Սենատոր Ռոբերտ Մենենդես. Հայոց ցեղասպանության համար այլ բառ չկա
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը միացել են իրենց գործընկերներին եւ ապրիլի 24-ին մասնակցել Կապիտոլիումի բլրում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը: Նրանք ելույթ են ունեցել եւ իրենց աջակցությունը հայտնել հայերին Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարում: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Իր ելույթում Ռոբերտ մենենդեսն ընդգծել է, որ չպետք է խոսքերում երկիմաստություն լինի, երբ խոսքը վերաբերում է ցեղասպանությանը: «Այնպես որ, եկեք շատ հստակ արտահայտվենք, չկա այլ բառ, չկա էվֆեմիզմ (մեղմասացություն-խմբ), չկա որեւէ արդարացում: Այս արարողության շրջանակում մենք պետք է ամբողջությամբ պարտավորություն վերցնենք մեզ վրա՝ ճանաչել հիմնարար ճշմարտությունը: Այն, ինչ տեղի է ունեցել 1915-1923 թվականներին, բացահայտ ցեղասպանություն էր, որի ճանաչումը պետք է լինի Թուրքիայի կողմից եւ մեր սեփական կառավարությունից»,-ասել է Մենենդեսը:
Էդ Ռոյսն իր հերթին նշել է, որ Օսմանյան Թուրքիայի իշխանությունները ոչ մի ջանք չեն գործադրել հայ ժողովրդի ոչնչացման իրենց մտադրությունը քողարկելու համար: «Իրադարձությունները, որոնք մենք հիշում ենք այսօր, որոնք սկսվել են 98 տարի առաջ, ցնցող ցեղասպանություն էին կամ, ինչպես ասել է Հիտլերը՝ ոչնչացում... Մի ողջ ժողովրդի ոչնչացման փորձերը, որոնց ժամանակ որպես դիտորդ ներկա է եղել ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն եւ ասել, որ դա մի ողջ ժողովրդի ոչնչացնելու փորձ է եւ նրանք, ովքեր հրամաններ են տվել, հասկացել են դա: Առանց այդ ամենը թաքցնելու, նրանք նշել են, թե իրականում ինպիսին է լինելու այդ ամենի արդյունքը»:
Նշենք, որ Կոնգրեսի հայկական խմբի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, բացի Մենենդեսից եւ Ռոյսից, ներկա են եղել եւ ելույթ են ունեցել սենատոր Շելդոն Ուայթհաուսը, Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական խմբակցության փոխնախագահ Ջո Քրոուլին, Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում ազդեցիկ դեմոկրատ Մայքլ Էնգելը, Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Մայքլ Գրիմը եւ Ֆրենք Փալոունը, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի անդամներ Թոնի Քարդենասը, Դեւիդ Չիչիլինեն, Ջիմ Կոստան, Աննա Էշուն, Սքոթ Գարեթը, Ջենիս Հանը, Ռաշ Հոլթը, Լինդա Սանչեսը, Ջոն Սարբանեսը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջեքի Սփիերը, Ջոն Թիրնին, Դինա Թիթասը եւ Նիքի Ցոնգասը:
Հայտնում է news.am-ը
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 870
Կիսվել : |