XACHATUR ABOVYAN / ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ
Գրող,
մանկավարժ,
բանագետ-ազգագրագետ,
լուսավորիչ,
հայ նոր գրականության ու մանկավարժության հիմնադիր։
Ծնվ.` 15.10.1809թ., գ. Քանաքեռ (այժմ` Երևանի շրջագծում):
Անհետացել է 2(14). 4. 1848:
1819-22-ին սովորել է Էջմիածնի վանական,
1824-26-ին` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում,
1830-35-ին ուսանել է Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանում,
1827-28-ին ուսուցչություն է արել Հաղպատի և Սանահինի վանական դպրոցներում,
1829-30-ին Էջմիածնում եղել է կաթողիկոսի և սինոդի թարգմանիչ ու քարտուղար։
1829-ի հոկտեմբերի 9-ին Դորպատի համալսարանի պրոֆ. Ֆ. Պարրոտի արշավախմբի հետ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆը բարձրացել է Արարատ լեռան գագաթը և այդ «սրբապղծության» համար հալածվել հոգևորականների կողմից:
1837-43-ին` Թիֆլիսի գավառ, դպրոցի տեսուչ և ուսուցիչ,
1843-48-ին` Երևանի գավառական դպրոցի տեսուչ:
1848-ի մարտին նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ:
Իշխանությունները խոչընդոտել են ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆի լուսավորչական գործունեությունը:
1848-ի ապրիլի 14-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:
Աբովյանը թողել է գրական հարուստ ժառանգություն` հայերեն, ռուսերեն, գերմաներեն:
Առաջին բանաստեղծությունները (գրաբար) արտացոլել են ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆի ռոմանտիկ աշխարհընկալումը («Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց», 1824, «Սրբաճեմ ոտից տեառն գթութեանց», 1824):
1820-ական թթ. գրել է սիրո և կարոտի տաղեր:
Նրան մտատանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, երազանքի և աններդաշնակ իրականության հակադրությունները («Զգացմունք ցաւալի սրտիս...», «Զի՞նչ այս դառն հարուած...», «Գարուն», «Սէր առ հայրենիս», 1831-35)։
Գրել է առակներ, պատմվածքներ, ուղեգրություններ, ճամփորդական խորհրդածություններ («Պարապ վախտի խաղալիք», 1838-41, «Թուրքի ախչիկը», «Նոր վերելք Արարատի գագաթը», 1847):
Հայ նոր գրականության մեջ շրջադարձային եղավ Աբովյանի «Վերք Հայաստանի» (1841, հրտ.` 1858) պատմավեպը:
Այն ԱՌԱՋԻՆ հայ վեպն է, որով էլ սկզբնավորվել է հայկական ռոմանտիզմը:
Վեպում պատկերված են հայ ժողովրդի վիճակը Պարսկաստանի ու Թուրքիայի տիրապետության օրոք, նրա ազգային-ազատագրական պայքարը և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին:
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆը ցույց է տվել հայ ժողովրդի պատմական ճակատագրի ողբերգությունը, հայրենիքի վերածնության հույսը կապել ազգային համախմբման, կրթության և լուսավորության տարածման հետ:
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆն ազգապահպան կարևոր գործոն է համարել լեզուն և հավատը, ժողովրդին հասկանալի աշխարհաբարը դարձրել է գրական լեզու:
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆն առաջ է քաշել ընդհանուր գրագիտության խնդիրը, մարդու բարոյական կատարելագործման ուղին տեսել գեղեցիկ արվեստների ու լուսավորության տարածման մեջ:
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆի ստեղծագործություններն արժեքավոր ներդրում են հայ նոր պատմագրության մեջ («Մեկ երկու խոսք էլ հայոց վրա», «Ուղևորություն դեպի Անիի ավերակները»)։
Ըստ նրա` պատմական անցյալը պետք է դառնա ազատագրական պայքարի արդիական հարցերը լուծելու ազդակ:
Ստեղծել է ռուս-հայերեն ԱՌԱՋԻՆ զուգադրական քերականությունը:
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆի մանկավարժական ըմբռնումները ձևավորվել են Ռուսոյի, Յո. Պեստալոցիի, Ֆրւսնկեի հայացքների ազդեցությամբ:
Նրա մանկավարժական հայացքներն ու սկզբունքները մարմնավորված են «Նախաշաւիղ»–ում, «Պատմութիւն Տիգրանի կամ Բարոյական խրատներ մանուկների համար» վեպում (1840-ական թթ.)։
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆը սկզբնավորել է հայ ազգագրությունը («Գիւղական տների կառուցուածքը», 1835, «Ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի կեանքի...»,1840), բանագիտությունը, հիմք դրել քրդագիտությանը Հայաստանում («Քրդեր», «Եզդիներ», 1846):
Թարգմանել է Հոմերոսի, Վ. Գյոթեի, Ֆ. Շիլլերի, Ն. Կարամզինի երկերից:
ՀՀ-ում ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆի անունով կոչվել են քաղաք, պուրակներ, փողոցներ, դպրոց, մեդալ, մրցանակ, կրթաթոշակ, համալսարան (ՀՊՄՀ)։
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆի արձանը կանգնեցված է Երևանում և Քանաքեռում, որտեղ և գտնվում է նրա տուն-թանգարանը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |