ARTAVAZD B / ԱՐՏԱՎԱԶԴ Բ
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. մ.թ.ա. 31թ., Ալեքսանդրիա (Եգիպտոս):
Արտաշեսյան արքայատոհմի թագավոր (մ.թ.ա. 55-34),
դիվանագետ:
Հաջորդել է հորը՝ Տիգրան Բ Մեծին:
Մերձավոր Արևելքում Հռոմի և Պարթևստանի մրցակցության պայմաններում նպատակադրվել է կանխել Հռոմի հաղթանակը և դրանով իսկ Հայաստանի անկախության համար վտանգավոր իրավիճակի ստեղծումը:
Մ. Կրասոսին չտրամադրելով 16000-անոց հայկական հեծելազոր՝ պայմանավորել է հռոմեական բանակի մարտավարական խոցելիությունը Խառանի ճակատամարտում (մ.թ.ա. 53):
Հայաստանը դրանով իսկ ձեռք է բերել երրորդ ուժի վճռորոշ դիրք, հռոմեա-պարթևական պատերազմներին անմիջապես չմասնակցելով՝ պայմանավորել է դրանց ելքը:
53-ի հունիսին Արտաշատում հռչակել է իր բարեկամությունը պարթևներին, սակայն չի խզել դաշնակցային հարաբերությունները Հռոմի հետ:
Մ.թ.ա. 51-50-ին և 40-38-իև, հռոմեական Սիրիա (Ասորիք), Փյունիկիա և Փոքր Ասիա պարթևների ներխուժման ժամանակ, ԱՐՏԱՎԱԶԴ Բ պահպանել է չեզոքություն:
Մ.թ.ա. 49-48-ին աջակցել է Գնեոս Պոմպեոսին՝ ընդդեմ Հուլիոս Կեսարի:
Մ.թ.ա. 37-ից սատարել է եռապետ Մարկոս Սևտոնիոսի նվաճող, ծրագրերը Պարթևստանի նկատմամբ՝ միաժամանակ եռապետ Օկտավիանոսի հետ արդեն գաղտնի պայմանավորվածություն ունենալով Անտոնիոսի դեմ:
Մ.թ.ա. 36-ին իր գործելակերպով առավելագույնս նպաստել է Անտոնիոսի հակապարթևական արշավանքի տապալմանը:
ԱՐՏԱՎԱԶԴ Բ հետամտել է Հայաստանի համար հռոմեա-պարթև. շրջափակումը («աշխարհաքաղաքական աքցան») վերացնելու նպատակ:
Մ.թ.ա. 40-36-ին Հռոմի և Պարթևստանի փոխադարձ թուլացմամբ բարենպաստ պայմաններ են ստեղծվել Մերձավոր Արևելքում Հայաստանի գերիշխան դիրքի վերականգնման համար:
Մ.թ.ա. 35-34-ին գլխ. վտանգը տեսնելով Արմ. Միջերկրածովքի տիրակալ Օկտավիանոսի կայսերապաշտ ծրագրերում՝ ԱՐՏԱՎԱԶԴ Բ նպատակադրվել է Մարկոս Անտոնիոսին օգտագործել որպես փակապատնեշ ընդդեմ Օկտավիանոսի՝ միաժամանակ անկախ դիրք պահպանելով Անտոնիոսի թիկունքում: Այդ նկատառումով փորձել է հաշտվել Անտոնիոսի հետ: Արտաշատի մոտ բանակցելու ընթացքում գերվել է Անտոնիոսի կողմից, գերեվարվել Ալեքսանդրիա և ենթարկվել մահապատժի:
ԱՐՏԱՎԱԶԴ Բ գրել է ողբերգություններ, ճառեր, պատմական երկեր (հուն.), որոնց մի մասին ծանոթ է եղել հույն գրող Պլուտարքոսը:
ԱՐՏԱՎԱԶԴ Բ ի պատկերով հատվել է դրամ:
Գրակ.
Մանասերյան Ռ., Հայաստանը Արտավազդից մինչև Տրդատ Մեծ, Ե., 1997:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |