ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐ. ԱՄԻՐԴՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑԻ
Կիլիկյան Հայկական թագավորության կործանումը ԺԳ դարի վերջին, ինչպես նաև ԺԵ-ԺԶ դարերի անընդհատ պատերազմները Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև պատմական Հայաստանի հողերին տիրելու համար, պատճառ եղան հայ մշակույթի անկմանը։ Այդ ծանր ժամանակներում Հայաստանում միայն մի քանի մշակութային կենտրոններում էին պահպանվում հայ դասական բժշկության ավանդույթները, որի վերջին պայծառ բռնկումը եղավ ԺԵ դարի բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացու ստեղծագործությունը։ Նա նախորդ շրջանի այն գործի շարունակողն ու զարգացնողը եղավ, որով, ըստ իր սեփական խոսքերի, «զբաղվել են մեր առաջին բժիշկները` Մեծ Մխիթարը, բժիշկ Ահարոնը, նրա որդին` բժիշկ Ստեփանոսը, և նրանց տոհմը, բժիշկ Ճոշլինը, բժիշկ Սարգիսը, բժիշկ Դեղինը, բժիշկ Սիմավոնը, բժիշկ Վահրամը, որոնք շատ գրքեր են գրել դեղորայքների ներգործության ու օգտակարության մասին»։
Հայ բժշկապետը ծնվել է Փոքր Ասիայի Ամասիա քաղաքում, որը մեծ թվով հայ բնակչություն, դպրոցներ և եկեղեցիներ ուներ։ Թեև նրա ծննդյան ստույգ թվականը հայտնի չէ, բայց հայ բժշկության պատմության գիտակները մի շարք կողմնակի տվյալների հիման վրա ենթադրում են, որ նա հավանաբար ծնվել է ԺԵ դարի առաջին քառորդում։ Դա Քաղաքական փոթորկալից ցնցումների շրջան էր, երբ Հայաստանի արևմտյան նահանգներն ընկան թուրք-օսմանների տիրապետության տակ։ Ամիրդովլաթ Ամասիացին ժամանակակից, գուցե և ականատես էր 1453 թ. Կոստանդնուպոլսի գրավմանը Մահմեդ Երկրորդի կողմից, քանի որ Ժե դարի հիսունական թվականներին նա հայրենի քաղաքից տեղափոխվել և բնակություն է հաստատել այս հռչակավոր մշակութային կենտրոնում, որտեղ և հավանաբար բժշկական դասընթացներն անցել է հմուտ բժշկների մոտ։ Քառորդ դար հետո` կյանքի մայրամուտին, Ամիրդովլաթն այդ մասին հետևյալն է գրել. «Ապա ես ճամփա ընկա թափառելու զանազան քաղաքներ, անցա ծովով, շրջեցի մակեդոնացվոց երկիրը և բնակություն հաստատեցի Կոստանդնուպոլսում»։ Այստեղ Ամիրդովլաթը շուտով լայն ճանաչում է ձեռք բերում իբրև բժիշկ և հրավիրվում է Մահմեդ Երկրորդ սուլթանի պալատը որպես նրա անձնական բժիշկ, ստանալով «Ճառահպաշի ըռամատանին» պատվավոր տիտղոսը, որը բառացի նշանակում է «գլխավոր վիրաբույժ-ակնաբույժ»։
Ամիրդովլաթ Ամասիացին արդեն փորձառու և լայն գիտելիքների տեր հասուն բժիշկ էր, երբ 1459 թ. Կոստանդնուպոլսում Շադի-բեկի որդի Վարդի խնդրանքով գրեց իր առաջին աշխատությունը «Ուսումն բժշկութեան» վերնագրով, որի մեջ անտիկ բժիշկների` Հիպրոկրատեսի, Գաղիանոսի և արաբական բժշկության ճանաչված հեղինակությունների` Առ-Ռազիի և Իբն-Սինայի ոգով քննության են առնված սաղմնաբանության, մարդակազմության, բնախոսության, դեղագիտության և հիգիենայի հարցերը։
Բայց դրա հետ միասին Ամիրդովլաթ Ամասիացու «Ուսումն բժշկութեան» գրքում նկատելի է հեղինակի ձգտումը` վերանայելու հայ ժողովրդական բժշկության դարավոր փորձը դեղագիտության բնագավառում, որի նկատմամբ իր ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում մեր բժշկապետը խոր հետաքրքրություն է ցուցաբերել։ Այդ հետաքրքրության վառ արտահայտությունն էր իր առաջին «Ախրապատին»-ը, գրված նույն` 1459 թ.։Կարևոր է նշել նաև, որ վաղ շրջանի իր այդ աշխատության մեջ նա փորձել է կազմել այսպես ասած «պարզ» և «բարդ» դեղամիջոցների բառարաններ, որոնցից հետագայում` գրեթե քառորդ դար անց, ստեղծվեցին նրա երկու ստվար աշխատությունները` երկրորդ «Ախրապատինի»-ն և «Անգիտաց անպէտ»-ը։ Անրադառնալով առաջին «Ախրապատին»-ին, որի ինքնագիրն այժմ պահվում է Մաշտոցի անվան մատենադարանում (ձեռագիր № 8871), պետք է նշել այդ գործի բացարձակ արժեքը հայ բժշկության պատմության համար։ Իսկ «Ուսումն բժշկութեան»-ը հետագայում հիմնովի վերամշակվել է հեղինակի կողմից, հարստացվել նոր բաժիններով, որոնք նվիրված էին ախտաբանության և մահճաբուժության հարցերին։ Այդ աշխատության կլինիկական մասի շարադրությունը, ըստ երևույթին, բավական երկար ժամանակ է պահանջվել, այնպես որ Ամիրդովլաթի հետևյալ գիրքը` «Օգուտ բժշկութեան» վերնագրով, ավարտվել է 1469 թ. ֆիլիպոպոլ քաղաքում (այժմյան Պլովդիվ քաղաքը Բուլղարիայում)։ Այս աշխատության մեջ մանրամասն շարադրված են հեղինակի հայացքները բժշկության բոլոր հիմնական հարցերի մասին, ընդ որում զարմանք է պատճառում հայ բժշկապետի գիտական լայն աշխարհայացքը և նախորդ բժշկական գրականության (և´ անտիկ, և´ արաբական) խոր իմացությունը։ Գրքի առաջաբանում Ամիրդովլաթը միջնադարյան հայ բժիշկներին հատուկ համեստությամբ հետևյալն է գրել. «Այն էլ իմացիր, եղբա´յր, որ այս գիրքն իմ խոսքը չէ, այլ հին իմաստունների և իմաստուն բժիշկների և վերջին փիլիսոփաների բոլոր բժիշկների խոսքն է` այն է Հիպոկրատեսի և Գաղիանոսի, և´ Արճիճանեսի, և´ Ֆլուսի, և´ Ռուֆոսի, և´ Դևճանիսի, և´ Մասրճուէի, և´ Հեսուի, և´ Մասուվայի որդու, և´ Ապուճարեհի, և´ Մասեհի, և´ Զաքարիայի որդու, և´ Սապիթ Կուռայի, և´ Հունանի, և´ Սինայի որդու, և´ Դիատողի, և´ Եհաննայի և շատ ուրիշների, որ այս գիտության ասպարեզում շատ են աշխատել։ Ես սրանց գրքերից եմ քաղել և գրել մեծ աշխատանք թափելով, իմ սեփական ձեռքով»։
«Օգուտ բժշկութեան»-ը գրված է իր ժամանակի լավագույն բժշկական երկերի մակարդակով և ընդհանրացնում է միջնադարյան հայ բժիշկների գիտելիքները բժշկության տեսական և գործնական հարցերի վերաբերյալ։ Առավել ուրույն բնույթ է կրում նրա երկի մահճաբուժության բաժինը։ Այստեղ սիստեմավորված ձևով տրված են ներքին օրգանների` ուղեղի, նյարդերի, զգայանների, սրտի, շնչառական օրգանների, լյարդի, ստամոքսի, աղիների, փայծաղի, միզասեռական և այլ համակարգերի 200-ից ավելի հիվանդությունների, ինչպես նաև ջերմերի, բարորակ և չարորակ ուռուցքների, թունավորումների, մաշկային և այլ հիվանդությունների նկարագրությունները և դեղաբուժման ու սննդաբուժման մեթոդները։
Նրա կենսագրության այդ տասնամյա ժամանակաշրջանը, որի ընթացքում ստեղծվեցին մեծ բժշկապետի փորձն ընդհանրացնող այդ մեծարժեք երկերը, միաժամանակ հագեցած էր նրա անձնական կյանքում տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններով։ Մի կողմից նա գնալով ավելի է ճանաչում ստանում որպես մարդասեր բժիշկ և տաղանդավոր գիտնական, իսկ մյուս կողմից քրիստոնյա բժիշկը նախանձ ու բացահայտ ատելություն է հարուցում իր թշնամիների մեջ, որոնք քիչ չէին մահմեդական տիրակալի պալատում։ «Օգուտ բժշկութեան» գրքի նախաբանում Ամիրդովլաթը գրում է. «Շատ դժվարություններ ու փորձանքներ եմ քաշել անօրենների ու օտարազգիների, դատավորների, թագավորների և իշխաների երեսից։ Երկար տարիներ պանդուխտ եմ եղել. տեսել եմ ժամանակի չարն ու բարին, փորձանքների եմ հանդիպել, հարուստություն ու աղքատություն եմ քաշել, թափառել եմ երկրից երկիր և իմ բժշկությունն եմ արել, շատ դեղ ու ճար եմ փորձել ըստ իմ իմացածի, ծառայել եմ հիվանդներին` մեծամեծերին ու իշխաններին, հազարապետներին ու հարյուրապետներին, քաղաքացիներին ու աղքատներին, ծերերին ու մանուկներին...»։
Ստիպված լինելով հեռանալ մայրաքաղաքից, Ամիրդովլաթն անօգուտ չանցկացրեց արտաքսման տասը տարիները։ Շարունակելով իր մարդասիրական պարտքը կատարել հիվանդների հանդեպ, հարու´ստ լիներ թե աղքատ, Ամիրդովլաթը միաժամանակ ծանոթանում էր այն երկրների դեղաբույսերի հետ, ուր նրան նետում էր բժիշկ պերիոդևտի ճակատագիրը, հաճախ փորձարարական հետազոտություններ կատարելով դեղաբուժության բնագավառում։
70-ական թվականներին Ամիրդովլաթն աքսորից վերադարձավ Կոստանդնուպոլիս և, դատելով ձեռագրական մի շարք տվյալներից, կրկին հաստատվեց սուլթանի անձնական բժշկի պատվավոր պաշտոնում։ Այդ տարիներին որոշակիորեն դրսևորեց նաև մեծ բժշկապետի սերը հայ մատենագրության նկատմամբ, հին աշխարհի բժիշկների և փիլիսոփաների ստեղծագործությունների նկատմամբ։ Մի ժողովածուի (Մաշտոցի անվան մատենադարան, ձեռագիր №1921) հիշատակարանում, որը պարունակում է Արիստոտելի փիլիսոփայական երկերը և Գրիգոր Տաթևացու մեկնությունները, գրիչ Անդրեասը հաղորդում է, որ այդ ձեռագիրն ընդօրինակված է 1492 թ. Ամասիայում բժիշկ Ամիրդովլաթի ցանկությամբ և համաձայնությամբ,... որը ներկայումս իր գրասիրությամբ հանդիսանում է «երկրորդ Պտղոմեոս»։
«Անգիտաց անպէտ» գրքի հիշատակարանում, որն այսօր պահվում է Բրիտանական թանգարանում (ձեռագիր № 3712), նշված է Ամիրդովլաթի մահվան ստույգ թվականը` «Փոխեցավ ի Քրիստոս Ամիրդովլաթ բժիշկն թարգմանող գրոցս ի թվ.ՋԽԵ (1496), դեկտ. Ը (8), օրն հինգշաբթի»։
Իր կյանքի վերջին շրջանում նա ստեղծել է իր ամենանշանակալից աշխատությունները դեղագիտության վերաբերյալ «Ախրապատին»-ը (1481 թ.) և «Անգիտաց անպէտ»-ը (1482 թ.)։ Նրանցից քիչ առաջ Ամիրդովլաթը գրել էր «Գիրք ռամկական»-ը (1474 թ.), որն իրավունք է տալիս Մխիթար Հերացու նման նրան ևս աստղաբաշ կոչելու, հասկանալի է, այդ բառի միջնադարյան իմաստով, երբ հաճախ իրար էին հյուսվում աստղաբաշխություն և աստղագիտություն հասկացությունները։
Ամիրդովլաթ Ամասիացու սեղծագործության հետազոտությունը ցույց է տալիս, որ թեև նա զբաղվել է գործնական վիրաբուժությամբ, հատկապես ակնաբուժության բնագավառում, բայց ամբողջությամբ վերցրած նա նախապատվությունը տալիս էր բուժման կոնսերվատիվ մեթոդների (դեղաբուժություն, բուսաբուժություն, սննդաբուժություն)։ Հարկավոր է նշել նաև, որ հայ բժշկապետի ինքնատիպությունն առավել որոշակի հանդես է գալիս դեղագիտության բնագավառում, որտեղ նա ի մի է բերել ժողովրդական բժիշկների և դասական բժշկության ներկայացուցչների դարավոր փորձը։
Ամիրդովլաթի «Անգիտաց անպետ»-ը, որ հանդիսանում է միջնադարյան հայկական դեղագիտության հանրագիտարան (ըստ որում դեղանունները տրված են հինգ լեզուներով` հայերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն և պարսկերեն), պարունակում է 3500-ից ավելի բուժիչ բույսերի, կենդանիների և հանքային նյութերի անվանումներ ու նրանց հոմանիշները, իրավամբ համարվում է հայկական բժշկության գագաթը։ Այդ գործի հետազոտությունն արդի բժիշկներին հնարավորություն է տալիս ծանոթանալու միջնադարյան հայ բժշկության դեղամիջոցների և առաջին հերթին բուսաբուժության հետ, որը նրա ամենակարևոր բնագավառն էր։ Պարզվում է, որ այն բոլոր հիվանդություների բուժման համար, որոնց առաջացման մեջ, այսօրվա տվյալներով, որոշակի դեր ունի վարակիչ-ալերգիկ գործոնը, Ամիրդովլաթ Ամասիացին օգտագործել է մի շարք բույսեր, դրանք են ` կոծծուկը, կղմուխը, երիցուկը, բարձվենյակը, մշտիկը, ուրցը, խնկեղեգը, սև գնդիկը, տատաշը, քարասերմիկը, որոնք հատուկ են Հայաստանի բուսական աշխարհին։ Այս բոլոր բույսերը հարուստ են եթերային յուղերով, վիտամիններով, բուսական հորմոններով և այլ ակտիվ նյութերով, որոնցով էլ պայմանավորված է նրանց բուժիչ ներգործությունը։ Նույն փորձնական ճանապարհով էլ հայ բժշկապետը պարզել է մարգացնծուի, երնջակի, կուսածաղկի, արևադարձի, սորնջանի և որոշ այլ բույսերի հակաուռուցքային հատկությունները, բույսեր, որ այսօրվա տվյալներով պարունակաում են կումարինի և ֆուրոկումարինի ածանցյալներ, ինչպես նաև կոլխիցին և վինբլաստին ալկալոիդներ, որոնք օժտված են հակաուռուցքային ներգործությամբ։ Ամիդովլաթը մեծ նշանակություն էր տալիս նաև այն բույսերին, որոնք օժտված են հակաթունային (նարդոս, վաղենակ, երկաթախոտ) և տոնուսը բարձրացնող (սղանգ, լոշտակ) հատկություններով, որոնք նա միաժամանակ օգտագործել է որպես վաղաժամ ծերությունը կանխող և առողջությունն ու երիտասարդությունը պահպանելուն նպաստող հակասկլերոտիկ միջոցներ։ Նույն նպատակով նա կիրառում էր որոշ բուսական, կենդանական և անօրգանական ծագում ունեցող խեժեր (քաղբանը, սեքպինաճը, անգուժատը, ակնամոմը և այլն)։ Մարմնի տոնուսը բարձրացնելու, վերքերը ապաքինելու և ուռուցքները բուժելու համար Ամիրդովլաթը խորհուրդ է տալիս օգտագործել մումիան, բարդ բնական միացություն, որը գոյացել է բույսերի մնացորդներից, կենդանիների աղբից և ածխաջրածինների քայքայումից տարբեր երկների քարայրներում (Պարսկաստան, Աֆղանսատան, Միջին Ասիա)։ «Անգիտաց անպէտ»-ում կան տեղեկություններ մումիայի արդյունահանման մասին բուն Հայաստանում։
«Գրքիս հեղինակն ասում է, որ գոյություն ունեն 10 մերձակա քարայրներ, ուր պեղում են մումիա։ Եվ սրանք 10 անուն են կրում»։ Թեպետ նա չի հայտնում այդ անունները, սակայն մումիայի հայտնագործումն արդի Հայաստանի բնաշխարհում (Եղեգնաձորի քարայրներ) հաստատում է միջնադարյան հայ բժշկապետի ասածը։
Հայկական դեղամիջոցների այս վիթխարի քանակն ազատորեն և նպատակին օգտագործելու համար հարկավոր էին ոչ միայն բժշկի մեծ փորձը և խորը իմացությունները, այլև բուսաբանի, կենդանաբանի և քիմիկոսի լայն գիտելիքներ։ Այս բոլոր հատկություններով ներդաշնակորեն օժտված էր Ամիրդովլաթ Ամասիացին, որն իր նշանակալի ավանդն է մուծել միջնադարյան բժշկության գանձարանը, ստեղծելով բժշկագիտական երկերի մի ամբողջ գրադարան, գրված ժողովրդին մատչելի միջին հայերենով, ըստ Մխիթար Հերացու ավանդույթի, և որոնք գրեթե բոլորը բարեբախտաբար պահպանվել են մինչև մեր օրերը։
Այսպիսով, հայ բժշկապետի երկարատև օգտակար կյանքը հագեցած է եղել բժշկական սխրանքով և նվիրվածությամբ, հետազոտություններով և դեղամիջոցների որոնումներով, ձեռագրեր հավաքելով ու փրկելով և գրքեր ստեղծելով։ Բազմակողմանի ընդունակություների տեր Ամիրդովլաթն օժտված էր նաև բանաստեղծական ձիրքով, որն իր արտահայտությունն է գտել նշված երկերում շռայլորեն շաղ տված ասույթներում և բանաստեղծություններում։ Բժշկի պարտքի խոր գիտակցությամբ, բարոյագիտական բարձր պահանջներով են տոգորված Ամիրդովլաթի աշխատությունները։ Նա հաճախ կանգ է առնում բժշկի բարոյական նկարագրի վրա.«Բժիշկը պետք է օժտված լինի բանականությամբ և պարտքի գիտակցությամբ։ Ոչ մի դեպքում նա չպետք է լինի գինեմոլ, ագահ և շահախնդիր։ Նա պարտավոր է սիրել աղքատներին, լինել գթառատ, նվիրված, աստվածավախ, բարոյապես մաքուր։ Եթե նա չի կարողանում հասկանալ հիվանդության էությունը, ապա պետք չէ որ դեղ տա հիվանդին, որպեսզի չարատավորի իր անունը։ Իսկ եթե նա անգետ է, ապա ավելի լավ է նրան չհրավիրել հիվանդի մոտ և ընդհանրապես նրան բժիշկ չհամարել»։ Այս պահանջներից շատերը ժամանակին ձևակերպել է դեռ անտիկ բժշկության հայրը` Հիպոկրատեսը։
Բոլոր մեծ բժիշկների նման Ամիդովլաթը մենակ չէր գիտության մեջ։ Նա ստեղծեց հայ բժիշկների մի ամբողջ դպրոց, որը գոյատևեց մի քանի դար շարունակ և որի ազդեցության հետքերը նշմարվում են Սեբաստիայի բժշկական դպրոցի ներկայացուցիչների` Հովասափ, Ասար և Բունիաթ Սեբաստացիների երկրում։ Ամիրդովլաթ Ամասիացու գրքերը, որոնց մեջ, ինչպես և Իբն-Սինայի «Կանոն»-ում, ներկայացված են բժշկության գրեթե բոլոր կարևոր բաժինները` սաղմնաբանությունը, մարդակազմությունը, բնախոսությունը, մահճաբուժությունը, դեղագիտությունը, վիրաբուժությունը և թերապիան, դարեր շարունակ հանդիսացել են բժշկական գիտելիքների հանրագիտարան։ Աշխարհով մեկ ցրված նրանց բազմաթիվ ձեռագիր ընդօրինակությունները խոսում են այն մեծ հետաքրքրության մասին, որ ցուցաբերել են միջնադարյան հայ բժիշկները Ամիրդովլաթ Ամասիացիու ստեղծագործության նկատմամբ։
Աղբյուր՝ Բժշկագիտությունը Հայաստանում
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3625
Կիսվել : |