HAYK MELIQYAN / ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆ
Դաշնակահար:
Հայկ Մելիքյանը համաշխարհային ունկնդրի և քննադատների կողմից ճանաչված է որպես Հայաստանի առաջատար երաժիշտներից մեկը, ով իր վառ երևակայությամբ և վիրտուոզ կատարողականությամբ մեր օրերի համաշխարհային դաշնամուրային արվեստում զբաղեցրել է իր եզակի հարթակը: Նրա միջազգային բեմելը տեղի է ունեցել 2000թ. Հռոմում` "Concerto di Concerti" 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում: Նա ակտիվ համերգային գործունեություն է վարում Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային ամերիկաների բազում երկրներում:
2000թ. Հռոմում կայացած "Premio Valentino Bucchi" 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային դաշնամուրային մրցույթում 2-րդ մրցանակին արժանանալուց հետո, ժամանակակից երաժշտությունը զբաղեցրեց նրա նվագացանկի գերակշիռ չափաբաժինը: Հայկ Մելիքյանը բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, այդ թվում` "Yvar Mikhashoff Trust for New Music" (Բուֆֆալո, ԱՄՆ, 2012), Օրլեանի միջազգային դաշնամուրային մրցույթի "Սամսոն Ֆրանսուայի" և "Անդրե Բուկուրեշլիևի" անվան մրցանակներ (Ֆրանսիա, 2008, 2012), Ղազարոս Սարյանի անվան կոմպոզիտորների մրցույթի 1-ին կարգի մրցանակ (Երևան, ՀՀ, 2008), "Ibla Grand Prize" դաշնամուրային մրցույթի հատուկ մրցանակ (Ռագուսա, Իտալիա, 1999) և այլն:
Հայկ Մելիքյանը հայ և օտարազգի շատ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է, որոնցից շատերը հատուկ գրվել են նրա համար: Այս գործունեությունը հանգեցրեց դաշնակահարին 2009թ. հիմնելու "1900+" համերգաշարը` նվիրված 20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտությանը: 2007թ. ի վեր Հայկ Մելիքյանի կատարումները թողարկվում են ինչպես սոլո ալբոմների ձևաչափով, այնպես էլ` հավաքածուներում:
Նրա դաշնամուրային փոխադրումները, համերգային պարաֆրազներն ու մշակումներն աշխարհի շատ դաշնակահարների նվագացանկի անբաժանելի մասն են: Շնորհիվ դաշնակահարի ստեղծարար երևակայության` նա միջազգային ունկնդրի կողմից ձեռք է բերել որպես իմպրովիզացիայի բացառիկ տաղանդի տեր վարպետի համբավ, ինչը դաշնակահարի մենահամերգներին հաղորդում է արտասովոր երանգ:
* * * *
"Դուք ասում եք գոյության տոնական զգացողություն, ասում եք ապրելու անխառն ուրախություն… Կարծում եմ սրանք և այս շարքի շքեղությունները Հայկ Մելիքյանն առավել խորքով վայելում է այն պահերին, երբ դաշնամուրի առջև է, երբ նվագում է: Այս պահերին է, որ նա հավասարապես մերթ դաշնակահար է, մերթ կոմպոզիտոր: Ապրվող մնացյալ ժամերը նա նվիրում է այս պահերն առավել հասուն դարձնելուն, հնարավոր խորքով կայացնելուն:
Ինչ կա ավելի հրաշալի, քան երբ մեկը ինքն է ստեղծում իր ուրախությունը` վայելելու համար այն և բաժանելու նրանց, ովքեր ունակ են այդ ուրախությունը իրենցը դարձնելու":
Տիգրան Մանսուրյան
* * * *
"Ամեն անգամ, երբ ես լսում եմ այն, հմայվում եմ մի համակող կրքով, անկոտրունությամբ, որը հիրավի բխում է Միշել Կարսկու դաշնամուրային պիեսից: Եվ ես մեծապես երախտապարտ եմ Հայկ Մելիքյանին, որ նա ռիսկի դիմեց կատարելու այդ պիեսը: Նրան պետք է լսել առանց նախապաշարմունքների, պարզապես թողնել, որ այս յուրօրինակ և այդքան անձնական լեզուն բացի դռներն առ գրություն, որն ապրել և տառապել է իր ստեղծողը":
Գյորգի Կուրտագ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |