JIVANI / ՋԻՎԱՆԻ
Նույն ինքը՝ Սերոբ Լևոնյան Ստեփանի:
Աշուղ, ժողովրդական երգիչ:
Ծնվ. 1846թ., գ. Կարծախ (այժմ՝ Վրաստանի Ախալքալաքի շրջանում):
Մահ. 05.03.1909թ., Թիֆլիս:
Փոքր տարիքից համբավավոր աշուղ Ղարա Ղազարի (Սիայի) մոտ յուրացրել է աշուղական արվեստի կանոնները, սովորել նվագել քյաման, ջութակ, հորինել երգեր:
1866թ-ին հանդիպել է Սազայուն, որի հետ մտերմանալով՝ 1867թ-ի գարնանը մեկնել է Թիֆլիս:
1868-95թթ-ին ապրել է Ալեքսանդրապոլում (նրան հոգատարությամբ են շրջապատել աշուղներ Զահրին, Մալուլը, Ղեյրաթին, Ֆիզային), այնուհետև՝ Թիֆլիսում:
Որոշ ժամանակ անց ընտրվել է «ուստաբաշի» (գլխ. վարպետ):
Մինչև 1880-ական թթ. ՋԻՎԱՆու երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում:
1870-90-ական թթ. հայ հասարակական մտքի և ազգային-ազատագրական շարժման վերելքի տարիներին ՋԻՎԱՆու սիրային, քնարական երգերին փոխարինելու են եկել բողոքի և ըմբոստության երգերը:
Նրա բոլոր երգերում առկա է ազատախոհությունը. շատ գաղափարներ աշուղն արտահայտել է այլաբանորեն («Այծյամ», «Սիրուն հավ», «Ես մի ծառ եմ ծիրանի», «Հոյ տառը» և այլն):
Քարոզել է հետևել լուսավորությանը և գիտությանը, սիրել հայրենիքն ու ընտանիքը, հորդորել երբեք չհուսահատվել, քանի որ «ձախորդ օրերը կուգան ու կերթան» («Ձախորդ օրերը»):
Նա երգել է համերաշխություն, եղբայրություն, հայրենիքը, մաքուր ու անարատ սերը («Պաղ աղբյուրի մոտ», «Նազելույս ամպ է իջել»):
ՋԻՎԱՆին հրապարակախոս է, փիլիսոփա, բարոյագետ: Նա աշուղական երգը մաքրել է արևելյան ճոռոմաբանությունից, օտար բառերից, ստեղծել բանաստեղծական պարզ ու անպաճույճ լեզու՝ նպաստելով նաև գրական աշխարհաբարի զարգացմանը:
Մեզ է հասել ՋԻՎԱՆու շուրջ 1200 երգ:
ՋԻՎԱՆին շարունակել և խորացրել է Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ու Սայաթ-Նովայի զարգացրած՝ որևէ երգի համար հատուկ եղանակ հորինելու ավանդույթը («Քո փափագով», «Ընկերը », «Այծյամ», «Ձախորդ օրերը» և այլն):
Օգտվել է նաև ավանդական աշուղական եղանակներից, դրանք ներկայացրել նորովի:
ՋԻՎԱՆին հայ աշուղական երգի ելևէջային ոճը հարստացրել է բուն ժողովրդական (գեղջկական) երաժշտության տարրերով և ստեղծել իր անհատական գրելաձևը:
Նրա երգերին բնորոշ են խոսքային և վոկալ ինտոնացիաների միաձուլումը, զգացմունքի խորության զուգորդումը արտահայտման վիպականության հետ («Ձախորդ օրերը», «Ազգ իմ», «Ավարայրի դաշտը», «Սպիտակ մազեր», «Փորձը մարդուն»):
Եղանակները կենսահաստատ են, դրանց ձայնակարգային հիմքը հարուստ է, ռիթմը՝ բազմազան:
ՋԻՎԱՆին ասերգի վարպետ է («Խելքի աշեցեք»):
Վիպականորեն հանդարտ ու ծավալուն «պատմողականությամբ» միջնադարյան տաղերին է նմանվում «Առավոտյան քաղցր հովիկը » երգը, քաղաքային ժողովրդական ոճի օգտագործման նմուշ է «Քույրերիս մեջ» երգը, որի եղանակը սերում է միջնադարյան նախօրինակից:
ՋԻՎԱՆին կատարել է նաև ուրիշների երգերը, դրանց համար հարմարացրել կամ հորինել է եղանակներ («Անի քաղաք»):
ՋԻՎԱՆու երգերը հեղինակից գրի են առել Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, Ա.
Բրուտյանը, հետագայում (այլ աշուղների երգածից)՝ Ս. Դեմուրյանը, Ռ. Մելիքյանը:
ՋԻՎԱՆին հայ աշուղական արվեստը բարձրացրել է նոր մակարդակի, ստեղծել իր դպրոցը:
Նրա երգերը տարբեր կատարումների համար մշակել են շատ հայ կոմպոզիտորներ:
* * * *
«Օտար երկրի դրախտից Հայրենյաց բանտը լավ է»:
«Հացիս, կրոնիս, հավատիս մի կպչիր»:
«Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը»:
«Կյանքդ նվիրես ընկերի լավին, քիչ է դարձյալ»:
Ջիվանի
* * * *
«Աշուղ Ջիվանին յուր ոչ մի երգը դատարկ տեղը չի հորինել, այլ մի պատճառ է ունեցել. մի պահանջ, մի բողոք կյանքի փոփոխվող պայմաններից»:
Գարեգին Լևոնյան, արվեստաբան, աշուղագետ (Ջիվանու որդին)
* * * *
Սիրելի Ջիվան, ընկերդ իմ հոգու, Մարդկային սիրտը հասկանում ես դու,
Եվ քո գույները երգիդ հարազատ, Լի են հուզմունքով անկեղծ և ազատ...
Հովհաննես Թումանյան, բանաստեղծ
* * * *
Երկեր.
Երգեր, Ալեքսանդրապոլ, 1882:
Ջիւանու քնարը, հ. 1-2, Թ.-Վաղարշապատ, 1900, 1904:
Երգերի ժող., Ե., 1936:
Ջիվանու քնարը (առաջաբանը՝ Ա. Սահակյանի), Ե., 1959:
Երգեր (նոտագրված, կազմողներ՝ Մ. Աղայան, Շ. Տալյան), Ե., 1955:
Անհայտ երգեր, Ե., 1996:
Երգեր (առաշաբանը, ծանոթագր.՝ Ա. Սահակյանի), Ե., 1988:
Ծիրանի ծառ, Հատընտիր, Ծ., 1996:
Ջիվանի-150, անհայտ երգեր, Ե., 1996 (կազմ, և առաշաբանը՝ Թ. Պողոսյանի):
Գրակ.
Սահակյան Ա., Հայրենաշունչ քնար, Ե., 1965:
Գրիգորյան Շ., Իմ Ջիվանին, Ե., 1997:
Ջիվանի- 150 (Աշուղի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժող.), Ե., 1996:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |