ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑԻ (Գետիկցի, Արեվելցի)

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կրթական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Պատմիչ, վարդապետ, րաբունապետ:

Ծնվ. մոտ 1201/1203թ., Նոր Գետիկ:
Մահ. 1271թ.:

Ծնվել է «Գանձակի երկրռւմ» (Գանձակեցի է անվանվել XVII դարից):
Վաղ մանկությունից սովորել է Նոր Գետիկի վանքում (հետագայում՝ Գոշավանք)՝ Վանական Վարդապետի մոտ՛.
1215-ից հետո ուսուցչի հետ տեղափոխվել է Տավուշ՝ Խորանաշատի վանք,
1225-ին՝ Լորուտ:
1236-ի գարնանը գերվել է մոնղոլների կողմից (նրանց բանակում եղել է թարգմանիչ ու գրագիր), այնուհետև փախել է և ապաստանել Նոր Գետիկում:
1250-ին մասնակցել է Գավիթ Սարեցու բանադրմանը,
1251-ին՝ Հռոմի Ինոկենտիոս IV պապի Հավատո թղթի պատասխանը գրելուն:

Ենթադրվում է, որ Վանական Վարդապետի մահից (1251) հետո գլխավորել է Նոր Գետիկի վանքի դպրոցը:
1255-ին Նիգ գավառի Վարդենիս գ-ում հանդիպել է Հեթում Շեն և գրառել նրա հայտնած տեղեկությունները:

ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑին մտերիմ է եղել ժամանակի նշանավոր ռազմաքաղաքական գործիչներ Պռոշ, Քուրդ, Գրիգոր ու այլ իշխանների և ուսումնակից Վարդան Արևելցու հետ, որը նրա պատվերով կատարել է (1265) Երգ երգոցի մեկնությունը:
1268-69-ին այցելել է Կիլիկյան Հայաստան, այնուհետև վերադարձել Նոր Գետիկ:

ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑու գլխ. երկը շուրջ հազար տարվա ընդգրկում ունեցող «Հայոց պատմությունն» է: Բաղկացած է «Առաջաբանից» (որտեղ թվարկված են մատենագիրները՝ Ագաթանգեղոսից մինչև Վանական Վարդապետ) և 65 գլխից: Բաժանված է երկու մասի: Առաջինը Գրիգոր Ա Լոաավորչի և թաթար-մոնղոլական արշավանքների միջև ընկած ժամանակաշրջանի համառոտ, երկրորդը՝ մոնղոլների առաջին արշավանքների և Հայաստանում նրանց տիրապետության սկզբնական շրջանի հանգամանալի պատմությունն է: Սկզբնաղբյուր են ծառայել օտար ու հայ հեղինակների (Եվսեբիոս Կեսարացի, Սոկրատես Աքոլաստիկոս, Մովսես Կաղանկատվացի, Սամվել Անեցի Վանական Վարդապետ և այլոք) երկերը, արձանագրություններ, աստվածաբանական, եկեղեցական, կանոնական փաստաթղթեր, դիվանական վավերագրեր, նամակներ, բանավոր տեղեկություններ ևն:
Երկի երկրորդ մասում ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑԻն, որպես դեպքերին ականատես, տեղեկություններ է հաղորդում մոնղոլների՝ Հայաստան կատարած արշավանքների, լեզվի, կենցաղի, բարքերի, հասարակական կառուցվածքի, Հուլավյանների պետության քաղաքական, տնտեսական պատմության, Հայաստանի հայ իշխանների, Կիլիկիայի հայկական պետության և մոնղոլների փոխհարաբերությունների մասին:
Պատմությունը կարևոր նշանակություն ունի նաև հիշյալ իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող այլ աղբյուրների (իրանական, արաբական ևն) արժանահավատությունն ստուգելու առումով:

Այն գնահատել և օգտագործել են ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑու ժամանակակիցները՝ Վարդան Արևելցին, Մխիթար Այրիվանեցին, հավանաբար նաև պարսիկ պատմիչ Ռաշիդ էդ Դինը (1247-1318) և այլոք:

ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑու երկը մեզ է հասել 47 ընդօրինակություններով (31-ը պահվում է Մատենադարանում, մնացածը՝ Վիեննայի, Փարիզի, Լոնդոնի, Կ. Պոլսի, Ս. Պետերբուրգի մատենադարաններում ու գրադարաններում և մասնավոր հավաքածուներում):

Առաջին անգամ հրատարակվել է 1858-ին, Մոսկվայում, գիտաքննական հրտ.՝ 1961- ին, Երևանում՝ Կ. Ա. Մելիք-Օհանջանյանի աշխատասիրությամբ:
Ֆրանսերեն լույս է տեսել 1870-ին՝ Ս. Պետերբուրգում, ռուս.՝ 1976-ին, Մոսկվայում:
Առանձին հատվածներ ռուս., ֆրանս., անգլ. և լատ. տպագրվել են դեռևս XIX դ.:

ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑԻն գրել է նաև թղթեր (մեզ չեն հասել)՝ ուղղված Վանական Վարդապետին, Վարդան Արևելցուն և այլոց, Աստվածածնի Վերափոխման շարականը, Պողոս եպիսկոպոսի վարքը (զետեղված է 1253-69-ին իր իսկ հարմարեցրած և լրացրած «Յայսմաւուրքում». պահվում է Վիեննայի Մխիթարյան մատենադարանում):

Երկեր.
Հայոց պատմություն, Ե., 1982:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4068
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • /image/?type=album&prefix=album&img_id=137784671637121556_kirakos_gandzakeci.jpg

© "5165m" studio
top
top
font
color
bott