GRIGOR BRUTYAN / ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏՅԱՆ
Կենսագրութիւն Գրիգոր Հ. Բրուտեանի գրուած իր կողմից՝ Anunner.com կայքի պատուէրով:
Ծնուել եմ Երեւան քաղաղում 1955 թ. Յունիսի 28ին:
Ծնօղներս բնիկ Արեւմտեան Հայաստանից են՝ Կիլիկիայի Մարաշ եւ Ադանա քաղաքներից:
Ընդամենը մէկ տարի յաճախել եմ մեր թաղի մանկապարտէզը (մեր տունը «Նաիրի» մարզադաշտի հարեւանութեամբ էր, երրորդ մասում):
1962-1972 թթ. սովորել եմ Երեւանի Մուրացանի անւ. թիւ 18 մջն. դպրոցում: Սովորել եմ հիմնականում գերազանց: Տասներորդ դասարանում ուսմանը զուգընթաց նաեւ աշխատել եմ որպէս փականագործ Երեւանի երկաթ բետոնէ կառուցուածքների գործարաններից մէկում: Դպրոցում ունեցել եմ հրաշալի ուսուցիչներ, որոնցից յատուկ երախտագիտութեամբ միշտ յիշում եմ ֆիզիկայի դասատու Վ. Գաբրիէլեանին, հանրահաշուի դասատու Ն. Դանիէլեանին, պատմութեան ուսուցչուհի Ռ. Սարգսեանին եւ յատկապէս հայոց լեզուի ու գրականութեան անփոփոխ ուսուցչուհուս եւ դասղեկիս՝ Լիդա Փիրուզեանին: (Ունեցել եմ նաեւ անյաջող դասատուներ, որոնցից սովորել եմ, թէ ինչ չի կարելի անել, ինչպիսին չի կարելի լինել. սրանց աշխատում եմ չյիշել):
Դրան զուգահեռ՝ 1965-1972 թթ. սովորել եմ նաեւ Արմէն Տիգրանեանի անւ. մանկական երաժշտական դպրոցում՝ Հայկանոյշ Բարսեղեանի թաւջութակի դասարանում: Իմ հիմնական գիտելիքները եւ վերաբերմունքը մշակոյթի ու գիտութեան նկատմամբ ստացել եմ իմ այս նշեալ ուսուցիչներից:
Անշուշտ, շատ շատ եմ սովորել նաեւ իմ ընտանիքում՝ ծնօղներիցս եւ բանասէր, Մատենադարանի գիտաշխատող մօրաքրոջիցս՝ Արմինէ Քէօշկէրեանից:
1973-1978 թթ. սովորել եմ Երեւանի Պետական Համալսարանի ֆիզիկայի բաժնում: Համալսարանն աւարտել եմ ֆիզիկոսի մասնագիտութեամբ եւ աստղաֆիզիկոսի մասնագիտացմամբ: Ուսումնառութեան վերջին տարիներին նաեւ աշխատել եմ Համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոնում որպէս լաբորանտ: Եւ անմիջապէս էլ աշխատանքի եմ նշանակուել Բիւրականի աստղադիտարան:
Երկար տարիներ աշխատել եմ աստղերի եւ միգամածութիւնների ֆիզիկայի բաժնում սկզբում՝ որպէս աւագ լաբորանտ, ապա՝ որպէս կրտսեր գիտաշխատող եւ գիտաշխատող: Զբաղուել եմ բռնկուող աստղերի (նաեւ՝ ՎոլֆՌայէ դասի աստղերի) ուսումնասիրութեամբ, գործուն մասնակցութիւն եմ ունեցել աստղադիտարանում ընթացող դիտողական ծրագրերին: Դիտումներ կատարել եմ հիմնականում Բիւրականի 53 սմ եւ 1 մ Շմիդտի համակարգի դիտակներով: Առանձին փոքր խնդիրների առիթով դիտումներ արել եմ նաեւ Բիւրականի 2.6 մ դիտակով ու նաեւ Ռուսաստանի Յատուկ Աստղադիտարանի 6 մ. աստղադիտակով:
1982 թուականից՝ զուտ աստղաֆիզիկական աշխատանքին զուգընթաց, սկսել եմ ինքնուրոյն զբաղուել նաեւ հայկական օրացոյցին վերաբերող խնդիրներով: Այս բնագաւառի իմ առաջին յօդուածը տպել եմ 1983 թ. «Էջմիածին» հանդէսում:
1992-2002 թթ. Բիւրականի աստղադիտարանում եղել եմ հէնց հայկական օրացոյցների հետազօտութեանը նուիրուած գիտական թեմայի ղեկավար:
1999-ից աշխատել եմ նաեւ նորաստեղծ՝ Վիկտոր Համբարձումեանի Տուն-Թանգարանում, իսկ 2000 թուականից այդ թանգարանի տնօրէնն եմ:
2004-ին պաշտպանել եմ թեկնածուական թեզ եւ ստացել ֆիզիկամաթեմաիկական գիտութիւնների թեկնածուի գիտ. աստիճան:
2005 թուականից նաեւ դասաւանդում եմ տոմարագիտութիւն առարկան մի քանի ԲՈՒՀերում (Գէորգեան ճեմարան« Մխիթարեան ճեմարան« ԵՊՀ): Առաջիկայում տպագրութեան կը յանձնեմ այդ առարկայի առաջին դասագիրքը:
2008ին Բիւրականի աստղադիտարանի գործող տնօրէնի հրամանով ազատուել եմ աշխատանքից: 2009ից Վ. Համբարձումեանի ՏունԹանգարանում իմ աշխատանքին զուգահեռ անցել եմ աշխատանքի Մաշտոցի անւ. Մատենադարանում:
Հիմնական գիտական արդիւնքներս հայկական հին եւ հնագոյն օրացոյցների հետազօտման ասպարէզում են: Ճշգրտել եմ Հայոց Հայկեան օրացոյցի սկիզբը՝ ն.Ք. 2341 թ., Հայոց հնագոյն Ամանորի՝ Նաւասարդի տօնի դիրքը արեւադարձային տարուայ մէջ (ամառնամուտից 8 օր առաջ), ի յայտ եմ բերել Հայոց հնագոյն՝ Նախահայկեան օրացոյցը իր ուրոյն կառուցուածքով (տասնամսեայ տարի եւ շուրջ 60 70օրեայ արտատարեկան ժամանակ), որոշ ճշգրտումներ եմ արել հայկական միջնադարեան օրացոյցների վերաբերեալ (մասնաւորապէս՝ Անանիա Շիրակունու Տոմարի հետ կապուած), ճշգրտել եմ Յովհաննէս Սարկաւագի ժամանակագրական համակարգը եւ այլն:
Երեք տպագրուած եւ մէկ անտիպ մենագրութիւնների հեղինակ եմ, հեղինակել եմ նաեւ շուրջ վաթսուն գիտական յօդուածներ՝ հիմնականում հայկական օրացոյցի, դրա պատմութեան, յարակից խնդիրների եւ աստղաֆիզիկայի որոշ հարցերի վերաբերեալ:
Գրիգոր Բրուտեան
2012 թ. Յունիսի 19
գ. Բիւրական
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |