TOROS TORAMANYAN HARUTYUNI / ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
Ճարտարապետ, հայկական ճարտարապետության գիտությունների ուսումնասիրության հիմնադիրը:
ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ (1933):
Ծնվ. 18.03.1864թ., Շապին-Գարահիսար:
Մահ. 01.03.1934թ., Երևան:
Սովորել է Կ. Պոլսի գեղարվ-ից վարժարանի ճարտ. բաժնում (1888-93):
Աշխատել է որպես նախագծող ճարտարապետ:
1895-ին մեկնել է Բուլղարիա,
1900-ին տեղափոխվել Ռումինիա:
Եղել է Պարսկաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Հունաստանում, Իտալիայում, 1902-ին՝ Փարիզում, 1903-ին (բանասեր Կ. Բասմաջյանի հետ)՝ Անիում՝ ճարտարապետական հուշարձանների ալբոմ կազմելու մտադրությամբ:
1904-ի գարնանից ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆը սկսել է Զվարթնոց տաճարի հետազոտությունը, ղեկավարել Խաչիկ վարդապետի նախաձեռնած պեղումները,
1905-ին ավարտել Զվարթնոց եռաստիճան տաճարի վերակազմության նախագիծը՝ հայկական ճարտարապետության ուսումնասիրման բարձրագույն նվաճումը, և հրատարակելով «Զվարթնոց եկեղեցին» (1905)՝ հիմք դրել հայկական ճարտարապետության գիտությունների գրականությանը:
1904-12-ին Անիում մասնակցել է Ն. Մառի պեղումներին, ուսումնասիրել ու չափագրել է հուշարձանները, ստեղծել վերակազմության նախագծեր:
ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆի աշխատությունները («Էջմիածնի տաճարը», 1909, ռուս., 1910, հայ., «Տեկորի տաճարը», 1911 ևն), ըստ 1912-ի Կայսեր, հնագիտ. հանձնաժողովի, համաշխ. ճարտ. պատմության մեջ առաջ են բերել հեղաշրջում:
Եվրոպական գիտությունը, որը չէր ընդունում ինքնուրույն հայկական ճարտարապետության գոյությունը, շնորհիվ ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆի աշխատությունների՝ ճանաչել է հայ հին ճարտարապետության գոյությունը:
1913-ին ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆը մասնակցել է Վիեննայի համալսարանի գիտական նստաշրջանին և արվեստի լավագույն աշխատանքի համար արժանացել գլխավոր մրցանակին:
Նրա ուղարկած 1000-ից ավելի գծագրերի ուսումնասիրությունների (նաև անտիպ) և այլ նյութերի հիման վրա Յո. Ստրժիգովսկին Վիեննայում 1918-ին հրատարակել է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գերմաներեն երկհատորյակը՝ առաջաբանում նշելով ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆի մասնակցությունը:
1914-18-ին կորսված (նաև Վիեննայում) հրատարակության պատրաստ ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆի 10-ից ավելի աշխատություններն ու մեծաթիվ այլ նյութեր հնարավորինս վերականգնվել են «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» (կազմ.՝ Կ. Ղաֆադարյան, [հ.] 1-2, Ե., 1942-48) գրքում:
Արևելյան Հայաստանի սահմանափակ տարածքի նյութերով ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆը կարողացել է հայտնագործել հայ ճարտարապետության պարբերացումը, ծագման ակունքները, փոխազդեցությունները և զարգացման գրեթե բոլոր փուլերի հատկանիշները, ոճական ամբողջականությունը՝ հայկական ճարտարապետությանը բերելով միջազգային ճանաչում:
Նրա գործերը սկզբնաղբյուր են դարձել ուսումնասիրողների համար:
ՀՀ ԳԱ 1969-ին սահմանել է ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆի անվ. մրցանակ, որը շնորհվում է հայ ճարտարապետության պատմությանը նվիրված լավագույն աշխատությունների հեղինակներին:
Երկեր.
Նամակներ (կազմ.՝ Ն. Թորամանյան), Ե., 1968:
Զվարթնոց, Գագկաշեն, Ե., 1984:
Գրակ.
Հարությունյան Վ. Մ., Թորոս Թորամանյան, Ե., 1984:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |