ANANIA SHIRAKACI (SHirakavanci) / ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (Շիրակավանցի)
Ծննդյան և մահվան թվերն անհայտ:
VII դ. գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, տիեզերագետ:
Ծնվել է Շիրակի Շիրակավան (Երազգավորս) կամ Անանիա (Անէանք) գյուղում, այլ կարծիքով՝ Անիում:
Ուսանել է Դպրեվանքի դպրոցում, ապա 11 տարի ճանապարհորդել ու սովորել տարբեր երկրներում, որից 8-ը՝ տրապիզոնցի հույն նշանավոր գիտնական Տյուքիկոսի դպրոցում:
Վերադառնալով հայրենիք՝ ծավալել է գիտ. գործունեություն՝ աստղագիտության, մաթեմատիկայի, տոմարագիտության, աշխարհագրության և այլ գիտությունների բնագավառներում, զբաղվել է մանկավարժությամբ (բացել դպրոց, գրել դասագրքեր):
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻն մշակել է իր սեփական իմաստասիրական համակարգը: Աստղագիտական աշխատություններում քննել է Արեգակի, Երկրագնդի, Լուսնի, աստղերի և տիեզերական երևույթների հետ կապված հարցեր, նրան հայտնի են եղել Երկրի գնդաձևությունը, հակոտնյա աշխարհի գոյությունը, և որ լույսի տարածման արագությունը շատ ավելի մեծ է, քան ձայնինը: Կռահել է Լուսնի սեփական լույսից զուրկ պինդ մարմին լինելը: Ճիշտ է բացատրել Լուսնի փուլերի առաջացումը, Արեգակի և Լուսնի խավարումները, ծովերի մակընթացություններն ու տեղատվությունները: Համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացրել է, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թե՛ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա: Իր աշխատություններում ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻն նշել է աստղագիտական մի շարք գործնական կիրառություններ, կատարել է տոմարագիտական հաշվումներ և տվել է հայկական ու այլ օրացույցների որոշակի առնչություններ: Արժեքավոր է նրա հայկական աստղագիտական տերմինների մեկնաբանությունը:
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻու մաթեմատիկական բովանդակությամբ աշխատություններից ամենաարժեքավորը թվաբանության դասագիրքն է՝ թվաբանության 4 գործողություններն ամփոփող աղյուսակով:
Գիտական հետաքրքրություն են ներկայացնում նաև թանկարժեք քարերին, չափ ու կշռին, ֆիզիկային, օդերևութաբանականը վերաբերող ուսումնասիրությունները:
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻուն է վերագրվում «Աշխարհացոյցը», որտեղ կան արժեքավոր բազմաթիվ տեղեկություններ պատմական Հայաստանի ու նրա հարևան երկրների վերաբերյալ:
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻն կազմել է ձայնագիտության բնագավառում իր ժամանակի չափանիշով առաջավոր ուսմունք ներկայացնող «Տասնակարգյան աղյուսակի» հայկական տարբերակը՝ ձայների, ձայնամիջոցների և ձայնաշարերի կազմությանը վերաբերող նոր գաղափարներով: Ըստ մի շարք աղբյուրների՝ հորինել է «քաղցրալուր» շարականներ:
Երկեր
Մնացորդք բանից, ՍՊԲ, 1877: Տիեզերագիտութիւն և տոմար, աշխատասիր. Ա. Աբրահամյանի, Ե., 1940:
Լուսնի տարբերաշրջանները, աշխատասիր. Ա. Աբրահամյանի, Ե., 1962:
Вопросы и решения..., изд. и пер. И. А. Орбели, П., 1918; Космография, пер. с древнеарм., предис. И коммент. К. С. Тер-Давтяна и С. С. Аревшатяна, Е., 1962.
Գրականություն
Աբրահամյան Ա., Անանիա Շիրակացու մատենագրությունը. ուսումնասիրություն, Ե., 1944:
Պետրոսյան Գ., Մաթեմատիկան Հայաստանում հին Ա միջին դարերում, Ե., 1959: Խրլոպյան Գ., Անանիա Շիրակացու աշխարհայացքը, Ե., 1964:
Թումանյան P., Հայ աստղագիտության պատմություն, հ. 1,Ե., 1964:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |