ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
Տպագրիչ, գրահրատարակիչ, լեզվաբան, արքեպիսկոպոս:
Նույն ինքը Ոսկան Ղլիճենց, Ոսկան վարդապետ:
Ծնվ. 1614թ., Նոր Ջուղա:
Մահ. 04(14).02.1674թ., Մարսել:
Սովորել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում (Խաչատուր Կեսարացու դպրոցում):
1629-ին մեկնել է Էջմիածին, ապա՝ Երևան. Մելքիսեթ Վժանեցու մոտ ուսումնառությունից հետո վերադարձել է Նոր Ջուղա:
1634-ին Փիլիպոս Ա Աղբակեցու հրավերով կրկին գնացել է Էջմիածին, եղել է Ուշիի Ս. Սարգիս վանքի վանահայրը, որտեղ դոմինիկյան վանական, գիտնական Պաուլո Պիրոմալլիից լատիներենի, փիլիսոփայության, երկրաչափության, աստղաբաշխության դասեր է առել, իսկ նրան ուսուցանել հայերեն:
1662-ին Հակոբ Ջուղայեցու հանձնարարականով մեկնել է Եվրոպա՝ Աստվածաշունչը հայերեն հրատարակելու:
1664-ի աշնանը ստանձնել է Ամստերդամի Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի անվ. տպարանի տնօրինությունն ու 1666-ի մարտի 11-ին իր աշակերտներ Կարապետ Անդրիանւսցու և Օհան Երևանցու հետ սկսել ու 1668-ին ավարտել է Աստվածաշնչի տպագրությունը:
Այստեղ Ո. Ե. հրատարակել է ևս 14 անուն գիրք, այդ թվում՝ «Հանդերձ Աստուծով: Գիրք այբուբենից՝ յաղագս նորեկ տղայոց եւ մանկանց...» (1666), իր հեղինակած «Քերականութեան գիրք...»-ը, Նոր կտակարան (1668), Մովսես Խորենացուն վերագրվող «Գիրք աշխարհացը»՝ միջնադարյան հայ առակների ժող-ի («Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեան, որ է Աղուէսագիրք») հետ (1668), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանցը» (1669), Շարակնոց (1665, 1669):
1669-ին տպարանը փոխադրել է Լիվոռնո,
1672-ին՝ Մարսել, հրատարակել ևս 8 անուն գիրք, այդ թվում՝ առաջին անգամ Գրիգոր Նարեկացու Մատյանը՝ «Գիրք աղօթից» (մնացել է անավարտ), առաջին տպագիր աշխարհաբար, նաև առաջին տպագիր թվաբանության գիրքը՝ «Արհեստ համարողութեան» (1675):
Տպարանը, որը ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑու պատվին կոչվել է Ոսկանյան, գործել է մինչև 1686-ը, հրատարակել 40 անուն հայերեն գիրք:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻն հայ հին տպագրության ամենախոշոր դեմքն է Հակոբ Մեղապարտից հետո:
Գրակ.
Զարբհանալյան Գ., Պատմութիւն հայկական տպագրութեան, Վետ., 1895:
Լեո, Հայկական տպագրութիւն, հ. 1, Թ., 1904:
Լեվոնյան Գ., Հայ գիրքը Ս տպագրության արվեստը, Ե., 1958:
Իշխանյան Ռ., Հայ գրքի տպագրություն, հ. 1, Ե., 1977:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


