Թուրքական արխիվները ցույց են տալիս՝ Հայոց ցեղասպանությունը ծրագրված է եղել. Թաներ Աքչամ
Ամերիկյան Հարվարդի համալսարանում մեծ լսարան է հավաքվել՝ լսելու թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամի ելույթն իր վերջին գրքի վերաբերյալ, որ կոչվում է «Երիտթուրքերի հանցագործությունը մարդկության դեմ. Հայոց Ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում», հայտնում է Armenian Mirror Spectator-ը:
Աքչամը միակ թուրք գիտնականն է, որը հայագիտության ամբիոն է ղեկավարում (Քլարքի համալսարան, Վուսթեր, Մեծ Բրիտանիա) և Հայոց ցեղասպանությամբ զբաղվող այն քիչ գիտնականներից, որոնք ուսւոմնասիրում են թուրքական արխիվները:
Հարվարդում Աքչամը, «անհամեստ թվալու ռիսկով հանդերձ», իր գիրքը ներկայացրել է որպես «առաջինը՝ շատ առումներով»: Ըստ գիտնականի՝ Եղեռնի դեպքում 2 հարց կա՝ ի՞նչ է կատարվել և ինչո՞ւ: ««Ինչո՞ւ»-ի դեպքում «դեռ շատ ճանապարհ կա անցնելու», - նշել է նա:
Նրա վերջին գիրքը հիմնված է օսմանյան արխիվների 600 փաստաթղթերի վրա:
Աքչամը պատմել է, որ Թալեաթ փաշայի այրին 1982-ին տված հարցազրույցում (որը հրապարակվել է միայն 2010-ին) պատմել է, որ ամուսինը իրենց տանից հայերին բռնագաղթեցնելու մասին հեռագիր է ուղարկել:
Աքչամն ընդգծել է, որ 1912-1913թթ. Բալկանյան պատերազմներից հետո Օսմանյան կայսրությունը կորցրել էր իր եվրոպական տարածքների ավելի քան 80 և եվրոպական մասի բնակչության՝ 70 տոկոսը: Դրա հետևանքով հարյուր հազարավոր մուսուլմաններ Եվրոպայից գաղթել էին Անատոլիա՝ հայերի բնօրրանը:
Ըստ այդմ՝ 1913-ից Անատոլիայի ոչ մուսուլման բնակչությունն անվանվում էր «ուռուցք», որը պետք է հեռացվի: Ծրագրվել է, որ հայերը կազմելու են Անատոլիայի բնակչության 5-10 տոկոսը: Այդ նպատակով նաև հատուկ ուսումնասիրություններ են անցկացվել: Օրինակ Կեսարիայում արձանագրվել է 49,947 հայ, որոնց մեծ մասին աքսորել են Հալեպ, Դամասկոս և Մոսուլ՝ բուն նահանգում թողնելով 5 տոկոսին: 1916-ից հետո, ըստ գիտնականի, ևս 200 000 հայ է սպանվել սիրիական նահանգներում՝ կայսրության արևելյան նահանգներում 10 տոկոս հայ բնակչություն թողնելու նպատակով: Նա նշել է, որ իշխանությունները չէին սպասում, որ աքսորյալներից այդքան շատ մարդ ողջ կմնա:
Աքչամը խոսել է նաև 1916-ի հոկտեմբերի 7-ին Թալեաթի՝ Ջեմալին ուղղված նամակի մասին, որում խոսվում է Կիլիկիայի հայերից ազատվելու անհրաժեշտության մասին, քանի որ «նրանք այնքան կապված են այդ հողին, որ դա համարում են իրենց ժառանգության կենտրոնական մասը»:
Աքչամի գտած փաստաթղթերի թվում է Կրթության նախարարության ՆԳՆ-ին հղված 1915-ի հունիսի 26-ով թվագրվող նամակը, որում խոսվում է հայ երեխաների ճակատագրի մասին, որոնք «շուտով որբանալու են և որոնց պետք է ասիմիլացնել»:
Մյուս փաստաթուղը 1915-ի մարտի 1-ի փաստաթղթերն են, որոնցում իշխանությունները բացեիբաց խոսել են ցեղասպանության քաղաքականության մասին:
Ըստ գիտնականի՝ բոլոր նշված փաստաղթերը մատչելի են թուրքական արխիվներում:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1054
Կիսվել : |