ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ - ՌԱՖԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ գընում է Հայի ժամ,
Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ,
Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
Հորանջելիս խաչ է կընքում՝ բաց բերանն ու երես։
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին
«Օրհնյա ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին.
Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու,
Թե Ջատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու։
Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք,
Ով է կամ յան մականունիդ վերջի վանկի մասնիկը,
Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը։
Քալլա-փաչա կամ թե բորշ է ամեն օրվա կերածըդ,
Սեռտուկ, պայլտո կամ թե չուխա է վըրայի հագածըդ —
Ողջը մին է. ծեսով չես տալ ազգիդ վընաս կամ օգուտ,
Տեղը մընա ազգությունը, այդ նաև վարձ չէ՛ հոգուդ։
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։
Արվեստ, ուսում, շըքեղարվեստ տարածե՛ հայ ազգի մեջ,
Բայց բըռնությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ.
Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես՝ հոգին բըխել է Հորից,
Կամ թե Որդին հոգվով սրբով անսերմ ծընունգ է Մորից...
Թո՛ղ, սիրելի՛, այդ խընդիրքը, աչքըդ դարձո'ւր դեպ հարավվ
Բյուր-բյուր հոգիք դու կըտեսնես կորած դորա պատճառավ,
Բայց մինչ այսօր այդ խընդիրքը մընացել է անվըճիռ,
Թույլ խելքո՞վըգ աշխատում ես քակել անքակ այդ կընճիռ։
Սիրե՛ ազգըդ ո'չ լոկ խոսքով, սիրե' ինչպես քու անձը,
Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը,
Մի՛ խընայիլ կյանքըդ անգամ, արյունըգ բե'ր նորան զոհ
Ո՛ չ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ։
Իստակ սերը չի՛ պահանջում ամենևին տըրիտուր,
Թե տվածը հետ առնվի՝ դորան կասեն առուտուր,
Բայց վա՜յ նոցա, որք անըզգա են յուր ազգի վիճակին,
Հազա ր անեծք նոցա վերա, երնեկ շան պես սատակին։
Թե դու հայ ես գիտե՞ս արդյոք՝ ո՛վ էր ազգիդ նախահայր,
Ո՞րտեղ, ո՞ր կողմ նա ընտրել էր ազգի համար Հայ աշխարհ:
Քանի՞ տարի անկախ մընաց Հայը օտար ազգերից,
Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից։
Ո՞ւր ցըրվեցավ քու խեղճ հայը, ունի՞ այժմ օգնական,
Կա՞ մի հընար, միջոց կամ հույս նորա կրկին նորոգման.
Թե կա հընար՝ դու պատրա՞ստ ես անձըգ ազգիդ զոհ անել,
Խիստ կըտըտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարավ միշտ տանել։
Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծընողք, եղբարք սիրական,
Սիրելվույդ տեղ կըրծքիդ սեղմել միշտ մահառիթ հըրացան,
Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ,
Սարսափելի մահըդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ։
Այդ ժամանակ քեզ հայ կասեմ, ես քեզ սիրով կը գըրկեմ,
Թե ջուր ընկնիս՝ ջրի՛ց, թե՝ հուր, ես քեզ հուրից կըփրկեմ։
Բայց թե փորըդ տոլմաներից կամ փըլավից տըռաքի,
Հավատացի՛ր, ուտելովդ օգուտ չես բերիլ ազգի։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1718
Կիսվել : |