ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ

Նորության նկար Ագաթանգեղոսը հայ առաջին մատենագիրներից է։ Նրա անունով մեզ է հասել «Պատմութիւն Ագաթանգեղեայ» խորագրով երկասիրությունը, որը դեռևս միջին դարերում համաշխարհային տարածում է ունեցել, թարգմանվել է հունարենի, արաբերենի, վրացերենի, եթովպերենի, լատիներենի, սլավոներենի և այլն։

Հնագույն ստույգ տեղեկությունը Ագաթանգեղոսի մասին հաղորդում է հինգերորդ դարի պատմիչ Ղազար Փարպեցին, որն իր Պատմության հենց առաջին տողերում խոսում է նրա գրքի բովանդակության մասին, այդ երկը անվանելով «Գիրք Գրիգորիսի»։ Նույն անունով է հիշվում նաև Սեբեոսի Պատմության մեջ։ Հետագայում այս գրքի մասին խոսելիս մատենագիրները այլևս չեն հիշում «Գրիգորիսի գիրք» անունը, այլ պարզապես կոչում են «Ագաթանգեղոս» և այդ անունը ստուգաբանում հունարենով «բարի հրեշտակ»։

Ագաթանգեղոսի Պատմությունը հայ մատենագրության անդրանիկ երկերից է, և առաջինը, որ կոչվում է «Պատմութիւն հայոց»։ Մեծ է նրա պատմական արժեքը իբրև III դարի և IV դարի սկզբի հայոց պատմության կարևորագույն աղբյուրի և թեպետ լի է վկայաբանական ու վիպական տարրերով, այսուհանդերձ, պատմական ստույգ փաստերը նրանում կարևոր տեղ են գրավում: Ագաթանգեղոսի պատմությունն ընդգրկում է այն դարաշրջանը, երբ Հայաստանում Արշակունեաց թագավորությունը ժառանգական էր դարձել (Վաղարշ Երկրորդի (186—198) թագավորությունից հետո), Հայաստանը պայքարում էր Սասանյան Պարսկաստանի ոտնձգությունների դեմ, և, վերջապես, Տրդատ Երրորդ թագավորը (287-330) կարողանում է երկրում ուժեղ իշխանություն հաստատել ու ամրապնդել հայ պետականությունը։

Գրքի բովանդակությունը հետևյալն է։

Հայոց Արշակունի թագավորները համառ պայքար էին մղում Սասանյան Պարսկաստանի դավերի և ներխուժման դեմ։ Սասանյան Արտաշիրը սպանում է պարթև Արտավան Երրորդ թագավորին և ինքը գահակալում։ Հայոց Խոսրով թագավորը երկար տարիներ հաղթական պատերազմներ է վարում Արտաշիրի դեմ։ Վերջինս որոշում է դավադրությամբ սպանել Խոսրովին. Հայաստան է ուղարկում պարթև Անակին, որը մտերմություն կեղծելով Խոսրովի հետ, որսի ժամանակ սպանում է նրան։ Զայրացած հայ նախարարները բնաջնջում են Անակի տոհմը, իսկ Արտաշիրը տիրում է Հայաստանին և կոտորում Խոսրովի սերունդը։ Նրանցից ազատվում են երկու մանկիկ` Խոսրովի որդի Տրդատը և Անակի որդի Գրիգորը, որոնց փախցնում են հռոմեական կողմերը։ Տրդատը մեծանալով` հռոմեացիների օգնությամբ տիրում է հայրենի գահին, իսկ Գրիգորը Կեսարիայում քրիստոնեական կրթություն ստանալով, որոշում է քավել իր հոր` Անակի մեղքը և ծառայության է մտնում Տրդատի մոտ։

Հայաստանում Գրիգորը սկսում է քրիստոնեություն քարոզել, որի համար նա կոչվել է Լուսավորիչ։ Տրդատ թագավորը չկարողանալով նրան նոր կրոնից հրաժարեցնել, երկար տանջանքների ենթարկելուց հետո գցել է տալիս Արտաշատի Խորվիրապը։

Այդ ժամանակ արևմտյան կողմերից Մեծ Հայք են գալիս հալածված քրիստոնյա կույսեր և ապաստանում հայոց մայրաքաղաք Վաղարշապատի մերձակա այգեստանների հնձաններում։ Հայոց արքա Տրդատ Արշակունին լսելով Հռիփսիմե կույսի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան։

Խստակրոն կույսը մերժում է հեթանոս արքային։ Կույսին բռնությամբ տանում են պալատ։ Հռիփսիմեն, հոգով զորացած, դիմադրում է քաջարի Տրդատին և փախչելով ապարանքից նորից ապաստանում է հնձանում։ Զայրացած թագավորի հրամանով նահատակվում են գեղեցկուհի Հռիփսիմեն և մյուս բոլոր կույսերը։

Այսուհանդերձ Հռիփսիմեի դիմադրությունը և մահը խիստ ազդել էին Տրդատի վրա։ Դառնացած արքան գնում է որսի` իր վիշտը թեթևացնելու։ Բայց պատուհասվում է, կառքից վայր է ընկնում և խոզի կերպարանք ստանում։

Խոզ դարձած արքային կարողանում է բուժել միայն Խորվիրապից հանված Գրիգորը։ Տրդատը քրիստոնեություն է ընդունում և Գրիգորին կարգում հայոց քահանայապետ։

Ագաթանգեղոսի Պատմությունը ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՈՎ է գրված։ Դա հայ եկեղեցական դասի ձգտումներն արտահայտող առաջին գրական կարևոր երկն է, որը գաղափարական զենք էր հայ եկեղեցու ձեռքին օտար ազդեցության դեմ, շեշտելով հայ եկեղեցու անկախությունը թե´ հույներից, թե´ ասորիներից։ «Ամեն ինչ այս գրքի մեջ, — գրում է Մ. Աբեղյանր,—դիմում է գլխավորապես այս նպատակին։ Նույնիսկ այն, որ դրա մեջ ուժեղ կերպով գծագրված է հսկայազոր Տրդատ թագավորի պատկերը, այդ էլ ծառայում է նույն նպատակին, եկեղեցականը փառավորելուն»[1] :

Ագաթանգեղոսի Պատմությունը կարևոր աղբյուր է նաև հայ հեթանոսական կրոնի ուսումնասիրման համար։ Այստեղ պատմվում է, թե ինչպես հայոց քահանայապետ Գրիգոր Լուսավորիչը շրջելով հայկական գավառներր, հեթանոսական տաճարների բագինները քանդելով վերածում է քրիստոնեական տաճարների։

Քրիստոնեական ուսմունքը ամբողջ երկրում տարածելուց հետո Գրիգորը քաշվել էր Դարանաղյաց գավառի Մանյա այրք լեռը ճգնելու, բայց ահա Հայոց Տրդատ արքան պատրաստվում է այցելության գնալ Հռոմի Կոստանդիանոս կայսրին։ Արքայի և բազմամարդ պատվիրակության հետ Գրիգոր Լուսավորիչը գնում է Հռոմ, վերադարձից հետո նորից առանձնանում` մինչև իր մահը։

Այս ամբողջ նյութը մեզ հասած հայերեն բնագրում հինգ հատվածների մեջ է բաժանված (բացի առաջա բանից). 1. Խոսրով և Տրդատ, 2. Գրիգորի վկայաբանոլթյունը, 3. Հռիփսիմյանց վկայաբանությունը, 4. Քարոզ և տեսիլ Գրիգորի, 5. Դարձ Հայոց աշխարհի։

Ագաթանգեղոսի Պատմությունը գրված է տարբեր աղբյուրներից քաղված նյութերից։ Ինքնուրույն է Գրիգորի վարդապետությունը, որը Աստվածաշնչի նյութի յուրահատուկ ամփոփումն է։ Պատմության մեջ իրական պատմականը և առասպելականը միահյուսված են։

Zoom Image
Պատմական արժեքի տեսակետից կարևոր է հատկապես հայոց դարձի պատմությունը, այստեղ արժեքավոր տեղեկություններ կան հին հայ դիցաբանության, նախարարությունների, Հայաստանի տեղագրության և այլնի վերաբերյալ։

Ագաթանգեղոսի պատմությունը ունի նաև գրական արժեք։ Գունագեղ և վիպական տարրերով հարուստ է Խոսրովի ու մանավանդ Տրդատ Արշակունու կերպարների նկարագրությունը, ուր հեղինակը նշում է, որ օգտվել է վիպական զրույցներից («Ի բանս կարգի առակաց»)։

«Իսկ Տրդատ արքան իր թագավորության ամբողջ ժամանակներում ավերում էր, քանդում պարսից երկիրն ու Ասորեստանը, ավերում էր և ուժեղ հարվածներ հասցնում։ Սրա համար էր որ պատշաճեցին առակաց կարգի այն խոսքերը, թե´ «ինչպես սեգ Տրդատը, որն իր համարձակությամբ ավերեց գետերի թումբերը և իր հանդգնությամբ ցամաքեցրեց ծովերի հորձանքը» [ «իբրև զսէգն Տրդատ, որ սիգալովն աւերեաց զթումբս գետոց և ցամաքեցոյց իսկ ի սիգալն իւրում զյորձանս ծովուց» ], վասնզի իրոք սեգ էր հանդերձանքով և մեծ ուժով, հարստությամբ, պինդ ոսկորներով և հաղթ մարմնով, քաջ էր և կատաղի պատերազմող, բարձր ու լայն հասակով։ Իր կյանքի բոլոր տարիներին նա պատերազմել էր և մարտերում հաղթություն ձեռք բերել։ Քաջության պարծանքի մեծ անուն ստացավ և հոյակապ փառավոր հաղթանակներ տարավ ամբողջ երկրում, Ասորոց կողմերից բազում ավար առավ և անխնա կողոպտեց նրանց։ Սրով կոտորեց պարսից զորքը և հսկայական ավար վերցրեց, առաջնորդեց հունաց այրուձին և նրանց ձեռքը հանձնեց թշնամիների բանակները, հոներից շատ զորք վերցրեց մեծ ուժով և գերեվարեց պարսից կողմերը»[2]։

Գեղարվեստական պատկերների մի գեղեցիկ նմուշ է Գրիգորի գիշերային տեսիլքը, որ նրան հայտնվում է նոր տաճարների կառուցման մասին։ Ահա մի պատկեր այդ նկարագրությունից.

«Եվ ես նայելով տեսա երկնքի հաստատությունը բացված և նրա վրայի ջրերը նույն ձևով ճեղքված, ձորերի ու լեռների կատարների նման այս և այն կողմ բաժանված դիզված էին աչքի տեսողության համար անբավ ու անկշռելի։ Իսկ լույսը հոսելով վերուստ ի վայր մինչև երկիր էր հասնում և լույսի մեջ տեսա մարդկային կերպարանքով լուսեղեն երկթև անչափ զորք` թևերը կրակի նման։ Մանրամաղ փոշու հյուլե ի նմանությամբ, որն արեգակնակեզ գարնան ժամանակ պատուհանների կամ երդիկների լուսանցույցի վրա խաղում է շողերի մեջ, նույնպես և լուսեղեն զորքը լցրեց ամբողջ երկիրը և իջնող լույսը առաջը ցցվեց զորքի հետ մեկտեղ» (734)։

Պատմոլթյանը գեղարվեստական արժեք են տալիս հատկապես տրամախոսությունները, կենդանի ու աշխույժ պատկերները, ոճն ու վիպական զրույցները։

Ագաթանգեղոսի Պատմության գիտական ուսումնասիրությունը սկիզբ առավ XVIII դարում, երբ լույս տեսան նրա հունարեն թարգմանությունը և լատիներեն խմբագրությունը։

Հայկական բնագրի առաջին քննական հրատարակությունը (1835, Վենետիկ), ինչպես նաև հայագիտության մեջ քննական մտքի ներթափանցումը հիմք դարձան Պատմության մասին առանձին ուսումնասիրությունների երևան գալուն։

Պատմության վերաբերյալ հիմնական վիճելի կետերն են եղել անցյալ դարում և այժմ` նախնական խմբագրության հեղինակի ու ժամանակի, ինչպես նաև նրա և հունարեն ու այլ լեզուներով եղած թարգմանությունների փոխհարաբերությունների, Պատմության բնագրի տարբեր մասերի (առաջաբան և այլև) էության ու աղբյուրների հարցերը, Ագաթանգեղոսի ու Կորյունի և այլ հեղինակների փոխհարաբերության խնդիրները։ Այս բոլոր հարցերի մասին արժեքավոր ուսումնասիրություններ են գրել Վ. Լանգլոլան, Ա. Գուտշմիդտը, Հ. Տաշյանը, Բ. Սարգիսյանը, Գ. Տեր-Մկրտչյանը, Նորայր Բյուզանդացին և շատ ուրիշներ, որոնց եզրակացությունները հիմնականում հանգում են հետևյալին։ V դ. կեսերին IV դարից գոյություն ունեցող տարբեր աղբյուրներից, հայ մատենագրի ձեռքով, շարադրվել է Գրիգորիսի Գիրքը, որը տեսել ու նկարագրել են Ղազար Փարպեցին և ուրիշներ։ Հնարավոր է, որ Ագաթանգեղոսի Պատմությունը բացի հայկականից ունեցել է նաև հունալեզու աղբյուրներ։

Ագաթանգեղոսի Պատմության տարածման հարցում վճռական նշանակություն է ունեցել նրա հունարեն թարգմանությունը, քանի որ ինչպես վերջնականապես հաստատվել է. նրա միջոցով են առաջացել այլալեզու գրեթե բոլոր խմբագրությունները։

X դարում Սիմեոն Մետափրաստեսը Ագաթանգեղոսի գրքի ամփոփ շարադրանքը մտցրեց իր կազմած հունարեն «Վարք սբբոցի» մեջ։ Ագաթանգեղոսի հունարեն խմբագրությունը և նրա մետափրասայան համառոտ տարբերակը տարածվել են միջնադարյան քրիստոնյա աշխարհում։ Հունարենից է կատարված լատիներեն համառոտ խմբագրությունը։ Մետափրատյան տարբերակը ունեցել է վրացերեն և սլավոներեն թարգմանություններ։ Կա նաև մի վրացերեն պատառիկ, որ ուղղակի հայերեն Ագաթանգեղոսից է թարգմանված։

Սակայն հունարեն խմրագրությունը` ամենից ավելի արաբերեն թարգմանություններ է ունեցել, որոնցից է վերջերս հայտնի դարձած ամբողջական թարգմանությունը։ Այստեղ չկա Արտաշիբի ապստամբության վերաբերյալ հատվածը, որը գտնում ենք միայն հունականի մեջ։ Սա ոչ միայն վկայում է, որ արաբերեն Ագաթանգեղոսը հունականի մի հին օրինակի թարգմանություն է, այլև օգնում է մի անգամ ևս աներկբայորեն շեշտելու, որ հունարեն Ագաթանգեղոսը նախապես այդ հատվածը չի ունեցել։

Եթե արաբերեն խմբագրությունները հայերեն Ագաթանգեղոսին առնչվում են հունարեն թարգմանության (գուցե նաև ղպտերեն մեզ չհասած թարգմանության) միջոցով, ապա իրենց հերթին հիմք են դարձել եթովպերեն (հաբեշերեն) թարգմանության համար։ Մեր դարի սկզբին Լիսաբոնում, XV դարի ձեռագրի հիման վրա, լույս տեսավ Ագաթանգեղոսի համառոտությունը` եթովպերեն։

Այսպիսով, Ագաթանգեղոսի մեզ հասած հայերեն բնագիրը և նրանից կատարված թարգմանություններն ու համառոտությունները կարելի է հետևյալ ձևով դասավորել.
1.Մեզ հասած հայերեն բնագիրը շարադրվել է V դարի կեսերին։
2.Մոտավորապես VI դ. վերջին կատարվել է Ագաթանգեղոսի հունարեն թարգմանությունը, որին հետագայում կցվել է Արտաշիրի ապստամբությունը պատմող առաջաբանը։ Այս բոլորը Սիմեոն Մետափրաստեսը ամփոփել է X դարում իր համառոտ խմբագրության մեջ, որը թարգմանվել է վրացերենի և սլավոներենի։ Հունարեն Ագթանգեղոսից է կատարվել լատիներեն համառոտ թարգմանությունը։
3.Հունարենից, մոտավորապես IX—X դարերում, թարգմանվել է արաբերենի։ Վերջինիս հետ սերտ աղերս ունի եթովպերեն (հաբեշերեն) համառոտ խմբագրությունը։

Այս բոլոր ընդարձակ և համառոտ խմբագրությունները կազմում են Ագաթանգեղոսի երկի մինչև այժմ հայտնի բնագրերի մի ուրույն խումբ, որի հիմքը մեզ հայտնի հայերենն է։ Կա նաև խմբագրությունների մի ուրիշ խումբ, որի հայերեն բնագիրը դեռ չի հայտնաբերված։ Այս խումբը բանասիրության մեջ հայտնի է «Վարք» անվամբ։

Ն. Մառի կողմից ձեռագրերից մեկում (X դ.) արաբերեն խմբագրության (արաբերեն Վարքի) հայտնաբերումը և ուսումնասիրությունը պարզեր, որ արաբերենը պետք է թարգմանված լինի հունարենից, որն իր հերթին հայերեն մի այլ բնագիր է ունեցել։ Այսպիսով` V դարում գոյություն են ունեցել Ագաթանգեղոսի երկի հայերեն երկու խմբագրություններ։

Այդ խմբագրությունները հայ եկեղեցու երկու հոսանքների կողմից են առաջ քաշվել։ Եթե մեզ հայտնի հայերեն Ագաթանգեղոսը հունասեր կամ արևմտյան (Լուսավորչի տան) հոսանքի ներկայացուցիչների խմբագրածն է, ապա նախորդող Վարքը ասորասեր (հարավային) հոսանքի եկեղեցականների առաջ քաշած խմբագրությունն Է, որը տարբեր պատճառներով ժամանակի ընթացքում մոռացության է տրվել և նրա փոխարեն ասպարեզում մնացել է միայն պաշտոնական մեկ խմբագրություն։

Սակայն անհրաժեշտ է հատկապես շեշտել, որ Ագաթանգեղոսի երկու խումբ կազմող բազմալեզու խմբագրությունները հիմնականում նույն նյութն են պատմում։ նրանք ներկայացնում են Հայաստանի պատմությունը III դարում և IV դարի սկզբին։

Ագաթանգեղոսի Հայոց պատմությունից մեզ հասել են 30-ի մոտ ձեռագրեր, որոնց 20-ից ավելին գտնվում են Երևանի Մաշտոցյան մատենադարանում։ Մեզ հայտնի հնագույն ձեռագիրը Վիեննայի Մխիթարյան մատենադարանի կրկնագիրն է, որը ըստ Տաշյանի IX դարի գրչագիր պետք է լինի։ Այս երկաթագիր ձեռագիրը ունի հատվածներ առաջաբանից և հասնում է մինչև Վարդապետությունը, սակայն վերջին պատմական մասը (Հայոց դարձը) բոլորովին չունի։

Երևանի Մաշտոցյան մատենադարանում կան Ագաթանգեղոսի XIII դարի մի քանի գրչագրեր։ Բացառիկ արժեք ունի Փարիզի 1254 թ. ձեռագիրը։

Ագաթանգեղոսի առաջին հրատարակությունը լույս է տեսել Կ. Պոլսում 1709 թ.։ Սրա և մի անթվական ձեռագրի հիման վրա լույս է տեսել Ագաթանգեղոսի երկրորդ տպագրությունը դարձյալ Կ. Պոլսում։ Վենետիկի 1835 թ. հրատարակությունը առաջինն էր, որ կատարվել է մի քանի ձեռագրերի համեմատությամբ։ Ագաթանգեղոսի հաջորդ հրատարակությունները (Վենետիկ և Տփղիս) սրա արտատպություններն են։

Ագաթանգեղոսի քննական բնագիրը լույս տեսավ 1909 թ., պատրաստված Գ. Տեր-Մկրտչյանի և Ս. Կանայանցի ձեռքով։ Վաղարշապատի մատենադարանի 12 ամբողջական գրչագիր և ճառընտիրներում գտնվող բազմաթիվ հատվածներ համեմատվել են և ստացվել է մի համահավաք բնագիր, որը մեծ քայլ է Ագաթանգեղոսի նախնական բնագիրը վերականգնելու համար։ Դժբախտաբար հրատարակիչները իրենց տրամադրության տակ չեն ունեցել այլ վայրերում գտնվող ձեռագրեր և մանավանդ Վիեննայի կրկնագիրը։ Այս վերջինը լույս տեսավ երկու տարի հետո Հ. Դ. Գալեմքյաբյանի ջանքերով, հնարավորություն տալով լրացնել այն պակասը, որ կար քննական հրատարակության մեջ։

Բացի միջնադարում կատարված բազմաթիվ թարգմանություններից, Ագաթանգեղոսի Պատմությունը անցյալ դարում գրաբար բնագրից թարգմանվել է իտալերենի ու ֆրանսերենի։ Իտալերեն թարգմանությունը կատարել են Վենետիկի Մխիթարյան հայրերը, զանց առնելով Վարդապետությունը։ Ֆրանսերեն թարգմանությունը կատարել է Վ. Լանգլուան, դարձյալ Վենետիկի Մխիթարյանների օժանդակությամբ։ Սակայն, ինչպես նշված է առաջարանում, ոչ միայն չի թարգմանված Վարդապետությունը, այլև բուն Պատմության մեջ կրոնական բովանդակություն ունեցող շատ հատվածներ կրճատվել են։

Ագաթանգեղոսի հայերեն բնագրի լեզուն (ամբողջությամբ վերցրած) դասական կամ ոսկե դարյան գրաբար է, այսինքն պատկանում է այն գրքերի թվին, որոնք գրված են մինչև 460 թվականը։

Ագաթանգեղոսի Պատմությունը առաջինն է այն երկար շարքի մեջ (Ագաթանգեղոս — Փավստոս Բուզանդ—Եղիշե—Ղազար Փարպեցի—Սեբեոս—Ղևոնդ և այլն), ուր ամեն մի նոր պատմիչ շարունակում է մոտավորապես այն տեղից, որտեղ կանգ էր առել իր նախորդը։

Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» ուսումնասիրությունը դեռ ավարտված չէ։ Այս ասպարեզում նոր խոսք կարելի է ասել հիմք ընդունելով նրա բազմալեզու նորանոր խմբագրությունները, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնաբերվում են աշխարհի տարբեր ձեռագրատներում։

ՀԵՂԻՆԱԿ Ա. ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու

1976թ.

-------
1.Մ. Աբեղյան, Երկեր, հտ. Գ, Երևան, 1968, էշ 187:
2.«Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց», հատված 123:
3.«Հուշարձան» է գրական ժողովածու, Վիեննա, 1911, Էջ 67—160։

____
«Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց», աշխ. Տեր-Մկքւտչյան և Ատ. Կանա֊ յանց, էջմիածին—Տփղիս, 1909։
«Ագաթանգեղոսի արաբական նոր խմբագրությունըз>, աշխ. Ա. Տեր֊Ղեոնդ֊ յան, Երևան, 19Տ8։
.Agathangelus und die Akten Gregors von Armenien", neu heraus- geg. von P. de Lagarde, Gottingen, 1887.
Mapp H., Крещение армян, грузин, абхазов и аланов святым Григорием (арабская версия), СПб, 1905.
Garitte G., Documents pour l’etude du livre d’Agathange, Vatican,
1946.
Garitte G., Une vie inedite de st. Gregoire d’Armfcnie, Analecta Bollandiana t. 83, Bruxelles, 1965.
Esbroeck M. van, Un nouveau temoin du livre d'Agathange „Revue des Etudes Armeniennes”, t. VJH, 1971.
Uuir tj|lu յ ան P., Ագաթանգեղոս և յուր բազմադարյան գաղտնիքը, Վենետիկ, 1890։
Տաշյան Z., Ագաթանգեղոս առ Գէորգայ ասորի եպիսկոպոսին և ոլսոլմնասի֊ բութիւն Ագաթանգեղայ գբոց, Վիհն նա, 1891։
bbr—Մկրաչյաէ Գ., Ագաթանգեղոսի աղբյուրներից։ Հիշատակ դատակնքաց Գորիա և Շմոնի վկայից, որ վկայեցին յՈւոՀա, Վաղարշապատ, 1896։
Gutschmidt A., Agathangelos, .Zeitschrlft der deutschen morgem landischen Gesellschaft*, Bd. 31, 1877.
Ա. ՏԵՈ-ՂԵՎՈնԴՅԱՆ (պատմական գիտությունների թեկնածու)
1 (Г Ագաթանգեղայ Պատմութիւն Հաչոց» t Հատվա ծ 123։

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 08-02-2012 17:12:37
Դիտումների քանակը: 7580
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄԻՔԱՅԵԼ ՄԱԶՄԱՆՅԱՆ ԴԱՎԹԻ Ճարտարապետ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1959): ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott