ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ (ՕՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ)

Նորության նկար Ըստ՝ Լուսինե Օգանիսյանի

Հայ բանաստեղծ
Ծնվել է`1915թ.,ապրիլի 27
Ծննդավայրը`Ալեքսանդրապոլ(այժմ Գյումրի)
Վախճանի օրը`1984թ.,մարտի 14
Վախճանի վայրը`Երևան
Շիրիմը` Կոմիտասի անվան պանթեոն


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Zoom Image

Հովհաննես Շիրազը ծնվել է Գյումրիում (նախկինում՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական): Նրա պապերն ու ծնողներն իրենց կյանքն անց են կացրել գավառական Կարսում և Գյումրիում:

Շիրազը պատմում է, որ մորապապը թալիսմաններ սարքող մի անձնավորություն, մինչև խոր ծերություն ձբաղվել է համաքաղաքացիների հոգևոր….բուժմամբ: Հետաքրքրական է, որ նա հանգամանելու շնորհք է ունեցել և վայելել է, այսպես ասած` <<գերդաստանային բանաստեղծ>> համբավ: Հորապապն օժտված է եղել արտաքին բարեմասնություններով, ունեցել է արտասովոր ուժ: Մանուկ Հովհաննեսը տեսել է նրանց, և, անշուշտ, այդ մարդիկ իրենց կենցաղով, բնավորությամբ ու բարոյական նկարագրով ինչ-որ չափով ազդել են ապագա պոետի հոգևոր աշխարհի վրա:

Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները։ Շիրազն առանձին թախիծով է հիշում հորը`Թադևոսին: Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և՛ չտվածի համար:
Կգար հայրս Շիրակի հովերի հետ, իրիկվա,
Կշողշողար բահն ուսին, սարից ելնող լուսնի պես...

Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ։ Տարիներ հետո բանաստեղծը հիշում է.-<<Հայրս նույնպես բարի ու մեղմ է եղել….բայց երբեմնապես խիստ>>:

Ինքնակենսագրականում Շիրազը առանձին քնքշությամբ է խոսում մոր`Աստիղիկի մասին: <<Մայրս նույնպես բարի ու մեղմ է եղել, ծայրաստիճան ինքնամփոփ ու մենասեր, քնուշ`ինչպես հավք, երկչոտ` ինչպես սարերի եղնիկ, սիրելի`ինչպես թփերի տակ թաքնված, լացակումած աչքերով մանուշակ>>: Սակայն այդ ջահել կինը`Հովհաննեսի մայրը, նույնպես չկարողացավ խուսափել հայ կնոջ ճակատագրին ընդառաջ: <<Քույրերիս հետ մտել էինք մորս նվիրական թևի տակ: Իսկ մայրս մեր խրճիթում ծվարած`ականջը ձենի էր…Սովը սև ուրուրի պես պտտվում էր մեր խրճիթի գլխին: Եվ մեր օրերը արտասվելով անցնում էին: Ու մի օր էլ մայրս մեզ տարավ որբանոց>>: Որբանոցային կյանքն իր դրոշմն է թողնում մանուկ Հովհաննեսի հոգու վրա: 7-8 տարեկան տղան պոկվել էր մանկական միջավայրից, մայրական գրկից, նետվել էր կմախքացած երեխաների աշխարհը, երեխաներ, որոնք հիշեցնում էին ծերունիների: Շիրազը վերհիշում է բազում դառն ու տխուր մտքեր, որոնք բաց են անում տևական զրկանքների իրականությունը: Որբանոցում են երևան գալիս Հովհաննեսի պատկերավոր մտածելու ունակության անդրանիկ նշանները. <<հիշում եմ թե ինչպես հում ու խաս կավից շինում էի դուռ, հովիվ, ուլ, ձի, կով, գութան…>>: Շոտով մանուկ Հովհաննեսին տեղափոխում են <<Պոլիգոն>> անունով <<իսկական>> որբանոց: Միստր Բիջերի այս որբանոցն արդեն կատարելագործված պատիժներ ուներ. <<մի փոքր հանցանք, մի փոքր սխալ քայլ, և ծեծն ապահոված էր խեխճ, կիսաքաղց մանուկի համար: Կմերկացնեին նրան ,մերկ ծնկների վրա կչոքացնեին սուր-սուր ավազախճերի վրա…>>:

Բարոյապես հազար անգամ խոցված ու վիրավորված մանուկները ելք էին որոնում. «Որբանոցից շատերն էին փախչում,― պատմում է Շիրազն ինքնակենսագրականում,― մեծ մասը դեպի շուկա, իսկ ես` դեպի Արփաչայի հովիտները` փնտրելու հայրիկիս բոստանը։ Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ․․․»: Ազատությունը դառնում էր յուրատեսակ երջանկություն: Բանաստեղծը գրում է. <<Զգում էի, որ իմն էին…ճախրող արծիվները, արտույտների դայլայլը, ծաղիկները, աղբյուրները, թիթեռները: Եվ այս ամենը այնքան էին հարազատ ու մոտ մանուկ հոգուս, որ…ինձ թվում էր, թե մայրս եկել էր և ինձ որբանոցից հանել ու տուն էր տարել>>: Բնության և ազատության կարոտն այնքան է ուժեղանում մանկան հոգում, որ նա ընդմիշտ հեռանում է որբանոցից: Անհանգիստ ու կրակոտ խառնվածքը, սակայն, փողոց է նետում նաև Օնիկին, ուր վխտում էին անապաստան երեխաները: «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր»,- կանչելով թափառում էր նա, բայց իր իսկ խոստովանությամբ, միշտ ձախողակ ու անհաջող:

Բայց ահա այդ ձախողակ օրերի մեջ փայլում է «ճակատագրական մի սուրբ վայրկյան»։ Փողոցով անցնում է սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին։ Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու ... սեղմում կրծքին։ Այդ նրա մայրն էր` Աստղիկը, որ վերջապես գտել էր կորած որդուն։ Նա փաղաքշելով ու «գիժ ջան, գիժ» կրկնելով տուն է տանում որդուն, որը հին ու կիսափուլ խրճիթ էր։ Մոր խոսքը օրենք էր Օնիկի համար, իսկ նա խորհուրդ է տալիս` «Արհեստ սովորիր... արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»:

Որբանոցից փախչելուց հետո Հովհաննեսին մայրը տեղավորում է քաղաքի նորաբաց դպրոցներից մեկում: Դպրոցում էլ նա լավ սովորողներից չէր։ Սիրում էր աշխարհագրությունը, արկածալից ճանապարհորդությունների նկարագրությունները, հափշտակվում Կոլումբոսով, տարվում ուրիշներով: Բայց ավելի խորն է սիրել նա մայրենի լեզուն: Ամեն նոր բառ, նոր իմաստ ուրույն հրճվանք են պատճառել իրեն: Հետագայում միայն բանաստեղծը այսպես ընդհանրացրեծ բառի գեղագիտութայն իր փորձը: Բառը այն է, - գրում է նա,- <<Ինչ որ շիկացած երկաթի վրա իջնող կռանը, որը կերտում է և խոփ, և սուր: Ինչ որ`այն զեփյուռը, որը որձ ծառի ոգին տանում է էգ ծառի ծաղկի վրա (փոշոտում), առանց որի ոչ մի ծառ չի կարող պտղավետվել: Ամենահասարակ թվացող բառն էլ հրաշք է…>>

Այս հափշտակությունները, սակայն, բավարար չէին Շիրազին դպրոցում պահելու համար: Նա հեռացվում է դպրոցից: Այնուհետև մի որոշ ժամանակ աշխատում է դպրոցում և փախչում: Մայրը դարբնի մոտ է տանում նրան, դարձյալ`անօգուտ: Որոշ ժամանակ էլ աշակերտում է հյուսնին, թիթեղագործին, ապա սկսում է ջուր ծախել…մայրը թախանձում է, լալիս,ու պատանին վերստին անցնում է <<նստակյաց>> կյանքի`սկսում կոշիկներ նորոգոլ: Ի վերջո ուսուցիչներն ընդառաջում են մորը, և պատանին վերադառնում է դպրոց`այն ավարտելու որոշումով: Այս ընթացքում էլ սկսում է բանաստեղծական փորձերը: Հասակակիցներից ստանալով «խելառ» մականունը, պատանին սկսում է անընդհատ հանգեր հորինել, բառեր կառուցել, բանաստեղծություններ գրել։ Գրում է ձեռքն ընկած պատառոտված թղթերի, ինչ-որ տեղից ճարած թղթե անձեռոցիկների վրա։ Այդ օրերին Գյումրիում իր գրական մայրամուտն էր ապրում Ատրպետը, որին էլ ապագա գրողը ծանոթացնում է իր բանաստեղծական գաղտնիքներին։ Ատրպետը դառնում է Շիրազի առաջին քննադատը և առաջինն էլ կռահում, որ ծնվող բանաստեղծը օժտված է շքեղ տվյալներով:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Տասնամյակներ անց բանաստեղծը հետևյալ խոստովանությունն է անում. <<Թե երբ եմ սկսել բանաստեղծություն գրել, չեմ հիշում: Հիշում եմ, որ մանուկ էի, միշտ կերթայի Արփաչայի ափը, կնայեի վազող ջրերին, գիշերը`Շիրակի աստղերի պայծառ թարթումներին կնայեի ու ներսս ինչ-որ ալիք կբարձանար. ես կարտասանեի, թեև տառերն էլ չգիտեի>>: Եվ ավելացնում է, որ ինքը հանգաբանում էր, իսկ քույրը գրի էր առնում:

Յոթնամայա դպրոցն ավարտելուց հետո 16-ամյա պատանին աշխատանքի է անցնում Լենինականի տեքստիլ գործարանում որպես ջուլհակի աշակերտ: Այստեղ կային սկսնակ բանաստեղծներ ու արձակագիրներ: Կամաց-կամաց պատանիրներն աշխուժացնում են տեղի գրական կյանքը, կազմակերպվում են քննարկումներ, հրավիրում են գրողների`ձգտելով դուրս գալ ներփակ կյանքից:

1930 թ. պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում։ Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին։ Հեռու չէր նաև այդ օրը։ Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում:

1934թ-ին արդեն նա համարձակվում է ժողովածու ներկայացնել տպագրության: Եվ նորից Շիրազի կողքին Ալազանն էր, որը խորհուրդ է տալիս Շիրազին ժողովածուն ուղարկել իրեն: Բանաստեղծությունների ընտրությունը կատարում է առանձին հոգացողությամբ, քանի որ <<իմացել էի, որ առաջին գիրքը ճակատագրական է լինում…տասից`մեկը, հարյուրից`տասը: Եվ այսպես բանաստեղծությունների առաջին գիրքը պատրաստ էր: Բայց ինչպիսի~ անհամբերությամբ ու սրտի դողով էի սպասում: Կարծես քննություն էի տալիս Աստծո առաջ…>>:

Ու մինչ երիտասարդը Լենինականում նստած տագնապում էր իր գրքի համար, Ալազանը Երևանում խոսակցություն էր սկսել Շիրազի անվան շուրջը: Նա խմբագրեց գիրքը և ջերմ առաջաբան գրեց:

Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ։ Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում -«այս երիտասարդի պոեմները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով):

Շիրազի անդրանիկ ժողովածուն լույս տեսավ 1935 թվականին <<Գարնանամուտ>> խորագրով: Ժողովածուում զետեղված են և՛ բանաստեղծություններ, և՛ անավարտ պոեմի ընդարձակ հատվածներ: <<Գարնանամուտին>>-ին բնորոշ հատկանիշները հիմնականում բացահայտված են գյուղական երգերում և բնանկարներում: ՈՒշագրավ է նաև իր գունային համակարգով: Շիրազն ընտրում է գարնանային ջինջ, թարմություն բերող գույներ, ստեղծում է գունային այնպիսի միջավայր, որը հաստատում է երկրի ու մարդու ջահել հասակը և ծաղկող տարիքը: Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները։ Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում։ Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար:

1936-40 թվականներին Շիրազն արդեն սովորում էր Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում:

1940թ. լույս տեսավ <<Երգ Հայաստաբի>> ժողովածուն, որի գլխավոր թերությունը բացատրվում է կյանքի ու կենդանի հոգեբանության աղքատությամբ:

1941թ թվականի փետրվարի 23-ին `Կարմիր բանակի տարելիցին, Շիրազը <<Սովետական Հայաստան>> թերթում տպագրեց <<Կարմիր բանակի երթը>>:

Սկսված պատերազմը նոր հունի մեջ դրեց Շիրազի երգի ներքին տարերքը, նյութը և թեման, բանաստեղծի գրական ու քաղաքացիական ճակատագիրը: Նախնական այս դժվար օրերին գրական ժանրերից ամենալայն հնչեղություն ձեռք բերեցին երկուսը` հրապարակախոսությունն ու բանաստեղծությունը: Հինգ-վեց տարիների ընթացքում Շիրազը հրատարակեց բանաստեղծությունների երեք ժողովածու`<<Բանաստեղծի ձայնը>> և <<Երգերի գիրքը>>`1942թ., <<Լիրիկա>>-ն `1946թ., իսկ <<Աղբյուր>> ժողովածուն լույս տեսավ ռուսերեն`1947թ.: 1941թ. <<Սովետական գրականություն>> ամսագրում Շիրազը հանդես եկավ <<Ռազմի Երգերից>> փոքրիկ շարքով: Դրանցից մեկում պոետը հնչեցնում էր իր անդրանիկ ռազմակոչը`

Գնա՛նք առավել գոռ ու ահարկու,
Քան չար թշնամին, հե~յ, գրո՛հ գնանք,
Մեր հայրենիքն է նորից ծաղկելու,-
Հե~յ, գրոհ գնանք, հե~յ, գրո՛հ գնանք…

Ծանր ու ողբերգական պահին և նրա բանաստեղծի հիշողության մեջ վերստին պայծառանում են անցյալի հիշատակները: Հայրենական պատերազմի շրջանում մեր գրականությունը հարստացավ պատմական անցյալին նվիրված գործերով:

Հայրենիքի ճակատագրի թեման բանաստեղծությունից-բանաստեղծություն,պատկերից-պատկեր ձեռք է բերում լեզվա-ոճական հարստություն, ստանում գեղարվեստական բազմազան հնչեղություն: Դրանց շարքում առանձնանում են<<Դավթի թոռները>>, <<Իմ Հայաստան>>, <<Երկիր Նաիրի>>, <<Հայ ժողովրդին>> Շիրազը խոսում է մեր դարավոր դժվարություններց, թափած արյունից ու հարության խինդից: <<Արարատին>> և <<Երբ նայում եմ լեռնապարին>> բանաստեղծությունները, որոնցում հնամենի պատմություւն է ու վերստին նորօրյա Արարատը:

Իրոք, ամենատարբեր թեմաներով գրված գործերը վերջիվերջո միավորվում են մի տեղ`հայրենիքի <<դիմանկարի>> շրջանակներում:

ԸՆՏԱՆԻՔԸ

Zoom Image

Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր: Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է:

Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ: Նրանց որդին, Սիփան Շիրազը պոետ էր:

ՇԻՐԱԶԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Արա Շիրազ, քանդակագործ,
Մասիս Շիրազ,
Սիփան Շիրազ, բանաստեղծ, /վաղամեռիկ/
Աստղիկ Շիրազ,
Անի Շիրազ,
Արաքս Շիրազ,
Հակ-Թադևոս Շիրազ,
Վանանդ Շիրազ

Հովհաննես Շիրազը պաշտում էր երեխաներին։ Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր:
Երբ գրկում եմ բալիկներիս,
Ձեզ եմ գրկում հայ բալիկներ,
Երբ գրկում եմ ձագուկներիս,
Ձեզ եմ գրկում հայ գալիքներ:
Կուզեմ դառնան տիեզերքիս
Աստղերը ձեզ խաղալիքներ:

Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ։ Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում -«այս երիտասարդի պոեմները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով):
Վերջին մեկուկես տասնամյակում Շիրազը հրապարակեց մի քանի ժողովածու:

1958-ին Շիրազը հրատարակում է Քնար Հայաստանի գրքի առաջին հատորը: Երկրորդ և երրորդ հատորը հրատարակվում են 1965-ին և 1974-ին: 1960 թվականին բանաստեղծը հրապարակեց մի շարք պոեմների ու բանաստեղծությունների ժողովածու`<<Իմ ընկեր Լորիկը>> խորագրով, 1968թվականին <<Հուշարձան մայրիկիս>>: Այս շրջանում առանձնանում են մորը նվիրված մի շարք բարձրարվեստ գործեր, որոնք աչքի են ընկնում հարուստ հուզականությամբ: Կյանքից հեռացած մայրը անսփոփ վիշտ է բերել բանաստեղծի սրտին: <<Գարունը էլի մորս գոգով>>, <<Էլ ի՞նչու ելաք>>, <<Թափվեք, իմ երգեր>>, <<Մորս մահով…>>, <<Ա~խ դողում է սիրտս նուրբ>>, <<Հրաշք>> և էլի ուրիշ գործերում բանաստեղծը բարձրանում է անհատական կամ անձնական փաստերից`մոր կերպարը հասցնելով գեղարվեստական ընդհանրացման: Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները: Շիրազի ստեղծագործությունների մեծ մասը պոեզիա է: Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների՝ «Անի», «Իմ մայրիկը», «Թող իմ սերը գաղտնի մնա», «Սիամանթո և Խաչեզարե», «Էքսպրոմտ», «Հեթանոսական սիրո նման», «Իմ սուրբ Հայրենիք», «Հայերի ճակատագիրը», «Անդրանիկին», և այլն: Նա գրեց «Հայկական Դանթեական-էսսեն» , որը Հայկական ցեղասպանության մասին է, թեմա, որը արգելված էր Սովետական Միությունում: Գլուխգործոցի առաջին տարբերակը գրվել է 1941թ-ին: Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Սովետական Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում: Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) 1990-ին լույս տեսավ Երևանում:

Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով։ Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 58 լեզուներով։ Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը` «Բիբլիական» պոեմը:

Շիրազը մոտ քառասուն բանաստեղծությունների և թարգմանությունների գրքերի հեղինակ է: Նրա հարուստ բառապաշարը և զգացմունքային ոճը հարստացված ժողովրդական և բարբառային տարրերով, նրա պոեզիան դարձրին Հայ գրականության լավագույն նմուշներից:
Հովհաննես Շիրազի թաղումը : Հովհանես Շիրազը վախճանվեց 1984թ. մարտի 14-ին, ծանր հիվանդությունից հետո: Մարտի 17-ին սգո հանդերձանքի մեջ էր Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնի սրահը: Այստեղ դրված էր մեծատաղանդ բանաստեղծ Հովհաննես Շիրազի դագաղը: Հրաժեշտի վերջին պահերին պատվո պահակ կանգնեցին Կ. Դեմիրճյանը, Բ. Սարկիսովը, Ֆ. Սարգսյանը եւ ուրիշներ:

«Անուշ» օպերայի վերջերգի հուզաթաթավ հնչյունների ներքո Շիրազի դագաղը դուրս բերվեց շենքից: Հուղարկավորների թափորը դանդաղաքայլ ուղղություն վերցրեց դեպի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն:

Պանթեոնում բազմամարդ սգո հավաքը բացեց Ֆ. Սարգսյանը: «Գալով հեթանոս դարերի հեռուներից… նա նոր ակոս բացեց մեր քնարերգության տարեգրության մեջ… Շիրազի լուսեղեն պոեզիան մեղմ է, ինչպես Մանթաշից եկող հովերը եւ հուժկու, ինչպես Ալագյազի ամպրոպները», – ասաց Ֆ. Սարգսյանը: Հրաժեշտի խոսք ասացին նաեւ Կ. Դալլաքյանը, Վարդգես Պետրոսյանը, Օլեգ Շեստինսկին, Մորիս Փոցխիշվիլին, վաստակավոր ուսուցչուհի Վ. Գեւորգյանը, Ադրբեջանի գրողների պատվիրակության անունից Նուսրեթ Քեսեմենլին:
Հրապարակվեցին Շիրազի մահվան կապակցությամբ ստացված ցավակցական հեռագրեր:

Ֆ. Սարգսյանը սգո արարողությունը հայտարարեց փակված: Հայաստանի Կոմկուսի, կառավարության ղեկավարները, կառավարական հանձնաժողովի անդամները Շիրազի դագաղը մոտեցրին գերեզմանին: Երգչախումբը կատարում էր Մ. Եկմալյանի «Ով հայոց աշխարհ»-ը, որի հնչյունների ներքո Հայաստանի ժողովրդական մեծ բանաստեղծի աճյունը հանձնվեց մայր հողին:
…Հոծ բազմություն էր գալիս… եթե առավոտվանից մինչեւ իրիկուն թատրոնի դռները բաց լինեին հրաժեշտի համար, միեւնույն է, բոլորը չէին կարողանա մուտք գործել:
…Սրտառուչ էր հայրենակիցների մասնակցությունը: Նախ՝ ոչ ոք չի կարող ասել, թե Լենինականից քանի մարդ էր եկել: Շատ, չափազա՜նց շատ: Գուցե քաղաքի կեսից ավելին: Հետո բեռնատար մեքենայով Գյումրվա հող էին բերել, որ Երեւանի հողին խառնեն: Իսկ յոթանասունհինգ գյումրեցի երիտասարդ ուխտ էին արել ոտքով ճանապարհ ընկնել եւ հասնել բանաստեղծի թաղմանը…
Թաղմանը՝ դագաղը գերեզմանատուն էր հասել, իսկ հուղարկավորների թափորի վերջին շարքերը դեռ օպերայի մոտերքն էին՚ :

Zoom Image
Հովհաննես Շիազը թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
1991թ. հոկտեմբերի 15-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում կազմակերպվեց Շիրազի շիրիմին Արարատից բերված հողի<<հանձնման՚>>արարողությունը:
Կուզեի նստել մի քարի վրա
Եվ անվերջ նայել իմ Արարատին,
…………………………………
Մինչ շիրիմ դառնա քարն էլ ինձ վրա
Եվ մամռած նայե իմ Արարատին:

Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի (նշված Շիրազի բանաստեղծություններից մեկում), մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է Արարատ լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ:

Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվել Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց:
Աղբյուր` Ս.Ա. Աթաբեկյան <<Հովհաննես Շիրազի քնարերգությունը>> , http://nakhshkaryan.wordpress.com, http://www.wikipedia.org/


ՀՈՒՇԵՐ ՇԻՐԱԶԻՑ

Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ՝ ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Հատկապես շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը: Շիրազը զարմանում է.
-Ինչըղ կեղնի, բոլորդ Ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է…


Մի անգամ Շիրազին հարցնում են.
-Վերջերս ինչու չեք մասնակցում Գրողների միության ժողովին?
-Եթե Նարեկացին չի մասնակցում, ես ընչի պիտի մասնակցեմ,-պատասխանում է Շիրազը:


Մի անգամ Շիրազը՝ կանաչ փողկապով , զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է.
-Կանաչ փողկապով ես շրջում, չես վախենում էշերից?
-Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,-պատասխանում է Շիրազը:


1954 թվականին գրողների համամիութենական հանրագումարի ընդմիջման ժամին Շիրազին մոտեցավ թուրք նշանավոր բանաստեղծ Նազիմ Հիքմեդը: Առաջարկեցին խոսալ Հիքմեդի հետ: Երբ Հիքմեդը ձեռքը մեկնեց, նրա ձեռքը մնաց օդում կախված: Մինչ ուղեկցուհիները աչքերով նախատում էին Շիրազին` <<անբարեկրթության>> համար, Հիքմեդը վրա բերեց.
<<Ես գիտեմ նրան,նա իրավացի է>>


Բանաստեղծին հրավիրել էինք Չարենցավան.հենց տուն մտավ թե չէ հարցրեց.
-Քանի ՞ զավակ ունես:
-Երկու:
-Ի ՞նչըղ թե երկու, ինչըղ կարելի է մեծ արտի մեջ երկու բուռ ցորեն ցանել:


Խանդավառ գրասեր պատանիներ կային, որոնք շատ էին ուզում Շիրազի հետ լուսանկարվել. ո՞վ չէր ուզում Շիրազի հետ լուսանկարվել. ո՞վ գիտի ինչ նպատակով, գուցե և սիրած աղջիկներին ցույց տալու, պարծենալու, թե իրենք գրող են…
Դե, ո՞վ չէր ուզում Շիրազի հետ լուսանկար ունենալ:
Ընկերներիս թախանձանքով դիմում եմ իրեն.
- Շատ բարի, դու որ կըսես՝ կնկարվեմ, էդիկ դժվար բան չէ:
Պայմանավորվում ենք, բայց պայմանավորված ժամին չկա Շիրազը:
Հաջորդ օրը հիշեցնում եմ՝ էսօր նկարվենք, պահանջում եմ ես:
- Հա՛, բայց սափրված չեմ, սափրված չեմ, - ասելով ձեռքը տանում է դեմքին և ածելու պես քսում երեսին:
- Վաղը՝ ժամը երկուսին, եղա՞վ…
Պայմանավորված ժամին զանգում ենք, չի պատասխանում: Ընկերոջս (Մանուկի) հետ բարձրանում ենք, և ահա սենյակի դուռը բաց է: Շիրազը «Նարեկը» կրծքին քնած է: Նախօրոք հեռախոսափողը հեռախոսի վրայից ցած էր դրել, որ չզանգի:
Հեռախոսափողը դնում ենք իր տեղը: Անձայն քայլերով իջնում ենք ներքև: Զանգում ենք …
- Վո՞վ է, - քնաթաթախ պատասխանում է Վարպետը:
- Ես հիշեցնում եմ նկարվելու մասին:
- Եկե՛ք, բա՜յց …
- Էլ բայց չկա՛:
- Կա՛, կա՛…
Բարձրանում ենք պոետի մոտ:
- Քիչ է մնում՝ սատանաների գոյությանը հավատամ:
- Ինչո՞ւ,- հարցնում եմ ես:
- Հեռախոսափողը ներքև էի դրել, զանգում-խանգարում են, ու հանկարծ նորից հնչեց:
Դուրս եկանք, բայց այդպես էլ չհամաձայնվեց լուսանկարվել.
- Լավ չեն լուսանկարում:
Երբ ես ու ինքը մնացինք, տրտնջացի. «Ինչո՞ւ մերժեցիր», նոր ֆիդայիներ էին … Շիրազը ժպտաց.
- Գրպանս Զ.-ի հոգու պես դատարկ է … Նոր ֆիդայիները (ինչըղ որ դու կըսես) իմանան, որ իրենց սիրած բանաստեղծը՝ մեծ ֆիադային փող չունի, ի՞նչ կըսեն …
Նազարեթ Կիրակոսյան «Մեծ Շիրազի հետ» գրքից

1984 թ., երբ այլևս չկար Շիրազը, գրականագետ Սուրեն Աղաբաբյանը գրում է.
«…Ամեն օր, նույն ժամին հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկներում` գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին։ Սրանք ասես թե հաղորդակցվում էին Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ։ Այլևս չի երևալու ազգային ըղձասացի արծվենի կերպարանքը, այլևս բազմությունները չեն լսելու նրա կենդանի, սրամիտ, պատկերավոր խոսքը, այլևս Հովհաննես Շիրազը անցել է հավերժության գիրկը` անմահների համար սահմանված հավերժության օրենքով»:

Շիրազը հայտնի էր իր լավ հումորի զգացումով: 1960-ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարանը, ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է `…մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են: Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք:
1974թ., երբ հայտնի քննադատ Սուրեն Աղաբաբյանը Շիրազին հայտնեց նրան Լենինի շքանշանով պարգևատրելու մասին, պատասխանը հետևեց. “Եվ փոխարենը ի՞նչ են նրանք (Սովետական կառավարությունը) ուզում: Իմ լռությունը գնե՞լ:


Երբ խոսք էր լինում մեծերի մասին, առանձնացնում էր միշտ Մաշտոցին: Մի անգամ էլ հերթով ներկայացնում է պատին փակցված մեծերին:
- Բա Մաշտո՞ցը, – հարցնում են:
- Էդ բոլորին դնես կշեռքի մի թաթին, իսկ մյուսին Մաշտոցին, էլի նժար նժարի չի գա, Մաշտոցինը ծանր կլինի…
Դերասան Ազատ Գասպարյանը թե` Շիրազ, քեզ էլ որ դրած լինենք…
- Ո՜չ, ո՜չ, ես կշեռքը բռնողն եմ,- հումորի ծուղակից հանճարեղորեն իրեն դուրս բերեց հանճարեղը:

Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվել Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց:


ՄԵԾԵՐԸ ՇԻՐԱԶԻ ՄԱՍԻՆ

Հ. Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է:
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ


Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի Պառնասում,հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծ. նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է `զարմանալի պատկերներով:
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ


Շիրազ մեծ տաղանդ մըն է։ Անիկա մեծ, մեծ անուն ունի և մենք շատ կգնահատենք անոր գոյություն... Շիրազ թանկագին հոգի մըն է, ես շատ կցանկանամ լուրեր առնել անոր գրություններե, լսել անոնք։ Ան տաղանդ է, մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալ։
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ


<<Ուշադրություն պիտի դարձնել այս պոետի վրա…ընդհանուր աղմուկի մեջ ժողովրդական լիրիկա է վերում սա>>:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ


Նրա մեջ բոցկլտում էր մաշտոցյան լեզվի կրակը, նրա երակներում հոսում էր Նարեկացու և Քուչակի արյունը, իսկ սրտի միջով անցնում էր Խաչատուր Աբովյանի վերքը։ Նա տիրապետում էր Սասունցի Դավթի ուժին, սակայն նրա պոեզիայում ծաղկում էր մոր ծաղիկը, որի անունը քնքշություն է։ Նրա քնարը պատվով կրում էր Կոմիտասի կարոտը և Մարտիրոս Սարյանի գույների հարմոնիան։
Շիրազը ոչ միայն բանաստեղծական պատկերի անգերազանց վարպետ է, այլև բանաստեղծության գերազանց կառուցող-ճարտարապետ։
Շիրազի ստեղծագործությունը ոչ թե պատմություն է կամ անցյալի հուշ, այլ բանաստեղծական գալիք, ուր թրթռում է պոեզիայի կենդանի ոգին, «աստվածային շունչը»։
ՍՈՒՐԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


... Հովհաննես Շիրազը, որ երեկ անապաստան, «խուժանային» որբ տղեկ մը եղած է...այսօր, ըստ իս, Երևանի և ամբողջ աշխարհի բանաստեղծներուն մեջ ինքնուրույն տեղ մը գրավելու արժանի ներշնչյալ, հմայիչ քնարերգակ մըն է։
ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ


Ապագայում ևս շիրազյան բանաստեղծությունը բազմաթիվ հիվանդ հոգիներ ու սրտեր կբուժի, ինչպես այսօր մենք մոռացված խոտեր ու ծաղիկներ ենք փնտրում` մեր հիվանդ մարմինը բուժելու համար։ Այն անթառամը, որ կա շիրազյան բանաստեղծության մեջ, սքանչելի բույր ունի և ապաքինող բաղադրություն։
ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ


Նա, ժառանգելով իր ժողովրդի տաղանդի բանաստեղծական հատկանիշը, հասունացել է անյքան, լցվել է այնպես, ինչպես Արարատյան դաշտավայրի այն հարուստ վազը, որ հազվադեպ տեսակի է և իր արտասովոր ողկույզների նույնքան արտասովոր շողշողումներով ժպտում է ամեն անցորդի ու չի հարցնում նրա ով լինելը։
ԼևՈՆ ԲԱՏԻԿՅԱՆ


Շիրազը սփյուռքի մեջ ամենաժողովրդական և սիրված բանաստեղծն է, հուզիչ կապ է մեր և մեր հայրենիքի ժողովրդի մեջ, նրա ձայնը սփյուռքում սրտեր կգրավե... Տարբեր լարեր կան անոր քնարին վրա, թե՛ աշուղական, թե՛ քնարական, թե՛ փիլիսոփայական և նկարագրով էլ, որպես մարդ, նա հրաբխային բանաստեղծ է։
ԼևՈՆ-ԶԱՎԵՆ ՍՅՈՒՐՄԵԼՅԱՆ


Շիրազը անկրկնելի է պոեզիայի աշխարհում:Ինքնատիպ ու յուրօրինակ,մեծ ու խոր`ինչպես մարդկային ներաշխարհը,պայծառ ու բեղուն`ինչպես տաղանդավոր հայ ժողովրդի ներկան ու վաղվա օրը...Շիրազը բանաստեղծ է իր ողջ էությամբ...Գրչի մի շարժումով բանաստեղծորեն շնչավորում է առարկան ու երևույթը,ջերմացնում,մարդկայնորեն հասկանալի դարձնում անըմբռնելին ու աննկատելին:
Ամեն ինչում յուրօրինակ է ,շիրազական...Անձնվեր հայրենասեր է ու ինտերնացիոնալիստ...
ՄՈՐԻՍ ՓՈՑԽԻՇՎԻԼԻ/վրաց բանաստեղծ/


Zoom Image
Թանգարանը հիմնադրվել է 1983 թվականին, Գյումրիում` 19-րդ դարում կառուցված յուրատիպ մեկհարկանի շենքում: Այստեղ պահպանվում և ցուցադրվում են Գյումրիում ծնված մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի (1914-1984թթ.) անձնական իըերը, ձեռագրերը և տպագիր գործերը: Մեծ արժեք են ներկայացնում հատկապես բանաստեղծին կամ թանգարանին նվիրաբերված նշանավոր արվեստագետների աշխատանքները (Մ. Սարյան, Ս. Փարաջանով, Ա. Շիրազ, Ս. Շիրազ և այլն):
Հասցեն` ք. Գյումրի, Վարպետաց փող.,101
Աշխատանքի օրերը, ժամերը՝ երեքշաբթի-կիրակի, ժ. 11:00-17:00
Հանգստյան օրը՝ երկուշաբթի
Հեռախոս`(+374 312) 5-51-42


ՖԻԼՄ
Zoom Image
Հովհաննես Շիրազ 48 րոպե (2005) Սցենարի հեղինակ և ռեժիսոր Լևոն Մկրտչյան, օպերատոր Արմեն Միրաքյան, իսկ կինոնկարի կոմպոզիտորն է Սարգիս Ալաջաջյանը:

Zoom Image
Հուշատախտակ այն տանը, որտեղ ապրել է Շիրազը. Երևան, Մաշտոցի պողոտա:

Zoom Image
Հուշարձանի հեղինակը բանաստեղծի որդին է՝ քանդակագործ ԱՐԱ ՇԻՐԱԶԸ

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 13-07-2014 10:17:51
Դիտումների քանակը: 20455
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԵՎՈՐԳ ՉՄՇԿՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ Դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ: Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից և առաջատարը: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott