Թաներ Աքչամ. Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի պետական քաղաքականությունն է

Նորության նկար Հունվար 21, 2012 | 03:49
NEWS.am-ը ներկայացնում է հատված թուրք պատմաբան եւ սոցիոլոգ Թաներ Աքչամի հարցազրույցից, որը հրապարակվել է ֆրանսիական «Le Monde»-ի բլոգում:

Ի՞նչ եք մտածում Ֆրանսիայում ցեղասպանությունների եւ, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի մասին:

Ինչպես ասում են, չկա վատ գովազդ: Թեեւ կարճաժամկետ հեռանկարում ֆրանսիական օրենքը Թուրքիայում ընդունվեց շատ բացասական, բայց ես կարծում եմ, որ երկարաժամկետ ազդեցությունը կլինի դրական: Թուրքիան կարող է ներսում շարունակել արգելել եւ լռեցնել ճշմարտությունը, բայց միջազգային հանրությունում կլինեն անդադար հիշեցումներ մի հիմնախնդրի մասին, որը Թուրքիան պետք է ի վերջո լուծի:

Նույնիսկ, եթե հանդես են գալիս այս օրենսդրական նախաձեռնության դեմ` նշանակում է, որ Թուրքիան չի կարող խուսափել հարցից: Այդ պատճառով ֆրանսիական նախաձեռնությունը չի կարող դիտարկվել սոսկ որպես «օրենք» Ֆրանսիայի համար: Այն դարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային արշավի մաս:

Թուրքիայի հիստերիան, ցասումը, տրամադրության անկումը կանցնի եւ բացասական իրադարձությունները կմոռացվեն: Կմնա ծանր իրականությունը` չլուծված լրջագույն հիմնախնդրի առկայությունը: Ես հույս ունեմ, որ այդ արդյունքը կամրապնդի դիրքն այն մտավորականների, որոնք պնդում են, որ պատմական հիշողության հետ առերեսումը սերտ կապված է Թուրքիայում ժողովրդավարական հասարակության ստեղծման հետ:

Ֆրանսիայի վերջնական նպատակից կամ մտադրություններից անկախ, թուրքական հասարակությունն ու դրա կրթված շերտերը դարձյալ զգուշացվում են, որ անհրաժեշտ է լուծել այս ֆունդամենտալ հիմնախնդիրը: Ոմանք կարող են հակադարձել, որ «դա այլ կերպ պետք է տեղի ունենա», բայց եթե դուք ինքնուրույն չլուծեք սեփական հիմնախնդիրները, ապա ուրիշը ձեզ կպարտադրի իր լուծումը: Այս աշխարհում այդպես է տեղի ունենում:

Իսկ դա արդյունավե՞տ է:

Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ 1915-ի վերբերյալ Թուրքիան իրականացնում է կանխամտածված ամնեզիայի եւ տարկետման մարտավարություն: Թուրքիան թաղել էր այդ հարցը եւ ձեւացնում էր, թե այդպիսի խնդիր գոյություն չունի: Միակ հույսն այն էր, որ բոլորը կունենան կարճ հիշողություն եւ ամեն ինչ կմոռացվի: Այդպես նրանք վարվել են մոտ հարյուր տարի: Ամեն տարի, ապրիլի 24-ից հետո թերթերում հայտնվում են «այս անգամ էլ խուսափեցինք դրանից» բնույթի մեկնաբանություններ: 2015-ին ընդառաջ մարտավարությունը նույնն է: Նրանք գիտեն, որ այդ թեման կբարձրացվի եւ անում են ամեն ինչ, որպեսզի 2015-ին հասնեն նվազագույն կորուստներով: Այդ պատճառով է այսպիսի ցասումով ընդունվում ֆրանսիական օրենքը: Թուրքիան վրդովված է, որ թարմացնում են իր հիշողությունը: Այդ հիշողութունն ուրվականի նման հետապնդում է թուրքերին տասնամյակներ շարունակ:

Ես տարիներ շարունակ քնարկում են Հայոց ցեղասպանության թեման, բայց թուրքական մտավորականության մյուս ներկայացուցիչների մոտ ես միշտ նկատել են հետաքրքրության որոշակի բացակայություն: Կարծես` նրանց համար այդ թեման որոշակիորեն անիրական է, ոչ հավաստի եւ դրսից պարտադրված: Իմ օտարերկրացի գործընկերները խոսում են պայքարը շարունակելու իմ «համարձակության» մասին, չնայած «սպառնալիքներին եւ վտանգին»: Բայց դա երբեք ինձ համար խնդիր չի եղել: Իմ ամենամեծ հիմնահարցը միայնությունն է հայրենիքում: Նույնիսկ ընկերներս հաղորդակից չէին: «Վախի» եւ «խիզախության» խնդիր չի եղել: Ինձ անհանգստացնում էր նրանց անտարբերությունը, հետաքրքրության բացակայությունը, մեկուսացումը:

Ի՞նչ մասշտաբներ ունի թուրքական պետության կողմից ժխտման քաղաքականությունը:

Թուրքիայի որդեգրած ժխտման քաղաքականությունը տնտեսական, քաղաքական եւ ռազմավարական շահի համար հանդուրժող երկրները պետք է հասկանան, որ ժխտումը համակարգ է: Համեմատենք Հարավային Աֆրիկայի ռասիստական ռեժիմի հետ: Ապարտեիդի ինստիտուտները, համակարգերը եւ մենթալիտետը հիմնված էր ռասայական տարբերությունների վրա: Նույնն այս դեպքում է: 1915-ի ցեղասպանությունը ժխտելով` Թուրքիան վերարտադրում է այն ինստիտուտները, հասարակական հարաբերությունները, մենթալիտետը, որոնք հանգեցրին 1915-ին տեղի ունեցածին: Ցեղասպանության ժխտումը դուրս է գալիս հին ռեժիմի պաշտպանության շրջանակից: Ժխտումը սնում է ագրեսիայի քաղաքականությունը` բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են ժխտողների մենթալիտետին:

Այդ պատճառով Հրանտ Դինքի փաստացի սպանողը դեռ ազատության մեջ է: Այդ պատճառով են կազմակերպվում հարձակումներ հայերի դեմ եւ Եվրոպայում հայերի հուշարձանների դեմ: Այդ պատճառով են ԱՄՆ-ում անցկացվում ատելության եւ թշնամության արշավներ իմ դեմ, մտավորականության այլ ներկայացուցիչների դեմ:

Բոլորը պետք է հասկանան, որ Թուրքիայում ցեղասպանության ժխտումը ինդուստրիա է: Դա եւս կարեւորագույն պետական քաղաքականություն է: Թուքիայի Ազգային անվտանգության խորհուրդը 2001-ին ստեղծեց ցեղասպանության մեղադրանքների դեմ պայքարի համակարգող կոմիտե: Կոմիտեում ներկայացված են բոլոր առանցքային նախարարությունները, զինված ուժերը, իսկ ղեկավարը փոխվարչապետն է:

Ես կրկնում եմ, որ ցեղասպանության ժխտումը թուրքական պետության քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է: Դուք պետք է հասկանաք, որ չեք բախվում հասարակ «ժխտման» հետ: Դուք բախվում եք պատմությունը կեղծող եւ սրբագրող ռեժիմի հետ: Քանի դեռ Թուրքիան շարունակում է ինստիտուտների եւ մենթալիտետի միջոցով ցեղասպանության ժխտման պետական քաղաքականությունը, Անկարան զգայուն կլինի արտաքին ճնշմանը: Իրականում, այդ ճնշումը պետք է մեծացվի:

Ի՞նչ ճնշման մասին է: Ինչպիսի՞ն այն կարող է լինել:

Եթե Արեւմուտքը լուրջ է մոտենում Մերձավոր Արեւելքում ժողովրդավարությանը, ապա չի կարող աջակցել մի ռեժիմի, որը վարում է ժխտման քաղաքականություն: Դա թույլ է տալիս Թուրքիային վախեցնել եւ սպառնալ մյուսներին: Դրան պետք է վերջ դրվի: Առանց արտաքին ճնշման Թուրքիան չի հրաժարվի ժխտման քաղաքականությունից:

Պատմական ժխտումը, հավանաբար, հիմնական խոչընդոտն է Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ ժողովրդավարության հաստատման ճանապարհին: Ինչո՞ւ Սիրիայում, Լիբանանում եւ Իրաքում քրիստոնյաները, քրդերն ու արաբները վախեցած են Թուրքիայից: Ինչո՞ւ նրանք չեն ցանկանում ժողովրդավարոթյան եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում Թուրքիայի միջամտութունը: Որովհետեւ նրանք այսօրվա թուրքական ռեժիմի մեջ տեսնում են «Իթթիհադի» մենթալիտետի կրողներին եւ անցյալում իրենց դեմ գործած հանցագործությունները:

Հարավաֆրիկյան ռեժիմը չընկավ միայն ներքին ճնշման տակ: Միջազգային հանրության աջակցությունը նույնպես շատ կարեւոր էր: Քանի դեռ Արեւմուտքը թույլ է տալի Թուրքիային շարունակել ժխտման քաղաքականությունը` ցեղասպանության ժխտումը կշարունակվի:

Մենք բախվում ենք այսօր աշխարհում զանգվածային սպանությունների եւ ցեղասպանությունների կանխման խնդրին: Թուրքիայի ժխտողական քաղականությունը պետք է վերանայվի գլոբալ աշխարհում ցեղասպանության կանխման համատեքստում:

Ընդդիմախոսներս կառարկեն, թե արտաքին ճնշման հիմքում ոչ թե ժողովրդավարության հաստատումն է, այլ` Թուրքիայի հզորությունը սահմանափակելը: Իհարկե, այդտեղ կա ճշմարտության հատիկ: Բայց բուժամիջոցը մեկն է. թույլ մի տվեք մյուսներին սահմանափակել ձեզ: Եթե չեք ցանկանում, որ ձեր սխալներն օգտագործեն ձեր դեմ` շտկեք այդ սխալները: Կատարեք ձեր պարտքը: Ոչ մի երկիր երբեք չի վնասվել ժողովրդավարությունից եւ մարդու իրավունքների հարգանքի սկզբունքից:

Գլոբալ փոխկապակցված աշխարհում այսօր «արտաքին» եւ «ներքին» հասկացություններն ինքնին վիճարկելի են: Ցեղասպանության ժխտման դեմ պայքարը համաշխարհային ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խնդիր է: Ճանաչումը ակտուալ հարց է ամբողջ մարդկության համար:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 23-01-2012 21:17:27
Դիտումների քանակը: 731
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԼԵՎՈՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ (Մելիք-Ալավերդյան) ԱԼԵՔՍԱՆԻ Ծնվ. 19(31).03.1887թ., ԹիֆլիսՄահ. 05.01.1963թ., Թբիլիսի: ՎԽՍՀ ժող. արտիստ (1950): Բեմ է բարձրացել Ա ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott