ԴԱՎԻԹ ԲԵԿ

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1728թ.:
Ծառայել է Վրաց թագավոր Վախթանգ VI-ի բանակում:
Սյունիքի մելիքների որոշման համաձայն՝ ԴԱՎԻԹ ԲԵԿն իր զորախմբով 1722թ-ի վերջին եկել է Կապան և գլխավորել օտար զավթիչների դեմ բռնկված ազատագրական շարժումը:
Արագ կազմակերպել է հայկական զորախմբեր, վերականգնել հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական կայուն հենակետեր, սանձել Սյունիք թափանցած վաչկատուն հրոսակախմբերի խժդժությունները:
Հակահարված հասցնելով մահմեդականացած հայ մելիքներ Բաղրին (Տաթևում), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետերի՝ բռնագրավել է նրանց տիրույթները և տվել իր զորահրամանատարներին:
1724-ի սկզբիև Արցախից օգնության եկած Ավան Յուզբաշու զորամասի (2 հազար մարտիկ) հետ հաղթական մարտեր մղելով Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ, ազատագրելով Շինուհայրը, Հալիձորը, Զեյվան, Որոտանը՝ ԴԱՎԻԹ ԲԵԿը Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն՝ Հալիձոր կենտրոնով:
Կազմակերպել է մշտական կարգավարժ բանակ, որը հսկել է ռազմական կարևոր հենակետերը:
1724-25թթ-ին ԴԱՎԻԹ ԲԵԿը և նրա զորահրամանատարներ Թորոսը, Մխիթար Սպարապետը, Ս. Շահումյանը, Տեր-Ավետիսը հաջող մարտեր են մղել շրջակա թշնամիների դեմ, մաքրել Սյունիքը մահմեդական հրոսակ ցեղերից:
1725-27թթ-ին, երբ Թուրքիան ռազմակալել է Այսրկովկասը, առժամանակ ջլատվել են ԴԱՎԻԹ ԲԵԿի ուժերը: Նա փակվել է Հալիձորի բերդում (1727-ի մարտ) և մարտնչել այն պաշարած թուրքական գերակշիռ զորքերի դեմ: Անսպասելի հակագրոհով ջախջախելով թուրք զորքերին՝ ԴԱՎԻԹ ԲԵԿը նրանց մնացորդներին ոչնչացրել է Մեղրիի, Բարգուշատի և Բեխ ավանի մատույցներում:
Վերականգնելով անկախությունը՝ ԴԱՎԻԹ ԲԵԿը 1727թ-ին կապ է հաստատել Պարսից շահ Թահմազ II-ի հետ, որը ճանաչել է նրա իշխանապետությունը Սյունիքում, տվել դրամ հատելու իրավունք:
Սակայն քաղական անբարենպաստ պայմաններում ԴԱՎԻԹ ԲԵԿի փոքրաթիվ ուժերը չեն կարողացել երկար դիմադրել մահմեդական թշնամիների գերակշիռ ուժերին:
1728թ-ի գարնանը թուրքական զորքերը վերստին ռազմակալել են Սյունիքը և Արցախը:
Այդ ժամանակ էլ ԴԱՎԻԹ ԲԵԿն հանկարծամահ է եղել, նրան փոխարինել է Մխիթար Սպարապետը:
1882թ-ին Րաֆֆին գրել է «Դավիթ Բեկ» պատմավեպը, Ա. Տիգրանյանը՝ «Դավիթ Բեկ» օպերան (1941-50), նկարահանվել է «Դավիթ Բեկ» գեղարվեստական ֆիլմը (1944, Հայֆիլմ):
ԴԱՎԻԹ ԲԵԿի անունով փողոցներ են կոչվել Երևանում և ՀՀ այլ քաղաքներում, թաղամաս՝
Կապանում, որտեղ կանգնեցված է նրա հուշարձանը (1978):
Գրակ.
Ընտիր պատմութիւն Դաւիթ Բեգին և Պատերազմաց Հայոց Խափանու..., Վաղարշապատ, 1871: Կնյազյան Հ.Ա., Ազատագրական պայքարը Դավիթ Բեկի գլխավորությամբ, Ե., 1963: Հովհաննիսյան Ա., Դավիթ Բեկի գլխավորած Ղափանի ապստամբությունը, ԲԵՀ, 1970, №1:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

