HRACHYA QOCHAR - Hrachya Gabrielyan Qochari / ՀՐԱՉՅԱ ՔՈՉԱՐ - Հրաչյա Գաբրիելյան Քոչարի
Արձակագիր
Ծնվ. 19.01.1910թ.:
Մահ. 02.05.1965թ.:
Ծնվել է Բագրևանդ գավառի Նպատ լեռան ստորոտում գտնվող Ղումլիպուճախ գյուղում:
Գաղթի ճանապարհին մահացել է մայրը, իսկ 1918թ.` հայրը` հայտնի խմբապետ Քոչոն, ով կռվել է Անդրանիկի ջոկատում:
Եղել է գառնարած, հանքափոր Ալավերդու հանքերում: Այնուհետև տեղափոխվել է Երևան ու ընդունվել պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ:
Առաջին պատմվածքը` «Խաջե», լույս է տեսել 1931թ., «Նոր ուղի» ամսագրում։
1934թ. խմբագրել է քրդերեն «Ռյա թազա» թերթը և եղել ԽՍՀՄ Գրողների միության անդամ:
Հոր անունը դարձրել է գրական անուն:
1939թ., կուսակցական տույժ ստանալուց հետո, մնացել է անաշխատանք, ապա Մ.Սարյանը նրան տեղավորել է իր ղեկավարած Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում:
Ոտքով շրջել ու ուսումնասիրել է հայկական վանքերի ու մատուռների վիճակը, և այդ աշխատանքներն ամփոփել «Գորիսի և Սիսիանի շրջանների ալբոմ-ուղեցույցի» մեջ:
1941թ. կամավոր մեկնել է ռազմաճակատ, թեև գրողները «բրոնյա» ունեին և կարող էին խուսափել պատերազմին մասնակցելուց: Ստալինգրադի ճակատամարտերում աչքի ընկած խիզախությունների համար պարգևատրվել է «Կարմիր աստղ» և այլ շքանշաններով ու մեդալներով:
1942թ. լույս է տեսել «Հերոսների ծնունդը», իսկ մեկ տարի անց` «Նախօրյակին» պատերազմական ակնարկների և պատմվածքների ժողովածուները: Ռազմաճակատային պատմվածքների մեջ առանձնանում է «Գեներալի քույրը» պատմվածքը, որն առաջին անգամ տպագրվել է 1945թ., «Պրավդա» թերթում:
Հետագայում այս պատմվածքը թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով, ներառվել խորհրդահայ դասագրքերի ծրագրերում:
Ստեղծել է «Մեծ տան զավակները» երկհատոր վեպը:
Կյանքի վերջին տարիներին տպագրել է «Սպիտակ գիրքը», որում զետեղված «Նահապետը», «Կարոտը» և «Եփրատի կամրջին» վիպակները արձակագրի լավագույն գործերն են:
1946-51թթ եղել է Հայաստանի Գրողների միության վարչության քարտուղարը, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիրը։
1954թ. եղել է «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիրը:
Գրել է «Հյուսիսային ծիածան» («Հայֆիլմ», 1961թ.) կինոնկարի սցենարը։ Պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով։ «Նահապետ» վիպակի համար, 1967թ. արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում:
Քոչարի անունով Երևանում կոչվել է փողոց:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |