ԳՐԻԳՈՐ ՓԵՇՏԻՄԱԼՃՅԱՆ
Բառարանագիր,
քերական,
փիլիսոփա,
մանկավարժ:
Ծնվ. 1774թ., Կ. Պոլիս:
Մահ. 24.12.1837թ., Կ. Պոլիս:
1824-26-ին վարել է Կ. Պոլսի Մայր եկեղեցուն կից Մայր դպրատան ճարտասանության, տրամաբանության, հայոց լեզվի և կրոնագիտության դասընթացները:
1826-ից՝ Գումգափուի «Ընծայարան » ուսումնարանի տնօրեն ու գլխ. ուսուցիչ, միաժամանակ՝ 1830-ին վերաբացված Պեզճյան Մայր վարժարանի տնօրեն:
1829-ին լույս է տեսել ԳՐԻԳՈՐ ՓԵՇՏԻՄԱԼՃՅԱՆի «Քերականութիւն հայկազեան լեզուի» գրաբարի քերականության դասընթացի ձեռնարկը:
«Բառգիրք հայկազեան լեզուի» (հ. 1, 2, 1844, 1846) աշխատությունն անավարտ է թողել, այն հետագայում լրացրել և հրատարակել են նրա աշակերտները:
ԳՐԻԳՈՐ ՓԵՇՏԻՄԱԼՃՅԱՆի աշխատությունների մեծ մասը գրել է աշխարհաբարով: «Կրթութիւն քաղաքավարութեան » (1829) և «Վարժութիւն բարուոք խոստովանութեան» (1854, երկուսն էլ՝ աշխարհաբար) աշխատությունները մեծ դեր են խաղացել աշակերտների բարոյական դաստիարակության գործում:
«Լուսաշաւիղ...» (1848) գրքում պաշտպանել է բնական իրավունքի տեսությունը, ըստ նրա՝ միայն բնական իրավունքին համապատասխանող քաղաքաց, իրավունքը կարող է նպաստել հասարակության առաջընթացին:
Նա դեմ է եղել միապետական կառավարմանը, ջատագովել է ժողովրդապետությունը:
Ըստ ԳՐԻԳՈՐ ՓԵՇՏԻՄԱԼՃՅԱՆի՝ տրամաբանությունը հավասարապես զբաղվում է ինչպես ճշմարտության բացահայտման, այնպես էլ դրա հիմնավորման օրենքներով («Տրամաբանութիւն կամ Արուեստ բանական», 1854):
Գոյաբանական հարցերը լուծել է դեիզմի դիրքերից, իսկ իմացաբանության մեջ հետևել է էմպիրիզմին:
ԳՐԻԳՈՐ ՓԵՇՏԻՄԱԼՃՅԱՆը մշակել է ուսուցման ուրույն մեթոդ, դասերը դարձրել է հաճելի և գործնական, դյուրինից գնացել է դեպի դժվարը, ծանոթից՝ անծանոթը:
ԳՐԻԳՈՐ ՓԵՇՏԻՄԱԼՃՅԱՆ ը վերակազմել է «Ընծայարանի» կանոնադրությունը, ըստ որի՝ արգելվել է ֆիզիկական պատիժը, անարգալից վերաբերմունքը աշակերտների նկատմամբ:
Գրակ.
Շալյան Մ., Գրիգոր պատուելի Փեշտիմալճեան (1774-1837), Կահիրե, 1912:
Ագատյան Թ., Հարիւրամեայ յոբելեան Պեգճեան Մայր վարժարանի (1830-1930), ԿՊ, 1930: Գասպարյան Գ. Կ., Հայ բառարանագրության պատմություն, Ե., 1968:
Թևոպան Ա. Մ., Հայ տրամաբանական միտքը XIX դարում, Ե., 1976:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

