Սեսիլիե Բանկե. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հիշողության համաշխարհային մշակույթի մաս է
NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Միջազգային հետազոտությունների դանիական ինստիտուտի ցեղասպանության եւ Հոլոքոստի հետազոտությունների բաժնի ղեկավար Սեսիլե Բանկեի հոդվածը, որը հրապարկվել է «The Copenhagen Post»-ում:
Մաքիավելին գրել է, որ հնարավոր է հաղթել ժողովրդին, սակայն անհնար է հաղթել նրա հիշողությունը: Նա եկել է այն եզրահանգման, որ հիշողությունները կպոռթկան ամենապատեհ առիթին: Ասվածի ժամանակակից լավագույն օրինակ է Առաջին համաշխարհայինի ժամանակ հայերի կոտորածը: Վերջին երկու տասնամյակում ավելի մեծ ուշադրություն է դարձվում այդ հարցին:
Բոլորովին վերջերս Դանիայի թագավորական գրադարանը կտրուկ քննադատության ենթարկվեց երկու կողմից էլ` Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդես կազմակերպելու որոշման համար:
Առաջին հերթին այն քննադատության ենթարկվեց Թուրքիայի դեսպանատան կողմից: Հետո, երբ գրադարանը թույլ տվեց թուրքերին ներկայացնել պատմության իրենց մեկնաբանությունը, բողոք հայտնեց հայկական կողմը:
Հայոց ցեղասպանության ճանչման հարցը դարձել է հիշողության համաշխարհային մշակույթի մաս, որը վերջին երկու տասնամյակներին սկսել է առավել կարեւոր դեր ունենալ միջպետական եւ պետությունների ու փոքրամասնությունների խմբերի միջեւ հարաբերություններում: Պետությունները կարող են բարելավել իրենց հարաբերությունները հարեւանների հետ, եթե բացահայտ ընդունեն անցյալի հանցագործությունները: Դրա ամենահայտնի օրինակը Արեւմտյան Գերմանիան է, որը ճանաչեց Հոլոքոստի հանցագործությունը:
Վերջերս «The New York Times»-ում թուրք պատմաբան Թաներ Աքչամը գրել էր. «Հայերի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը տագնապալից ազդանշան է տարածաշրջանում քրիստոնեական փոքրամասնությունների համար: Նման մեկնաբանության դեպքում ոչ միայն ժամանակակից Թուրքիայի, այլ օսմանյան պատմության պահպանման պատասխանատվությունը պետք է դիտարկել տարածաշրջանում անվտանգության, կայունության ու ժողովրդավարության համընդգրկուն հարցերի տեսանկյունից, որտեղ անցյալի մեղքերի ժխտումը, միայն ավելացնում է լարվածությունը էթնիկ եւ կրոնական խմբերի միջեւ»:
Աքչամի հայացքները կարելի է դիտարկել նաեւ որպես հիշողության գլոբալ մշակույթի միտում. ակնկալվում է, որ երկրենրը բացահայտ կխոստովանեն իրենց անցյալն այնպես, ինչպես դա արեց Գերմանիան:
Այսօր մենք ակնկալում ենք, որ պետությունը կճանաչի իր մեղքը, կքավի իր մեղքը եւ կփոխհատուցի զոհերին: Դա հենց այն է, ինչի դեմ պայքարում է Թուրքիան: Նա նաեւ չի կարծում, որ այնպիսի արարք է կատարել, որը համադրելի է Գերմանիայի հանցագործության հետ եւ որ պետք է քավի մեղքը կամ փոխհատուցի ինչ-որ բան: Քանի դեռ ակնկալիքներ կան, որ Թուրքիան կճանաչի իր անցյալը, այն հետագայում եւս կդիմակայի միջազգային ճնշմանը:
Սակայն Թուրքիային հայերի կոտորածի իր տարբերակը ներկայացնելու հնարավորություն տալը չի նպաստի եվրոպացի եւ ամերիկացի պատմաբանների կողմից իրականացվող` Հայոց ցեղասպանության ժամանակակից պատկերը կազմելու նպատակին: Հայերը կկարծեն, թե Դանիան տրվել է թուրքական ճնշմանը: Դրա փոխարեն գրադարանը պետք է պաշտպանի պատմաբանների ջանքերը` Հայոց ցեղասպանությունը ներառելու պատմական համատեքստում կրոնական դրդապատճառով մյուս բռնի գործողությունների հետ, որոնք տեղի են ունեցել օսմանյան կայսրության անկման շրջանում: Դա թույլ կտար քննարկումը ծավալել ոչ թե հարցի շուրջ` դա ցեղասպանություն էր, թե ոչ, այլ պատմական հետազոտությունների եւ փաստաթղթավորման կողմը, ինչը բխում է բոլոր մասնակիցների շահերից:
Հիշողությունը այն է, թե ինչպես ենք մենք ընկալում անցյալում կատարվածը: Պատմությունն այն է, որը մեզ իմաստուն է դարձնում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 700
Կիսվել : |