Թուրք ազգայնական լրագրողը՝ Օջալանի հայ լինելու մասին
Թուրքական Milli Gazete պարբերականի լրագրող Մեհմեդ Շեւքեթ Էյգինն իր «Հարցն այդքան հեշտ եւ մատչելի չէ» զավեշտալի հրապարակման մեջ կրկին օրակարգ է բերել PKK-ի առաջնորդ, Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի հայ լինելու մասին խոսակցությունները՝ փորձելով Թուրքիայի քուրդ բնակչությանը հավատացնել, թե պետք չէ հավատալ «հայ» Օջալանին եւ «հայերի» կողմից ստեղծված PKK-ին (Քուրդիստանի բանվորական կուսակցություն)։
Թուրքական Habervaktim.com կայքը ներկայացրել է հիշյալ հրապարակումը, որում թուրք լրագրողը, փաստարկելով թե ինչու Թուրքիայում քրդական հարցը չի լուծվի, բերում է 7 կետից բաղկացած հիմնավորում.
PKK-ն վերջին 30 տարում հարյուրմիլիրադավոր դոլարների հասնող թմրանյութերի եւ անօրինական զենքերի վաճառքով է զբաղվել։ Ոմանք շատ գումար են աշխատել եւ հարստացել։
PKK-ն դրսից քրդական շարժման պես է երեւում, սակայն այն իրականում գաղտնի հայկական շարժում է, որն ուզում է Անատոլիան կրկին քրիստոնյաների հայրենիք դարձել եւ մեծ Հայաստանի երազանքն իրականացնել։ Այս գործի հետեւում են սիոնիզմը, իմպերիալիզմը եւ խորքային ուժերը։ Հայերը Թուրքիայից պահանջում են այսօրվա Հայաստանի 4 կամ 5 անգամ ավելի մեծ հող։ Այսինքն, PKK-ին չի լինի վերացնել, եթե փորձեն վերացնել, կվերացնեն այդ փորձն անողին։
Այն ժամանակահատվածում, երբ PKK-ն շարունակվի դիտարկվել որպես քրդական շարժում, ահաբեկչությունը չի վերանա։
Այսօր մեր երկրում ապրում են մեկ միլիոն երկքաղաքացի քրիստոնյաներ եւ այդքան էլ՝ հրեաներ։
Շատ կարեւոր դիրքերում են գտնվում եւ արտաքուստ մուսուլման են ձեւանում Բագրատունիները, ովքեր երկերեսանի քաղաքականություն են իրականացնում։ Մինչ Բագրատունիները չբացահայտվեն, ահաբեկչությունը չի վերանա։
PKK-ի խաղում շատ կարեւոր մի անձի երկու անուն կա՝ մեկը մուսուլմանական քրդական անունն է, մյուսը՝ գաղտնի եւ հիմնական անունը՝ Արթին։ Այն պնդումը ճի՞շտ է։ Եթե ճիշտ է, ապա պետք է բացահայտվի, հակառակ դեպքում ահաբեկչությունը չի վերանա։
Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Սիոնիզմը, խաչակիրները եւ իմպերիալիստները մտադրվել են Թուրքիան պառակտել։ Եւ մինչեւ նրանց պլանները չխառնենք, խաղը չենք հաղթի։
Habervaktim.org կայքն այս հրապարակման վերջում ներկայացնում նաեւ իր պնդումները Աբդուլլահ Օջալանի հայ լինելու մասին, ըստ որի, Օջալանի հայրը հայ է։ «Օջալանի գյուղը՝ Ամարան, նախկինում հայկական բնակավայր է եղել։ Աբդուլլահ Օջալանին ընտանիքում ասել են Արթին Հակոբյան։ Բացի այդ, Աբդուլլահ Օջալանը քրդերեն էլ չգիտի։
Ամարա գյուղը, որտեղ ապրում է Օջալանի ընտանիքը, իրականում հայկական գյուղ է։ Սակայն գյուղի բնակչությունը 1915-ի տեղահանության ժամանակ փոխել է ինքնությունը եւ քրդացել։ Գյուղի բնակչությունը փոխել է նաեւ անուններն ու կրոնը։ Թուրքիայում այդ գյուղի պես հազարավոր գյուղեր կան։
Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն բազմիցս հայտարարել է, որ PKK-ում եւ BDP-ում (քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցություն) բազմաթիվ հայեր կան եւ Օջալանն էլ հայ է։ Հալաչօղլուն նաեւ հայտնել էր քրդացած հայերի գյուղերի անունները։
1980-ականներին ԱՍԱԼԱ-ն ցրվեց եւ նոր ինքնություն ձեռք բերելով՝ կազմավորվեց PKK-ն։ Հայերը, հասկանալով, որ դրսից Թուրքիային դրսից հարվածելով արդյունքի չեն կարողանա հասնել, իրենց նպատակներն իրականացնելու համար սկսեցին Թուրքիայի ներքին գործերին խառնվել։
Հայտնի է, որ PKK-ի կազմավորվելուց մինչ այսօր նրան ամենաշատը Հայաստանն է աջակցել։ Ապացուցվել են, որ քրդի անվան տակ մի շարք հայեր Թուրքիայում պատգամավոր են եղել, ինչպես նաեւ ղեկավարել են PKK-ն։ Այսինքն, PKK-ն իրականում քրդական կառույց չէ։ Այն քրդերին օգտագործելու միջոցով Թուրքիան բաժանելու ցանկություն ունեցող հայկական կազմակերպություն է»,-նշվում է Habervaktim-ում։
Թուրքական կայքը հրապարակման վերջում մեջբերում է Սարգիս Հացպանյանի արած հայտարարությունը, թե հունվարի 9-ին Փարիզում սպանված եւ PKK-ի հիմնադիրներից հանդիսացող Սաքինե Ջանսըզը եւս հայ է։
Հայտնում է news.am-ը
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1099
Կիսվել : |