«Al-Monitor». Իսրայելն ու Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը
NEWS.am-ը ներկայացնում է «Haaretz» թերթի նախկին մեկնաբան Ակիվա Էլդարի` «Al-Monitor»-ում հրապարկված հոդվածը որոշակի կրճատումներով.
Չորեքշաբթի աշխարհը կնշի Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Իսրայելը լռություն է պահպանելու: Հրեական պետությունը, որը երկու շաբաթ առաջ հարգում էր Հոլոքոստի ժամանակ զոհված 6 մլն հրեաների հիշատակը, ձեռնպահ է մնում Հայոց ցեղասպանության տարելիցը նշելուց: Նախագահ Շիմոն Պերեսը, ով Յադ վա Շեմում արարողության ժամանակ մատնացույց արեց «նրանց, ովքեր մոռանում եւ ժխտում են Հոլոքոստը», շարունակում է անտեսել Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է Երկրորդ համաշխարհայինի մեկնարկից քառորդ դար առաջ:
Գերմանիան այսօր պատասխանատվություն է ստանձնում Հոլոքոստի համար, հավերժացնում է զոհերի հիշատակը եւ փոխհատուցում վերապրածներին: Թուրքիան ոչ միայն հրաժարվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը, այլեւ նրա կառավարությունը տոտալ պայքար է մղում այն երկրների դեմ, որոնք պաշտոնապես ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:
«Ցեղասպանություն» եզրույթի հեղինակը հրեական ծագումով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինն էր, ում ընտանիքը նահատակվել էր Հոլոքոստի ժամանակ: Լեմկինը հայերի ոչնչնացման ակտը ցեղասպանություն էր որակել: Այդ դիրքորոշումը չի ընդունվել իսրայելական կառավարության կողմից: Իսրայելի պաշտոնական դիրքորոշումն ամփոփվեց 2001թ-ին` այն ժամանակվա արտգործնախարար Շիմեն Պերեսի` թուրքական «Daily News»-ին տված հարցազրույցում. «Հայերրը ողբերգություն են ապրել, բայց ոչ ցեղասպանություն»:
Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախաշեմին ինչ-որ մեկը պետք է նախագահի ուշադրությունը հրավիրի «Նիլի» (հրեական լրտեսական ցանց, որը Առաջին համաշխարհային տարիներին գործել էր Պաղեստինում` բրիտանական բանակին օգնելու այն թուրքերի ձեռքից ազատելու համար) անդամների վկայություններին այն մասին, թե ինչ է կատարվել հայերի հետ: Նա կարող է պարզապես մտորել:
Ահա «Նիլի»-ի անդամ Էյթան Բելքինդի վկայությունը, ով ներթափանցել է թուրքական բանակ. «Ես ցնցված էի` տեսնելով արյունից կարմիր գույն ստացած գետն ու գլխատված երեխաների դիակները, որոնք լողում էին ջրի վրայով: Տեսարանը սարսափելի էր, եւ մենք ի զորու չէինք օգնել»:
«Նիլի»-ի առաջնորդ Աարոն Արոնսոնը 1916թ-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ներկայացրած գրության մեջ նշել է. «Հայերի կոտորածը լավ ծրագրված թուրքական գործողություն է, եւ գերմանացիները այդ ամոթալի ակտի գործընկերներն էին»:
Այս կտրուկ խոսքերն աջակցություն ստացան այս տարվա ապրիլի 11 –ին «Նակբան Իսրայելի ազգային հիշողության մեջ» թեմայով սեմինարի ժամանակ: Քննարկումների ժամանակ Բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Օրոնը կտրուկ քննադատության ենթարկեց մյուս ժողովուրդների ողբերգությունների նկատմամբ Իսրայելի քաղաքական եւ ակադեմիական էլիտայի անտարբեր քաղաքականությունը: Ավելի ուշ «Al-Monitor» -ի հետ հարցազրույցում Օրոնը նշեց, որ անտարբերության միջոցով «նրանք պղծում են Հոլոքոստի մասին հիշողությունը»:
Իսրայելի պատասխանտու անձանց կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքականության, Իսրայելի, Թուրքիայի եւ ԱՄՆ միջեւ հարաբերությունների հարց է: Ում են մտահոգում փոքրիկ Հայաստանի հետ հարաբերությունները: Իրականում Իսրայելը վերջերս մի քանի միլիոն դոլար վաստակեց` օգուտ քաղելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի պատճառով Ֆրանսիայից զենքի գնման պայմանագիրը Թուրքիայի կողմից չեղյալ անելու որոշումից:
«Մավի Մարմարայի» միջադեպից հետո որոշ քաղաքական գործիչներ առաջարկեցին թուրքերին «պատժել» Հայոց ցեղասպանության ճանաչմամբ: Իսկ ինչ արեցինք մենք: Վարչապետ Նեթանյահուն չեղյալ համարեց այդ նախաձեռնությունը`Թուրքիայից ներողություն խնդրելով: « Ինձ համար, որպես մարդու եւ հրեայի, ամոթալի է, որ նման գլխավոր սկզբունքի եւ էթիկայի հարցը վերածվեց խաղաքարի»:
Հայտնում է news.am-ը
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 776
Կիսվել : |