ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ ՍՏԵՓԱՆԻ (Ալեքսանդր Թևոսյան )
Գրող, բանասեր, թարգմանիչ, կինոդրամատուրգ:
Ծնվ. 25.06.1899թ., Գորիս:
Մահ. 08.07.1937թ.:
Ս.Ա. Բակունցի հայրը:
Ավարտել է Գորիսի ծխական դպրոցը (1910),
Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1917),
Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը (1923):
1918-ին կամավորական խմբերի հետ մասնակցել է հայ ժողովրդի ազատագրական պայքարին (Էրզրում, Կարս, Սարդարապատ):
1924-26-ին՝ Զանգեզուր գավառի գլխավոր գյուղատնտես և հողբաժնի վարիչ:
1923-25-ին «Մարտակոչ» (Թիֆլիս) և «Խորհրդային Հայաստան» թերթերում տպագրվել են ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑի «Սեր գյուղերում», «Գավառական նամականի», «Նամակներ գյուղից» ակնարկների շարքերը, որտեղ ներկայացված է գյուղի տնտ. վիճակը:
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑին գրական հռչակ է բերել պատմվածքների «Մթնաձոր» ժող. («Ալպիական մանուշակ», «Լառ Մարգար», «Սիրհավ», «Խոնարհ աղջիկը», «Այու սարի լանջին», «Մթնաձորի չարքը» ևն):
1927-ին լույս է տեսել «Հովնաթան Մարչ» երգիծ. վիպակը,
1933-ին՝ «Սև ցելերի սերմնացանը» ժող. («Նամակ ռուսաց թագավորին», «Սպիտակ ձին», «Բրուտի տղան», «Սև ցելերի սերմնացանը» ևն):
Պատմվածքներում գեղ. մեծ վարպետությամբ պատկերված են հայրենի բնությունը, հայ գեղջուկի միամտությունն ու հոգու գեղեցկությունը, աշխատավոր մարդու հոգեկան արժանիքները:
1935-ին հրատարակվել են «Անձրևը» ակնարկների ժող., «Եղբայրության ընկուզենիները» գիրքը, որտեղ զետեղված «Կյորես» երգիծ. վիպակում նկարագրված է գավառական քաղաքի կյանքը, կենցաղը:
Անավարտ են մնացել ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑի «Խաչատուր Աբովյան», «Կարմրաքար», «Որդի որոտման» գործերը:
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑի սցենարներով նկարահանվել են «Սև թևի տակ» (1930), «Տրագեդիա Արագածի վրա» (1931), «Ձանգեզուր» (1936) կինոնկարները:
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑի բանասիրական աշխատություններից ուշագրավ է «Խաչատուր Աբովյանի «Անհայտ բացակայումը» (1932) ուսումնասիրությունը: Կատարել է թարգմանություններ: Աշխարհաբարի է վերածել միջնադարյան առակների «Աղվեսագիրք» հավաքածուն (1935):
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑը հայ գրականությունը հարստացրել է պատմվածքի և վիպակի դաս. նմուշներով, ազգ-գեղ. մտածողությունն արտահայտող ոճով:
Անհիմն բռնադատվել է, մահվան հանգամանքները անհայտ են:
Հետմահու արդարացվել է:
Երկեր.
հ. 1-4, Ե., 1976-84:
Գրակ.
Իշխանյան Ռ., Ակսել Բակունց (կենսագրություն և մատենագիտություն), Ե., 1960:
Աղաբաքյան Ս., Սկսել Բակունց, Ե., 1971:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |