Հայաստանի գաղտնի զենքը. ինչո՞ւ է այն այդքան գրավիչ ԱՄՆ-ի համար. Policymic
Ամերիկացիների մեծ մասի համար նորություն չէ, որ Միացյալ Նահանգների՝ աշխարհում ամենամեծ դեսպանատունը գտնվում է Իրաքում, սակայն իր մեծությամբ երկրորդը գտնվում է բավական անսպասելի վայրում... Հայաստանում։ Բնականաբար, հարց է ծագում՝ ինչո՞ւ, գրում է Policymic.com կայքը (հոդվածագիր Դենիել Գայնոր)։
Հարցի լավագույն բացատրությունն, ըստ հոդվածագրի, այդ երկրի բարենպաստ դիրքն է։ Հայաստանը ցամաքով շրջապատված երկիր է՝ 3 մլն բնակչությամբ։ Սակայն ԱՄՆ-ի «աչքերով» այն դիտվում է որպես ամերիկյան շահերը, նպատակները առաջ տանելու հզոր լծակ։
«Թեև Հայաստանը հարուստ չէ բնական պաշարներով՝ նավթով, գազով կամ թանկարժեք մետաղներով, այնուամենայիվ այն առավելություններ ունի աշխարհագրական դիրքի տեսակետից։ Աշխարհում շատ քիչ երկրներ ունեն Հայաստանից էլ ավելի նպաստավոր դիրք ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն առաջ տանելու համար»,- գրում է Policymic-ը։
Այնուհետև ներկայացվում են Հայաստանի աշխարհագրական դիրքի մասին տվյալներ: Մասնավորապես, նշվում է, որ Հայաստանը սահմանակից է Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի ու Վրաստանի հետ։ Լինելով նախկին խորհրդային երկիր՝ այն առավելապես ռազմական աջակցություն է ստանում և առևտրային սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ։
«Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն փորձում է ամեն կերպ Հայաստանի «սիրտը շահել»՝ տարածաշրջանում ավելի հզոր ու կայուն դիրք ձեռք բերելու համար, պետք է նշել, որ այս պարագայում գեոստրատեգիկ տերմինի օգտագործումն ավելին, քան երբևէ տեղին է։
Հայաստանը բառի բուն իմաստով գտնվում է այն երկրների մեջտեղում, որոնք Վաշինգթոնի համար առաջնային կարևորություն ունեն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օբաման փորձում է իրականություն դարձնել իր երկրի արտաքին քաղաքականության առանցքային նպատակները, ինչպես օրինակ՝ Իրանին միջուկային զենքի ստեղծումից զերծ պահելն է ու Ռուսաստանում ժողովրդավարության ծաղկմանը նպաստելը, նա պետք է ոգևորի Հայաստանին՝ իր հետ միասին «խաղի մեջ մտնելու համար»,- գրում է հոդվածագիրը։
Այնուհետև նա նկատում է, որ ներկայում ԱՄՆ-ի և Իսրայելի միջև բավական լարված հարբերություններ են, ինչն, անշուշտ, կապված է Իրանի հետ։ Իրավիճակն էլ ավելի սրվեց, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրապարակայնորեն հայտարարեց, որ ԱՄՆ-ն ոչ մի բարոյական իրավունք չունի Իսրայելին թելադրելու, թե արդյո՞ք այն պետք է Իրանի ռմբակոծի, թե ոչ։
«Ուստի Միացյալ Նահանգները գործի է դնում ցանկացած դիվանագիտական ճնշում Թեհրանի վրա, որպեսզի Իսրայելը հարձակում չգործի այդ երկրի վրա և ԱՄՆ-ին չներքաշի վերջին 10 տարում արդեն երրորդ մերձավորարևելյան պատերազմի մեջ։ Ահա այդպիսի դիվանագիտական ճնշումներից մեկը անցնում է հենց Հայաստանի միջով։
ԱՄՆ-ն խզել է Իրանի հետ բոլոր պաշտոնական հարաբերությունները, սակայն այլ երկրների միջոցով ամեն կերպ փորձում է ապակայունացնել այդ երկրի իշխող վարչակարգը։ Համագործակցությունը Հայաստանի հետ դեռևս չունի, բայց կարող է այս հարցում ունենալ առանցքային ազդեցություն։ Տնտեսական և դիվանագիտական խթանիչների միջոցով ԱՄՆ-ն փորձում է Հայաստանին իր դաշնակիցը դարձնել, ինչը հաջողվելու դեպքում մեր երկիրը առանցքային դեր կխաղա տարածաշրջանում՝ Իրանին մեկուսացնելու ԱՄՆ-ի ռազմավարության մեջ»,- գրում է Դենիել Գայնորը։
Հեղինակի կարծիքով՝ Հայաստանի դեպքում այս խաղի կանոնները շատ ավելի պարզ են։ «Համագործակցությունը ԱՄՆ-ի հետ, որի հետ Հայաստանն ունի լավ, բայց ոչ սերտ հարաբերությունները, կարող է հանգեցնել նրան, որ Երևանից երես կթեքեն դրա սակավ բարեկամ երկրները՝ Ռուսաստանն ու Իրանը, որոնք համարվում են ԱՄՆ-ի ամենաոխերիմ թշնամիները։ Հայաստանը ռազմական համագարծակցություն է ցանկանում Ռուսաստանի հետ, բայց և միևնույն ժամանակ՝ տնտեսական ելք դեպի Արևմուտք»,- գրում է նա։
Հոդվածագիրն անդրադառնում է նաև ցեղասպանության հարցին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի ունեցած հարաբերություններին՝ ներկայացնելով մի շարք պատմական փաստեր։
Գայնորն իր հոդվածը եզրափակում է հետևյալ կերպ. «Թեև Հայաստանը տարածաշրջանում գտնվում շատ դժվար դիվանագիտական փակուղու մեջ է, այնուամենայիվ, այն մեծ վարպետությամբ է այս վիճակից գլուխ հանում։ Կարելի է ասել, որ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքականության իրական վարպետ։ Աշխարհում ուրիշ ո՞ր երկիրը կկարողանար միևնույն ժամանակ լավ հարաբերություններ ունենալ այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իրանը։ Հայաստանը չունի կարևոր բնական պաշարները, բայց դրա փոխարեն այն ունի անհամեմատ ավելի օգտակար բան՝ ռազմավարական նպաստավոր դիրք աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջանում»։
Լուրեր Հայաստանից - Թերթ.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1028
Կիսվել : |