրեր առաջ տնից դուրս էինք բերել և ճամփել դեպի Եվրոպա»: Տիկին Ռիխտերը շարունակում է. «Ամուսինս բանտում սրտի` իրար հաջորդող երկու տագնապներ ուն եցավ և վախճանվեց հիվանդանոցի ճամփին: Ինձ արձակեցին բանտից, սակայն պարտադրեցին միայն երկու պայուսակով թողնել երկիրը»: Պատմում է, աչքերը սրբում և ավելացնում. «Ստիպված եմ դուռը վաճառել, միայն չգիտեմ ինչ արժեքով»: Այդ հանդիպումն ինձ համար հույսի և մտահոգության նոր դուռ է բացում:
Այդ օրվանից տարիներ անցան, բայց ես միշտ տարբեր առիթներով փնտրում էի մեկին, որ դուռը գնի և փոխադրի այնտեղ, ուր իր միակ արդար տունն է` Հայաստան: Ինձ մտերիմ և բարեկամ մի անձնավորություն ժամանակին հետաքրքրվեց, սակայն մի խորհրդատուի սխալ միջնորդությունը խանգարեց, ուղիղ նպատակից շեղեց, և տարիներ հետևողականորեն տարված գործը մնաց ապարդյուն` ձախորդվեց: Անցյալ տարի` 1996-ի աշնանը, Լոնդոնում աճուրդի դրվեց մի բուռ հայոց պատմություն, և մուրճի հարվածով Մշո սուլթան սուրբ Կարապետի դուռը վաճառվեց անհայտ օտարի: Հեռախոսով լսում եմ Մեսրոպ արք. Աշճյանի հուսախաբ ձայնը. «Շատ նեղված եմ, Արմե°ն, մերոնց զգուշացրի, նրանք այնտեղ էին և ոչինչ չարեցին: Դուռը ոչ հայ մեկը գնեց, չգիտենք` ով...»:
Դժվար է հոգու աչքերը փակել և չտեսնել, չլսել և չհիշել, երբ հիշողությունը ամեն ազգի այն հոգևոր թելն է, որով կարվում է նրա բարոյական զգեստը: Դուռը, որը բացվում էր դեպի մեր հոգևոր մշակութային ակունքները, մեզ համար մնաց փակ և աճուրդի ճամփով գնաց օտարություն` իր հետ տանելով Մշո սուլթան սուրբ Կարապետին կապված մեր մշակույթի և պատմության մի արժեքավոր շերտ: Գրել, ավարտել եմ դռան իմ պատմությունը: Նայում եմ պատուհանից դուրս, անձրևից հետո պայծառ արև է, պարզ կապույտ երկինք, բայց ես ամաչում եմ նայել երկնքին...:
ԱՐՄԵՆ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ
Վերջաբանի փոխարեն
Իր պատմութեան դիմաց Արմէն Հախնազարեանը մղկտացող սրտով է որ կը խոստովանի` թէ... ես ամաչում եմ նայել երկնքին... ով որ կը ճանչնայ Արմէն Հախնազարեանը, կը հասկնայ թէ ինչու այս հայ մեծ ճարտարապետը եւ եկեղեցիներու ճարտարապետութեան ախոյեանը, ամբողջ Արևմտեան Հայաստանը, Կիլիկիան, Քելպաճարը մատներուն պէս ճանչցող ուղևորը, արուեստագէտ լուսանկարիչը, Գերմանիոյ համալսարաններու մէջ փնտրուած քաղաքաշինութեան վարպետը չի կրնար աչքերը երկնքին բարձրացն ել.
կ’ամչնայ, կ’ամչնայ իբրեւ հայ, կ’ամչնայ իբրեւ արուեստի մարդ, կ’ամչնայ պարզապէս իբրև մարդ:
Գրեթէ իր աչքերուն առջեւ, անցնող հոկտեմբեր 15-ին, Լոնդոնի Քրիսթիզ ընկերութեան սրահին մէջ, օքչընըրին մուրճի մէկ հարուած դարձեալ գետին ինկաւ Մշոյ Սուլթան Ս. Կարապետի տաճարին մայր դուռը, որ 70 տարի ինքնզինք պահեց Մշոյ մէջ, գաղտնաբար ապրեցաւ Պոլիս եւ Ֆրանգֆորտ, օրին մէկը ստրուկի պէս ծախուելու համար Անգլիոյ մէջ:
Կողբանք Եագութիէի եկեղեցւոյ մզկիթացումը, իրար վրայ մեղադրանքներ կը բանաձևենք, յանցաւորներ կը փնտռուին Փարիզէն Լոս Անճելոս: Ով պիտի ողբայ մեզ, որ տէր չդարձանք մեր ամենէն նշանաւոր ուխտավայրին` Չանկլի Ս. Կարապետի դրան, որ 50.000 տոլարով անհետ կորսուեցաւ` ոչ հայ հաւաքածոյ պահողի մը դարաններուն մէջ, փոխանակ դառնալու Անթիլիասի նոր թանգարանի զարդը եւ կամ երթալու եւ եղբայրանալու` Երևանի պետական թանգարանին մէջ, իր ժողովուրդի գրկին մէջ ապրող Մշոյ Առաքելոց վանքի դրան հետ: Ասոր համար է, որ Արմէն չի կրնար երկինք նայել: Մեզմէ շատեր պէտք է նոյնքան ամչնան եւ իրենց աչքերը երկինք չբարձրացնեն:
Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճեան
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
1 Գրասենյակի μացումը կարևորում և ողջույնի խոսքով ելույթ են ունենում Արվեստի ինստիտուտի տնօրեն Լևոն Հախվերդյանը, Մեսրոպ արքեպիս. Աշճյանը, Աշոտ Մելքոնյանը և այլք: Իրադարձությունը լուսաμանվում է լրատվությամμ («Առավոտ», 2000, դ 33, 24 փետրվարի, էջ 6):
Նյութն արտատպված է՝ ՎԱՐՁՔ (N 1, January-June-2010)
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 6583
Կիսվել : |