ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐԻՉ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կրոնական գործիչ, Քաղաքական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Հայտնի է նաև սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Գրգոր Պարթև (աշխարհիկ անունը՝ Սուրեն)

Ծնվ. 239թ.:
Մահ. 325-326թ.:

Հայոց առաջին եպիսկոպոսապետը՝ 302-ից, համաքրիստոնեկան տոնելի սուրբ:

Հայրը՝ Անակ Պարթևը, Խոսրով Ա-ին սպանողներից էր, ինչի համար Անակի ողջ ընտանիքը սրատվել էր:

Ստնտու Սոփիան մեկամսյա Սուրենին փախցրել էր Կեսարիա, որտեղ նա մկրտվել է քրիստոնյա՝ Գրիգոր (հուն.՝ արթուն, հսկող) անունով, ստացել է բարձրագույն կրթություն և քրիստոնեական հիմնավոր դաստիարակություն:

276թ-ին, երբ Պարսից Վռամ թագավորը գրավել է Հայաստանը, Գրիգորը Տրդատ Գ Մեծի հետ գնացել է Հռոմ, կայսրություն:

287թ-ին վերադառնալով գահին՝ Հայոց թագավորը, ի նշան հաղթության, գոհության տոնախմբություն է կազմակերպել Անահիտի մեհյանում և Գրիգորին հրամայել է մասնակցել պաշտամունքին ու երկրպագություն մատուցել:

Վերջինս մերժել է, և Տրդատ Գ նրան ենթարկել է խոշտանգումների (12 չարչարանքներ):

Այդ վայրում հետագայում կառուցվել է ցարդ կանգուն Չարչարանաց Ս. Լուսավորիչ վանքը:

Ավելի քան մեկամսյա բռնություններից հետո թագավորին հայտնել են, որ Գրիգորը թագավորահորն սպանողի որդին է:

Տրդատ Գ-ի հրամանով 287թ-ին նրան նետել են Արտաշատի արքունի բանտի մահապարտների գուբը (հետագայում այդտեղ կառուցվել է Խոր վիրապի վանքը), որտեղ մնացել է շուրջ 14 տարի:

Քրիստոնյաներին դաժանորեն հալածող Տրդատ Գ 301թ-ին ապաշխարել ու դարձի է եկել:

Նույն թվականին քրիստոնեությունը Հայաստանում հռչակել է պետական կրոն: Ապա հրավիրել է ավագանու ժողով և Գրիգոր Լուսավորչին կարգել Հայոց եպիսկոպոսապետի (հայրապետի) պաշտոնում:

Քրիստոնեությունը պետական կրոն դարձնելով՝ թագավորն ու ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐԻՉը ձգտել են լուծել պետության ամբողջականության, ազգային ինքնության պահպանման ու ամրապնդման, ազգի բոլոր հատվածների համախմբման, միասնության և այլ խնդիրներ:

ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐԻՉը 302թ-ի սկզբին 16 նախարարների ուղեկցությամբ և թագավորական հրովարտակով մեկնել է Կեսարիա, որտեղ կատարվել է նրա զուտ ծիսական բնույթ կրող եպիսկոպոս, ձեռնադրությունը:

Այնուհետև Կարինի ու Հարքի ճանապարհով անցել Տարոն, հիմնել քրիստոնեական կենտրոններ: Ապա Աշտիշատում մեծ եկեղեցի է կառուցել, Ս. Երրորդություն անունով սեղան կանգնեցրել, մկրտել իրեն ուղեկցող իշխաններին, զորքին և բազմաթիվ նորադարձների:

303թ-ի հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտևության օրը, Արածանու ակունքների մոտ, Նպատ լեռան ստորոտին, ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐԻՉը մկրտել է Տրդատ Գ Մեծին ու արքունիքին, հայ ավագանու ներկայացուցիչներին ու ժողովրդին:

303թ-ի սկզբին արքան ու եպիսկոպոսապետը վերադարձել են Վաղարշապատ, և ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐԻՉ, համաձայն իր տեսիլքի, արքունական գահին մերձ՝ Միածնի իջման վայրում, կառուցել է Էջմիածնի Կաթողիկե եկեղեցին (Էջմիածնի Մայր տաճար) և այն օծել 303թ-ի օգոստոսի 15-ին՝ Աստվածածնի վերափոխման տոնի օրը:

ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐԻՉը ձեռնամուխ է եղել եկեղեցական նվիրապետության ստեղծմանը:
Հայաստանի տարբեր գավառներում կառուցել է եկեղեցիներ, քարոզել Ավետարանը, հիմնել է հունական և ասորական դպրոցներ:
ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐԻՉ քրիստոնեություն է տարածել նաև Վիրքում, Աղվանքում, Հս. Կովկասում, Խաղտիքում, Մազքթաց երկրում, Միջագետքում, Ատրպատակաևում:

Մանկահասակ թոռանը՝ Գրիգորիսին, ձեռնադրել է Վրաց և Աղվանից քահանայապետ:

Հետևելով քրմությանը՝ ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐԻՉ տոհմական ժառանգության իրավունքը պահպանել է նաև Հայ եկեղեցու վարչության մեջ:

Արիստակես Ա Պարթև որդուն ձեռնադրելով եպիսկոպոս՝ դարձրել է իր տեղապահն ու եպիսկոպոսակիցը:

Կյանքի վերջին տարիներն հայրապետական գործը հանձնելով Արիստակեսին՝ ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐԻՉն անցել է ճգնակեցության՝ Դարանաղի գավառի Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ և վախճանվել է:

Վրթանես Ա Պարթևի կաթողիկոսության ժամանակ նշխարները վերաթաղվել են նույն գավառի Թորդան գ-ում՝ Լուսավորչի տոհմական կալվածքում:

ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐԻՉի անունով պահպանվել են 23 կրոնաբարոյախոսական ճառ պարունակող «Յաճախապատումը», մի քանի երկասիրություններ և կանոններ:
Նրան են պատկանում նաև Նիկիայի Ա տիեզերական ժողովին (325թ.) մասնակցած Արիստակես Պարթևի բերած Նիկիական կանոններում կատարված հավելումները:

ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐՉին են վերագրում Խորհրդատետր-Պատարագամատույցը, մի շարք ծիսամատյանների նախնական խմբագրումը:

Հայաստանում ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐՉի նշխարներից մնացած միակ սրբությունը Լուսավորչի Աջն է, որը նաև հայրապետական իշխանության գլխավոր պաշտոնակա նշանակն է, և պարտադիր է նրա առկայությունը կաթողիկոսարանում:

ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐՉի մասունքների մեծ մասը Թորդանից տեղափոխվել և զետեղվել է Զվարթնոցում:

Այնուհետև դրանք տարվել են Կ. Պոլիս, որոնց հիմնական մասը VIII դ. վերջին հայ կույսերը փոխադրել են Իտալիայի Նեապոլ քաղաք, որտեղ, ի պատիվ ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐՉի, կառուցվել է Ս. Գրիգոր Հայի եկեղեցին:

Այնտեղ պահվել են ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐՉի գլուխը՝ ամփոփված պղնձե և համակ ոսկեզօծ կիսարձանի մեջ, շղթայի մասեր և այլ նշխարներ: Նեապոլում ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐԻՉը ճանաչվել է քաղաքի երկրորդ երկնային պաշտպանը և ունի հատուկ տոն (սեպտեմբերի 30-ին):

Հովհաննես Պողոս II պապը Վատիկանում 2000թ-ի նոյեմբերի 11-ին Գարեգին Բ Ներսիսյանին է հանձնել ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐՉի մասունքների մի մասը, որոնք պահվում են Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու գավթում:

ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐՉի պաշտամունքը V դ-ից սկսած մեծ տարածում է գտել նաև Բյուզանդիայում:

Մասնավորապես Հունաստանի բազմաթիվ եկեղեցիներում և վանքերում կան ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐՉին նվիրված սրբապատկերներ, որմնանկարներ, խճանկարներ, ինչպես նաև նշխարներ և մասունքներ:

ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐՉին նվիրված եկեղեցի է կառուցվել Մոսկվայի Վասիլի Երանելու տաճարի համալիրում:

ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐՉի սրբապատկերներ կան Մոսկվայի Կրեմլի Ավետման և Սպասկու տաճարներում, Պսկովի, Ռոստովի, Կոլոմնայի և այլ քաղաքների եկեղեցիներում, որմնանկարներ՝ Նովգորոդի Ներեդիցա տաճարի պատերին:

Հայ եկեղեցին ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐՉին դասել է ավագ սրբերի կարգը:
Նրան անվանում են «Հայոց Մկրտիչ», «Երկրորդ Լուսավորիչ Հայոց» (Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներից հետո), իսկ քրիստոնեությունը հայոց մեջ կոչվում է նաև «Լուսավորչի լույս հավատք»:

ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐՉին հայտնի ներբող է ձոնել Ընդհանրական եկեղեցու մեծ հայրերից Հովհան Ոսկեբերանը:
Մեծ տարածում է գտել ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐՉի պատկերագրությունը:
ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐԻՉը, որպես համաքրիստոնեական սուրբ, հիշատակի օր ունի նաև ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներում (քույր եկեղեցիները նրա հիշատակը տոնում են սեպտեմբերի 30-ին):
Հայ եկեղեցում ս. ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐՉի հիշատակին նվիրված տոներն են վիրապ մտնելը և չարչարանքները (Մեծ պահքի վեցերորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը), վիրապից ելնելը (Հոգեգալստյան երկրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը), նշխարների գյուտը (Հոգեգալստյան չորրորդ կիրակիի նախորդ շաբաթօրը), իսկ Ս. Ծննդյան չորրորդ կիրակիի կամ Վարդավառի երրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը տոնվում է ս. ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐՉի որդիների և թոռների հիշատակը:

Կաթողիկոսական գահին ԳՐԻԳՈՐ Ա ԼՈՒՍԱՎՈՐՉին հաջորդել է Արիստակես Ա Պարթևը.

Գրակ.
Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Ե., 1983:
Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1997:
Տեր-Ներսեսյան Ս., Հայ արվեստը միջնադարում, Ե., 1975:
Մուտսոպուլոս Ն., Դիմիտրոկալլիս Կ., Սուրբ Գրիգոր Լուսավորչի պաշտամունքը Հունաստանի մեջ, «էջմիածին», 1995, № 5:
Աշճյան Մ., Լուսավորչի լույս նշխարները, Ս. էջմիածին, 2000:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 15262
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՏԱՎԱԶԴ Բ Արտաշեսյան արքայատոհմի թագավոր (մ.թ.ա. 55-34), դիվանագետ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott