ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ
Մեսրոպ Մաշտոցը` հայ գրերի ստեղծողը և մատենագրության հիմնադիրը, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչն ու հայալեզու դպրոցի հիմնադիրը, ծնվել է պատմական Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում կիսազատ (կարճազատ) գյուղացու ընտանիքում։ Մաշտոցի ծննդյան տարին ընդունված է համարել 362 թ.։ Վախճանվել է 440 թ. փետրվարի 17-ին: Մեսրոպի ծնողների մասին գիտենք միայն այնքանը, որ հոր անունը Վարդան է։ Մեսրոպի աշակերտ և կենսագիր Կորյունի, ինչպես և մեր մյուս պատմիչների (Փարպեցի, Խորենացի և այլք) վկայության համաձայն, Մեսրոպը իր ժամանակի համար լավ կրթություն է ստացել հայրենի գավառում` Տարոնում, որից հետո գնացել է Վաղարշապատ մայրաքաղաքը և պաշտոնավարել Խոսրով Գ-ի արքունիքում` որպես ատենադպիր, ապա դարձել զինվորական։ Նա իմացել է հունարեն, ասորերեն և պարսկերեն լեզուներ, որոնցով հայկական արքունիքում վարում էին գրագրությունները։ Թե քանի տարի է Մեսրոպը պաշտոնավար ել արքունիքում` ստուգապես հայտնի չէ, բայց հայտնի է, որ նրան արքունիքում սիրել ու համակրել են, ըստ որում Կորյունը գրում է, թե նա «իր զինվորական արվեստով սիրելի էր դարձել իր զորականներին»։
Չնայած պաշտոնի մեջ ունեցած առաջադիմությանը, Մեսրոպը թողնում է զինվորական ծառայությունը, ընդունում է հոգևոր կոչում և իրեն նվիրում ճգնավորության, իր կյանքն անցկացնում մենակեցության մեջ, մարդկանցից հեռու, քարանձավներում։
Այս ճգնակեցության ժամանակ նա իրեն ընկերակից է դարձնում նաև ուրիշների, որոնք, ամենայն հավանականությամբ, իր հետևվորդները կամ աշակերտները դարձան։ Այնուհետև, առնելով իր աշակերտներին, նա մեկնում է Գողթնի կողմերը, որտեղ դեռևս ամուր պահպանվում էին հեթանոսական կրոնն ու սովորույթները։ Նրան ընդառաջ է գալիս տեղի իշխան Շաբիթը, հյուրընկալում սիրով և հնարավորություն տալիս ծավալելու քարոզչական գործունեություն։
Կորյունի վկայությամբ, նա դարձի, այսինքն` քրիստոնեական դավանանքի է բերում Գողթն գավառի ժողովրդին։
Այս հաջողությունը, սակայն, բավարարություն չի տալիս Մեսրոպին։ Նա մտահոգված էր ամբողջ հայ ժողովրդի ճակատագրով։ Բանն այն է, որ հայ ժողովրդի վիճակը Մեսրոպի գործունեության տարիներին չափազանց ծանր էր և հղի էր շատ ավելի լուրջ հետևանքներով։ Բաժանված լինելով երկու մեծ տերությունների` հռոմեական և պարսկական պետությունների միջև, հայ ժողովուրդը փաստորեն կորցրել էր ոչ միայն իր միասնականությունն ու անկախությունը, այլև ընկել էր քաղաքական և մշակութային տարբեր ազդեցությունների տակ։ Հռոմեական գերիշխանության տակ գտնվող մասը վեր էր ածվել բյուզանդական կայսրության մի կուսակալության, որ կառավարվում էր կայսեր կողմից նշանակված «կուսակալի» կամ «զորավարի» կողմից։ Արևելյան մասը, որ ենթակա էր Պարսկաստանին, թեև անվանապես դեռևս պահպանում էր իր թագավորությունը, բայց կախման մեջ էր պարսկական արքայից արքայի իշխանությունից։ Երկրի երկատվածությունը մի կողմից, սեփական գրի ու գրականության բացակայությունը մյուս կողմից, սպառնում էին հայ ժողովրդին հետագա ավելի աղետալից ճակատագիր։ Երկրում, իբրև պետական և ուսումնական ու կրոնական-պաշտամունքային լեզու տիրապետում էին հունարենն ու ասորերենը։ Այս վիճակը հայ ժողովրդին զրկում էր քրիստոնեական կրոնը մայրենի լեզվով ընկալելու և այն հասկանալու հնարավորությունից, և զարմանալի չէ, որ քրիստոնեությունն իբրև պաշտոնական կրոն Հայաստանում ընդունելուց հարյուր տարի հետո էլ ժողովրդի զգալի մասը դեռևս անհաղորդ էր նրան։ Ժողովուրդը պետք է մաքառեր իր քաղաքական, տնտեսական ու մշակութային միասնության ու անկախության, նույնիսկ իր ֆիզիկական գոյության համար։ Ձուլման վտանգը սպառնում էր երկու հատվածներում էլ, ըստ որում արևելյան մասում թեև պարսկական գերիշխանությունը դեռևս հանդուրժում էր քրիստոնեական կրոնը, բայց, ինչպես պատմությունը ցույց տվեց, այդ հանդուրժողականությունը երկար չէր կարող տևել։ Պարսից թագավորները ձգտում էին վերացնել քրիստոնեական կրոնը և հայերին պարտադրել զրադաշտական կրոնը, որը, ինչպես հայտնի է, հանգեցրեց Վարդանանց պատերազմին, ըստ որում այդ բռնի կրոնադարձությունն, ըստ էության, նշանակում էր հայերի ձուլումը պարսիկներին։ Այս պայմաններում զարմանալի չէր Մեսրոպի մտահոգությունը։ Նա արևելյան մասի մի հատվածում` Գողթնում, քարոզչական գործունեության փորձից համոզվեց, որ գոյություն ունեցող պայմաններում ժողովըրդական զանգվածները չէին կարող քրիստոնեական կրոնը հարկ եղած չափով ընկալել, քանի որ այն, ինչպես ասացինք, քարոզվում էր հունարեն կամ ասորերեն լեզուներով, որոնք մատչելի չէին ունկնդիրներին։ Եվ որովհետև տվյալ պայմաններում հայ ժողովրդի` մեջ քրիստոնեության տարածումն ու արմատավորումը լոկ կրոնական խնդիր չէր, այլև քաղաքական, քանի որ նպատակ ուներ պատվար ստեղծել ձուլման վտանգը կանխելու համար, ապա բնականաբար Մեսրոպը շատ ավելի մեծ ընդգրկումով էր ցանկանում լուծել հայ ժողովրդին քրիստոնեական կրոնին հաղորդակից դարձնելու խնդիրը, քան այն, ինչի ինքը հասել էր իր քարոզչական գործունեությամբ։ Այս ամենը համառոտ, բայց շատ պարզորոշ նկարագրում է Կորյունը. «Եվ երբ նրանց մեջ սերմանեց կյանքի խոսքը, հայտնապես մեծամեծ հրաշքներ երևացին գավառի բնակիչներին... նա մտքում դրեց ավելի հոգալ նույնպես համայն աշխարհի (այսինքն` Հայաստանի) ժողովրդին մխիթարելու մասին, ուստի) և ավելացրեց մշտամռունչ աղոթքն ու բազկատարած պաղատանքն առ աստված և անդադար արտասուքը, մտաբերելով առաքյալի խոսքը, և ասում էր հոգալով. «Տրտմություն է ինձ համար, և անպակաս են իմ սրտի ցավերն իմ եղբայրների և ազգակիցների համար»։
Եվ այնպես տրտմական հոգսերով պաշարված ու թակարդապատված և մտածմունքների ծփանքի մեջ էր ընկած, թե արդյոք ի՞նչպիսի ելք գտնի այդ բանի համար[1]։ Այս մտածմունքների ու հոգսերի մեջ էլ, ահա, ինչպես վկայում են Խորենացին և Փարպեցին, Մեսրոպը հղանում է հայկական գրեր ստեղծելու գաղափարը։
Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Մեսրոպը վերադառնում է Վաղարշապատ և դիմում Սահակ կաթողիկոսին։ Պարզվում է, որ Սահակն էլ նույն մտատանջությունների մեջ է, ուստի և միանգամայն պատրաստակամորեն ընդունում է Մեսրոպի առաջարկը։ Երկուսով հայ գրերի ստեղծման մտքով ոգևորված, գումարում են ընդհանրական ժողով, որը հավանություն է տալիս այդ ոգևորիչ ծրագրին։ Գրի և գրականության ստեղծմամբ հայ եկեղեցին, հայ հոգևորականները ձգտում էին նաև հոգևոր ու մշակութային մարզերում ազատվել հունական և ասորական եկեղեցիների ազդեցություններից։ Մեսրոպը և Սահակը սկսում են իրենց որոնումները` հայերեն նշանագրեր ստեղծելու համար։ Նրանք իրենց մտադրության մասին պատմում են Վռամշապուհ արքային, որը նույնպես հավանություն է տալիս նրանց մտադրությանը։ Այս հանգամանքը խոսում է ժամանակի քաղաքական ու մշակութային վիճակից բխող անհրաժեշտության, հայ ժողովրդի ձուլման վտանգին դիմակայելու հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միասնական ձգտման մասին։ Քաջալերելով այդ նախաձեռնությունը, թագավորը միաժամանակ հայտնում է, որ Դանիել անունով ասորի մի եպիսկոպոս «հանկարծ գտել է» հայերենի այբուբենը` նշանագրերը։
Վահրիճ անունով մեկին ուղարկում են Դանիել եպիսկոպոսի մերձավորներից Հաբելի մոտ։ Հաբելը, Վահրիճից լսելով Վռամշապուհի հանձնարարության մասին, շտապում է Դանիելի մոտ, նրանից ստանում նշանագրերը և ուղարկում («արքային` հայոց երկիրը», Վռամշապուհի թագավորության հինգերորդ տարում։ Բոլորն ուրախանում են այդ հանկարծական գյուտով, հավաքում են երիտասարդների, ու Մեսրոպը սկսում է այդ նշանագրերը սովորեցնել նրանց։ Շուտով, սակայն, պարզվում է, որ այդ գրերը, որոնք հայագիտության մեջ «դանիելյան նշանագրեր» անունն են ստացել, հայկական չեն և չեն բավարարում հայոց լեզվի պահանջներին, հայերենի հարուստ հնչյունական համակարգի համար այն անկատար, թերի այբուբեն էր։ Ուստի հրաժարվելով դրանից` նույն տարում էլ նրանք շարունակում են որոնումները։
Վերցնելով մի խումբ երիտասարդների, Մեսրոպը դիմեց դեպի այն ժամանակվա ուսումնական ու գիտական մեծագույն կենտրոններից մեկը` Եդեսիա։ Հետը տարած աշակերտների մի մասին պահելով իր մոտ, մյուս մասին ուղարկեց Սամոսատ` հունական կրթություն ստանալու համար։ Նա գիտակ մարդկանց օգնությամբ որոնումներ կատարեց Եդեսիայի հռչակավոր դիվանատանը, որտեղ պահվում էր հսկայական գրականություն։ Այստեղ զանազան գրքեր կարդալով նա ուսումնասիրեց տարբեր լեզուների այբուբենները, ծանոթացավ դրանց կառուցվածքին, տառերի ձևերին, գրության սկզբունքներին, որոնց իմացումն անհրաժեշտ էր հայկական գրեր ստեղծելու համար։ Եվ այս բոլորից հետո ձեռնամուխ եղավ հայոց գրերի ստեղծմանը։ Ծանոթ լինելով արդեն բազմաթիվ այբուբենների, Մեսրոպը կազմեց հայերենի այբուբենը` ստեղծելով միանգամայն յուրահատուկ տառեր` հետևելով գրության լավագույն սկզբունքներին։
Նրա ստեղծած հայկական այբուբենի հիմնական սկզբունքները հետևյալներն են.
1.մեկ տառին մեկ հնչյուն, մեկ հնչյունին` մեկ տառ. բացառություն է կազմում միայն ու տառը, որ բաղկացած է երկու տառանիշների միացումից և այբուբենի մեջ չի մտնում. այս կետում Մեսրոպը ուղղակի հետևել է հունական այբուբենին, որ նույնպես չուներ ու տառը (գրվում էր о և у տառերով).
2.աջընթաց հորիզոնական գրություն. իր ժամանակի այբուբեններից շատերը ունեին ձախընթաց գրություն, նա ընտրեց աջընթաց գրությունը, որի առավելությունն ակներև է.
3.տարորոշիչ (դիակրիտիկ) նշանների բացակայություն. իր ժամանակի այբուբեններից շատերը, այդ թվում և հունարենը, օգտագործում էին տառերի տակ, վրան կամ կողքին դրվող զանազան նշաններ` տառերի արտասանությունը ճշտելու, ձայնավորները որոշելու և նման հանգամանքներ հայտնի դարձնելու համար, Մեսրոպը խուսափեց այդ կարգի նշաններով այբուբենը խճողելուց, և դա նրա ստեղծած այբուբենի առավելություններից մեկն է:
4.ինչպես ամեն մի կենդանի լեզվի, այնպես էլ V դարի հայերենի համար, անշուշտ, բնորոշ էր հնչյունների զանազան արտասանություն տարբեր վայրերում, եթե դրանք դեռևս բարբառային մեծ տարբերություններ չէին էլ առաջացնում, այնուամենայնիվ, այս կամ այն չափով խախտում էին միասնական արտասանությունը, Մեսրոպը կարողացավ այդ տարբերություններից վերանալ և ստեղծել միասնական հնչյունական համակարգը ներկայացնող` այսպես կոչված հնչույթային գիր:
Այս բոլոր առավելությունները հնարավորություն տվեցին ստեղծելու հայերենի համար լիակատար այբուբեն, որը ոչ միայն լիովին բավարարում էր ժամանակի հայերենին, այլև ստեղծումից հետո անցած հազար հինգ հարյուր տարվա ընթացքում որևէ էական փոփոխության ենթարկվելու կարիքը չունեցավ. եղած փոփոխությունները վերաբերում են հայերենի մեջ ժամանակի ընթացքում ավելացած հնչյուններն արտահայտելու համար հավելյալ գրերին (о, ֆ), որոնք միջին դարերում մտել են հայկական այբուբենի մեջ և ավելացվել վերջում։
Պատմելով Մեսրոպի` Եդեսիայում կատարած աշխատանքի մասին, Կորյունը գրում է. «Եվ նա իր ընկերների հետ սկսեց սովորական աղոթքներն ու տքնությունները և արտասվալից պաղատանքները, խստամթերությունները, աշխարհահեծ հոգսերը... Եվ այսպես նա շատ նեղություններ քաշեց իր ազգին մի բարի օգնություն գտնելու համար։ Ամեն բան շնորհող աստծուց իսկապես պարգևվեց նրան (այգ) բախտը, նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ—հայերեն լեզվի նշանագրեր։ Եվ այնտեղ շուտով նշանակեց, անվանեց ու դասավորեց, հորինեց սիղոբաներով-կապերով» (49)։
Այս մեջբերումը ցույց է տալիս, որ Մեսրոպն, իրոք, տանջալից աշխատանք է կատարել, երկար ժամանակ ուսումնասիրելով զանազան այբուբեններ, և, վերջապես, ինքը ստեղծել, այսինքն` հորինել, դասավորել ու անվանել է հայերեն տառերը։
Այստեղ կարևոր է նշել, որ հայերեն այբուբենը շատ ավելի հարուստ է, քան Մաշտոցի օգտագործած, ուսումնասիրած այբուբեններից շատերը (օրինակ` հունարենը, ասորերենը և այլն), նրանց մեծագույն մասը չուներ հայերենին հատուկ մի շարք հնչյունների տառերը (չ, ճ, ց, ջ, ձ, ծ, երկու լ` լ և ղ, երկու ր`ր և ռ և այլն)։
Մեսրոպն օգտագործած այբուբենների տառերից ոչ մեկն էլ անփոփոխ կերպով չի մուծել հայկական այբուբենի մեջ (հայերեն տառերը չեն նույնանում այլ այբուբենների տառերին), այլ ստեղծել է ինքնատիպ նշանագրեր։
Տառերի դասավորությունը այբուբենի մեջ հիմնականում համընկնում է հունականին։
Այբուբենի ստեղծումով Մեսրոպն ավարտեց իր գործը Եդեսիայում և գնաց Սամոսատ քաղաքը։
Այստեղ նա գտավ հունական դպրության հմուտ մի գրագիր («գրիչ ոմն հելլենական դպրութեան»), Հռոփանոս անունով, որին և հանձնարարեց իր ստեղծած տառերը ձևավորել գեղագրորեն։
Այստեղ էլ թարգմանել է «Առակաց գրքից» մեկ նախադասություն` «ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» [ճանաչել իմաստություն և խրատ, իմանալ հանճարի խոսքերը»], և գրել տվել Հռոփանոսին, որպեսզի գործնականում երևա իր հորինած տառերի կիրառելիությունը ոչ միայն հայերենի հնչյունական համակարգի համապատասխանության տեսակետից, այլև գեղագրական տեսանկյունից։
Հավանական է, որ հենց միայն այդ նախադասությունը կամ մի փոքրիկ հատված է թարգմանել Մեսրոպը, և գրել տալով գեղեցիկ գրչությամբ, ավարտված է համարել իր գործը Սամոսատում։
Կա՞ր արդյոք պատճառ մեկ կամ մի քանի նախադասություն միայն թարգմանելու, գրել տալու և այդ մի քանի նախադասությունը գեղեցիկ գրված առնելու ու վերադառնալու Հայաստան: Այո, կար։ Իր հայրենիքում առաջին փորձը ձախողվեց, դանիելյան գրերը չբավարարեցին հայերենի պահանջներին, և Մեսրոպն ստիպված եղավ մեկնել այլ վայրեր` հայերեն տառերը հորինելու համար։ Նա այդ գործը կատարել էր արդեն, սակայն միայն տառերի հորինումը բավական չէր. նրան հարկավոր էր նախ պարզել, թե իրո՞ք այդ տառերը բավարարում են հայերենի հնչյուններին, նա համոզվել էր դրանում հենց տառերը հորինել ավարտելուց հետո, և այդ համոզմունքով անցավ Սամոսատ` տառերը գեղագրորեն գրել տալու նպատակով։ Այդ թարգմանությունը և դրա` Հռոփանոս գրիչ-գեղագրի ձեռքով գրի առնված հատվածը շոշափելի, նյութական ապացույցն էր այն բանի, որ նա հաջողությամբ էր կատարել իրեն հանձնարարված գործը, և այգ գիտակցությամբ էլ դիմեց դեպի հայրենիք։
Այստեղ նրան դիմավորեցին մեծագույն խանդավառությամբ։ Ինչպես պատմում է Կորյունը, երբ Մեսրոպի և իր աշակերտների գալստյան մասին լուր հասցրին թագավորին ու կաթողիկոսին, վերջիններս «նախարարագունդ ավագանու բոլոր բազմությունն առնելով քաղաքից դուրս եկան, Ռահ գետի ափին դիմավորեցին երանելիին» (55)։ Ցնծության երգերով ու փառաբանություններով դիմավորողները Մեսրոպին առաջնորդեցին դեպի մայրաքաղաք և մեծ տոնախմբություններով նշեցին այդ իրադարձությունը։
Հայկական գրերն ստեղծված էին արդեն, և գործադրությամբ` Առակաց գրքի հատվածի թարգմանությամբ, հավաստվել էր դրանց պիտանիությունը։ Այժմ արդեն Մեսրոպը և նրա ընկերակիցները ձեռնամուխ են լինում ուսումնական ու գրական գործունեության։ Մեսրոպը գլխավորեց մի կողմից ուսումնական, մյուս կողմից` թարգմանական ու քարոզչական գործը։ Նախ ձեռնարկեցին, ինչպես և պետք էր սպասել, թարգմանել Աստվածաշունչը։ Կորյունը պատմում է, որ սկսեցին թարգմանել ավետարանական արվեստը և գրել (այսինքն` արտագրելով բազմացնել) ու սովորեցնել։ Ինքը` Մեսրոպը, քարոզչության է անցնում նախ Գողթնում, ապա` Սյունիքում։
Արդեն կրթված աշակերտներին ուղարկում են Հայաստանի զանազան կողմերը` գրագիտություն սովորեցնելու, քրիստոնեությունը քարոզելու մայրենի լեզվով։
Իսկ աշակերտներն անպակաս էին. «նրանք իրենք էլ հենց Հայաստան աշխարհի զանազան կողմերից ու գավառներից բազմությամբ վեր էին կենում, գալիս հասնում էին աստվածային գիտության բացված աղբյուրը» (59)։ Այս եղանակով կարճ ժամանակամիջոցում Հայաստանում ստեղծվեց գրագետ, իր ժամանակի համար կրթված երիտասարդների մի մեծ խումբ, որը և նվիրվեց ինչպես լուսավորության, այնպես էլ կրոնական գործունեության։ Մեսրոպի, Սահակի ու նրանց աշակերտների ծավալած գործունեությունն իսկապես մի լուսավորական շարժում էր, որ ուներ ոչ միայն մշակութային, այլև, առաջին հերթին, ազգային-քաղաքական նշանակություն, միասնական մշակույթի զարգացումով հիմք էր դրվում հայ ժողովրդի բոլոր հատվածների միավորման, հոգեկան կերտվածքի ու մշակույթի միասնականացման, որ անհրաժեշտ էր ոչ միայն հենց այդ դարում, երբ Հայաստանը բաժանված էր երկու օտար պետությունների միջև, այլև ամբողջ հետագա դարաշրջաններում` դիմակայելու համար իրար հաջորդող կործանիչ արշավանքներին, բարբարոսական ներխուժումներին ու տիրապետություններին։ Այդ բանը լավ էին հասկանում ոչ միայն Մեսրոպը, Սահակը և իրենց աշակերտները, այլև Վռամշպուհ արքան, աշխարհիկ իշխանությունը։ Եվ իզուր չէ, որ Կորյունը ոգեվորությամբ պատմում է, թե ամբողջ Հայաստան աշխարհում սրտալից ուրախություն էր տիրում։
Եթե հայ ժողովրդի հոգևոր ու գաղափարական միասնությունն ամրապնդելուն նվիրված անդուլ գործունեությամբ ու մեծամեծ ջանքերով, այդ նպատակին հասնելու համար հայկական գրի ու գրականության ստեղծման գործում ցուցաբերած հետևողական ու անխոնջ պրպտումներով Մեսրոպ Մաշտոցը հանդես է գալիս որպես իր ժողովրդին նվիրված անձնուրաց քազաքական-գաղափարական գործիչ, ապա հայկական գրի ստեղծումով նա իրեն դրսևորում է իբրև մեծ գիտնական։ Իր կատարելությամբ հայկական գիրը, իրոք, հանճարեղ մտքի ծնունդ է։ Այդ գործն ավարտելով` Մեսրոպը հայ ժողովրդին նվիրեց իր հոգեկան կերտվածքի բյուրեղացման, իր մշակույթի զարգացման հզոր մի զենք։
Սակայն անհանգիստ ու եռանդուն ուսուցիչն ու գիտնականը դեռևս չէր ավարտել իր առաքելությունը։ Քարոզչական գործունեություն ծավալելով Արևելյան Հայաստանի գավառներում, նա հոգ տարավ նաև հարևան ժողովուրդների` հայերի հետ անմիջական հարևանության ու բարեկամական, բարիդրացիական հարասեբությունների մեջ գտնվող վրացիների ու աղվանների համար գիր ստեղծելու մասին։
Այս առաքելությունն էլ հաջողությամբ ավարտելուց հետո, Մեսրոպն իր աշակերտների մի խմբի հետ մեկնում է Արևմտյան Հայաստան` այնտեղ ևս դպրոցներ բանալու և գրագիտություն սովորեցնելու համար։ Այստեղ նրան լավ ընդունելություն են ցույց տալիս երկրի մեծամեծներն` ու կրոնավորները, մանավանդ կայսրության կառավարիչը` սպարապետը։ Բայց, չնայած այդ լավ ընդունելությանը, Մեսրոպի մտադրությունն այնքան էլ բարեհաճ վերաբերմունքի չի արժանանում։ Սպարապետ Անատոլիսը հայտնում է կայսրին Մեսրոպի ու իր ընկերակիցների ժամանման և նրանց մտադրության մասին։ Կայսրը հրամանով հանձնարարում է սպարապետին` մեծարանքով ընդունել Մեսրոպին և նրան Ակումիտ (տքնող, անքուն հսկող) կոչումով մեծարել։ Բայց Մեսրոպն ստիպված է լինում գնալ Կոստանդնոլպոլիս կայսերանիստ քաղաքը` կայսրից հատուկ թույլտվություն ստանալու համար։ Կայսրը լավագույն ընդունելությամբ պատվում է Մեսրոպին, հավանություն է տալիս նրա մտադրությանը և գրավոր հրամաններով («սակերներով») հանձնարարում թույլատրել հայկական դպրոցներ բանալ և կրթել մանուկներին։ Այս գործը ևս մեծ հաջողությամբ է գլուխ բերում Մեսրոպը ընկերակիցների հետ. հիմնադրում է դպրոցներ, այնտեղ իր հետ բերած աշակերտներին ուսուցիչներ է կարգում և զանազան վայրերի դպրոցներում հավաքում բազմաթիվ աշակերտներ։ Միայն իր առաքելությունը ավարտելուց, Հայաստանի բոլոր կողմերում, ինչպես և Աղվանքում ու Վրաստանում լուսա-վորության գործը հաստատուն հիմքերի վրա դնելուց հետո, նա վերադառնում է մայրաքաղաք, միանում Սահակին և շարունակում գրական-թարգմանչական գործունեությունը։ Այս շրջանում էլ, սակայն, նա հաճախ դուրս է գալիս շրջագայությունների, այցելում իր հիմնած դպրոցները, քարոզներ կարդում ժողովրդի համար։ Ինչպես երևում է Կորյունի վկայությունից և ինչպես ցույց են տվել բանասեր-հայագետները, Սահակը և Մեսրոպը թարգմանել են Աստվածաշունչը գրեթե ամբողջությամբ (կասկածի տակ է առնվում միայն Մակարայեցվոց գրքի թարգմանությունը)։ Բացի դրանից հավանական է համարվում նաև այլ եկեղեցական գրքերի թարգմանությունը Սահակի և Մեսրոպի ձեռքով կամ գոնե նրանց անմիջական մասնակցությամբ։ Համենայն դեպս, պարզ է ու կասկածից վեր այն հանգամանքը, որ այս շրջանում Մեսրոպը լծվել էր գրական գործունեության, իբրև հիմնական զբաղմունքի։
Մեսրոպին են վերագրվում նաև ինքնուրույն երկեր, ինչպես` Ապաշխարության շարականները, «Յաճախապատում ճառք» ժողովածուն, Պրոկղ եպիսկոպոսին ուղղված թուղթը և այլն։
Նա Սահակ Պարթևի հետ դարի գրական բուռն շարժումը ղեկավարեց մինչև իր կյանքի վերջը։ Կորյունի վկայությամբ, Մեսրոպը գրերի գյուտից հետո ապրել է ու գործել 35 տարի, իսկ արքունիքից հեռանալուց և քարոզչական գործունեության նվիրվելուց մինչև մահը` 45 տարի։ Նրան թաղեցին Օշական գյուղում, թաղումը եղավ փառահեղ. ամբողջ հոգևորական դասը, մայրաքաղաքի ժողովուրդը, մեծամեծների առաջնորդությամբ, մասնակցեցին թաղմանը։
Ի հավերժացումն Մեսրոպի անվան, Վահան Ամատունին (այն ժամանակվա հայոց հազարապետը) նրա գերեզմանին տաճար կանգնեցրեց (մահվանից երեք տարի հետո), իսկ նրա աշակերտներից մեկը` Կորյունը, Հովսեփ կաթողիկոսի հանձնարարությամբ և իր աշակերտակիցների թախանձանքով ձեռնարկեց Մեսրոպի կենսագրությունը շարադրելուն։ Կորյունը գրում է. «Բայց արդ նախ մի առաջաբան անենք, թե թույլատրելի՞ է արդյոք կատարյալ մարդկանց վարքի մասին գրել։ Ոչ թե մեր կողմից, մեր կարծիքով վիճաբանելով կճարտարախոսենք, այլ տրված օրինակներով պարզ կերպով կապացուցենք հակառակը» (25)։ Այս հատվածի մեջ կատարյալ նշանակում է «մահացած, վախճանված», և հատվածի միտքը այն է, թե արդյոք կարելի՞ է վարք գրել նրանց մասին, ովքեր իրենց մահով են մահացել և ոչ նահատակ են, ո´չ սուրբ, ո´չ մարգարե կամ առաքյալ։
Կորյունի այս առաջաբան-արդարացումը միանգամայն հասկանալի է։ Իր ժամանակին «վարք» գրում էին նահատակների ու սրբերի մասին, մինչդեռ Մեսրոպը ոչ նահատակ էր, ոչ էլ սուրբ: Թեև հետագայում Մեսրոպը դասվեց հայ եկեղեցու սրբերի շարքը, բայց մահվանից անմիջապես հետո հավանաբար դեռևս չէր արժանացել այդ պատվին։ Ուստի և Կորյունը հարկ է համարում արդարացնել իր մահով մահացածի մասին «վարք» գրելու իր հանդգնությունը։ Մեսրոպի գործունեության մեջ պատմիչները, ինչպես և հետագայում բանասերներից ոմանք, շեշտել են առանձնապես կրոնական-քարոզչական գործունեությունը։ Որ Կորյունը հաճախ ավելի շատ է խոսում նրա քարոզչական գործունեության մասին, սա միանգամայն հասկանալի է, քանի որ նա գրում էր ոչ թե նահատակի, այլ իր մահով մահացած մարդու մասին, այդ պատճառով էլ արդարանալու համար ավելի շատ շեշտը դնում է կրոնական գործունեության վրա։
Այդ դարաշրջանում քրիստոնեական կրոնի տարածումը, քրիստոնեական գաղափարախոսության ամրացումը հայ ժողովրդի բոլոր խավերի մեջ, ըստ էության, առաջադիմական էր և, մանավանդ, ուներ քազաքական-ազգային խոշոր նշանակություն։ Կորցրած լինելով պետական ինքնուրույնությունը, հայ ժողովրդին մնում էր հոգևոր միասնությամբ` մշակույթի զարգացումով, լեզվի պահպանումով հակակայել ասիմիլյատորական քաղաքականության, որ վարում էին թե´ պարսկական և թե´ հունական հատվածներում։ Այդ բանը հիանալիորեն ապացուցվեց Մեսրոպի մահվանից ընդամենը մեկ տասնամյակ հետո, երբ քրիստոնեական կրոնը պաշտպանելով նշանաբանով ոտքի ելավ հայ ժողովուրդը կենաց և մահու պատերազմի (Վարդանանց պատերազմը), բայց իրականում դա ոչ թե կրոնական, այլ համաժողովրդական ազատագական պատերազմ էր` հայ ժողովրդի գոյությունը պահպանելու, նրան ձուլումից փրկելու նպատակով։ Այնպես որ այդ ժամանակ և այդ իրադրությունների մեջ կրոնականը միաձուլվում էր ազգայինի հետ և այս տեսակետից Մեսրոպի գործունեությունը հիրավի հայ ժողովրդին վերահաս ձուլումից փրկելուն ուղղված մեծագործություն էր։
Մեսրոպի հորինած հայկական այբուրենը բոլոր ուսումնասիրողների կողմից իրավամբ շատ բարձր է գնահատվում, այդ այբուբենը լիովին արտահայտում էր հայերենի Հնչյունային համակարգը և կազմված էր հնչույթաբանական սկզբունքով։ Սակայն ավելի կարևոր էր Մեսրոպի սկզբնավորած գրական հուժկու շարժումը։ Սովորեցնելով այբուրենը, նա իր աշակերտներին պատրաստեց նաև իբրև թարգմանիչներ և ինքնուրույն գրքերի հեղինակներ. համեմատաբար կարճ ժամանակամիջոցում ինքը, Սահակը և նրանց աշակերտները ոչ միայն թարգմանեցին Աստվածաշունչը և եկեղեցական բազմաթիվ գրքեր, գիտական, փիլիսոփայական մեծարժեք երկեր, այլև ստեղծեցին ինքնուրույն փայլուն մատենագրություն (Կորյունի, Փավստոսի, Ագաթանգեղոսի, Եզնիկի գործերը)։ Այս բոլորը արգասավորեցին V դ. առաջին կեսի թարգմանական, գրական ու լուսավորական շարժումը և հաստատուն հող պատրաստեցին հետագայի այնպիսի գործերի համար, ինչպիսիք են մեր հին պատմագրության գլուխգործոցը` Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Դավիթ Անհաղթի փիլիսոփայական գործերը և այլն, և այլն։
Գրական այս շարժումն առաջ բերելը և այդ շարժումը գլխավորելը ամբողջ երեսունհինգ տարիների ընթացքում, Հայաստանի բոլոր գավառները շրշագայելը, ամենուրեք կրթական օջախներ հիմնելը, դրանց համար ուսյալ մարդիկ պատրաստելը, ինչպես և հարևան ժողովուրդների մասին հոգ տանելը, — այս բոլորը բնութագրում են Մեսրոպ Մաշտոցին ոչ միայն որպես լուսամիտ մարդու, գիտնականի, այլև իբրև մշակույթի բոլոր ժամանակների մեծագույն գործիչներից մեկի։ Ահա թե ինչու դարերի ընթացքում միշտ վառ է մնացել Մեսրոպի հիշատակը ու դարից-դար պայծառացել։ Երկու հակառակ ուժերի բռնակալական տիրապետության տակ, ինքնուրույն պետականությունից ու միասնությունից զրկված, ռազմական ուժով անհամեմատ թույլ հայ ժողովրդի ինքնությունը պահպանելու համար, բոլոր ժամանակների ասիմիլյատորների ձուլողական քաղաքականությանը դիմակայելու համար Մեսրոպը հայ ժողովրդին պարգևեց գրի ու գրականության անմար շահը։ Դրանով լուսավորելով իր ուղին, հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ինքնությունը, հոգեկան կերտվածքը, մշակույթը, այլև ավելի ու ավելի բյուրեղացրեց և հասավ մինչև մեր օրերը` իր դարավոր մշակույթով, իր ազգային հոգեկան կերտվածքով, իր հարուստ գրականությամբ, գիտությամբ, արվեստով։
ԷԴ. ԱՂԱՅԱՆ (ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ), 1976թ.:
----------------------------------------------------
Կորյուն, Վարք Մաշտոցի. բնագիրը, ձեռագրական այլընթերցվածներով, թարգմանությամբ, առաջաբանով և ծանոթագրություններով ի ձեռն պրոֆ. դ-ր Մ. Աբեղյանի, Երևան, 1941։
Ակինյան Ն., Մ. Մաշտոց վարդապետ, կյանքն ու գործունեությունը, Վիեննա, 1949։
«Մեսրոպ Մաշտոց. հողվածների ժողովածու», ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1962։
«Մեսրոպ Մաշտոց. հողվածների ժողովածու», Երևանի համալսարանի հրատ, Երևան, 1963։
Լեո, Մեսրոպ Մաշտոց, Երևան, 1963։
Աճառյան Հ., Հայոց գիրը, հտ. I, Երևան, 1968։
Манандян Я., Месроп Маштоц и борьба армянского народа за куль¬турную самобытность, Ереван, 1941:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 20937
Կիսվել : |