ԳՐԻԳՈՐ ԴԱՐԱՆԱՂՑԻ
Հայտնի է նաև. Կամախեցի, Գրիգոր Բուք
Ծնվ. մոտ 1576թ., ք. Կամախ (Դարանաղի գավառ):
Մահ. 22.09.1643թ., թաղված է Ռոդոսթոյի (այժմ՝ Թուրքիայում) Ս. Փրկիչ եկեղեցու գավթում:
Ժամանակագիր, Ռոդոսթոյի հայոց թեմի առաջնորդ (1609-43):
Ուսանել է Ծնանառիճի (Կամախ) Ս. Աստվածածին վանքում, այնուհետև` Սեպուհ լ. Քարահատակի դպրոցում:
1590-97-ին եղել է Սեպուհ լ. Ս. Գրիգոր Լուսավորիչ վանքի միաբան,
1600-03-ին հաստատվել Սաղմոսավանքում, որտեղ ընդօրինակել է Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց»-ը (Վիեննայի մատենադարան, ձեռ. № 124):
1608-ին նշանակվել է Ռոդոսթո ք-ի հոգևոր հովիվ,
1609-ին հիմնադրել Ռոդոսթոյի հայոց թեմը:
Հիմնադրել է դպրոցներ, կառուցել աղոթարաններ, վանքեր, եկեղեցիներ (Ռոդոսթոյում՝ Ս. Հովհաննես, Ս. Փրկիչ), մեծ դեր խաղացել Արմաշի վանքի հիմնադրման գործում:
Գործուն մասնակցություն է ունեցել XVII դ. 1-ին կեսի հայ հասարակական և հոգևոր կյանքին, որի շնորհիվ Կ. Պոլսի պատրիարք. աթոռը զերծ է մնացել լատինամետ ազդեցությունից:
ԳՐԻԳՈՐ ԴԱՐԱՆԱՂՑու գլխավոր աշխատությունը 1634-40-ին գրած «ժամանակագրութիւնն» է (ինքնագիր ձեռագիրը պահվում է Երուսսղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարանում):
Երկի առաջին մասն սկսվում է 1018-1539-ին վերաբերող ժամանակագրական համառոտ ցանկով:
Բուն ժամանակագրությունը 1595-1634-ի իրադարձությունների նկարագրություններն են:
Երկրորդ մասը վերաբերում է Ս. Էջմիածնի և Սսի կաթողիկոսական աթոռների 1590-1640-ի պատմությանը:
Երկը ազգային-եկեղեցական պատմության արժեքավոր և ստուգապատում սկզբնաղբյուր է, XVI դ. վերջի և XVII դ. 1-ին կեսի Հայ եկեղեցու պատմության յուրօրինակ հանրագիտարան:
Որպես ժամանակակից և ականատես՝ ԳՐԻԳՈՐ ԴԱՐԱՆԱՂՑԻն պատկերել է Արևմտյան Հայաստանի քաղաքական, տնտեսական ծանր դրությունը, կրոնական և հարկային քաղաքականությունը:
Նկարագրել է ջալալիների (ապստամբներ Օսմ. կայսրությունում՝ XVI-XVII դդ.) շարժման սկիզբն ու վախճանը, մեկնաբանել շարժման սոցիալական դրդապատճառները:
Աշխատությունը եզակի արժեք ունի Թուրքիայի միջնադարյան պատմության ուսումնասիրման համար:
Այն 1915-ին Երուսաղեմում հրատարակել է Մեսրոպ վրդ. Նշանյանը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


