ARTAVAZD PELESHYAN ASHOTI / ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՇՈՏԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կինոբեմադրիչ
Բնակավայրը` Հայաստան

Կինոռեժիսոր

ՀՀ Ժողորվդական արտիստ (2005):
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1978):

Ծնվ. 22.02.1938թ., Լենինական (ներկայիս Գյումրի, ՀՀ Շիրակի մարզ):

Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1968):
Ա. Փելեշյանը դեռ ուսանելու տարիներին կինոկերպարային խոր զգացողությամբ, նուրբ ճաշակով և ուրույն ոճով է ստեղծել «Լեռնային պարեկ»(1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերաֆիլմերը:


Արտավազդ Փելեշյանը 1974թ. հրատարակեց «Տարածական մոնտաժ» գիրքը, որը դասագիրք է դարձել բուհերի ուսանողների համար:
«Մենք» (1969, Միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, Օբերհաուզեն), «Տարվա եղանակները» (1975),
«Մեր դարը» (1982, ՀՀ Պետական մրցանակ` 1985, երեքն էլ` «Երևան» կինոստուդիա) ֆիլմերին հատուկ է և´ քնարականություն, և´ էպիկական հզոր շունչը:

Պատկերահնչյուն մոնտաժի բարձր վարպետությամբ աչքի են ընկնում «Եկրաբնակները» (1970, Մինսկի վավերագրական ֆիլմերի ստուդիա), «Վերջ» (1992, «Հայկ» կինոստուդիա), «Կյանք» (1993, Հայֆիլմ) ֆիլմերը:

Հեղինակ է կինոսցենարների, նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» գեղարվեստական ֆիլմում (1969, ՀայՖիլմ):

Փելիշյանի «Տարածական մոնտաժ» (1974, «Վոպրոսի կինոիսկուստվա», ռուս. պր. 15) երկը, Ս. Էյզենշտեյնից և Ձ. Վերտովից հետո, նոր խոսք է կինոյի մոնտաժի տեսության մեջ, որը դասագիրք է դարձել բուհերի ուսանողների համար:

Ա. Փելեշյանը աշխարհում ճանաչված կինոռեժիսորներից է:

ՀՀ Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշան (1996),
Մեծ մրցանակ (2000, Փարիզ),
Համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար` «Փարաջանովյան Թալեր» մրցանակ («Ոսկե ծիրան» կինոփառատոն, Երևան, 2006), Երևանի պատվավոր քաղաքացի (2000):

Ա. ՓԵԼԻՇՅԱՆԻ ԽՈՍՔԸ

… Ես սկզբից անում եմ, հետո եմ միայն մտածում, թե ինչո՞ւ հենց այդպես, այլ՝ ոչ թե այլ կերպ արեցի։ Եվ երբ ինձ հարցնում են՝ ինչո՞ւմ է ձեր ֆիլմերի ֆենոմենը, պատասխանում եմ՝ ես չգիտեմ։ Այն, ինչը իմ ստեղծած համակարգն են անվանում, իրականում ոչ այլ ինչ է, քան իմ աշխատանքի իմաստը գտնելու փորձն ու ամբողջականի յուրահատկությունը հասկանալն է։ Այնպես որ, իմ կինոօրգանիզմների ստեղծման մասին ես շատ բան ասել չեմ կարող…
Վերլուծել ու տեսություններ ստեղծել կարելի է միայն արդեն նկարահանված նյութի հիման վրա: Ֆիլմեր ստեղծելու իմ մեթոդը մոնտաժ էլ կարելի է դժվարությամբ անվանել։ Ես ավելի շուտ քանդում եմ մոնտաժային սկզբունքը եւ կարծես թե մտնում եմ մեկ ամբողջականություն ստեղծելու պրոցեսի մեջ։ Դասական մոնտաժում կարեւոր է ամեն մի տարրը, իսկ ինձ համար առանձին վերցրած ֆրագմենտները ոչինչ չեն նշանակում, եթե չեն աշխատում ֆիլմի կոնտեքստում։ Նշանակություն ունի միայն ֆիլմը, ոչ թե նրա ֆրագմենտները: Ինձ դուր է գալիս, երբ ֆիլմի մեջ երաժշտությունն ու պատկերը փոխվում են տեղերով, եւ երաժշտությունը «ներխուժում» է պատկերի տարածքը, իսկ պատկերը «մտնում» է երաժշտության մեջ։ Առանց դրա չի կարելի սպասված էֆեկտը ստանալ։ Պարզվում է, որ կարելի է «տեսնել» ձայնն ու «լսել» պատկերը, քանի որ այդ երկու բաղադրիչները փոխում են իրենց նշանակությունն ու տարածքը…
Կինոն ինձ համար սինթետիկ արվեստ չէ, ինչպես փորձում էին մեզ համոզել ՎԳԻԿ-ում։ Իմ կարծիքով՝ կինոն ոչ թե երաժշտությունից ու գրականությունից է ծնվում, այլ՝ ընդհակառակը՝ երաժշտությունն ու գրականությունն են «խմում» կինոյի ջուրը, թեեւ կինոն շատ ավելի ուշ է ծնվել, քան այդ երկու արվեստները։ Ուզում եմ ասել, որ կինոն սնվում է այնտեղից, որտեղից սնունդ են ստանում կերպարվեստը, երաժշտությունն ու գրականությունը, ընդհանրապես՝ արվեստը։ Կինոն ավտոնոմ արվեստ է, եւ ես պնդում եմ այդ միտքը:


ՄԱՄՈՒԼ

ORER Magazine #1, 2008
ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ. 70 ՏԱՐՎԱ ՊԱՅՔԱՐ


Համաշխարհային կինոյի հսկան

Հակոբ Ասատրյան

2008-ի փետրվարի 22-ին լրացավ համաշխարհային կինոյի մեծագույն դեմքերից մեկիՙ Արտավազդ (Արթուր) Փելեշյանի ծննդյան 70-ամյակը։ Հանճարեղ հայորդու մասին թեեւ շատ է գրվել, բայց հայ հասարակության մի ստվար զանգված այդպես էլ չգիտի, թե իրականում ինչպիսի անգնահատելի ժառանգություն է թողել մեզ եւ մարդկությանը համաշխարհային կինոյի հսկան։ Նրա ողջ գիտակացական կյանքը եղել է պայքար ճշմարտության, մարդկային սիրո ու համամարդկային արժեքների համար։ Կինոպոեմի վարպետը իր մշտական տեղն է ապահովել կինոարվեստի պատմության մեջ։ Երկար տարիներ նրա ֆիլմերը Հայաստանում գրեթե չէին ցուցադրվում կամ հայտնի էին միայն կինոաշխարհի մարդկանց։ Այնինչ, այդ ֆիլմերը վաղուց դարձել էին համաշխարհային կինոյի սեփականությունը, նրա ուսմունքըՙ տարածական մոնտաժի մասին, դասագիրք տասնյակ հազարավոր ուսանողների համար։

Բազմաթիվ կինոփառատոնների մրցանակակիր կինոռեժիսորը վերջին անգամ 2000թ-ին Փարիզի կինոփառատոնում ստացավ Մեծ մրցանակը։ 2006-ին երեւանյան «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում արժանացավ Փարաջանովի մրցանակինՙ համաշխարհային կինոյին բերած ավանդի համար։ Նույն թվականին նախագահ Քոչարյանի հրամանագրով նրան շնորհվեց Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում։ Երեւանի պատվավոր քաղաքացին (2000թ) 2006-ին դարձավ նաեւ Վանաձորի պատվավոր քաղաքացի։

Գյումրիում ծնված եւ Կիրովականում ապրած ու հասակ առած Փելեշյանըՙ գյումրեցի է, թե վանաձորցի հարցին պատասխանում է այսպես. «Ծնվել եմ Գյումրիում, մեծացել Կիրովականում։ Ըստ երեւույթին այդ է տարբերությունը։ Սովորել եմ Մոսկվայում, աշխատել եմ Երեւանում։ Ապրում եմ ե՛ւ Երեւանում ե՛ւ Մոսկվայում» ։ Ինչ խոսք, նրա մանկության հուշերը ջերմ են ու զգայական։ Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչմանը նվիրված հանդիպման ժամանակ նա իր ելույթը սկսեց այսպես. « Ինձ համար այսօր կարեւոր եւ նշանակալից օր է: Մեծ պատիվ` լինել Վանաձորի պատվավոր քաղաքացի: Ես մեծացել, ապրել ու սովորել եմ այս քաղաքում: Երկար տարիներ մենք ապրել ենք քաղաքի կենտրոնական մասում: Հետագայում հայրս նոր աշխատանքի անցավ Խնձորուտում. մենք տեղափոխվեցինք այնտեղ: Տարբեր տարիների, տարբեր պատճառներով, ես սովորեցի տարբեր դպրոցներում, երեւի քաղաքի իմ հասակակիցների մեծամասնությունը իմ դպրոցական դասընկերներն են: Հիշում եմՙ փախչում էինք դասից (դա թիվ 3 դպրոցն էր), գնում էինք այգում նստում: Կարոտով եմ հիշում մեր դպրոցական բոլոր ուսուցիչներին. հիանալի մարդիկ էին, շատ բան են տվել ինձ, շատ բան են սովորեցրել... Հետո աշխատել եմ «Ավտոմատիկա» գործարանում: Սկզբում գծագրող-նկարիչ էի, հետո նշանակվեցի տեխնիկ-կոնստրուկտոր:1963 թվականն էր. ես արձակուրդ վերցրի աշխատանքից, ոչ ոքի բան չասացի եւ գնացի Մոսկվա: Հանդիպեցի շատ բարի եւ մեծ մարդկանց, իմ ապագայի վարպետներին` Լեոնիդ Կրիստիին, Սերգեյ Գերասիմովին եւ մյուսներին, ովքեր ինձ շատ օգնեցին ընդունվելու Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտ: Ես հպարտ եմ, որ սովորել եւ կրթություն եմ ստացել այդ ինստիտուտում, այդ հոյակապ մարդկանց մոտ: Չեմ մոռանում ոչ մեկին: Մինչեւ անգամՙ եթե առիթ է լինում, որ մի տեղ մակագրեմ, գրում եմ` «ՎԳԻԿ-ի ուսանող», այդքան երախտապարտ եմ այդ ինստիտուտին »: (ԱԶԳ-11.08.06)

Դեռ ուսանողական տարիներինՙ 1964-ին նա Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում նկարահանեց առաջին ֆիլմըՙ «Լեռնային պարեկը»։

Այնուհետեւ «Հայֆիլմ» կինոստուդիայում եւ «Երեւան» ստուդիայում նկարահանեց «Մարդկանց երկիրը»(1966), «Սկիզբը»(1967), «Երկրաբնակները»(1970), «Մենք» (1969), «Տարվա եղանակները»(1975), «Մեր դարը»(1982), «Վերջ»(1992) ֆիլմերը։ 1978-ին Միխալկով-Կանչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմի վավերագրական մասը նույնպես ինքը նկարահանեց։

Կինոգետները ասում են, որ նրա ֆիլմերին հատուկ է ինչպես նուրբ քնարականությունը, անյպես էլ էպիկական հզոր շունչը։

Արդեն 16 տարի նա ֆիլմ չի նկարում։ «Հոմո Սափիենս»(«Homo Sapiens») ֆիլմի սցենարը վաղուց պատրաստ է, սակայն ֆինանսների բացակայության պատճառով այն մինչեւ հիմա մնացել է դարակում։ Ֆիլմի նկարահանման համար 1 միլիոն դոլար է պահանջվում։ Ինչ վերաբերում է խաղարկային ֆիլմ նկարելու գաղափարին, ապա Վանաձորում տեղի ունեցած հանդիպմանը նա չբացառեց, որ մի օր կարող է նման ֆիլմ նկարել տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց մասինՙ դերասանների մասնակցությամբ։ «Գրում եմ սցենար, դասախոսություն եմ կարդում(նաեւ Ֆրանկֆուրտում եւ Փարիզում), պատրաստվում եմ ֆիլմ նկարահանել: Պետք է հաշվի առնել մի հանգամանք, որ կինոարդյունաբերությունը շատ դժվարին գործ է: Դրա համար պետք է ժամանակ: Բայց ես բողոք չունեմ: Երիտասարդ տարիներին կարող է չհասկանայի, բողոքեի, բայց հիմա չեմ բողոքում, նորմալ է ամեն ինչ» :

