LEVON SHANT / ԼԵՎՈՆ ՇԱՆԹ
Գրող, մանկավարժ, հասարակական գործիչ:
Ծնվ. 1869թ., Կ. Պոլիս:
Մահ. 29.11.1951թ., Բեյրութ:
Սովորել է Կ. Պոլսի Սկյուտարի, էջմիածնի Գևորգյան (1884-91) ճեմարաններում, Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում (1892-99):
1899-ից ուսուցչություն է արել Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում:
Եղել է «Վերնատուն» գրական խմբակի անդամ:
Հ. Թ. Թումանյանի և Ս.Դ. Լիսիցյանի հետ կազմել և հրատարակել է «Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը:
1915-ից ապրել է Եվրոպայում,
1919-ին վերադարձել է Այսրկովկաս:
Ընտրվել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր (ՀՀԴ):
1920-ի ամռանը գլխավորել է Խորհրդային Ռուսաստանի հետ բանակցելու համար Մոսկվա ուղևորված պաշտոնական պատվիրակությունը:
1921-ից ապրել է տարբեր երկրներում (Իրան, Ֆրանսիա, Եգիպտոս), զբաղվել է ուսուցչությամբ և գրական աշխատանքով:
1929-ին հաստատվել է Բեյրութում:
1890-ական թթ. հրատարակել է բանաստեղծություններ և «Լերան աղջիկը» պոեմը:
«Սնաք բարովի իրիկունը» (1891), «Երազ օրեր» (1894), «Դուրսեցիները» (1895), «Վերժին» (1897), «Դարձը » (1899), «Դերասանուհին» (1899), «Կինը» (1912) վիպակներում արծարծել է հասարակական պարտքի և անձնական ձգտումների հակադրության հարցեր:
ԼԵՎՈՆ ՇԱՆԹի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ ամենից ավելի կապվում է նրա դրամատուրգիային:
«Եսի մարդը» (1904), «Ուրիշի համար» (1905-06), «ճամբուն վրայ» (1909) դրամաները արծարծում են անհատի և հասարակության փոխհարաբերության, ազգային-ազատագրական հարցեր:
«Հին աստուածներ» (1909, հրտ.՝ 1912), «Կայսր» (1916), «Շղթայուածը» (1921), «Ինկած բերդի իշխանուհին» (1923), «Օշին պայլ» (1932) դրամաներում տվել է պատմական միջավայրի ճշմարտացի պատկերը, առաջադրել ազգային և սոցիալ-հոգեբանական խնդիրներ:
ԼԵՎՈՆ ՇԱՆԹ-ի դրամաները, հատկապես «Հին աստվածները» և «Կայսրը», հայ գրակամության և թատրոնի պատմության մեջ խորհրդապաշտության ամենացայտուն դրսևորումներից են:
«Հին աստվածներ» դրամայում ԼԵՎՈՆ ՇԱՆԹը բարձրացրել է աշխարհիկ և հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների և գործողության ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների հարցերը:
1945-ին լույս է տեսել ԼԵՎՈՆ ՇԱՆԹի «Հոգիները ծարաւի» հոգեբանական վեպը:
Կազմել է հայոց լեզվի դասագրքեր, գրել գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, գիտահոգեբանական, պատմագիտական աշխատություններ:
Թարգմանել է Մ. Լերմոնտովի, Է. Վոյնիչի, Հ. Իբսենի գործերից:
Երկեր.
Երկ., հ. 1-9, Բեյրութ, 1946-52:
Ընտ. երկ., Ե., 1968:
Երկ., Ե., 1989:
Անկախությունը պահանջ ազգային գոյության, Ե., 1991:
Գրակ.
Գրական ասուլիսներ. Լեւոն Շանթի «Հին աստուածները», ԿՊ, 1913:
Տերտերյան Ա., Լեւոն Շանթ: Սեռի եւ դասալքութեան երգիչը, Վաղարշապատ, 1913:
Սարգսյան Խ., Լեւոն Շանթ, Ե., 1930:
Վաղարշյան Վ., Ընկերներս, բարեկամներս և ես, Ե., 1959:
Հախվերդյան Լ., Հայ թատրոնի պատմություն, Ե., 1980:
Սարինյան Ս., Լևոն Շանթ, Ե., 1991:
Փանոսյան Ս., Լևոն Շանթ: Կյանքը և ստեղծագործությունը, Ե., 1992:
Տեր-Խաչատրյան Ա., Մատենագիտութիւն Լեւոն Շանթի, Բեյրութ, 1969:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |