Հայկական դպրոցի թուրք մանկավարժը Թուրքիայի կրթական համակարգը մերկացնող գիրք է գրել
Թուրքիայի հայկական և հունական դպրոցներում երկար տարիներ ուսուցչի և փոխտնօրենի պաշտոնում աշխատած Էմին Քեշմեր անունով թուրք մանկավարժը վերջերս հրատարակել է մի գիրք, որում խստորեն քննադատում է երկրի կրթական համակարգը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Պոլսում լույս տեսնող հայկական «Մարմարա» պարբերականը, Քեշմերն իր գրքում ներկայացնում է այդ դպրոցներում տիրող իրողությունը: Ազգային փոքրամասնությունների վարժարաններում թուրք փոխտնօրենների նշանակմամբ փորձ է արվում հակակշռել այդ վարժարանների կառավարումը, ազգային փոքրամասնությունների երեխաներին գրավել դեպի թուրքական կողմը, ինչպես նաև վերահսկել, ավելի ճիշտ` լրտեսել դպրոցի առօրյան:
Քեշմերը պատմել է այնպիսի փոխտնօրենների մասին, ովքեր բողոքում էին, որ հայ կամ հույն աշակերտներն «անհրաժեշտ խանդավառությամբ չէին երգում Թուրքիայի հիմներգը»: «Մենք այս մարդկանց հանդեպ չարիք գործեցինք, նրանք այս երկրի մարդիկ էին, նրանք հեռացան, և մենք աղքատացանք: 1915 թվականից հետո Թուրքիայում ճարտարապետություն չմնաց. մինչդեռ նախքան այդ աշխարհահռչակ ճարտարապետներ ունեինք: 1880-ականներին Տրապիզոնում օպերա և բալետ կար:
Ոչնչացած այս մշակույթի փոխարեն` ցանկացանք նոր մշակույթ ստեղծել, սակայն արդյունք չկա: Մինչև չառերեսվենք անցյալի հետ` Թուրքիան չի կարող դառնալ ժողովրդավար»,- նշել է Քեշմերը: Թուրք մանկավարժն ավելացրել է նաեւ, որ Թուրքիայում ազգային փոքրամասնություններին վերաբերվում էին որպես երկրորդ կարգի քաղաքացիներ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 819
Կիսվել : |