Ինքն այդ պարտադրված պարապուրդից չի նեղվում, քանզի անցած տարիներին անընդհատ գրել է։ « Արտասահմանում գրքեր տպագրվել են իմ մասին։ Բայց իմ սեփական գիրքըՙ նոր մտքերով, որն ավելի լայն ընդգրկում ունի կինոյի մասին, պատրաստ է եւ ըստ երեույթին մի քիչ ժամանակ է պահանջվում։ Ես գրել, վերջացրել եմ այդ բոլորը։ Մնում է սրբագրել եւ տպագրել»։

Արտավազդ Փելեշյանը 1974-ին հրատարակել է «Տարածական մոնտաժ» գիրքը, որը դասագիրք է դարձել բուհերի ուսանողների համար, իսկ 1988-ին ռուսերենով լույս է տեսել «Իմ կինոն» ։

Միջազգային մամուլը եւ հանրաճանաչ գործիչները նրան համարել են մեր ժամանակների ամենատաղանդավոր կինոռեժիսորներից մեկըՙ գրելով «Մոնտաժի նոր սկզբունքները Փելեշյանը մշակել է Ֆրեյդի եւ Պավլովի հոգեբանության եւ Նիլս Բորի քվանտային մեխանիկայի տեսության տպավորության տակ»։ «Իր ֆիլմերը նա ստեղծել է ՙ միաժամանակ հերքելով ու զարգացնելով Էյզենշտեյնի մոնտաժի ավանդույթները։ «Նրա կերպարներում ներդրված է ավելի շատ, քան կարելի է տեսնել աչքերով»։ Նրա տարածական մոնտաժը համարում են նոր խոսք կինոմոնտաժի տեսության մեջՙ Էյզենշտեյնից եւ Վերտովից հետո։

Հայ հասարակությունը նման գնահատական լսեց 2006-ին Երեւանումՙ համաշխարհային կինոյի մի այլ ճանաչված դեմքիՙ ամերիկյան հայտնի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյի շուրթերից։

Գոդֆրի Ռեջիո - «Ես տեսել եմ նրա գրեթե բոլոր ֆիլմերը։ Դժվար է ասել, որն է ամենալավը։ Մի օրինակ միայն բերեմ։ Երբ իմ «Անիմա Մունդի» ֆիլմը ավարտից հետո, իմ թիմի հետ նայեցինք Փելեշյանի «Բնակիչները» (Երկրաբնակները) ֆիլմը, լռությամբ դուրս եկանք դահլիճից եւ ես հասկացա, թե ինչ ազդեցություն է ունեցել Փելեշյանը մեր վրա։ Ես չեմ ուզում անհարմար վիճակի մեջ դնել մաեստրոյին, ուղղակի ուզում եմ ճանաչել նրա ազդեցությունն իմ վրա։ Երբ ես եւ իմ թիմը նայեցինք այդ ֆիլմը, հասկացանք, թե երկրագնդի վրա ինչ վտանգ է սպառնում մարդկային կյանքին։ Չնայած մեկ մարդու կյանքի ուրվագիծ էր, բայց մենք տեսանք, թե ինչքան ենք վտանգված։ Տեսանք, թե ինչպես կարելի է առանց որեւէ խոսք արտասանելու նման ուղերձ հղել մարդկությանը»։

Այս խոսքին Արտավազդ Փելեշյանը հակադարձեց.«Ինձ համար մեծ պատիվ է, որ նման մեծ ռեժիսորը նման գովասանքով է խոսում իմ մասին»։ Փոխաբերական իմաստով, Ռեջիոն նույնիսկ համեմատություն կատարեց. «Եթե ես ինձ համարեմ կայծ, ապա Փելեշյանը կայծակ է» ։

Այս երկխոսությունը տեղի ունեցավ տարիներ առաջ, «Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված հանդիպումներից մեկի ժամանակ։ Լեփ-լեցուն դահլիճում կանգնելու տեղ չկար։ Օդը հագեցած էր մեծ կինոյի շնչով։ Մեր առջեւ նստած էին համաշխարհային կինովավերագրության երկու մեծեր։ Երկարատեւ ընդմիջումից հետո Արտավազդ Փելեշյանը պատասխանում էր լրագրողների հարցերին։ Բնականաբար, նման գնահատականներից հետո, մեր առաջին հարցը ուղղված էր երկուսին։

ՕՐԵՐ - Դուք արդեն մեկդ մյուսի ստեծագործությանը քաջածանոթ եք։ Ինչո՞վ եք իրար նման եւ ինչո՞վ եք իրարից տարբեր ստեղծագործությամբ։

Արտավազդ Փելեշյան - «Մենք իրար նման ենք որպես բուն կինոռեժիսորներ, եւ իրարից տարբերվում ենք որպես բուն կինոռեժիսորներ։ Այդտեղ է ե՛ւ մեր նմանությունը, ե՛ւ տարբերությունները։ Ես շեշտում եմ նորից բուն կինոռեժիսորներ։ Կինոն ուրիշ է, կինոարվեստըՙ ուրիշ։ Դրանք հասկացողություններ են ինձ համար։ Մենք արվեստի մարդիկ ենք։ Դրա համար շեշտում եմ, որ այդ բառը ոչ թե հասարակ իմաստով օգտագործել, այլ իր իմաստով օգտագործելՙ որպես բուն կինոռեժիսորներ։ Որովհետեւ կինոն ունի իր սեփական լեզուն, ավտոնոմ լեզուն, չի պատկանում որեւէ արվեստի եւ ինքը սինթետիկ արվեստ չի, ինչպես ընդունված է, ինչպես բոլորը անվանում են։ Ոչ։ Դա ինքնուրույն արվեստ է։ Այդտեղ է մեր նմանությունը եւ մեր տարբերությունը»։

Գոդֆրի Ռեջիո - «Ես լրիվ համաձայն եմ ասվածին։ Ինչքան միապաղաղ կլիներ աշխարհը, եթե լիներ մի ծաղիկ, մի լեզու, մի սեռ։ Մինչդեռ բազմազանությունն է տանում աշխարհի միասնությանը։ Շատ արահետներ են տանում դեպի նույն աղբյուրը։ Եւ աշխարհը միասեռ չի կարող լինել։ Այլապես դա կդառնար պրոպագանդա։ Դրա համար չնայած աշխատում ենք նույն ձեւի մեջ, բայց տարբեր բովանդակություն ունենք։ Իհարկե, մենք պետք է տարբեր լինենք եւ մենք տարբեր ենք։ Արվեստի գեղեցկությունը հենց այդ տարբերության մեջ է։ Մեր ցողունները նույն են, ծաղիկներն են տարբեր։ Մենք այնքան ենք սիրում սիրո լեզուն, եւ այնքան չենք վստահում այն լեզվին, որով խոսում ենք, որ վստահում ենք պատկերի լեզվին»։

Այդ հանդիպմանը հնչեցին նաեւ այլ հարցեր։

Փելեշյանը Փարաջանովի մասին

- Փարաջանովի մասին կարելի է եւ երկար խոսել եւ կարճ խոսել։ Ֆենոմենը նրա նորարաության մեջ է կինոյի բնագավառում։ Կինոն ստեծվելուց հետո օգտագործեց բոլոր արվեստների հնարավորություններըՙ թատրոնը, լուսանկարչությունը, այնուհետեւ եկավ ձայնը, երաժշտությունը, բայց մինչեւ օրս դժվարություններ կար, որ կինոն օգտագործեր կերպարվեստը։ Փարաջանովը առաջիններից մեկն է, որ կինոյի միջոցով օգտագործեց կերպարվեստի հնարավորությունները։ Դրա մեջ է նրա ամենամեծ ֆենոմենը։ Առաջին դեպքն էր, երբ նա նվազագույն գրականություն օգտագործեց։ Առաջին դեպքն էր, երբ նրա հերոսը դահլիճի հետ էր խոսում, ոչ թե մեկը մյուսի հետ։ Նրա բոլոր պատկերները էկրանի վրա գնում են դեպի դահլիճ, այլ ոչ թե մեկը մյուսին են նայում։ Բայց առաջինը այն էր, որ նա կերպարվեստը տեղափոխեց կինո։ Ընկալումը նրա պրոբլեմը չէ, այլ ընկալողի պրոբլեմն է։

Իր ֆիլմերի եւ կինոյի մասին

- Ամենահիմնական հարցը կինոյի մեջ ժամանակն է։ Երաժշտության օգտագործման մեջ ինձ համար կարեւոր հանգամանքն այն է, որ ուղեկցում ենք ոչ թե պատկերի երաժշտությամբ, այլ մոնտաժի շնորհիվ դրանք տեղափոխում ենք իրենց տարածքները։ Երաժշտությունը մտնում է պատկերի տարածքը, պատկերըՙ երաժշտության։ Եւ այդ հակադիր միացումների շնորհիվ ես օգտագործում եմ մոնտաժՙ ժամանակը իմ դեմ, կինոնՙ ժամանակի դեմ։

- Ձեզ կինոյի գիտնական համարու՞մ եք։

- Գիտնական չեմ կարող ասել, բայց կինոն ինձ համար կարող է խոսել եւ փիլիսոփայությամբ եւ գիտական լեզվով եւ արվեստի լեզվով։ Այդ բոլոր կետերը միավորվում են կինոյի մեջ։ Այդ բոլոր երեք կետերը միանում են կինոյի մեջ։

- Ի՞նչ եք հասկանում, ասելովՙ բացակա իրականություն եւ բացակա պատկերներ։

- Համաշխարհային կինոյի մոնտաժը ստեծված է նրա համար, որ երկու տարբեր պ;ատկերներ իրար միացնելով, ստեղծվում է երրորդը, որը չկա ոչ առաջինում, ոչ երկրորդում։ Բայց հետագայում տարբեր այլ մոնտաժներ ի հայտ եկանՙ պոետիկ մոնտաժ, ասոցիացիվ մոնտաժ, ինտելեկտուալ մոնտաժ։ Դրանք ինձ չէին հետաքրքրում, որովհետեւ ենթագիտակցաբար ես փնտրում էի մի այլ մոնտաժ, ինչը հետագայում կարողացա անվանել դիստանցիոն(տարածական)։ Դրա հիմնական նպատակն է, որ ամբողջ մոնտաժի շարանը, որը կա ֆիլմի մեջ, ստեղծվում է այդ բոլորից դուրս։ Ստեղծվում է դաշտ։ Կարելի է անվանել իմաստային դաշտ կամ մտքի դաշտ, միգուցե ջերմային դաշտ, որն իրենից դուրս ստեղծում է մագնիսական դաշտ։ Եվ այդ դաշտում են գտնվում այդ բացակա պատկերները։ Օրինակ, եթե անատոմիայի միջոցով հերձես էկրանը, կտեսնես, որ այդ պատկերները ֆիզիկապես չկան, բայց ինքը էներգիա է։ Ես այդքան ընդունակություն չունեմ, որ բառերով բացատրեմ այդ ֆենոմենը։ Բայց ես այնքան եմ համոզված դրանում, որ խոսում եմ ինչպես իրականություն։

- Կգա արդյո՞ք ժամանակ, որ կդադարեն նկարել կինոժապավենով, եւ եթե գա, արդյոք ասելիքը չի տուժի դրանից։

- Ինձ չի թվում, որ կտուժի։ Գիտեք, երբ 30-ական թվականներին ձայնը եկավ կինո, բոլոր մեծ վարպետները վախեցան դրանից։ Չապլինն ասաց, որ դա մի քայլ հետ կտանի կինոն։ Նույն էլ այս տեխնոլոգիաների մասին է, որ ինչ որ տեղ վախեցնում է մարդկանց։ Բայց ինձ թվում է պրոբլեմ չկա։ Ինձ համար մի հետաքրքիր բան կարող եմ ասել, որը ինչ որ տեղ շաղկապվում է բացակա պատկերների հետ։ Կգա ժամանակ , որ համակարգինչերն այնպիսի զարգացում կունենան, որ կարող են կոդերի միջոցով հանել իրականության բացակա իրականությունը, բոլոր արխիվային նյութերը... Եթե մարդկությունը ստեղծել է կինո-արխիվներ, ես համոզված եմ, որ բնությունը ունի մի կետ, մի տեղ, մի մոլորակ, որը այն ինչ կատարվում է աշխարհի վրա, բոլոր մանրամասնություններով, գրանցում է։ Կա այդ արխիվը։ Եւ կգա ժամանակ, երբ համակարգիչները կարող են օգտվել բնության այդ արխիվից։ Եվ բոլորըՙ ով այսօր բացակա է, կդարձնեն ներկա։

- Կարելի է ասել, որ դուք ինչ-որ տեղ սկսել եք օգտվե՞լ այդ արխիվից։

- Շնորհակալություն։ Այո։

Արտավազդ Փելեշյանի պատասխաններն որքան անկեղծ են, այնքան էլ խորն են ու իմաստալից։ Նման մի իմաստալից պատգամ էլ նա ստացել է տաղանդավոր նկարչիցՙ Մինասից։ 1989 թվականին «Արվեստ» ամսագրում Մինասի մասին գրած իր հուշերում վարպետը մի հետաքրքիր պատմություն է հիշում։ Մինասի մահից ամիսներ անց, Փելեշյանը մի երազ է տեսնում, որ անծայրածիր մի անապատում մկան բնի չափ մի անցք կա ու կողքին հողի մեջ մի փոքրիկ ցուցատախտակ խրված եւ վրան գրված.«Արթուր սա փոխում է մեր նպատակը։Մինաս»։ Նկարիչ Հակոբ Հակոբյանին պատմելուց հետո, Արտավազդ-Արթուր Փելեշյանը որոշում է, որ այն պետք է գրվի ոչ թե Մինասի շիրմին, այլ իր, քանի որ դա Մինասի կողմից իրեն ուղարկված հիշատակ էՙ այս անգամ այնտեղից։

Մերՙ նրա ժամանակակիցների պարտքն է, որքան հնարավոր է երկարացնել այդ պահը, եւ օգնել, որպեսզի Մեծ Վարպետի ծրագրերն իր կենդանության օրոք իրականություն դառնան։ Նա առավել քան արժանի է այդ աջակցությանը։

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5557
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՇՈՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=132989518811503304_1.jpg

    Կինոռեժիսոր

    ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՇՈՏԻ
  • ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՇՈՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=132989535448946260_2.jpg

    Կինոռեժիսոր

    ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՇՈՏԻ
  • ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՇՈՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=132989535465807972_3.png

    Կինոռեժիսոր

    ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՇՈՏԻ
  • ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՇՈՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=132989535446240515_4.jpg

    Կինոռեժիսոր

    ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՇՈՏԻ
  • ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՇՈՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=132989535475409235_5.jpg

    Կինոռեժիսոր

    ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՇՈՏԻ
  • ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՇՈՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=132989535449980580_6.jpg

    Կինոռեժիսոր

    ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՇՈՏԻ
  • ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՇՈՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13298953541992735_7.jpg

    Կինոռեժիսոր

    ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՇՈՏԻ
  • ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՇՈՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=132989535465517108_8.jpg

    Կինոռեժիսոր

    ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ ԱՇՈՏԻ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott