ALEQSANDR TAMANYAN HOVHANNESI / ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
«Ճարտարապետությունը քարե սիմֆոնիա է»:
Ալեքսանդր Թամանյան
Ծնվել է 04.03.1878թ., Եկատերինոդար (այժմ՝ Կրասնոդար):
Մահացել է 20.02.1936թ., Երևան:
Ճարտարապետ,
հայ նոր ճարտարապետության հիմնադիրը:
Ճարտարապետության ակադեմիկոս (1914):
ՀԽՍՀ Ժող. ճարտ. (1926):
Գ.Ա. և Յու. Ա. Թամանյանների հայրը:
Ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը (1904):
1917-ին եղել է Ռուսաստանի գեղարվեստական ակադեմիայի խորհրդի նախագահը՝ փոխնախագահի իրավունքներով:
Թամանյանի առաջին գործը Պետերբուրգի Ս. Կատարինե հայոց եկեղեցու (1779, ճարտ.՝ Յու. Մ. Ֆելտեն) վերակառուցումն է (1904-06):
Հետևելով Ն. Մառի Անիի պեղումներին՝ նախագծել է Անիի թանգարանը (1908, չի իրականացվել):
Թամանյանի նախագծերով 1907-13-ին կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (1911-12), Շչերբատովի տունը Մոսկվայում (1911-13, Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալ, 1914), Յարոսլավլի հոբելյանական ցուցահանդեսի փայտաշեն համալիրը (1913), Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոգորովկայում (այժմ՝ Կրատովո, 1913-17), որոնցում կիրառված են դասական և XVIII-XIX դդ. սկզբի ռուս. ճարտ. ձևերը:
1919-ին Թամանյանը տեղափոխվել է Երևան,
1921-ին՝ Իրան,
1923-ին հրավիրվել Հայաստան:
Եղել է ԺԿԽ գերագույն տեխ. բաժնի նախագահ, ապա՝ պետպլանի փոխնախագահ (1923-ից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924-ից), Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ:
Թամանյանի ճարտարապետական առաջին գործը Հայաստանում խորհրդային քաղաքաշինությունը սկզբնավորող երևույթներից մեկը՝ Երևանի գլխավոր հատակագիծն էր (150 հզ. բնակչի համար, հաստատվել է 1924-ին), որի գաղափարները դարձել են ՀՀ մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը:
1934-ին Թամանյանը սկսել է «Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ:
1925-33-ին կազմել է Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (Գավառ), Ախտայի (Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծեր:
Նախագծել ու Երևանում կառուցել է.
բժշկական ինստիտուտի անատոմիկումը (1926-33),
աստղադիտարանը (1930-33),
ԵԱԱԻ, ԵՊԻ (1927-33),
հանրային գրադարանի (1932-38) շենքերը ևն,
ու որպես ճարտարապետության խոշոր վարպետ ճանաչվել Երևանի գլխավոր հատակագծով,
Երջրէկի (1923-26),
ՀՀ Կառավարական տան (առաջին հերթը՝ Հողժողկոմատ, 1926-29, հետագայում՝ Կառավարական տուն, 1932-41, ԽՍՀՄ Պետ. մրց., 1942, հետմահու),
Օպերայի և բալետի թատրոնի և մեծ համերգասրահի (1926-53, սկզբ. նախագծերում՝ ժող. տան թատրոն) շենքերով:
Կառավարական տունը և Օպերային թատրոնի ու համերգասրահի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների լուծումները, առաջինը՝ Հանրապետության հրապարակի անսամբլի (ՀԽՍՀ Պետ. մրց., 1970, հետմահու, հեղինակային խմբի հետ), երկրորդը՝ թատրոնի (նախագիծը՝ 1937-ին Փարիզի համաշխ. ցուցահանդեսի Մեծ ոսկե մեդալ) շրջակա տարածության և հիմնական, մայրուղիներից մեկի՝ Հս. պողոտայի կառուցապատումը:
Թամանյանի ստեղծագործություններում հայ ճարտարապետության ծավալատարածքային և արխիտեկտոնիկ առանձնահատկությունները, մանրամասերի անկրկնելիության և բազմազանության սկզբունքը նոր մեկնաբանություն և որակ են ստացել:
Թամանյանի ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթները զարգացնելու և դրանց հիման վրա նորը ստեղծելու գործում՝ սկզբնավորելով ճարտարապետության թամանյանական դպրոցը:
Թամանյանի անունով են կոչվել Երևանում փողոց՝ հուշարձանով (1974), շինարարական տեխնիկումը (1953), ՀՃՄ տունը (1978), թանգարան-ինստիտուտը (2001):
2001-ին ՀՃՄ սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ:
«Նա տեսել է արևային մի քաղաք...
Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած
Արևային ժամացույց՝ քարտե՜զն ահա քաղաքի, -
Պողոտաներ, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին»:
Եղիշե Չարենց
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |