Արցախում հնարավոր պատերազմի դեպքում Վրաստանը կօգնի Ադրբեջանին, ընդ որում՝ բացեիբաց. Կոմանդոս
Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) այն կարծիքին է, որ Արցախում հնարավոր պատերազմի դեպքում հարևան Վրաստանը կօգնի Ադրբեջանին, ըստ որում`բացեիբաց: Նման կարծիք նա հայտնեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հղում անելով վրացական փորձագիտական շրջանակներին:
«Այն, որ Վրաստանը ավելի շատ և նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ձեզ հայտնի է»,-ասաց բանախոսը:
Ըստ Տեր-Թադևոսյանի՝ «Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպությունում»` ՀԱՊԿ-ում ներառված պետությունները տարբեր հետաքրքրություններ ունեն և միանշանակ չէ, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար դժվար պահին այդ պետությունները մեզ կօգնեն:
«Ղրղըզստանի նախագահը, գիտեք, ինչ ջերմ վերաբերմունք ունի Իլհամ Ալիևի նկատմամբ: Այնպես որ, ես կխոսեմ այն պետությունների մասին, որոնք միանշանակ կօգնեն մեզ դժվար պահին: Դրանք առաջին հերթին Ռուսաստանն ու Բելառուսն են»,- ասաց պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականը` հավելելով, որ միանշանակ չի համարում նաև կազմակերպության անդամ, Ադրբեջանի հետ նավթային խնդիրներ ունեցող Ղազախստանի դիրքորշումը հնարավոր վտանգի դեպքում:
«Բայց սա էլ առիթ չէ, որպեսզի մտածենք, որ Ղազախստանն իր ողջ ուժերը կհանի Ադրբեջանի դեմ»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը ՀԱՊԿ մասնակցությանը՝ հնարավոր վտանգի դեպքում, ապա ըստ Կոմանդոսի` ՀԱՊԿ-ում ԼՂՀ-ի վերաբերյալ որևէ պայմանավորվածություններ չկան:
Եվ ՀԱՊԿ պայմանագրում հստակ նշված է, որ անդամ-կազմակերպությունները պետք է պաշտպանեն միայն Հայաստանի Հանրապետության սահմանները:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1095
Կիսվել : |