Հայկ Խաչատրյան "Տիգրան Մեծ"
Տիգրանը շփեց ճակատը, ոտքի ելավ ու քայլեց դեպի դուռը: Նա ամուր գոցեց սենյակի դռան սողնակը և նորից մոտեցավ թախտին: Բարձի տակից հանեց Մեծ Արտաշեսի պատգամենրը տարեգրող հաստափոր մատյանը, շրջեց առաջին մագաղաթն ու սկսեց բարձրաձայն կարդալ.
"Եվ դու պայազատդ հայկազուն, որ բախտ կունենաս թերթելու մատյանն այս, գիտցիր, որ հայրենիքը քո բաժանված է երեք մասի:
Ես ջանացի անդուլ, որ Ծոփքը միանա մեր բնաշխարհին, բայց Զարեհը ցանկանում էր իր գլխին ունենալ այնպիսի թագ, ինչպիսին իմ գլխին է:
Ես կռիվ տվի Զարեհի դեմ, բայց Գամիրքը օգնեց Զարեհին, և իմ այրուձին նահանջեց:
Ես կռիվ տվի Պոնտոսի սահմանակից Փոքր Հայքի դեմ, բայց այստեղ էլ մեր արյունակիցները նախընտրեցին մնալ Պոնտոսից կախյալ վիճակում, քան մտնել հայրենիքի գիրկը:
Չհաջողվեց ինձ, ով դու, պայազատդ հայկազուն, միավորել հայոց ծվատված հողերը: Փորձիր այդ բանն անել ինքդ, և եթե քեզ էլ չհաջողվի, ավանդիր քո որդոց նույնը: Կկորչի աշխարհի վրա հայ ազգը, եթե ի մի չձուլվի, կկորչեն հայրենախոս մեր լեզուն ու երգը, եթե հայերը շարունակեն անջատված մնալ իրարից:
Հայը շնորհաշատ է: Աստվածները նրան՝ այս հին աշխարհի հին բնակչին, պատվիրել են քայլել դեպի հեռավոր գալիքները, իր հարևան ազգերի հետ դառնալ հավերժության ուղեկիցը: Նա քաջայր է և կռվի մեջ ետ չի մնա ոչ պարթևից, ոչ էլ հելլենից: Նա գիտե երկնահաս տաճարներ կառուցել և շարժել հին ու նոր աստվածների նախանձը: Նա կարող է անտաշ քարի վրա այնպես գեղազարդել աստվածներին, որ վերջիններս պապանձվեն գոհունակությունից: Հայը կարող է ժայռը դնել ժայռի գլխին, ուսել հսկա գերանը և ելնել Մասիսն ի վեր: Նա կարող է նաև ուսել ամենածանր տառապանքը, հելլենի ու պարթևի հետ դուրս գալ մրցասպարեզ և հաղթել:
Եվ դու, պայազատդ հայկազուն, մի թողնիր, որ հայն իր շնորհները շաղ տա աշխարհի բոլոր անկյուններում: Օտար երկրում հայը թեկուզ կառուցի ամենաշքեղ պալատը, միևնույն է, այդ երկրի սերունդները չեն տա նրա անունը: Բայց թե նա իր երկրում թողնի թեկուզ մի սրբատաշ քար, դարերի փոշին չի կարող նստել նրա անվան վրա:
Հայը օտարի համար չափազանց լավ հարևան է: Բայց դու, պայազատդ հայկազուն, սովորեցրու նրան, որ նա միայն լավ հարևա լինի, որ հարևանին դուր գալու համար չհանդերձափոխվի նրա պես, խոսի նրա լեզվով, ամեն ինչում աշխատի նմանվել նրան: Այս մեծ աշխարհում մարդու ամենամեծ արատը նմանվելու գայթակղությունն է: Ով աշխատում է նմանվել, նա կորցնում է իրեն " :
Արքայազնը հայացքը կտրեց մագաղաթից և գլուխն առավ ափերի մեջ:
Նա նորից ձեռքը տարավ դեպի մատյանը և բացեց հաջորդ մագաղաթը: Հուշել է Մեծն Արտաշեսը, և արքայական մատենագիրը ողորկ մագաղաթի վրա հունատառերով քերթել նրա մտքերը:
" Իմ կյանքն անցավ կռիվների մեջ, ով դու, պայազատդ հայկազուն: Տեսա ես թշնամուն առերես, հարվածեցի նրան, որ մաքրեմ մեր տունը, բայց մի քանի սենյակներում նա թաք կացավ: Ես գիտեմ, նա նորից կգրոհի: Եվ դու մի սպասիր, թե կգրոհեն միայն մի կողմից: Թշնամին կարող է Հայոց աշխարհի վրա հարձակվել բոլոր կողմերից, քանզի պարսպապատ չէ այն ":
Արքայազն Տիգրանը շուռ տվեց հաջորդ մագաղաթը, հայացքը դարձրեց փոքրիկ սենյակը հազիվ լուսավորվող ճրագը ու սկսեց երազել:
_Թող վկա լինեն հայոց բոլոր աստվածները. ես երդվում եմ ի կատար ածել իմ մեծագույն պապի սուրբ պատգամենրը: Ներիր ինձ, պապ, Մեծդ Արտաշեսյան, ես ստիպված եմ հիմա յոթանասուն հովիտ զիճել պարթևին, բայց հենց վերադառնամ Հայոց աշխարհ՝ գիտեմ, թե ինչ լեզվով կխոսեմ պարթևի հետ:
Մի պահ լռեց ու նորից շարունակեց:
_Դու լսո՞ւմ ես, պապ: Չէ´, Հայոց աշխարհը այսպես չի մնա: Ես չեմ հանդուրժի, որ հայկական տան սահմաններում հրամաններ արձակեն պարթևն ու հելլենը: Թող նրանք նստեն իրենց տներում, հանգիստ պահեն իրենց և աչքը չտնկեն մեր լեռների վրա: Դու լսո՞ւմ ես, պապ:
Լեռներ ու լեզու, ուրիշ էլ ի՞նչ է ավանդել Հայկ նահապետը: Կորցնես լեռները, կկորչի և լեզուն, կորցնես լեզուն՝ այդ լեռներն աչքիդ հարթություն կերևան: Ես կպահեմ մեր լեռների պես հպարտ ու անկոտրում մեր լեզուն, ես կպահեմ հայոց լեզվի պես հպարտ ու անկոտրում մեր լեռները:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5526
Կիսվել : |