ՍՈՒՐԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍՄԲԱՏԻ
Խորհրդային Միության հերոս (16.05.1944, հետմահու), ավագ սերժանտ:
Ծնվ. 08.11.1911թ., գ. Տաթև (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում):
Մահ. 18.09.1943թ., գ. Կուրբատսկայա՝ ՌԴ Նովոռոսիյսկի շրջան:
Սկզբնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում:
Հայրենական պատերազմի (1941-45) ժամանակ մարտնչել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում:
Հերոսի կոչման արժանացել է Նովոռոսիյսկի մերձակա Կուրբատսկայա բնակավայրի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար (կրծքով ծածկել է թշնամու գնդացրի հրակնատը):
* * * *
Հայրենական պատերազմի առաջին ամիսներին զորակոչվել է Խորհրդային բանակ: Հայկական 89-րդ դիվիզիայի 526-րդ հրաձգային գնդում Սուրեն Առաքելյանը մասնակցել է Կովկասում մղված մարտերին:
1943թ. սեպտեմբերին համառ արյունահեղ մարտեր էին մղվում Նովոռոսիյսկի ուղղությամբ: Ավագ սերժանտ Սուրեն Առաքելյանը ջոկը համարձակորեն մարտի է տանում զորամասի առջևում: Վիրավորվում է դասակի հրամանատարը: Ս. Առաքելյանը դասակի հրամանատարությունը վերցնում է իր վրա և մարտի տանում զինվորներին: Թշնամին բարձունքից կրակի տակ է առել և ստեղծել ուժեղ կրակային գիծ: Մարտական առաջադրանքներ էր տրված գրավել բարձունքը: Ս. Առաքելյանը իր դասակի մարտիկների առջևից գրոհում է դեպի բարձունքը: Առաքելյանը սողալով մոտենում է թշնամու դզօտին, երկու նռնակ նետում և լռեցնում կրակակետը: Դասակի մարտիկները զոհվում են: Սակայն աջ թևից գերմանացիները գնդացրային կրակ են բացում դզօտից: Սուրեն Առաքելյանը անմիջապես որոշում է խափանել այն և նետվում է դեպի դզօտի հրակնատը: Արիասիրտ մարտիկները ձեռնամարտի են բռնվում և ոչնչացնում ֆաշիստներին: Սուրեն Առաքելյանը հերոսաբար զոհվում է: Բարձրունքի վրա երևում է կարմիր դրոշը: Բարձրունքը գրավված է, մարտական առաջադրանքը կատարված է և ապահովված է գնդի մարտիկների առաջխաղացումը: Սուրեն Առաքելյանի սխրանքը արագորեն տարածվեց զորամասից զորամաս: Քաջազուն սյունեցին փակելով գնդացրի հրակնատը կյանքի գնով հաղթանակի ուղի հարթեց զորամասի համար:
Հետմահու Սուրեն Առաքելյանին շնորհվեց Խորհրդային միության հերոսի կոչում:
ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Կարմիր բանակի գեներալներին, սպայական, սերժանտական և շարքային կազմին ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԻ կոչում շնորհելու մասին:
Գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարի ճակատում հրամանատարության մարտական առաջադրանքները օրինակելիորեն կատարելու և այդ ժամանակ ցուցաբերած խիզախության ու հերոսության համար, շնորհել ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԻ կոչում, հանձնելով «ԼԵՆԻՆԻ» շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ.
7. Ավագ սերժանտՍՈՒՐԵՆ ՍՄԲԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ`
Մ. ԿԱԼԻՆԻՆ
ՍՍՌՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ`
Ա. ԳՈՐԿԻՆ
Մոսկվա, Կրեմլ, 16 մայիսի 1944 թ.
Նյութն արտատպված է՝ syunik.wordpress.com-ից
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |