ԷԴՄՈՆԴ ՔՅՈՍԱՅԱՆ
Կինոռեժիսոր
ծնվ. Հոկտեմբեր 9,1939
մահ.Ապրիլ 21,1994
Ծնվել է Լենինականում: Եղել է դերասանուհի Լաուրա Գևորգյանի ամուսինը: 1952-54թթ սովորել է Մոսկվայի տնտեսագիտական ինստիտուտում, 1954-58թթ` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Աշխատել է պետական էստրադային նվագախմբում` որպես ելույթավար: 1964թ ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, որտեղ աշխատել է Ե.Ձիգանի արվեստանոցում: 1964թ-ից աշխատել է «Մոսֆիլմ», 1972թ-ից` «Հայֆիլմում» կինոստուդիաներում` որպես ռեժիսոր: Նրա ուսանողական կարճամետրաժ աշխատանքներն արժանացել են միջազգային կինոփառատոնների մրցանակների: 1965թ. էկրանավորել է Ա.Սաֆրոնովի «Խոհարարը»: Ռեժիսորին փառք բերեց 1966թ. նկարահանած «Անորսալի վրիժառուներ» ժապավենը: 1970-ականներին անդրադարձել է ազգային հայկական թեմատիկային` նկարահանելով «Տղամարդիկ» և «Մոռացված հեքիաթների կիրճը» ֆիլմերը: 1975թ. նկարահանել է «Երբ գալիս է սեպտեմբերը» ժապավենը, որն արժանացել է Վատիկանի և կինոյի բրիտանական ակադեմիայի գլխավոր մրցանակներին: 1977թ. նկարահանել է «Հուսո աստղ» կինոնկարը, որտեղ գերազանց կերպով արտացոլել է Մխիթար Սպարապետի կողմից ղեկավարված ազգային ազատագրական պայքարը: 1982թ. նկարահանել է հակաֆաշիստական դիմադրության հերոսների մասին պատմող «Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը» և ռեպրեսիաների զոհերի մասին պատմող «Համբարձում» ժապավենները: Ռեժիսորը միաժամանակ հանդես է եկել որպես իր ֆիլմերի սցենարների հեղինակ կամ համահեղինակ: Մահացել է Մոսկվայում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |