ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (կենսագրական ակնարկ)

Նորության նկար ԼՂՀ պաշտպանության բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, «Հայրենիքի համար» (ՀՀ), ԼՂՀ «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների ասպետ, հրապարակախոս, հնագետ, փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռու Վայսելիա ավանում, որտեղ իրենց օջախն էին հիմնել Չարլզ և Զաբել Մելքոնյանները` հոգիներում հիշողությունը նախնիների, ովքեր ստիպված թողել էին իրենց բնօրրան Մարզվանն ու Խարբերդի Խարաձոր գյուղերը և հասել հեռավոր Ամերիկա:
Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-1970 թվականներին ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան` իր պապերի ծննդավայրը: Այդ տարիքում առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը:

1973 թ., որպես առաջավոր աշակերտ, փոխուսուցման ծրագրով նրան ուղարկել են Ճապոնիա, որտեղ 18 ամիս սովորել է Օսակա քաղաքում: Այդ ընթացքում իր իսկ նախաձեռնությամբ ճամփորդել է Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներում, այդ թվում` Հարավային Կորեայում, Կամբոջիայում, Թաիլանդում, Վիետնամում:

Եվրոպա և Հեռավոր Արևելք կատարած ճամփորդությունները մեծապես նպաստել են նրա աշխարհայացքի և որպես անհատականության ձևավորմանը:
1978թ. ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը` բացառիկ ընդունակութ¬յուն¬ների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով 2,5 տարում:
Ուսանելու տարիներին մի քանի ընկերների հետ հիմնել է Բերկլիի համալսարանի «Հայ ուսանողների միությունը»` նպատակ ունենալով համախմբել Բերկլիում սովորող սփյուռքահայ երիտասարդությանը կազմակերպության միջոցով համապատասխան աշխատանք կատարել ազգային նշանակության խնդիրների լուծման համար:

1987թ. «Հայ ուսանողական միության» նախաձեռնած հայ ժողովրդի պատմության և մշակույթի վերաբերյալ ցուցահանդեսի կազմակերպիչներից էր: Ցուցահանդեսի հայոց ցեղասպանությանը վերաբերող բաժնի առնչությամբ Բերկլիի համալսարանի ղեկավարության իր բողոքն էր հայտնել Սան Ֆրանսիսկոյի թուրք հյուպատոսը: Համալսարանի ղեկավարությունը կարգադրեց հանել այդ բաժնում ցուցադրված նյութերը: Ուսանողությունը Մոնթե Մելքոնյանի ակտիվ մասնակցությամբ նստացույց հայտարարեց, որն ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց ցուցահանդեսի նկատմամբ, և աղմուկի արդյունքում համալսարանի ղեկավարությունը թույլատրեց Եղեռնի վերաբերյալ նյութերի ցուցադրումը, իսկ թուրք հյուպատոսը ետ կանչվեց զբաղեցրած պաշտոնից:
Հետաքրքրված լինելով հայ ժողովրդի պատմությամբ` ուսումնասիրել է նրա ծագումը և ավարտաճառ գրել Ուրարտուի ժայռափոր դամբարանների մասին, որը պաշտպանել է 1978-ին` ստանալով բակալավրի աստիճան: Թեմայի ընտրության հիմանական նպատակը հայերի պատմական հայրենիքի աշխարհագրական տիրույթները ներկայացնելն ու դրանով իսկ հայ ժողովրդի տարածքային պահանջատրիության արդարությունը փաստելն էր: Այնուհետև ուսումը շարունակելու նպատակով ընդունվել է Օքսֆորդի համալսարան, սակայն նվիրելով նորագույն հայ ազատագրական պայքարին` հրաժարվել է Օքսֆորդում ուսումը շարունակելուց;

1987թ. մարտի 15-ին մեկնել է Լիբանան` հայրենիքին մոտ լինելու և հայերեն սովորելու համար: Անգլերեն ելույթ է ունեցել ապրիլի 24-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Բուրջ Համուդ հայաբնակ արվարձանի ազգային դահլիճներից մեկի դահլիճում Սփյուռքի հայկական կուսակցությունների երիտասարդական թևերի` հայոց ցեղասպանությունը խորհրդանշող միջոցառման ժամանակ:

Նույն տարվա մայիսին Լիբանանից մեկնել է Իրան` այդ երկրի հայկական հոծ գաղութին ծանոթանալու համար: Հավթվանում մասնակցել է «հող ու մշակույթ» միության նախաձեռնած պեղումներին: Դժբախտաբար, հետագայում այլևս ժամանակ չի ունեցել զբաղվելու իր մասնագիտությամբ:
Ամռանն Իրանում կեցության պայմանագրի ժամկետը լրացնելու պատճառով դրսից վերստին մուտքի արտոնագիր խնդրելու նպատակով` մեկնել է Աֆղանստան, ու մնացել է 18օր: Դա ԽՍՀՄ զորքերի Աֆղանստան մտնելուց (1979թ. դեկտեմբեր) մոտ մեկուկես տարի առաջ էր:
1978թ. հոկտեմբերին վերադարձել է Լիբանան և երկու տարի մասնակցել հայկական թաղամասերի պաշտպանությանը:

Այդ ժամանակ նա գիտեր անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ճապոներեն, թուրքերեն և իտալերեն, որոշ չափով` պարսկերեն և քրդերեն:
1979թ. ամռանը, ծնողների ամուսնության 25-ամյակի առթիվ վերջին անգամ վերադարձել է ծննդավայր և այնտեղից անմիջապես մեկնել Իրան:
1979թ. սեպտեմբերին Իրանից վերադարձել է Լիբանան և մինչև 1980թ. մայիսը մնացել Բուրջ Համուդում:
1980թ. անդամագրվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ): Այդ և հաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում. ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ ու փորձ` հետագայում դարձել է ՀԱՀԳԲ-ի գլխավոր մարզողներից մեկը:

Կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և Հռոմում թուրք դիվանագետի դեմ մահափորձ կատարելու կասկածով 1981թ. նոյեմբերի 11-ին ձեռբակալվել է Օրլիի օդանավակայանում և մեկ ամիս հետո ազատ արձակվել: Սակայն 1981թ. վերջից ապրել է ընդհատակում:
1983թ. գործելաձևի և կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով մի խումբ ընկերների հետ հեռացել է ԱՍԱԼԱ-ից ու ապրել լիակատար մեկուսացման պայմաններում:

1983թ. օգոստոսին համախոհների հետ ստեղծել է «ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժում» կազմակերպությունը:
1985թ. նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալվել Փարիզում` հայկական պահանջատիրական բնույթի անլեգալ գործունեության և դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և մինչև 1989թ. հունվարն անցկացրել Ֆրեն և Պուասի բանտերում:

Մեկուսացման և բանտարկության տարիներին գրել է հայ ժողովրդի նորագույն ազատագրական պայքարի մասին հոդվածներ, որոնք տպագրվել են Փարիզի «Հայ պայքար», Լոնդոնի «Կայծեր» թերթերում և Սան Ֆրանսիսկոյի «Սարդարապատ» ամսագրում: 1990թ. հոդվածների մի մասն ու կազմակերպչական բնույթի նամակները հրապարակվել են առանձին գրքով` «Պայքարելու իրավունքը» վերնագրով (անգլերեն): 1993թ. հեղինակի վերանայումից հետո այն վերահրատարակվել է անգլերեն, իսկ հայերեն թարգմանությունը 2003թ. լույս է տեսել Երևանում:
1989թ. հունվարին Մոնթեն ազատ է արձակվել: Փաստաթղթեր չունենալու պատճառով 1989թ. փետրվարից մինչև 1990թ. սեպտեմբերն ապրել է թափառական ու հալածական, նախ` կարճ ժամանակով Եմենում, ուր նրան է միացել կինը, ապա` Կենտրոնական Եվրոպայում ու Հարավսլավիայում:
1990թ. հոկտեմբերին Մոնթեին վերջապես հաջողվել է գալ Հայաստան: Մինչև 1991թ. սեպտեմբերը զուգընթաց կատարել է գիտական ու զինվորական աշխատանքներ: Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագետ մասնագետների հետ գրեթե 8 ամիս զբաղվել է «Հայաստանը և իր հարևանները» ծավալուն գրքի ստեղծմամբ, սակայն աշխատանքներն մնացել են անավարտ` Շահումյանում և Արցախում լարված իրավիճակի և զինված ընդհարումների պատճառով:

1991թ. օգոստոսին 3-ին Մոնթեն և Սեդան ամուսնացել են: Պսակադրությունը կատարվել է Գեղարդավանքում:
1991թ. սեպտեմբերի 12-ին ֆրանսաբնակ հայուհու հետ իբրև թարգմանիչ` Ավո կեղծանվամբ, մեկնել է Արցախի հյուսիսային դարպաս` Շահումյանի շրջան, մասնակցել Էրքեշ, Մանաշիդ, Բուզլուխ գյուղերի ազատագրական մարտերին: Վերադառնալով Երևան` հավաքել է «Հայրենասիրական» ջոկատի մարտիկներին և միանալով «Կոռինձոր» ջոկատին` կրկին մեկնել է Շահումյան` Ղարաչինար գյուղը: Մինչև դեկտեմբերի վերջերը մասնակցել է Շահումյանի շրջանի պաշտպանությանն ու գրավյալ գյուղերի ազատագրմանը, աչքի է ընկել մարտական կարողություններով ու հրամանատարական հմտությամբ:
1992թ. փետրվարի 4-ին, երբ պատրաստվում էր ջոկատով մեկնել Արցախ, ուղղաթիռի մոտից հրավիրում են հեռախոսի մոտ, և Վազգեն Սարգսյանը հայտնում է, որ նա նշանակված է Մարտունու պաշտպանության շրջանի շտաբի պետ: Հենց նույն օրը` փետրվարի 4-ին, մեկնում է նշանակման վայր: Մեկ ամիս անց նրան հանձնարարվում է գլխավորել շրջանի պաշտպանությունը: Այդ ժամանակ ամենից վատ Մարտունու շրջանն էր պաշտպանված: Մոնթեին հաջողվում է անջատ ջոկատնեիրց կազմել բանակային կուռ համակարգ: Նրա հրամանատարության ժամանակամիջոցում ազատագրվել է Մարտունու շրջանի բռնազավթված տարածքի 80 տոկոսը:

1992թ. հունիսին հակառակորդը կենտրոնացված ու ուժգին հարձակումներ սկսեց Լեռնային Ղարաբաղի բոլոր ճակատներում: Մի քանի շաբաթվա ընթացքում Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի շրջանի մեծ մասը հայաթափ եղան և անցան հակառակորդի ձեռքը: Համեմատաբար հարթավայրային Մարտունու շրջանում արտագաղթի վտանգը մեծ էր, որը Մոնթեն կանխեց` արգելափակող սահմանակետեր դնելով: Նրա հրամանատարությամբ հակառակորդի ուժգին և իրավահաջորդ հարձակումները ջախջախվեցին մեկը մյուսի հետևից: 1992թ. ամռանը թուրքերը Ֆիզուլիից տանկային հզոր գրոհ կազմակերպեցին Մաճկալաշեն-Կարմիր Շուկա ուղղությամբ վերացավ Ստեփանակերտին սպառնացող վտանգը. նրանք այլևս նոր գրոհներ չձեռնարկեցին: Մարտունու պաշտպանական շրջանի ուժերն ադրբեջանական կողմին պատճառեցին բազմաթիվ զոհեր և վիրավորներ, նրանցից խլեցին տասնյակ տնակներ, զրահամեքենաներ և ռազմական այլ տեխնիկա:
Մոնթեի մարտավարական հմտության և դիպուկ գործողությունների շնորհիվ Մարտունին դարձել էր անառիկ բերդ, և այդ տարիներին շրջանի պաշտոնական փաստաթղթերում այդպես ել նշում էր` Մոնթեբերդ:

1992թ. ամռան ամենթեժ օրերին, երբ Արցախի ճակատագիրը դեռևս մնում էր անորոշ, Մոնթեն քարտեզի վրա գծում է Արցախի սահմանները` ներառելով այն տարածքները, որոնք հաջորդ տարվա ընթացքում գրեթե ամբողջությամբ անցան հայկական ուժերի վերահսկողության ներքո:
1992 թ. սեպտեմբերի 4-ին Մոնթեի հրամանատարությամբ Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումները գրավեցին Ավդալ-Գյուլաբլու ռազմական հենակետը:

1992 թ. վերջերին Մարտունու պաշտպանական շրջանի մարտական հաջող գործողությունների շնորհիվ` Արցախի պաշտպանական ուժերը հասան պետական սահման և 20կմ երկարությամբ պահակակետեր հիմնեցին շրջանի հյուսիսային սահմանագծերում:
1993թ. մարտին Մոնթեն իր զորաջոկատով մասնակցեց Մարտակերտի շրջանի ազատագրմանը, իսկ մարտի վերջերին ու ապրիլի սկզբին ղեկավարեց Քարվաճառի ազատագրման գործողությունը` Արցախի կողմից:
1993թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը Մոնթեի ղեկավարությամբ իրականացվեց Քարվաճառի շրջանում տեղաբաշխված թշնամու ռազմակայանների ոչնչացման գործողությունը:
1993թ. ապրիլի 1-2-ը Մարտունու պատպանական ուժերը հակառակորդին ետ շպրտեցին Մաճկալաշենին մոտիկ Խազազի բարձունքի և Գևորգավանից ոչ հեռու` Կզլկայա բլրի դիրքերից:
Ապրիլի 4-ին Մոնթեն նոր եր վերադարձել Քարվաճառից, որ լույս 5-ի գիշերը նույն հատվածի ուղղությամբ հակառակորդը հակահարձակում սկսեց, և Մոնթեն, որ երկու ժամ էլ չէր քնել, ղեկավարեց գրոհը ետ մղելու գործողությունը և ոչնչացրեց հակառակորդին:

1993թ. մայիսին Լաչինում էր, զինակիցների հետ հետախուզեց Լաչինից Ղուբաթլու ձգվող սահմանային գոտին: Ծրագրել էր Ղուբաթլուի շրջանի ազատագրական գործողությունը, որն անմիջականորեն չիրականացվեց արտաքին քաղաքական նկատառումներով: Վերադարձավ Մարտունի, որտեղ զբաղվեց Աղդամի շրջանի կրակակետերի լռեցման և այդ շրջանի ազատագրման ծրագիր իրականացմամբ:

…1993թ. հունիսի 12-ին Մոնթեն առաջին անգամ անձամբ չէր մասնակցում մարտին, այլ Աշանից ներքև գտնվող Մոթ սարի «08» դիտակետից ղեկավարում էր Աղդամի մատույցներում թշնամու կրակակետերի ոչնչացման գործողությունը: Մարտերից հետո զինակիցների հետ իջավ դիտակետից` դիրքերի վիճակն ստուգելու և Մարզիլու գյուղի ծայրին անսպասելիորեն հանդիպեց հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային ու կարճատև, առճակատ մարտում զոհվեց զրահամեքենայի արկի` աջ քունքը մխրճված բեկորից:

1993թ. հունիսի 19-ին Մոնթեի աճյունն ամփոփվեց Երևանի «Եռաբլուր» պանթեոնում:
Մոնթե Մելքոնյանին հետմահու շնորհվեցին ՀՀ Ազգային հերոսի և Արցախի հերոսի բարձրագույն կոչումները:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 01-05-2012 16:28:21
Դիտումների քանակը: 4137
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԵՏԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ Հայ քանդակագործ: Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott