ՓԻԼԱՐՏՈՍ ՎԱՐԱԺՆՈՒՆԻ
Իշխան:
Բյուզանդական աղբյուրներում՝ Ֆիլարետոս Վրախամիաս (Վահրամյան):
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1086թ.:
Հավանաբար Վասպուրականում հաստատված Վարաժնունիների նախարարական տոհմից:
Ըստ Ն. Գ. Ադոնցի՝ եղել է Վարդաս Ակլերոսի ապստամբությանը մասնակցած Սահակ-Վահրամ զորավարի սերնդից:
Ծառայության անցնելով բյուզանդական բանակում՝ հասել է դոմեստիկոսի տիտղոսի:
Բյուզանդական կայսր Ռոմանոս IV Դիոգենեսը 1070-ին Խլաթ կատարած արշավանքի ժամանակ ՓԻԼԱՐՏՈՍ ՎԱՐԱԺՆՈՒՆուն է վստահել իր բանակի գլխավոր հրամանատարությունը:
Մանազկերտի ճակատամարտում (1071) բյուզանդացիների պարտությունից հետո ՓԻԼԱՐՏՈՍ ՎԱՐԱԺՆՈՒՆԻն ստեղծել է հայկական ընդարձակ իշխանապետություն (Տավրոսից մինչև Եփրատ)՝ Մարաշ կենտրոնով:
Զինվորական ուժերը համալրելով հայազգի զինվորներով՝ ՓԻԼԱՐՏՈՍ ՎԱՐԱԺՆՈՒՆԻն կարողացել է առժամանակ կասեցնել սելջուկյան թուրքերի առաջխաղացումը դեպի Միջերկրական ծով:
Բյուզանդական կայսրությունը ստիպված ճանաչել է ՓԻԼԱՐՏՈՍ ՎԱՐԱԺՆՈՒՆու իշխանապետությունը՝ նրան շնորհելով սեբաստոսի տիտղոս:
Փոխարենը ՓԻԼԱՐՏՈՍ ՎԱՐԱԺՆՈՒՆին ընդունել է քաղկեդոնականություն:
1073-ին նա փորձել է իրեն ենթարկել նաև Սասունի իշխանությունը, բայց Ալելուա դաշտի (Անձիտ գավառում) ճակատամարտում պարտվել է Թոռնիկ իշխանի զորքերից:
1077-ին ՓԻԼԱՐՏՈՍ ՎԱՐԱԺՆՈՒՆուն հաջողվել է բյուզանդացիներից նվաճել Ուրֆան (Եդեսիա):
Անտիոքի դուքս Վասակ Պահլավունու սպանությունից (1078) հետո տիրել է նաև Անտիոքին:
Ըստ պատմիչ Միքայել Ասորու՝ ՓԻԼԱՐՏՈՍ ՎԱՐԱԺՆՈՒՆու ձեռքն են անցել Կիլիկիայի գրեթե բոլոր ամուր բերդերը:
Ձգտելով լիակատար անկախության՝ 1076-ին Ջհան գավառի Հոնի քաղաքում կաթողիկոս է ձեռնադրել Պետրոս Ա Գետադարձի քեռորդուն՝ Սարգսին:
1083-ից ՓԻԼԱՐՏՈՍ ՎԱՐԱԺՆՈՒՆու իշխանապետությունն սկսել է թուլանալ, սելջուկյան թուրքերը շուտով զավթել են Ադանան, Տարսոնը, Մսիսը (Մամես տիա), Անազարբան, Անտիոքը:
Պահպանվել են ՓԻԼԱՐՏՈՍ ՎԱՐԱԺՆՈՒՆու արճճե կնիքները:
Գրակ.
Միխայել Ասորի, ժամանակագրութիւն, Երուսադեմ, 1871:
Հովհաննես Սկիլիցես, Համառոտություն պատմությանց, Ծ., 1979 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 10, Բյուգանդական աղբյուրներ 3):
Մատթեոս Ուռհայեցի, ժամանակագրություն, Ծ., 1991:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


